Խորհրդարանական ընտրություններին`ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով
[ 2010/02/05 | 18:15 ]
Այսօր Ղարաբաղի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են առաջին ընթերցմամբ ընդունված «ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկումներին ներկա էր նաեւ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ոմանք բարձրացրել են ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար ընտրական գրավի գումարի հետ կապված հարցը: Ի պատասխան ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ որոշվել է կուսակցությունների դեպքում գրավի գումարը սահմանել 500 հազար դրամ, կուսակցությունների դաշինքի դեպքում յուրաքանչյուր կուսակցության համար 350 հազարական դրամ, իսկ մեծամասնականի դեպքում` 100 հազար դրամ:
Խորհրդարանական լսումների ժամանակ տեղեկացվեց նաեւ, որ իջեցվել է կուսակցությունների` խորհրդարան մտնելու համար սահմանված շեմը. եթե նախկինում խորհրդարան մտնելու համար կուսակցությունը պետք է հավաքեր 10 տոկոս ձայն, իսկ կուսկացությունների դաշինքը` 15, ապա այս խորհրդարանական ընտրութունների արդյունքում կուսակցությունը ԱԺ կմտնի առնվազն 5 տոկոս ձայնով, իսկ կուսակցությունների դաշինքը` 7 տոկոս: Այս փոփոխությամբ, ըստ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, հնարավորություն կստեղծվի ավելի ներկայացուցչական խորհրդարան ունենալ:
Փոփոխություն է նախատեսվում նաեւ քվեախցիկների հետ կապված. այսուհետեւ քվեախցիկները կտեղադրվեն այնպես, որ ընտրողը քվեարկելիս գտնվի դեմքով դեպի հանձնաժողովը:
ԼՂՀ կոմունիստական կուսակցության նախագահ Հրանտ Մելքումյանի առաջարկություններից մեկը վերաբերում էր ընտրական հանձնաժողովներում նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ընդգրկմանը, որին ի պատասխան ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը տեղեկացրեց, որ մարտ-ապրիլ ամիսներին կանցկացվեն ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների ուսուցման դասընթացներ, որին կարող են մասնակցել նաեւ նշված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Ս.Նասիբյանի հավաստմամբ, 3 տարվա ընթացքում դասընթացների մասնակիցներից կընդգրկեն ընտրական հանձնաժողովներում:














Փետրվար 6th, 2010 at 15:58
Ծիծաղ մի կառույց է այսօրվա ԼՂՀ ԱԺ-ն (իրենք` պատգամավորներ էլ դա գիտեն, որքան էլ ձեւ տան, որ չգիտեն): Չեմ կարծում, որ հերթական ընտրություններն ինչ որ բան կարող են փոխել: Չեն ուզում հետեւել աշխարհի օրինակներին, չեն ուզում եւ չի ստացվում ոչինչ փոխել: Տեղին է հիշել Լ. Տոլստոյի հայտնի խոսքերը. “ինչու կշռադատես կշռադատածը։ Վերցրու պատրաստին եւ առաջ անցիր։ Դրանում է մարդկության ուժը”: Չեն ուզում եւ վերջ:
Փետրվար 7th, 2010 at 13:14
Ունիկալ են լինում ընտրությունները Ղարաբաղում: Օրինակ Հայաստանի նման արյունահեղություններ չեն լինում, բայց կարողանում ժողովրդին վախեցնել, ներշնչել եւ խաբել ստորաքարշորեն: