Տիգրան Սարգսյան. «Մենք վերականգնում ենք արդարությունը»
[ 2009/10/15 | 16:26 ]
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը փոփոխություններ է կատարել իր այս տարվա հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ, որը վերաբերում է «Ջրվեժ» անտառպուրակի սահմաններին։ Այս առնչությամբ, ըստ կառավարության մամլո գրասենյակի, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.
«Հիշում եք` այս հարցին անդրադարձանք կառավարության նախորդ նիստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական 13 կազմակերպություններ ահազանգ էին հնչեցնում, որ Ջրվեժի անտառպուրակից ինչ-ինչ հանգամանքներից ելնելով առանձնացվում էր շուրջ 24 հա եւ հանձնվում էր համայնքային իշխանությանը։ Հասարակական կազմակերպությունները մտավախություն ունեին, որ հետագայում մենք կկորցնենք այդ 24 հա-ն։
Իմ հանձնարարությամբ կատարվել է ուսումնասիրություն, վարչապետի խորհրդականը հանդիպել է բոլոր 13 կազմակերպությունների հետ։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեր պետությունը ոչ մի խնդիր չունի 24 հա-ով ավելացնել այդ պուրակը, մի կողմից ապահովելով, որպեսզի մենք բավարարենք մեր բնապահպան հասարակական կազմակերպությունների արդարացի պահանջը, մյուս կողմից իսկապես տրամաբանական չէր այդ 24 հա-ի առանձնացումը այն 400 հա-ից, որ մնում էր տնտեսության մեջ։ Այդ տեսակետից այս որոշումը, կարծում եմ, արդարացված է։
Ուզում եմ նաեւ նշել, որ մենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահից ստացել ենք նամակ, որտեղ նույնպես վերլուծվել է իրավիճակը, եւ ակադեմիայի նախագահը նույնպես պաշտոնապես մեզ տեղյակ է պահում, որ խիստ անհրաժեշտ է, որ այդ 24 հա-ն վերադարձվի ընդհանուր համալիրին։
Կարծում եմ, որ սրանով մենք կապահովենք նաեւ հասարակական արդարացի դժգոհության խնդրի իսպառ լուծումը։ Պետք է նաեւ շնորհակալություն հայտնենք Հ1-ին, որն այս հարցը բարձրացրել էր եւ մեզ տեղյակ պահել խնդրո առարկային, ինչպես նաեւ «Առավոտ» օրաթերթին, հասարակական կազմակերպություններին եւ ԳԱԱ-ի նախագահին։ Այս որոշմամբ մենք, ըստ էության, վերականգնում ենք արդարությունը»։











