Վերանորոգված դպրոց` Արագածոտն համայնքում
[ 2009/09/01 | 18:31 ]Սակայն, դպրոցի խնդիրները լիարժեք չեն լուծվել
Արագածոտնի մարզի համանուն` Արագածոտն համայնքը, նոր ուսումնական տարվա շեմին լավ նվեր ստացավ: Օգոստոսի 31-ին հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվեց դպրոցական շենքը:
Դպրոցը կառուցումից ի վեր` 1975 թվականից, վերանորոգման չէր ենթարկվել եւ տասնամյակների ընթացքում մաշվել, շարքից դուրս էին եկել կառույցի գրեթե բոլոր հատվածները: Շինարարության ընթացքում փոխվել են տանիքը, դռներն ու պատուհանները, մանրահատակը: Վերանորոգվել են մարզադահլիճն ու հանդիսությունների դահլիճը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:
Դպրոցի տնօրեն Թամարա Միրզոյանի բնորոշմամբ` նախկին կառույցից միայն պատերն են մնացել: Լուծվել է նաեւ ջեռուցման խնդիրը: Այն իրականացվելու է էլեկտրականությամբ, որի համար արդեն ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ սալիկներ: Այնպես որ, շուրջ 130 աշակերտ ունեցող դպրոցն այսօր կրթական գործընթացը կազմակերպելու լավագույն հնարավորություններն ունի:
Դպրոցի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Շնորհավորելով ծնողներին` մարզպետն ասաց, որ դպրոցաշինությունը մարզում շարունակական է, եւ այսօր թվով 19 դպրոցներում վերոնորոգումներ են կատարվում:
Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյանն էլ ասաց, որ դպրոցի վերանորոգումը պետբյուջեով գյուղում իրականացվող ներդրումներից մեկն է: Այստեղ նաեւ իրականացվել են ոռոգման նոր ջրագծի կառուցման, խմելու ջրատարի վերանորոգման, ճանապարհաշինական ծրագրեր:
Շրջելով վերակառուցված դպրոցում, Արմեն Գեւորգյանը գոհ եղավ կատարված աշխատանքից: Միաժամանակ առանձնացվեցին այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
Մասնավորապես, հստակեցվեցին մարզական եւ աշակերտական գույքի, հանդիսությունների դահլիճի նստարանների ձեռքբերման հնարավորությունները: Իսկ դպրոցը խմելաջրով ապահովելու հարցը ավելի ընդգրկուն խնդիր է, եւ այն լուծվելու է Արագածոտն համայնքի եւ հարակից բնակավայրերի` այդ հարցի լուծման համատեքստում:
Արագածոտնի դպրոցի տնօրեն Թամարա Միրզոյանը «Հետքի» հետ զրույցում նշեց այն խնդիրները, որ դպրոցն ունի: «Գյուղում ընդհանրապես խմելու ջուր չկա: Դպրոցին էլ ընդամենը շաբաթական 2 օր են ջուր տալիս: Հիմա վախենում եմ, եւ թույլ չեմ տալիս առանց ջրի դպրոցի զուգարանից աշակերտներն օգտվեն: Դպրոցից դուրս զուգարան կա եւ դրանից են օգտվում: Դե ձմռանն էլ երեխաներն են իրանց հետ շշերով ջուր բերում ու տնտեսական օգտագործման համար ջուրը կուտակում ենք»,-ասաց Թ. Միրզոյանը:
Դպրոցի տնօրենը նաեւ անդրադարձավ մարզադահլիճին, որտեղ մարզագույք չկա: Իսկ հանդիսությունների դահլիճը նստարաններ չունի, եղած մի քանի նստարաններն էլ 35 տարվա են:
«Դասարաններում նույնպես գույքի պակաս ունենք: Աշակերտական նստարանների 40 տոկոսը հնամաշ են ու այդ նստարանները սազական չեն մեր վերանորոգված դպրոցին»,-նշեց տնօրենը:










