Մեկնարկել է Ակնաղբյուր գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը
[ 2010/02/09 | 11:40 ]
Գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Ծրագրի հովանավորությունը ստանձնել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը (բարերար` ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիք): Շուրջ 560 բնակիչ ունեցող Ակնաղբյուրում սա արդեն Հիմնադրամի թվով չորրորդ ձեռնարկն է. ներկայումս հաջողությամբ շահագործվում են գազամատակարարման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերը:
Ինչպես տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժինը, ավարտվել է հիմքերի բետոնացումը, հենապատի կառուցումը եւ ամրասյուների տեղադրումը: Անբարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված` աշխատանքները կվերսկսվեն ձմեռային կարճատեւ դադարից հետո:
Հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի խոսքով` երկհարկանի կառույցում գյուղապետարանից եւ բուժկետից բացի կտեղակայվեն նաեւ գրադարանը եւ հանդիսությունների դահլիճը, որոնք պակաս կարեւոր չեն համայնքի բնակչության համար:
«Գյուղի կյանքում տեղ գտած բարեփոխումների շնորհիվ` երիտասարդ ընտանիքներում ավելացել է նորածինների թիվը, վերջին երկու ամսվա ընթացքում հարազատ գյուղ է վերադարձել չորս ընտանիք: Շատ ուրախալի է, որ գյուղացիները ավելի լավատես են դարձել վաղվա օրվա նկատմամբ»,- ասել է Ակնաղբյուր համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը:














Փետրվար 11th, 2010 at 06:29
i like to see good happy all around armenians helping one another