Մամուլի տեսություն
[ 2010/02/09 | 10:59 ]
Կամերայինում վիճակն անորոշ է
Հայաստանի պետական կամերային նվագախմբի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Հիշեցնենք, որ նվագախմբի նախկին ղեկավար Արամ Ղարաբեկյանը նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հրաժարական էր ներկայացրել մշակույթի նախարարին, որը ոչ միայն չէր մակագրել այն, այլև մոտ 20 օր առաջ այցելել էր նվագախմբին և համոզել, որ Ղարաբեկյանի հետ յոլա գնան, քանի որ նրա հեռացման պատճառը նվագախմբի հետ կոնֆլիկտն էր:
Իսկ նման փութաջանության առիթը ԱՄՆ-ում բնակվող մի շարք հայտնի անձանց նամակն էր ՀՀ նախագահին, մշակույթի նախարարին, որտեղ նրանք իրենց վրդովմունքն էին հայտնել Ղարաբեկյանի նման հեղինակավոր մարդուն, տաղանդավոր խմբավարին կամերայինից հեռացնելու կապակցությամբ:
Հասմիկ Պողոսյանի այցն այդ նամակի արձագանքն էր, թեև, մեզ հասած տեղեկություններով, նա առանձնապես համակրանքով չի վերաբերվում Ղարաբեկյանին: Երեկ թերթը տեղեկացել է, որ Արամ Ղարաբեկյանն արդեն Հայաստանում է, սակայն մինչ օրս կամերայինում չի հայտնվել: Ի դեպ, վերջին փորձերից մեկի ժամանակ նվագախմբի անդամները հայտնաբերել են, որ իրենց նվագացանկում եղած գործիքների նոտաներն անհետացել են, իսկ դա, նրանց կարծիքով, միայն Ղարաբեկյանին կարող էր ձեռնտու լինել:
Վիճակը վատ է
Անցյալ շաբաթ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի վիրահատության ենթարկված` քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը շաբաթ օրը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Սրտի վիրահատությունից հետո բժիշկները մեր թղթակցին փոխանցել էին, որ ամենայն հավանականությամբ Միքայելյանը դեռ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում: Բայց վիրահատությունից երկու օր անց նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: Թերթին հայտնի է դարձել, որ կիրակի օրը Սասուն Միքայելյանի վիճակը կտրուկ վատացել է: Երեկ նրան կրկին տեղափոխել են «Նորք-Մարաշ», այնուհետև նորից հետ են տարել «Բանտարկյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Ճյուղերից մեկը հաստատ կաճի
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, երկրորդ եռամսյակից սկսած` Հայաստանում տեղի կունենա տնտեսության ճյուղերի իրական աճի վերականգնում:
«ՉԻ»- Իսկ գիտե՞ք, թե երբ է սկսվում երկրորդ եռամսյակը: Ճիշտ է, ապրիլի 1-ին, այսինքն` հենց այն օրը, երբ գազը թանկանում է: Այսինքն` ըստ Կենտրոնական բանկի` ստացվում է, որ գազը թանկանալուն պես տնտեսությունը սկսելու է աճել:
Այ տնաշեններ, բա շուտ թանկացնեիք, ինչո՞ւ էիք սպասում մինչև ապրիլ: Եվ ընդհանրապես, եթե այդպիսի օրինաչափություն կա, ապա արդյո՞ք բացահայտ դավաճանություն չէ գազն ընդամենը 40 տոկոսով թանկացնելը:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Կենտրոնական բանկն ինչ-որ իմաստով իրավացի է. «երկրորդ եռամսյակից» սկսած տնտեսության որոշ ճյուղեր իսկապես աճ կարձանագրեն: «Հայռուսգազարդի» գործերն, օրինակ, հաստատ կտրուկ կլավանան: Իսկ ո՞վ ասաց, որ դա տնտեսության ճյուղ չէ: Ընդ որում, «Հայռուսգազարդը» ոչ թե 05-2 տոկոսանոց աճ կարձանագրի, այլ շատ ավելի էական: Հարցն ընդամենը այն է, թե ո՞ր երկրի «տնտեսության ճյուղն է» «Հայռուսգազարդնը»:
Լավ է ուշ, քան ավելի ուշ
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը և ձևավորված աշխատանքային խումբը մշակել է Էրոտիկ բնույթի հեռուստահաղոդրումների, սարսափի և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող չափորոշիչների նախագիծ:
«Վիճակն այնքան վատթար էր, որ կարծում եմ, այս կարգի միջամտության անհրաժեշտությունը ուղղակի ակնհայտ էր: Նախաձեռնությունը չի կարելի դիտել խոսքի ազատությունների սահմանափակման համատեքստում: Եթե հասարակության բարոյական, կրթական մակարդակը իջնում է և կոմերցիոն հանգամանքներն են առաջ մղում հեռուստատեսություններին. հետևանքներն այսքան անկումային են լինում»,-թերթի թղթակցին ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Պայքար մենաշնորհի…համար
Անցած տարեվերջին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այսուհետև կառավարությունն անզիջում պայքար է մղելու մոնոպոլիաների և օլիգոպոլիաների դեմ: Այդ հայտարարությունից օրեր անց վարչապետը շտապեց ուղղում մտցնել` ասելով, որ պայքարել օլիգոպոլիաների դեմ` չի նշանակում` պայքարել օլիգարխների դեմ: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ Տիգրան Սարգսյանը ճիշտ էր ասում: Իսկապես, մոնոպոլիստների և օլիգոպոլիստների դեպքում կառավարությունը պայքարում է ոչ թե նրանց, այլ նրանց խանգարողների դեմ:
Օրինակ, ԱԺ այս նստաշրջանի օրակարգում ներառված են կառավարության ներկայացրած երկու օրինագծեր` «Աշխարհագրական նշումների մասին» և «Ապրանքային նշանների մասին», որոնց ընդունման դեպքում «Ջերմուկ» հանքային ջուր արտադրելու իրավունք կունենան ընդամենը երկու խոշոր ընկերություններ` ԱԺ պատգամավոր,ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպը» և «Ջերմուկի մայր գործարանը», որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ազգականներից մեկին: Նշված օրինագծերի ընդունման և կառավարության սահմանած չափորոշիչների ուժի մեջ մտնելուց հետո Ջերմուկ քաղաքում և նրա հարակից տարածքում «Ջերմուկ» արտադրող շուրջ 13 ընկերություններ կզրկվեն իրենց ապրանքանիշում «ջերմուկ» բառը որևէ կերպ նշելու իրավունքից և գործնականում կկորցնեն ջերմուկի շուկայում ունեցած թեկուզ փոքր մասնաբաժինները:
Սուքիասյաններին պատկանող «Բջնի» ընկերության դեմ իշխանությունների իրաիկանացրած հետևանքներից հետո այս օրինագծերի ընդունումը իսկական նվեր կլիներ արդեն գրեթե մենաշնորհային դիրք ունեցող «Ջերմուկ Գրուպի» համար:
Եվ այսքանից հետո ոմանք ասում են, թե կառավարությունը չի աջակցում տեղական արտադրությանը:
Սովետը գնաց, սովետը մնաց
Այն, որ մենք ապրում են Հայկական ՍՍՀ-ում, պարզել ենք բոլորովին վերջերս: Այն, որ մեր երեխաները սովորում են ՀՍՍՀ լուսավորության մինիստրության Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի ժողկրթբաժնի ենթակայությամբ գործող դպրոցներում, դարձյալ իմացանք վերջերս:
Իմացանք, քանի որ երեխան անկախ Հայաստանի մյուս երեխաների նման ստացել էր «Աշակերտի առաջադիմության և փոխադրման տեղեկագիրը»: Հերթական տեղեկագիրը:
1991թ-ից անցել է 18 տարի: Այդ 18 տարվա ընթացքում, փաստորեն, չեն վերանայվել նաև կրթության ոլորտում գործող փաստաթղթերի բլանկները, վկայագրերը: Հետաքրքիր է` քանի՞ տարի կպահանջվի դպրոցականների առաջադիմության և փոխադրման տեղեկագիր-ձևաթերթիկները պատշաճ դարձնելու համար:











