Մամուլի տեսություն
[ 2009/09/29 | 10:23 ]
«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն գործելու են միասնական ճակատով
Երեկ հայտնի է դարձել, որ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների դեմ այլևս գործելու են միասնական ճակատով:
Սա միանգամայն սպասելի զարգացում էր:
Դեռևս «Ժառանգության» ներքին խմորումների մասին մեր վերջին հրապարակումներում մենք նշել էինք, որ գոյություն ունի իշխանական պրոեկտ, որի նպատակը «Ժառանգության» և ՀՅԴ-ի միավորումն է, նրանց` միասնական ճակատով հանդես գալը, ինչը և տեղի է ունենում: Իհարկե, ֆորմալ առումով, դա այլ կերպ է ներկայացվում: Երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ա. ռուստամյանը թերթի թղթակցին ասել է, որ , որ իրենք «Ժառանգության» հետ` որպես ընդդիմադիր երկու ուժեր, անելիք ունեն խորհրդարանում: Ռուստամյանն ակնարկել է արձանագրությունների վավերացման շուրջ աղմուկը և ի վերջո` քվեարկությունը: Սակայն նույնիսկ դա ֆիկցիա է, քանի որ եթե 16 և 6 պատգամավոր ունեցող այս երկու ուժերը միասին դեմ քվեարկեն արձանագրությունների վավերացմանը, եթե անգամ նրանց միանա ԲՀԿ-ն, միևնույն է, նրանք չեն ստանա ձայների` արձանագրությունների վավերացումը խափանելու համար անհրաժեշտ հարաբերակցությունը:
Ինչի՞ նշան է լռությունը
«Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին երկու արձանագրությունները»,- կիրակի օրը «Ֆրանսպրեսին» ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու:
Սակայն երեկ արտասահմանյան ԶԼՄ-ները բազմաթիվ տեղեկություններ են հրապարակել այս հանդիպման վերաբերյալ: Նույն «Ֆրանսպրեսը»` հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացրել է, որ երկու արձանագրությունները ստորագրելու են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն:
Արարողությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյը: Իսկ ըստ շվեյցարական «Neue Zurcher Zeitung» թերթի` հնարավոր է, որ ստորագրման արարողությանը մասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով նախօրեին հայտարարել է, թե պետք է վերջ դնել ԼՂ-ի հարցում առկա ստատուս-քվոյին:
«ԱՄՆ-ի վարչակազմը անընդունելի է համարում ստատուս-քվոն հայ-ադրբեջանական հակամարտությունում»,- Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ասել է Քլինթոնը:
Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դրական է գնահատում հայ-թուրքական մերձեցումը, և որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար:
ԼՂ հարցի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վերջին մի քանի օրերին հնչած հայտարարությունների շարքը կարելի է շարունակել: Խնդիրն այն է, սակայն, որ դրանք հնչել են ամենևին ոչ հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, և մեղմ ասած` հայանպաստ զարգացումների մասին չեն վկայում: Իրականում դրանցում որևէ նոր բան չկա. պարզապես այդ հայտարարությունները վկայում են, որ այս երկու խնդիրներով շահագրգիռ գերտերություններն ու կազմակերպությունները ոչ միայն վերջնական որոշում են կայացրել, այլև ցանկանում են գործընթացները հասցնել վերջնական փուլին:
Եվ մինչ Էրդողանը հայտարարում է արձանագրությունների ստորագրման ամսաթիվը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ երեկ «բանակցային գործընթացի համար կարևորագույն այս պահին երկու կողմերին կոչ են արել իրենց հրապարակային հայտարարություններում կառուցողականություն ցուցաբերել»:
Իսկ ինչպե՞ս է այս ամենին արձագանքում հայկական կողմը: Ըստ էության` լռությամբ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Էրդողանի հայտարարությունը` հոկտեմբերի 10-ին արձանագրությունները ստորագրելու վերաբերյալ:
«Երբ որ գործընթացի հաջորդ փուլերի վերաբերյալ հստակություն լինի, ապա մենք դրա մասին կտեղեկացնենք»,- այսպես էլ Էրդողանի հայտարարությանը արձագանքել է նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը: Հետաքրքիր է միայն, եթե հայ-թուրքական արձանագրությունները կամ ԼՂ հարցի կարգավորման բանակցությունների ընթացքը այդքան դրական են Հայաստանի համար, ինչպես ներկայացնում են իշխանական քարոզչամիջոցները, ինչո՞ւ են լռում իրենք` իշխանությունները:
Բեմադրությունն ավարտվեց ծեծով
Թերթն իր նախորդ համարներից մեկում ներկայացրել էր, թե ինչպես էր ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն իրեն պատկանող «ՄԱՊ» ՓԲԸ-ում նախագահ Սերժ Սարգսյանի այցի կապակցությամբ խաղողի կեղծ մթերում կազմակերպել:
Բեմադրությանը մասնակցել էին որոշ գյուղացիներ, որոնք իրենց այգիներից խաղող էին քաղել ու բերել` իբր գործարան հանձնելու մտադրությամբ: Սա առաջացրել է խաղող արտադրողների դժգոհությունը, որոնք բերքն աճեցրել են, բայց իրացնել չեն կարողանում, քանի որ գինու-կոնյակի գործարանն այս տարի գյուղացիներից խաղող չի ընդունում:
Սերժ Սարգսյանի գնալուց հետո նրանք մի լավ դաս են տվել խաղողի մթերման «բեմադրության» մասնակիցներին: Ականատեսների խոսքով` բանը ծեծուջարդի է հասել: Առհասարակ, Արմավիրի խաղողն այս տարի իսկական պատուհաս է դարձել աճեցնողի գլխին:
Էջմիածնի շրջակա գյուղերի բնակիչները բողոքում են նաև Երևանի գինու գործարանից, որը մի քանի ամիս առաջ գյուղացիների հետ պայմանագրեր է կնքել 1 կիլոգրամը 130 դրամով գնելու մասին, սակայն այժմ հրաժարվում է այդ գնով ընդունել և լավագույն դեպքում 80 դրամ է տալիս կիլոգրամի դիմաց:
Թերթի զրուցակիցը, ով զգուշացավ անունը նշելուց, պատմում էր, որ նրանք, ովքեր պայմանագիր չէին կնքել և ծանոթ-բարեկամ էլ չէին կարող մեջ գցել, «իրենց հավաքած 7-10 տոննայի վրա նստած լաց են լինում»:
Եղբայրության հերթական դրսևորումը
Վրաց սահմանապահները ձերբակալել են երկու ձորամուտցու
Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Ձորամուտ գյուղի բնակիչներ` 28-ամյա Արմեն Ավանեսյանը և 22-ամյա Էդվարդ Հակոբյանը սովորականի նման հոտը տարել էին արոտավայր: Ժամեր անց, երբ տղաները չէին վերադարձել, գյուղում լուր էր տարածվել, թե վրաց սահմանապահները սահմանն անցնելու մեղադրանվ նրանց ձերբակալել են:
Ձորամուտը սահմանամերձ գյուղ է: Գոգավան գյուղի հետ այն մեկ համայնք է կազմում: 450 տնտեսություն ունեցող համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Այդ չարաբաստիկ օրն էլ Արմենը և Էդվարդը անասունների ետևից էին գնացել: Վերջին մեկ տարվա ընթացքում սա վրաց սահմանապահների կողմից գյուղացիների առևանգման առաջին դեպքը չէ Ձորամուտում:
Այս տարվա ապրիլի 28-ին գյուղի բնակիչ, ազգությամբ ռուս Ալեքսանդր Կոլգոնովը ևս նման ճակատագրի է արժանացել, և արդեն 6 ամիս է` նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Միակ զանգը եղել է վրացի փաստաբանից: Նա Ալեքսնադրի դիմաց 3000 լարի փրկագին է պահանջել: Այս մասին հայնտեց Ալեքսանդրի կինը` Վարսենիկ Կուլախազյանը:
Ձորամուտ համայքնի վարչական տարածքը նշված սահմանային գծից գրեթե 1000 մետր է բաժանում: Սահման ասվածն էլ այստեղ հարաբերական է. սահմանային գիծ` որպես այդպիսին գոյություն չունի:
Ձորամուտի գյուղապետ Արարատ Փնջոյանի կարծիքով, վրաց սահմանապահների այս մարդաորսը վերջին մեկ տարում է ակտիվացել:
Առևանգված բնակիչների գործով դիմումներ են ուղարկվել համապատասխան մարմիններ` ազգային անվտանգություն, ՀՀ վարչապետին և սպասում են պատասխանի:
Մեկ ազգ, տարբեր սակագներ
Բանից պարզվում է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի տոմսերը սփյուռքահայերի համար ուղիղ երեք անգամ ավելի թանկ արժեն, քան Հայաստանի քաղաքացիների համար:
«ՉԻ» – Այ սա իսկապես փայլուն որոշում է: Բա իհարկե, ինչո՞ւ պիտի միայն «Վերնիսաժում» դուդուկ ու խաչքարի գործ անողները սփյուռքահայերից երեք անգամ ավելի շատ գումար վերցնեն:
Այլ հարց է, թե ինչպես պիտի թանգարանի տոմսավաճառները որոշեն` մարդը տեղացի՞ է, թե՞ սթյուռքահայ: Մեկ էլ տեսար` խաբեց, հետևաբար` ճիշտը անձնագիր պահանջելն է: Հերիք չի սփյուռքում առոք-փառոք ապրում են, դեռ ուզում են մեզ հետ հավասար պայմաններով դիտել Էջմիածնի գանձերը:
Կարծում ենք` կարելի է այս նախադեպը կիրառել ամենատարբեր ոլորտներում` զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում: Թող սփյուռքահայերն ամեն ինչի համար երեք անգամ շատ վճարեն: Բա էլ ինչի՞ համար ենք ասում «Արի տուն»: Եվ ընդհանրապես, ժամանակն է, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը փոխվի և դառնա, ասենք, «Մեկ ազգ, տարբեր սակագներ»: Թող իմանան, որ ազգային ինքնությունը թանկ հաճույք է:













