Ներառական կրթության ներդրման ծրագիր Ալավերդիում և Ախթալայում

[ 2009/05/01 | 13:30 ]

alaverdi-dproc-010509Հայաստանում ներառական կրթությունը դառնում է իրողություն: Արատավոր և սահմանփակ մտավոր ունակություններ ունեցող երեխաները Ալավերդիում և Ախթալայում այլևս չեն մեկուսանա իրենց առողջ հասակակիցներից: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ 2008թ.-ի օգոստոսից Ալավերդի քաղաքի թիվ 5 և Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցներւմ իրականացնում է ներառական կրթության ներդրման ծրագիր: 

Ծրագիրը մարտ ամսին ավարտվել է, այժմ շարունակական փուլի ընթացքում է: Ապրիլի 30-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն այցելեց դպրոցներ անձամբ տեսնելու, թե ինչ աշխատանք է կատարել դպրոցները` ներառական ճանաչելու մասով: Դպրոցներում դեսպանը հանդիպումներ ունեցավ ուսուցչական, աշակերտական կոլեկտիվների և ծնողների հետ: Դեսպան Չարլզ Լոսդեյլին թիվ 5 դպրոցի բակում հավաքված աշակերտներն ու ուսուցիչները դիմավորեցին աղուհացով: Անցկացվեց ներառական կրթության թեմայով տողան:

«Մենք շատ ենք կարևորում ներառական կրթության գաղափարը և մեր դպրոցի աշակերտական, ծնողական և մանկավարժական փորձառու կոլեկտիվը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի իրականացվի բարդ իրավիճակում հայտնված երեխաների կրթության գործընթացը», – ասաց թիվ 5 միջն. դպրոցի ուսմասվար Օլեգ Իգնատենկոն:

despan-in-alaverdi010509Տողանին աշակերտները անգլերեն լեզվով ողջունեցին դեպանին: Դեսպանը Լոռու մարզպետի և Ալավերդու քաղաքապետի ուղեկցությամբ դիտեց ներառական կրթության թեմայով քաղաքի 10 դպրոցների երեխաների թիվ 5 դպրոցում կազմակերպված նկարների ցուցահանդեսը: Նրան էր ընձեռված ցուցահանդեսի լավագույն նկարը ընտրելու պատիվը, որը պետք է դառնար մեծ պաստառ և փակցվեր քաղաքի բոլոր դպրոցներում: Չառլզ Լոնսդեյլի կողմից լավագույն նկարը ճանաչվեց Ալավերդու թիվ 7 դպրոցի աշակերտ Աշոտ Թանթուշյանի աշխատանքը:

Ապա դեսպանը հանդիպեց դպրոցի ծնողների և աշակերտների հետ: «Ներառական կրթությունը գործընթաց է, որը հիմնվում է բոլոր առողջ երեխաների և այդ թվում նաև հատուկ կարիք ունեցող երեխաների վրա: Առաջին փուլում դպրոցը շահել է, երկրորդ փուլում դպրոցից Երևանում նախապատրաստվել են 3-4 մասնագետներ և մինչև օրս ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի կատարելագործման ինստիտուտի կողմից 6 մասնագետներ են հաճախում դպրոց, վերապատրաստվում ենք բոլորս: Վերապատրաստվել են նաև ծնողները: Վերապատրաստված ծնողներն էլ վերապատրաստել են այլ ծնողների: Այս գործընթացը սկսված է հունվար ամսից, մայիսի 23-ին վերապատրաստումները վերջացնում ենք: Բժշկական փաստաթղթերով և ծնողի դիմումով 8-13 երեխաներ, որոնք տառապում են տարբեր հիվանդություններով, արդեն հաճախում են մեր դպրոց: Ամեն ինչ կանենք, որ այս երեխաները առողջ երեխաների հետ շփվելիս բացարձակ չզգան իրենց արատները»,- ասաց թիվ 5 դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը:

Նա հայտնեց, որ այս կապակցությամբ հատուկ աշխատանքներ է կատարվել նաև աշակերտների հետ: Ծնողներից տիկին Գոհարի հարցին, թե շարժասայլակով շարժվող երեխաների համար դպրոցում ինչ պայմաններ է ստեղծված, Լիլիթ Ասատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դուք դա արդեն պետք է իմանայիք, որ դպրոցում այդ մասնաճյուղն ունի թեքահարթակ: Բարդություն կա 2-րդ թեքահարթակը կառուցելու գործում: Այն երեխաները, որոնք սայլակի կարիք ունեն, դպրոցն ունի նաև 2-րդ մասնաշենքը, որը հաշմանդամների համար հասանելի է»:

Տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը ծնողների այն մտահոգությանը, թե ինչ պայմաններ է ստեղծված հաշմանդամ երեխաների զուգարաններից օգտվելու համար, պատասխանեց. «Բուժքուր պետք է լինի, հոգեբան, սոցիոլոգ պետք է աշխատեն երեխաների հետ, հատուկ սանհանգույցներ չունենք, պետք լինի` կսարքենք»:

Սակայն պարզվեց, որ դպրոցը պրոֆեսիոնալ հոգեբան և սոցիոլոգ ևս չունի: Էական դժվարություններ կան նաև հաշմանդամ երեխաների համար Երևանում հատուկ բժշկական հանձնաժողովի կողմից հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ ստանալու գործում, քանի որ շատերի ծնողների համար ճանապարհածախսը մատչելի չէ: Դեսպանի հետ հանդիպման միջոցառումներին ներգրավված չէին հաշվառված հաշմանդամ երեխաներն ու նրանց ծնողները:

nvar-xachatryan_010509Ախթալայում դեսպան Չառլզ Լոսդեյլին դիմավորեցին հայկական ուրախ երաժշտությամբ և աղուհացով: Այստեղ գրեթե բոլոր աշակերտները և ոսուցիչները մանրամասնությամբ տիրապետում էին ներառական կրթության բովանդակությանը: Դեսպանը Ախթալայի թիվ 1 դպրոցում ևս դիտեց աշակերտների նկարների ցուցահանդեսը, լավագույն նկարը համարեց 11-րդ դասարանի աշակերտուհի Նվարդ Խաչիկյանի աշխատանքը: Դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանն էլ տեղեկացրեց, որ նախնական հաշվարկներով Ախթալա, Շամլուղ, Նեղոց և Մեծ Այրում համայնքներից հաշվառել են 15 արատավոր երեխաներ, որոնցից 3-ն են հաճախում դպրոց:

«Դպրոցն արդեն 3 տարի գտնվում է վերանորոգման մեջ, այդուհանդերձ հաշմանդամ երեխաների համար ստեղծվում էր հարմարեցված սանհանգույցներով զուգարան: Հավաքագրման աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրեց տնօրենը:

Մեծ խնդիր է դարձել հարևան համայնքներից այդ երեխաներին դպրոց տեղափոխելը, համապատասխան փոխադրամիջոց չկա: Ախթալայում ևս հաշմանդամ երեխաններն ու նրանց ծնողները բացակայում էին դեսպանի այցի հետ կապված միջոցառումներից: Մեզ հաջողվեց նրանցից միայն մեկին տեսնել, որն էլ մեր հարցին, թե ինչ է անունդ, պատասխանեց կարճ` Արկո:

Կրթության ազգային ինստուտի կողմից, որը վերահսկում է ծրագիր համապատասխան եզրակացություն տալուց հետո, դպրոցները կդառնան ներառական:

«Պետք է փաստեմ, որ ՀՀ–ում արդեն մի քանի տարի է, ինչ ներդրված է ներառական կրթության ծրագիրը, պարզապես, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համար սա առաջին հնարավորությունն էր մասնակցել այս ծրագրին և փաստեմ նաև, որ հաջող ընթացավ, հետագայում մինչև 2015թ.-ը դպրոցները դառնալու են ներառական, այսինքն մենք աստիճանաբար գնում ենք այդ քայլին, և ես կարծում եմ, նաև վստահ եմ, որ մեր կազմակերպությունը կշարունակի իր գործունեությունը նաև այս ոլորտում»,- ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Վերջինս նշեց նաև այն հիմնախնդիրները, որոնք պատնեշել են ծրագրի իրականացմանը. «Առաջինը դպրոցների ֆիզիկական ոչ պատրաստվածությունն է, դպրոցները դեռևս չունեն թեքահարթակներ, որը առաջին պահանջներից մեկն է: Մյուս պայմանը հոգեբանական պատրաստվածությունն է, որը դեռևս էլի խնդիր է մնում, երբ սահմանափակ հնարավորություններով երեխայի ծնողը չի գիտակցում, որ իր երեխան ունի այդ սահմանափակ հնարավորությունները և ավելի լավ է նրան ներառական կրթության միջոցով ուսում տալ, և ապա` առողջ երեխայի ծնողը չի ցանկանում իր երեխայի կողքին տեսնել ներառական կրթությամբ, սահմանափակ ընդունակությունով երեխային, այսինքն, սա հոգեբանական խնդիր է, սրան մենք սկզբում հանդիպել ենք որպես պատնեշ, բայց ծրագրի ընթացքում հաջողությամբ կարողացել ենք հաղթահարել և երկու կողմերի ծնողներն էլ, աշակերտներն էլ, ուսուցիչներն էլ ընդունել են ծրագրի գաղափարը:

«Երկու դպրոցների համար 10 ամսվա ծրագրի համար մենք ընդամենը ունեցել ենք 4000-ից մի փոքր ավելի ֆունտ ստեռլինգի չափով դրամ»,-հայտնեց Լիլիթ Ասատրյանը:

«Մենք տեսանք երկու դպրոց, որտեղ, իրոք, նվիրվածության աստիճանը բավական բարձր էր, մենք տեսանք և’ երեխաների, և’ ծնողներին, և’ ուսուցիչներին: Դեսպանատան նպատակներից մեկը սոցիալապես անապահով խավին օժանդակելն է, քանի որ շատ գումարներ չունենք հատկացրած այդ նպատակին, թեկուզ փոքրիկ գումարով փորձեցինք հատուկ կարիքներով երեխաներին օժանդակել, թեև դեռ շատ անելիքներ կան, բայց արդեն ամենամեծ դրական քայլն այն է, որ Հայաստանն առաջին երկրներից է, որ ընդունեց ներառական կրթության սկզբունքը»,-լրագրողներին ասաց դեսպան Չարլզ Լոսդեյլը:

Տես նաև՝

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝

Բարեգործություն` ըստ «Մանեսի»

[ 2008/04/28 | 00:00 ]

Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն այս տարի իր հաշվետվության մեջ նշել է, որ պետբյուջեից հատկացված 61 մլն դրամով կատարվել է քաղաքի 10 շենքերի հարթ տանիքների վերանորոգում, իսկ թե հիմնադրամի կողմից հատկացված 20 մլն դրամով ո՞ր շենքերի տանիքներն են վերանորոգվել, նա չի տեղեկացրել: Այդ մասին չի տեղեկացնում նաեւ հիմնադրամի 2007 թ. բյուջեի հաշվետվությունը: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում 2007 թ. վերանորոգված տանիքների քանակի մասին խուսափեցին մեզ տեղեկություններ տրամադրել: Քաղաքապետարանի մեր աղբյուրների տեղեկություններով, նաեւ` թաղամասերում մեր կատարած ուսումնասիրություններով` «Մանես» հիմնադրամի նշված 20մլն դրամով շենքերի տանիքներ չեն վերանորոգվել: Իսկ թե ի՞նչ է արվել այդ գումարը, ո՛չ քաղաքապետարանում, ո՛չ էլ «Մանես» հիմնադրամում չեն ուզում պարզաբանումներ տալ:

«Մանես» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2005 թ. մայիսին: Հիմնադիրներն են Ալավերդու «Էյ-սի-փի» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, ՀՀ նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը եւ Երեւանի Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր, ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Թամազյանը: Ըստ կանոնադրության` հոգաբարձուների խորհուրդը մեկ տարի ժամանակով հերթականությամբ պետք է ղեկավարեին հիմնադիրները: Առաջինը նախագահ ընտրվեց Սերգո Երիցյանը, իսկ հոգաբարձուների կազմում ընտրվեցին Ալավերդիում վստահություն ներշնչող մարդիկ, որոնք նպաստում էին հիմնադրամի հեղինակության բարձրացմանը: Ստեղծվեց բարեգործական ճաշարան, ալավերդցիների կողմից ջերմորեն ընդունվեց ամառային արձակուրդներին երեխաների բակային ճամբարների ծրագիրը: Հիմնադրամի գործունեությունը սկզբում վերահսկում էին հոգաբարձուները: Սակայն, ինչպես օրերս տեղեկացանք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Վոլոդյա Բեկթաշյանից, Գառնիկ Իսրայելյանից եւ Սուրեն Սիմոնյանից, հիմնադրամը շուրջ 1,5 տարի` 2006 թ. դեկտեմբերից հետո, հոգաբարձուների խորհրդի նիստ չի հրավիրել, իսկ հոգաբարձուներն օտարվել են հիմնադրամի աշխատանքներից:

Մեր հարցմանն ի պատասխան` «Մանես»-ի հիմնադիրներից Համլետ Թամազյանն ասաց. «Ես ու Սերգոն դրանց հետ (հիմնադրամի ղեկավարների) այլեւս գործ չունենք»: Սերգո Երիցյանն էլ բացատրեց. «Հոգաբարձուների խորհրդի նախագահի պարտականությունների իմ ժամկետն ավարտվել է, ես հիմա սովորական հոգաբարձու եմ, երեւի արդեն Համլետ Թամազյանն է նախագահը»: Երբ պրն Երիցյանին տեղեկացրինք Հ. Թամազյանի դիրքորոշման մասին, ասաց. «Դե ուրեմն Վալերի Մեջլումյանն է»:
«Մանես» հիմնադրամն այլեւս պատշաՃ վստահություն չի վայելում Ալավերդիում: Դրա պատճառը հիմնադրամի նկատմամբ Վալերի Մեջլումյանի որդեգրած նոր մոտեցումներն են, իսկ հետեւանքներից մեկը` Ալավերդու «Էյ-սի-փի» ընկերությանը պատկանող, հիմնադրամի միջոցներով վերանորոգված, քաղաքի «Մետալուրգ» մարզադաշտում ստեղծված վիճակը: Մարզադաշտի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին 2006 թ. հուլիսի 15-ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում հիմնադրամի տնօրեն Ավետ Թամազյանի գրավոր հաշվետվությունից տեղեկանում ենք. «Այսօր կարող եմ զեկուցել, որ «Մետալուրգ» մարզադաշտի վերանորոգման նախահաշվով նախատեսված շինաշխատանքների 95%-ն ավարտված է»: Ըստ Ա. Թամազյանի` այդ ժամանակ արդեն ավարտված էին նաեւ բասկետբոլի, վոլեյբոլի եւ մեծ թենիսի կորտի խաղահրապարակների աշխատանքները: Ավետ Թամազյանը նաեւ հոգաբարձուներին տեղեկացրել է. «Չնայած մարզադաշտի շինարարական վերանորոգման համար նախահաշվով նախատեսված էր 13,4 մլն դրամ, սակայն, անհրաժեշտությունից ելնելով, նախահաշիվը կրկին վերանայվեց, որի գումարը կազմեց 22, 4 մլն դրամ, որից հուլիսի 14-ի դրությամբ ծախսվել է 20մլն դրամ, եւ մարզադաշտն ավարտուն տեսքի բերելու համար մնացել է ձեռք բերել միայն համապատասխան գույք»:

