Ախթալայի կարի արտադրամասը աշխատանքով ապահովում է դեռևս 8 կանանց
[ 2009/05/01 | 13:18 ]
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Կանադայի միջազգային զարգացման գործակալության և Կանադայի տեխնիկական աջակցության կազմակերպության միջոցով վերջերս Ախթալա քաղաքում հիմնադրել է կարի փոքրիկ արտադրամաս:
«Արտադրամասի հիմնադրման նպատակն է ապահովել գործազուրկ կանանց աշխատանքով և 2-րդը՝ ուժեղացնել կանանց մասնակցությունը համայնքի կյանքին, ստեղծել կանանց մի խումբ, որի ներսում առաջին հերթին կանայք իրար նեցուկ լինեն, իրար հոգսերով ապրեն: Եվ, իհարկե, հիմնական նպատակն է նաև գործազրկության խնդիրն ինչ-որ չափով մեղմել և մասնագիտական կողմնորոշում տալ»,- ասաց Երիտասարդ կանաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Արտադրամասում աշխատողների թիվը դեռևս փոքր է, սակայն Լիլիթ Ասատրյանը հավաստիացրեց, որ առաջիկայում նախատեսվում է այստեղ ավելի շատ մեքենաներ տեղադրել, որի շնորհիվ կանայք ոչ միայն իրենց ընտանիքի հոգսերը կհոգան, այլև կնպաստեն համայնքի զարգացմանը:
Այս ծրագիրը սկսվել է 2009թ.-ից ապրիլի 1-ից, մեկ ամիս է, ինչ կյանքի է կոչվել: Ապրիլի 1-10-ը Հայաստանում են գտնվել Կանադայի տեխնիկական աջակցության կենտրոն կազմակերպության փորձագետներ, որոնք 8 կանանց` այդ թվում 6-ը Ախթալայից, 2-ը` Երևանից, ուսուցանել են փոքրիկ կտորներով կարելու տեխնոլոգիան և արտադրության կազմակերպումը: Արտադրամասում առ այսօր օգտագործվում է կանադացիների նվիրած հումքը: Եվ դա դեռ որոշակի ժամանակ կհերիքի աշխատանքները ծավալելու համար:
«Հետագայում պետք է մտածենք հումքի ձեռք բերման մասին: Երևանում անհրաժեշտ այնպիսի հումք չենք գտել, որը պիտանի լինի մեր արտադրության համար, քանի որ դա և’ յուրահատուկ է, և’ ուրիշ մոտեցում է պահանջում, և’ տեխնոլոգիապես ուրիշ է, ամեն կտոր չէ, որ կարող ենք օգտագործել: Ամեն դեպքում, մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնել մեզ պարբերաբար նվիրաբերել կտորները, մինչև ընթացքում մենք կկարողանանք հարցը կարգավորել»,- ասաց ասոցիացիայի նախագահը:
Նա նաև տեղեկացրեց, որ արտադրամասի ընդլայնման դեպքում այստեղ կարող են աշխատել մինչև 20-30 հոգի, իսկ մեքենաների ավելացման քայլերը կկատարվեն մեկ տարվա ընթացքում: Լիլիթ Ասատրյանը կարևոր համարեց այն փաստը, որ առայժմ գործազուրկ 6 կանայք ունեն զբաղմունք: Պարզվեց կանայք այստեղ դեռևս աշխատավարձ չեն ստանում: Նրա հավաստմամբ` դրա պատճառն այն է, որ կանանց ուսուցման պրոցեսը նոր է ավարտվել, հետագայում իրենց արտադրանքը կվաճառվի, և դրանից էլ կանայք կստանան իրենց եկամուտը:
Հիշեցնենք, որ Ախթալա համայնքի 2245 բնակիչներից 1227-ը կանայք են, որոնք հիմնականում գործազուրկ են: Այստեղ աշխատանք ունի կանանց մոտ 5%-ը:













