«Եվրոպական դատարան դիմելը թանկ հաճույք չէ»

[ 2008/12/15 | 00:00 ]

- Իսկապես, վերջին տարիներին դատաիրավական փոփոխությունների (չեմ ասում բարեփոխումներ) պակաս չենք զգացել: Վատն այն է, որ ամեն ինչ չափից ավելի է փոփոխվում: Ով գալիս եւ ինչ ասում է, միանգամից սկսում են փոխել: Օրենք փոխելը դարձել է շատ հասարակ բան: Մարդ չպետք է առավոտյան արթնանալիս չիմանա, թե ի՞նչ օրենքներ են նրա նկատմամբ այսօր գործում: Դատարանի հանդեպ վստահություն ներշնչելու փորձերն ու միջոցառումներն ավելի շատ են, քան գործնական քայլերը: Դատարանը մեկն է, եւ պետք չէ այն գովազդել, պետք է պարզապես մեկ արդար վճիռ կայացնել, եւ բոլոր հարցերը կլուծվեն: Ինչպե՞ս կարելի է մարդկանց մոտ վստահություն ունենալ, եթե դատարանի վճիռները երբեմն, մեղմ ասած, հիմարություն են լինում: Ինձ ծանոթ վճիռներից մեկում գրված էր, որ «թեեւ վկաների նկատմամբ բռնություններ կիրառվել են, սակայն, դա արվել է ճշմարտությունը բացահայտելու համար»: Այս դատավճիռն անցել է բոլոր ատյաններով եւ մնացել անփոփոխ: Ես անգամ տեսել եմ մի մեղադրական դատավճիռ, որի մեջ գրված էր. «Ամբաստանյալի մեղավորությունը հաստատվում է այն հարցաքննության արձանագրությամբ, որտեղ նա հրաժարվել է ցուցմունք տալ` պահանջելով դատապաշտպան»: Եվ ես ականատես եմ եղել սրանից դեպի լավը չտարբերվող մի շարք դատական ակտերի:

- Մարդու իրավունքների խախտման ո՞ր դեպքերում է դատարանն անկախ, եւ ո՞ր դեպքերն են, որոնց մասին դատավարության մասնակիցները եւ փաստաբաններն ասում են` «կանխավ լուծված են»:

- Ինչ վերաբերում է քաղաքացիական ամուսնալուծության, ալիմենտների, անշարժ գույքի բաժանման եւ նման կարգի կենցաղային բնույթի դատավարություններին, ապա մեր դատարանները լիարժեք անկախ են, եթե, իհարկե, վիճող կողմերից մեկը ինչ-որ մեկի խնամին կամ բարեկամը չէ: Բայց այն գործերը, որոնցում կա իշխանական շահ, պատրանք է մտածել, որ կարող են լուծվել անկախ: Այս հարցերում դատավորների մոտ անգամ ինքնագրաքննության մեխանիզմն է գործում:

– Ինչպե՞ս են պաշտպանված մարտի 1-ի գործով կալանավորված մարդկանց իրավունքները:

- Ես մարտիմեկյան դեպքերի հետ կապված կալանավորվածներից ոչ մեկի պաշտպանությամբ չեմ զբաղվում, այդ պատճառով կարող եմ լինել անկողմնակալ: Ես չեմ ուզում նաեւ քննարկել` արդյոք ճի՞շտ էր նրանցից յուրաքանչյուրին կալանավորելը, թե` ոչ: Սակայն, այն ընթացակարգը, որով նրանց կալանավորել են, լուրջ խախտումներով է եղել, եւ այդ մարդկանց իրավունքները կոպտորեն խախտվել են: Եթե ուսումնասիրենք մարդկանց կալանավորելու դատարանների որոշումները, ապա կնկատենք, որ դրանցում փոփոխված են միայն անուն-ազգանունները, իսկ որոշումները մեկը մյուսից չեն տարբերվում, անգամ տառասխալներն են նույնը: Սա նշանակում է, որ ոչ մեկի դեպքն անհատապես չի քննարկվել, եւ կալանավորելու բոլոր որոշումները մեկը մյուսից պատճենահանված են: Այս դեպքերում, արդեն իսկ, ակնհայտ դարձավ մեր դատական համակարգի ծայրահեղ կախվածությունը գործադիր իշխանությունից: Փաստորեն, ստացվում է, որ մեր երկրում կա իշխանության մեկ` գործադիր ճյուղ, որովհետեւ գործադիր իշխանությունից եկած ամեն մի օրենքի նախագիծ դառնում է օրենք, եւ վերեւից եկած ամեն մի հրահանգ դատարանի համար ունի ավելի բարձր ուժ, քան ցանկացած օրենք:

– Այս դեպքում, նշանակու՞մ է, արդյոք, որ փաստաբանը դառնում է կանխավ մտածված սցենարի մասնակից:

- Կան գործեր, որոնք հենց սկզբից կարելի է համարել անհույս, բայց անգամ ամենաանհույս գործերում կարելի է ինչ-որ արդյունքի հասնել: Հենց այս կալանավորման գործերում դատարանները գիտեին, որ պետք է կալանավորման համապատասխան որոշում կայացնեն եւ, կարծես թե, հնարավոր չէր այստեղ ինչ-որ բան անել: Բայց որոշ դեպքերում, որտեղ փաստաբանները լուրջ մոտեցում են դրսեւորել, ստեղծվել են նախադրյալներ Եվրոպական դատարան դիմելու համար: Իսկ այն փաստաբանները, որոնք ի սկզբանե հուսալքված են եղել, պաշտպանելու հետագա հնարավորությունները բաց են թողել:

– Ի՞նչ հայցերով են ՀՀ քաղաքացիները դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

- Հայաստանից ամենաշատ դիմումները կապված են արդար դատաքննության, իրավունքի խախտման, անօրինական կալանավորման, բռնությունների արգելման եւ սեփականության իրավունքի պաշտպանության դեպքերին: Համենայն դեպս, ինձ հայտնի դիմումների մեջ նշված հարցերի վերաբերյալ հայտերը մեծամասնություն են կազմում: Եվրոպական դատարանի արդարադատությանը դիմում են այն մարդիկ, որոնք արդեն սպառել են իրենց իրավունքների պաշտպանության բոլոր ներպետական մեխանիզմները: Ես մի քանի անգամ լսել եմ ՀՀ Արդարադատության նախարարությունից հայտարարություններ այն մասին, որ Հայաստանից Եվրոպական դատարան դիմողների քանակը շատ ավելի քիչ է, քան մյուս ԱՊՀ երկրներից: Սակայն, կարծում եմ, խնդիրն այն է, որ Եվրոպական դատարան դիմում է շատ չնչին մասն այն մարդկանցից, ովքեր կարող են դիմել: Իմ պատկերացմամբ` հարյուրից մեկն է դիմում: Չեմ կարող հստակ պատճառներ նշել, թե ինչո՞ւ, բայց ենթադրում եմ, որ թերահավատ են, կամ հենց այստեղ նրանց ներշնչում են, որ, միեւնույն է, իրենց հարցով նույնիսկ այնտեղ ոչինչ չի արվի: Ասեմ նաեւ, որ Եվրադատարան դիմելու ֆինանսական ծախսերն այնքան ծանր չեն, ինչպես հաճախ պատկերացվում է: Եթե մարդը դիմումն ուղարկում է առանց փաստաբանի օգնության, ապա նրանից պահանջվում է հոգալ միայն փոստային ծառայության ծախսը: Ես գիտեմ դեպք, երբ հայցվորը գործը շահել է առանց փաստաբանի օգնության: Իսկ երբ դիմումն արդեն համարվում է ընդունված, եվրոպական դատարանը դիմող կողմին առաջարկում է տեղեկատվություն ներկայացնել նրա սեփականության վերաբերյալ: Եթե դիմողի գույքային դրությունը, Եվրադատարանի կարծիքով, բավարար չէ, ապա այդ կառույցն առաջարկում է ինքնուրույն հոգալ փաստաբանի վճարը: Ես չեմ համաձայնվում այն կարծիքի հետ, որ Եվրոպական դատարան դիմելը թանկ հաճույք է:

– Ինչպե՞ս է ՀՀ-ն ապահովում Եվրոպական դատարանի վճիռների կատարումը:

- Հայաստանում Եվրոպական դատարանի վճիռների կատարումը մեխանիկական բնույթ է կրում: Վճիռ կատարողներին թվում է, որ եթե վճարվել է սահմանված տուգանքը, եւ վճիռը թարգմանվել է հայերեն ու հրապարակվել, ապա այլեւս պահանջ չկա: Բայց Եվրոպական դատարանի վճռի իմաստն այն է, որ պետք է վերականգնվեն դիմողի խախտված իրավունքները: Այսինքն` դիմողի հետ կապված դրությունը հնարավորինս պետք է բերվի այն վիճակին, որը գոյություն ուներ նախքան նրա իրավունքի խախտումը: Այստեղ Եվրոպական դատարանի վճռի կատարման պատկերացումները դեռեւս ամբողջական չեն: Եթե մտածել, որ սա արվում է չհասկանալով, ապա մենք բազմիցս դիմել ենք հստակ պահանջներով, եւ անգամ չհասկացողն էլ պետք է որ հասկանար:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Պատժելու համար ընտրել են «ամենաթույլ» դատավորին

[ 2007/07/30 | 00:00 ]

ՀՀ Արդարադատության խորհուրդը (ԱԽ) հուլիսի 11-ին քննել է Քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանին, Ա. Հովհաննիսյանին եւ Ա. Պողոսյանին, ինչպես նաեւ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի միջնորդությունը: Հիշյալ դատավորները քննել են զինծառայող Միշա Հարությունյանի գործը, որը դատապարտվել էր զինվորներից մեկին սպանելու մեղադրանքով: ԱԽ-ն մերժել է Քրեական վերաքննիչ դատարանի եռյակ կազմին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ նախարարի միջնորդությունը` բավարարվելով նրանց հարցը քննարկելով: Մ. Հարությունյանի պաշտպան Հայկ Ալումյանը խիստ զարմացած է, որ ԱԽ-ն մերժել է նախարարի՝ Քրեական վերաքննիչ դատարանի եռյակ կազմին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, նաեւ՝ որ նախարարը պատասխանատվության ենթարկելու միջնորդություն չի ներկայացրել վճռաբեկ դատարանի կազմի վերաբերյալ:

ԱԽ-ն վարույթի քննարկման արդյունքում արձանագրել է. «ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը փորձ է արել նվազեցնելու առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա խախտումները, եւ այդ ապացույցները, որոնք, ըստ առաջին ատյանի դատարանի, կիրառելի էին, եւ կիրառելի էին արդարադատություն իրականացնելու նպատակով, փորձ է արվել հերքել վերաքննիչ դատավարության ընթացքում: Այսպիսով՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը դատավճիռ կայացնելիս հիմնվել է այլ ապացույցների վրա, սակայն չի անդրադարձել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռում ամրագրված գնահատականներին»:

Նախարարը ԱԽ-ին միջնորդել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել ՀՀ Նախագահին, քանի որ նա թույլ է տվել ոչ միայն ՀՀ Սահմանադրության, օրենքի եւ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ, այլեւ «նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը եւ էական վնաս հասցրել ՀՀ հեղինակությանը եւ վարկանիշին»:

Խորհուրդը մերժել է նաեւ նախարարի այս առաջարկը՝ գրելով, որ դատավճռում ամրագրված «Իրականում հետաքննության մարմնի կողմից բռնություն է գործադրվել ճշմարտությունը բացահայտելու համար» արտահայտությամբ դատավոր Լեռնիկ Աթանյանը, փաստորեն, ընդունել է խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները եւ դրել մեղադրանքի հիմքում, դրանով իսկ ոչ միայն արդարացրել է նշված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումները, այլեւ թույլ է տվել ինչպես ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, այնպես էլ միջազգային պայմանագրերով սահմանված սկզբունքների խախտումներ: ԱԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել նրան` մեկ տարի ժամկետով զրկելով աշխատավարձի 25 տոկոսից:

Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ դատավոր Լեռնիկ Աթանյանն իր արտահայտության համար, որը, նրա բնութագրմամբ, ինկվիզիցիայի տարիներից հետո աշխարհում չէր լսվել, իհարկե, պետք է պատասխանատվության ենթարկվեր: Սակայն դատավորն այդ արտահայտությունը գրել էր 2002 թ. գարնանը, որից հետո ինքը երեք տարի անընդմեջ դիմել է իրավասու ատյաններին` Արդարադատության խորհրդին, արդարադատության նախարարին՝ այդ արտահայտության համար դատավորին պատասխանատվության ենթարկելու համար:

«Բոլորը մերժում էին կարգապահական վարույթ հարուցելու մասին իմ դիմումները` պատասխանելով ոչ պակաս «թեւավոր խոսք» դարձած մեկ այլ արտահայտությամբ` «Արդարադատություն իրականացնելիս դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին»: Եվ հիմա, երբ Եվրոպական դատարանը « Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում ամրագրեց, որ ակնհայտ անօրինական ձեւակերպում է եղել, հասկացան, որ դատավորին պետք է ենթարկել պատասխանատավության»,- ասում է Հ. Ալումյանը: Փաստաբանի կարծիքով՝ սկսած ԱԽ-ի անդամներից եւ վերջացրած ԱՆ-ի ղեկավարությամբ, կոլեկտիվ հեղինակային իրավունք ունեն Լեռնիկ Աթանյանի արած արտահայտության նկատմամբ, քանի որ ժամանակին նրան պատասխանատվության չենթարկելով՝ իրենց վրա են վերցրել այդ արտահայտության բեռը:

Փաստաբան Ալումյանը նշեց, որ ճիշտ է՝ այդ արտահայտությունից բոլորն են ցնցվել, բայց չպետք է մոռանալ, որ դատավճիռն ուժի մեջ են թողել վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները: Նա ընդգծեց, որ Եվրոպական դատարանի վճռում քննադատվում են ոչ այնքան առաջին ատյանի, որքան վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կայացրած դատական ակտերը, եւ ամենեւին էլ չի շեշտադրվում առաջին ատյանի դատավճիռը: «Եվրադատարանի կայացրած վճռով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմնական խախտողը հենց վճռաբեկ դատարանն է եղել: Վճռում շեշտվում է, որ այդ ապացույցների հիման վրա են բոլոր ատյանները դատավճիռներ կայացրել, եւ այդ հիմքով էլ խախտումը ճանաչել են: Ընդ որում՝ Եվրոպական դատարանում քննարկման առարկան հենց դա էր` արդյոք վերադաս դատական ատյաններում դատավորները հիմնվե՞լ են անթույլատրելի ապացույցների վրա»,- հավելեց փաստաբանը: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի կառավարությունն իր առարկությունների մեջ պնդել էր, որ միայն առաջին ատյանի դատարանն է որպես ապացույց կիրառել անթույլատրելի ցուցմունքները, իսկ Եվրադատարանը համաձայնել է իր փաստարկների հետ, այն է` վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններն իրենց որոշումներում հիմնվել են խոշտանգումների ազդեցությամբ ձեռք բերված ապացույցների վրա:

Ալումյանը կարծում է, որ այս պարագայում սլաքն ուղղել առաջին ատյանի դատարանի դատավորի վրա՝ նշանակում է մեջներից ամենաթույլին ընտրել ու նրան պատժել մի արտահայտության համար, որի համահեղինակն են են նաեւ իրենք: «Սա ընդամենը ձեւական բնույթ կրող կարգապահական տույժ է՝ տպավորություն ստեղծելու համար, որ մեր պետությունը միջոցներ է ձեռնարկել օրինազանցներին պատժելու համար»,- ավելացրեց փաստաբանը:

Հայկ Ալումյանը հայտնեց, թե չի կիսում այն տեսակետը, որ ԱԽ-ի ներկայիս կազմը, որում գերակշռողը դատավորներն են, նպաստավոր է արդարադատության համար: Նրա ասելով՝ դատավորներն իրենք իրենց ապահովագրելու համար աշխատում են անտեսել գործընկերների սխալները՝ յուրաքանչյուրը մտածելով, որ վաղն այդ սխալն ինքն է կատարելու: «Երբ հարցը լիովին դատավորներին է թողնվում, դա չի կարող լուրջ համակարգ համարվել, եւ հիմա մենք քաղում ենք դրա պտուղները»,- հայտնեց պրն Ալումյանը՝ նկատի ունենալով ԱԽ-ի վերը հիշատակված որոշումները: Վերջինիս կարծիքով՝ դեռ սկզբնական փուլում Խորհուրդը ջանում է ցույց տալ, որ համակարգը աշխատում է, բայց կանցնի մի քանի տարի եւ պարզ կդառնա, թե ինչքան սխալ էր Խորհուրդը միայն դատավորներով կազմավորելը:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page