Երբ զանգվածի մարդուն վստահվեց հավաքական ճակատագրի պատասխանատվությունը

[ 2010/02/03 | 17:05 ]

Արամ Մաթեւոսյան

Դուրս շպրտվելով բնությունից, օտարվելով հարազատ ափից, մարդը բռնեց այլ ափ տանող ճանապարհը: Այդ ճանապարհին նա ձեռք բերեց բանականություն, գիտակցեց կորցրած նախկին տեղի արժեքն  ու … թշնամացավ: Չարացավ իր բախտի դեմ, իր բնօրրանից իրեն վռնդողի դեմ, իր բնօրրանի դեմ: Այդ չարությունն է, որ ծնել է քաղաքակրթությունն ու այդ քաղաքակրթության ստեղծած բարիքները: Ու հիմա էլ մյուս ափ տանող իր ճանապարհին մարդը պայքարում է ինքն իր դեմ, էվոլյուցվելով, ձգտում է զտել ու մաքրել  իր մեջի չարը, այդ ինքնամաքրման գործընթացում չարածն ու «չի կարելիների» ողջ համախումբը փորձելով նետել դուրս իրենից … մինչ այսօր ապարդյուն:

Այդ դուրս ասվածը պարզվում է  նույն մարդու մեջ բուն դրած ենթագիտակցականն է, իսկ դուրս նետվածն էլ այդ նույն անգիտակցականի խորքում ամուր նստած ամենանվիրական ցանկություններն են:

Եվ հենց այդ  բոլոր «չի կարելիների» շտեմարան հանդիսացող ենթագիտակցականն էլ իր պատմականության մեջ մարդ տեսակին դարձրեց բնօրինակը կորցրած գենետիկ խոտան:

Մարդու իր բնօրինակից շեղման ամենացայտուն օրինակ է նորանկախ Հայաստանի մեծահարուստը: Որպես առանձին երկրում կոմունիզմ կառուցելու ձախողված փորձի արգասիք, քաղաքակրթության միջգյուղյա ճանապարհին որերորդ անգամ նորից հայտնվեց հայկական պետություն կոչվածը:

Հայտնվեց ու խնդիր դրեց հայ նորանկախ պետության մեքենան մայրուղի դուրս բերելուց առաջ ըստ հավուր պատշաճի այն նախապատրաստել այդ ճանապարհի պայմաններին համապատասխան: Մայրուղում շքեղ մեքենաներ էին իրենց հարուստ տերերով:

Եվ նրբերշիկների կիլոմետրանոց շարաններ սպառած, իշխանության բուրգի գագաթին հայտնված խորհրդային արդեն նախկին մտավորականը հասկացավ, որ պետք է ոչ միայն արագ ձեռք բերել բարձրարժեք ու արագընթաց մեքենաներ, այլ պետք է արագ լրացնել հարուստ լինելու պատմական «անարդար» բացը:

Նախորդ համակարգում «իրենց արժանի տեղը չգտած» վիրավորվածներն  ու խռովածները ազատություն տվեցին մինչ այդ կարմիր աքցանով զսպված բնազդներին:

Եվ անցած դարի իննսունականների սկզբի պատերազմի, բլոկադայի  ու սովի տարիներին սկսեցին վեր խոյանալ հայ առաջին մեծահարուստների առաջին երկնաքերները :

Աշխարհասփյուռ հայությունը պատմական հայրենիքի իր իշխանավորին սկսեց սովորեցնել «մեծ ճանապարհի» արիստոկրատիկ կարգն ու կանոնը:

Աշխարհի ծայրագավառ հանդիսացող Հայաստանում հայտնվեցին արևմուտքում որպես հնոտի ուտիլիզացված առաջին «յագուարներերն» ու «համերները»:

Հիմա ամեն ինչ գուցե երեւա այլ կերպ. իր քսանամյա անկախությունը բոլորած երկրի նոր դարի առաջին տասնամյակի վերջին  միջգյուղյա ճանապարհներին դեգերող հայ մեծահարուստին գուցե թվա, որ ինքն արդեն «մեծ ճանապարհին» է: Եվ գուցե թվա նորօրյա մազութի համոներին, որ Երկիր Նաիրին միֆ չէ, այլ իրականացած երազանք:

Սակայն որքան էլ տարփողի պալատական միտքը,  թե մենք աշխարհի հետ ենք ու աշխարհի նման, փաստը մնում է փաստ, որ աշխարհը առաջ է գնացել հենց վերջին այս քսան տարիներին, որում հայ նորահարուստը իր դամբանաբուրգերն է կառուցում հայրենակցի ոսկորների վրա:

Շատ կարճ պատմական հետհայացքով, եթե գնահատենք վերջին երկու տասնամյակում մարդու ներքնաշխարհում կատարվածը, ապա կտեսնենք,  որ մարդը` քաղաքակիրթ աշխարհի  ունեւոր մարդը, որոնել ու հաստատել է արժեւորումների նոր համակարգ:

Այն ընթացքում, երբ հայ իշխանիկները բլուրների բարձրունքներին իրենց պալատներ են կառուցում, քաղաքակիրթ ունեւորը մարդու նոր բնօրինակի տիեզերական որոնման ճանապարհին մի ցատկաչափ էլ է գնացել առաջ:

Քաղաքակիրթ ունեւորը վաղուց է կատարել դամբարան-պալատներով մարդու ինքնահաստատման պատմական անցումը:

Հումանիզացիայի ճանապարհը բռնած հավաքականությունների համար  յոթնբլուրյա պատրիարխ պոլիսների պատմությունը խրեստոմատիկ դիստիպլին է, որի չիմացությունը տեղական նշանակության մեր ֆեոդին դեռ պահում է մայրուղուց շատ հեռու, արվարձանային ճանապարհի փակուղում:

Մեր պատմական տեղապտույտի էությունը  կայանում է հատկապես նրանում, որ նորանկախ պետության ղեկը վերցրած սոցիալական անապահով շերտերից վեր բարձրացած ընչազուրկի արագ հարստանալու խնդիրը անկախանալուց երկու տասնամյակ անց էլ դուրս չի գալիս օրակարգից:

Եվ կուտակման այդ մոլուցքում մոռացվում է հայազգի  մարդ արարածի գերխնդիրը: Մանուկ տարիքում միլիցիոներ, կամ հրշեջ դառնալու երազանքով ապրող ամբոխի մարդու համար, երբ բացվեց իշխանական բարձունքներ տանող դուռը, այդ նույն պահին էլ նրա մոտ վերացան  ենթագիտակցական ցանկությունները գործի դնող մեխանիզմի արգելակները:

Արդյունքում ամենանկատելի տեղերում անհայտ ծագմամբ «իշխանների ու իշխանազունների» համար վեր խոյացած տներ, որպես երես առած մանկան իրականացած ցանկություն, որպես արքայավայել կյանքի երազխաբություն, որպես նյութականացած ուտոպիա` «տեղ մտացածին, որ երբևէ գոյություն չի ունեցել»:

Մարդն օտարվելով բնությունից փորձում է հիշողության խոր ընդերքներից վեր հանել, նկարագրել ու որպես ժառանգություն պահպանել կորցրած բնօրրանի մտապատկերը: Այդպես արել են  քաղաքակիրթ ազգերի պայծառ դեմքերը:

Նրանցից ամենահամարձակը երազել է, մյուսը սուր ու արյունով փորձել է իրականացնել այդ երազանքը: Ուտոպիստը խաչվել ու հրկիզվել է իր ժամանակին, հետո սրբագործվել ու դարձել է լուսատու իր հաջորդի համար:

Այդպես կայացել ու հաստատվել է ներկա քաղաքակրթությունը: Իսկ մե°նք…: Ինչպես պարզվեց մեր ուտոպիաները ծնող  ծագումնաբանական աղբյուրն է ոչ մարդկային:

Շպարված ու ծեքծեքուն արքայագովերգ հայ գեղարվեստական երկ ու պատմությամբ սնված  մեր նորահարուստների ենթագիտակացականի խորքերում պարզվում է կար նմանակին սեփականազրկելու ու ստրկացնելու նվիրական մի ցանկություն, որն իրականացավ ամենաթողտվության պարագայում, երբ զանգվածի մարդուն վստահվեց հավաքական ճակատագրի պատասխանատվությունը:

03 փետրվարի 2010 թ.

Տես նաև՝

Print this page

3 Responses to “Երբ զանգվածի մարդուն վստահվեց հավաքական ճակատագրի պատասխանատվությունը”

  1. Ararat Says:

    Պարոն Մաթեւոսյան ինչպես կարող ենք կապվել Ձեզ հետ:

  2. larisa Says:

    Aram, barev, sirov em kardum hodvacnerd ev mec bavakanutiun em stanum, naev hpartanum em qeznov.Larisa

  3. Արամ Մաթևոսյան Says:

    Շնորհակալություն Լարիսա: Ժամանակ որ գտնես, կարդա նաև “Անալիտիկոն” ամսագրում տպագրված իմ գրվածքները: / analyticon.org /

Հայտնեք Ձեր կարծիքը՝