Թվաբանական պարզ հաշվարկից ենթադրվում է, որ մարզադաշտի համար գույքի նախատեսված գումարը պետք է կազմեր 2,4 մլն դրամ: Այս ելույթից երկու օր հետո Մետալուրգի օրվա տոնակատարությամբ կատարվել է նաեւ վերանորոգված մարզադաշտի բացումը` առանց գույքի, որը մինչեւ օրս էլ չի գնվել: Դրա փոխարեն մարզադաշտի հանդերձարաններում տեղադրված են խորհրդային տարիների 40-50- ական թթ. գյուղական ակումբի փայտյա կիսաջարդ նստարաններ, որոնց վրա գցված են մարզվող երեխաների հագուստները: Ասենք, որ մարզադաշտի տրիբունայի շուրջ 400 նստարաններն անվճար հատկացրել է պրոֆեսոր Համլետ Թամազյանը: Հոգաբարձուների խորհրդում հաստատվել է նաեւ մարզադաշտի աշխատակազմի հաստիքացուցակը` տնօրեն, հավաքարար, պահակ- բակապան հաստիքներով: Այս մարզադաշտը, սակայն, այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Անջատված են մարզադաշտի ջուրը եւ էլեկտրաէներգիան, կոտրված են խմելու ջրի ծորակները, հակասանիտարական վիճակում են լոգարաններն ու զուգարանները, անօգտագործելի են բասկետբոլի, վոլեյբոլի խաղահրապարակները: Ստեղծված վիճակը մարզադաշտի միակ աշխատակից, պահակ- բակապան Սերյոժա Տիտանյանն այսպես բացատրեց. «Մարզադաշտն այս վիճակում է, որովհետեւ էսա համարյա 8 ամիս է տնօրենին եւ հավաքարարին կրճատեցին, 8 ամիս է զուգարաններն ու հանդերձարանները չեն մաքրվում: Լոգարաններից երեխաները չեն օգտվում նրա համար, որ Ավետն ասում ա` ջուն ինձ վրա շատ ա թանկ նստում, էներգիան պտի նասոսը խոդ տամ, էներգիայի վարձատրումն էլ, ասում ա, ես չեմ կարա տալ: Մարզադաշտ շատ երեխաներ են գալիս, սակայն ես զուգարանները փակում եմ, եթե ջուր չկա պաստայանի, ո՞նց բացեմ: Քաղաքապետը մարզադաշտի վիճակին 100%-ով տեղյակ է, ասավ` ես իրանց կհայտնեմ: Երկու անգամ կուշտն եմ գնացել: Հիմա կարեւոր հարցը գիտե՞ս որն է, վաղը, մյուս օրը հանրապետական առաջնություն է գնում, Երեւանից, Իջեւանից, Սեւանից գալու են էս վիճակը տենան: Ուզած-չուզած` ես պտի ռազդիվալկեն թույլ չտամ: Ամոթը նա է, որ էդքան ծախսերն արին ու սենց էլ բրախեցին»: Մեր զրույցից հազիվ մեկ ժամ անց վարպետ Սերոժի կինը` տիկին Աշխարուհին, անհանգստացած խնդրեց ամուսնու ասածներին չանդրադառնալ, քանի որ նա վախենում էր, որ խոսելու համար ամուսինն աշխատանքը կկորցնի: Մեր այցելության պահին մարզադաշտում ընթանում էր Ալավերդի քաղաքի եւ Թումանյանի տարածաշրջանի դպրոցների ֆուտբոլի առաջնությունը: Մարզադաշտի նախկին տնօրեն Ռուբեն Ծատինյանն ասաց. «Առաջիկայում նիստ են անելու, ասում են հաստիքների հարցը կճշտեն»: Մարզադաշտում ստեղծված իրավիճակն առանց հիմնադրամի միակ տիրոջ` Վալերի Մեջլումյանի գիտության չէր կարող լինել:

Դեռեւս մարզադաշտի վերանորոգման ընթացքում նախահաշվով նախատեսված 30 տարվա վաղեմության ջրի հին խողովակները սկզբում նորով չեն փոխել: Խողովակները հանել ու նորից են տեղադրել: Անհանգստացած բանվորները այդ մասին տեղեկացրել են մի քանի հոգաբարձուների, վերջիններս էլ երբ այդ մասին պ. Մեջլումյանին են տեղեկացրել, նա դա համարել է խնայողություն: Սակայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո Վ. Մեջլումյանը ճարահատյալ դրանք փոխել տվեց։

Թեեւ հիմնադրամի գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկն, ի սկզբանե, Ալավերդի քաղաքի զարգացմանն ուղղված միջոցառումների եւ ծրագրերի մշակումն ու իրականացումն է, այդուհանդերձ, քաղաքի շրջակա միջավայրն անարգել աղտոտող, բնակչության առողջությանն անդառնալի վնասներ պատճառող եւ իր բնապահպանական պարտավորությունները 10 տարուց ավելի չկատարող «Էյ-սի-փի» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը, թվում է, թե իր ֆինանսական միջոցները պետք է նպատակաուղղեր հենց Ալավերդիում առողջապահական համակարգի կայացմանը: Սակայն հիմնադրամն Ալավերդու հիվանդանոցին երբեւէ որեւէ լումա չի հատկացրել: Թե ինչպե՞ս են ծախսվում «Մանես» բարեգործական հիմնադրամի փողերը, անհայտ է, հաշվետվությունների մեջ այդ ծախսերի մասին տեղեկություններ չկան, իսկ հիմնադիրներին, կարծես թե, այլեւս չի հետաքրքրում իրենց իսկ ստեղծած հիմնադրամի ճակատագիրը:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page