Նաև մեր անունից
[ 2009/05/01 | 10:51 ]
Ղարաբաղի խորհրդարանում ծավալած քննարկումների ժամանակ կարծիք էր հնչել, թե ժամանակն է, որ ԼՂՀ իշխանությունները պատասխանատվության ենթարկեն Հայաստանի Հանրապետությանը` առանց Ղարաբաղի համաձայնության նրա անունից բանակցություններ վարելու համար:
«ՉԻ» - նկատենք, որ սա շատ կոնկրետ մեղադրանք է և կարող է ուղղված լինել ոչ թե Հայաստանին, այլ կոնկրետ մարդկանց: Առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Եթե հիշում եք, հենց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ է Ղարաբաղը դուրս մղվել բանակցային գործընթացից, և համանախագահները մի քանի անգամ շեշտել են այդ փաստը:
Բայց խնդիրը միայն դա չէ: Եթե Ղարաբաղի պատգամավորներին թվում է, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայն Ղարաբաղի անունից բանակցություններ վարելու հարցում են գերազանցել իրենց լիազորությունները, նրանք չարաչար սխալվում են: Իսկ ո՞վ է ասել, որ նրանք Հայաստանի անունից բանակցություններ վարելու իրավունք ունեին: Հայաստանի ժողովուրդը նրանց չի ընտրել, հետևաբար` նաև չի լիազորել, որ բանակցությունների սեղանի շուրջ խոսեն Հայաստանի անունից: Բայց եթե ղարաբաղցիները որոշել են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկել, կարող են դա անել նաև Հայաստանի ժողովրդի անունից:
Հերթական կենտրոնը` թղթի վրա
Սփյուռքահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը ոսկեգործության և ադամանդագործության կենտրոն դարձնելու գործում կօգտագործվեն նաև Գյումրիի տեխնոպարկի հնարավորությունները:
«ՉԻ» – Այ սա արդեն գործնական խոսակցություն է: Թղթի վրա որոշվում է Հայաստանը դարձնել ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության կենտրոն, և իսկույն էլ որոշվում է դրա համար օգտագործել Գյումրիի տեխնոպարկը, որը նույնպես գոյություն ունի միայն թղթի վրա: Այնպես որ, պրոբլեմ չկա, մեկ-մեկուկես ամսից Հայաստանը կդառնա ոսկեգործության և անդամանդագործության կենտրոն, «Ռոլեքս» ընկերության սեփականատերը կինքնահրկիզվի, իսկ ևս մեկ-երկու ամիս անց Հայաստանն առաջին տիեզերական արբանյակը կարձակի` ասենք, Սիսիանի կոսմոդրոմից: Մի անհանգստացեք, այդպիսի կոսմոդրոմ կա: Բնականաբար` թղթի վրա:
Մի խոսքով, ամեն ինչ լավ է: Միայն մի պրոբլեմ կա. Մեկ էլ տեսար` Գյումրիի նավահանգստի հզորությունները չբավականացրեցին այդքան ոսկեղենն ու ադամանդները տեղափոխելու համար:











