Թումանյանը` գաղտնագետ ու ծածկագետ

[ 2010/02/22 | 11:25 ]

Մահվանից 2 ամիս առաջ Հովհաննես Թումանյանն ասել է. «Ես գիտեմ` մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու: Շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան: Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել»:

1959 թ.` Թումանյանի 90 ամյակին, Ստեփան Զորյանը նշել է, որ Թումանյանի բարձր պոեզիան դեռ խորն ուսումնասիրված չէ, լուրջ անելիքներ կան: 10 տարի անց` Թումանյանի 100-ամյակին, Պարույր Սեւակը Թումանյանի ողջ պոեզիան բաժանել է 3 խորագրի («Հառաչանք», «Հայրենիքիս հետ», «Դեպի անհունը») եւ ասել. «Նա սկսեց հառաչանքով, ապրեց հայրենիքի հետ եւ գնաց դեպի անհունը»: Սեւակը եւս նշել է, որ Թումանյանի խոհափիլիսոփայական աշխարհը մնացել է չմեկնաբանված ու ստորադասված: 1994 թ.` Թումանյանի 125-ամյակին, Վահագն Դավթյանը նշել է, որ մենք ճանաչում ենք Թումանյանի 2 աշխարհներից մեկը, բայց նրա ոգեղեն աշխարհը մեզ համար մնացել է անհայտ:

Փետրվարի 17-ին Ազգային գրադարանում կազմակերպված գիտաժողովին բանախոս, հրապարակախոս, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանն ասաց. «Կարծում եմ` իմ ավելի քան 15 տարիների ուսումնասիրությունից հետո այդ «ուրիշ բանն» եմ գտել: Դրանում ես համոզված եմ»:

Հ. Ուլուբաբյանի խոսքերով` այսօր Հայաստանում գիտության բոլոր ոլորտներում ճգնաժամ է, հասարակությունը քայքայված է, կրթության համակարգը յուրաքանչյուր տարվա իր թողարկմանը գրեթե հավասար խոտան է տալիս: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Հայաստանի 82 %-ը անապատ դառնալու վտանգի առաջ է կանգնած: Ըստ դատախազության տվյալների` 2009 թ. հանցագործությունների թիվը 2008-ի համեմատ աճել է 57 %-ով:

«Այս ճգնաժամից դժվար թե դուրս գանք, եթե Թումանյանի խրատները հաշվի չառնենք: Թումանյանի աշխարհայացքը, փիլիսոփայությունը, խրատներն ու խորհուրդները այսօր օդի պես պետք են մեր հասարակությանը, մեր կյանքի բոլոր ոլորտներում գործողներին, ով ուզում է Հայաստանը 1 սմ-ով բարձրացնել: Թումանյանը «Հազարան բլբուլ» էր գրում: Հազարան բլբուլի իմաստը գիտենք. չորացած այգին ծաղկեցնելու եւ գազան դառած մարդուն նորից մարդ դարձնելու, իր աստվածային պատկերը վերադարձնելու խնդիրը պիտի լուծեր: Այսօր այնպիսի վիճակ է ստեղծված, որ իրոք հազարան բլբուլի կարիքը կա: Բայց, ցավոք սրտի, Թումանյանը «Հազարան բլբուլը» չի ավարտել»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Նա հավելեց, որ անդրադառնալով ընկերոջ հարցին, թե քո կոչումը երեւո՞ւմ է «Պոետն ու մուսան» գործի մեջ` Թումանյանը պատասխանել է, որ ընդհանուր առմամբ, կարելի է այդպես համարել` որ իր կոչումը ճշմարտությանը ծառայելն է: Սակայն, ասել է, որ իր կոչումը ավելի ամբողջական կերեւա հետագայում` «Հազարան բլբուլի» մեջ, որը պետք է լիներ հանճարեղ գրողի գլուխգործոցը: Թումանյանը «Հազարան բլբուլի» տարբեր ազգերի 60 տարբերակ է հավաքել, նաեւ Հայաստանում եղած տարբեր բարբառներով` կիսատ հատվածներ, եւ դրանց հիման վրա պիտի մշակեր ստեղծագործությունը:

«Մշակված 2 մասից էլ, որ հրատարակել է, կարելի է Թումանյանին բացահայտորեն տեսնել: Թագավորի 3 տղաներից մեկը` կրտսերը, պոետ է: Թումանյանն իրեն դրել է այդ հերոսի դերում: Այն հավաքած տարբերակներից ոչ մեկի մեջ չեք տեսնի, որ թագավորի տղան պոետ լինի: Եվ թագավորի այդ տղան, երբ գնում է հազարան բլբուլի հետեւից, անցնում է այն ճանապարհը, որն անցնում են ընդհանրապես գաղտնագիտության դպրոց անցնողները: Թումանյանի աշխարհը այդ գաղտնագիտությունն է` օկուլտիզմը, միստիցիզմը, յոգան, բուդդայականությունը»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Նրա խոսքերով` Թումանյանն ինքը մեզ մի շարք բանալիներ է տվել, որոնցով կարելի է բացել իր պոեզիայի գաղտնի դռները: Օրինակ` Թումանյանն ասել է, որ քննադատը պետք է թարգմանի բանաստեղծի ոչ թե բառերը, ստեղծագործության ձեւը, այլ նրա ոգին, սիրտը, եւ Աստծու նման պիտի սրտագետ լինի: Սրտագետ բառը բառարաններում գրված է որպես գաղտնագետ, ծածկագետ, ծածկատես:

«Այ, այստեղ է բացվում այդ գաղտնիքը, որ նրան կապել եմ այդ գաղտնագիտության հետ: Ես համոզված եմ, որ երբ Թումանյանն ասում էր` կտեսնեն «ուրիշ բան», նկատի ուներ եւ իր գաղափարական, աշխարհայացքային կողմնորոշումը, եւ այն միսիան, որ ինքը պետք է կատարեր: Այդ «ուրիշ բանը» ես տեսնում եմ երկու հասկացության մեջ. նա` որպես Թեոսոֆիական ընկերության, թեոսոֆիական գաղափարների հետեւորդ (թեոսոֆիա նշանակում է աստվածային իմաստություն), երկրորդ` որպես ազգի փրկիչ, ազգի, ժողովրդի համար առաքելություն կատարող: Նա մի շարք ստեղծագործություններ ունի` «Ընտրյալը», «Մարգարեն», որտեղ այդ փրկչական իմաստն է արտահայտված. ստեղծագործության հերոսը իջնում է` ընկածին բարձրացնելու, փրկելու իր ժողովրդին»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Նրա համոզմամբ` արեւելյան փիլիսոփայության, յոգայի, բուդդայականության մեջ ընդունված հիմնական օրենքներից մեկը` կյանքի անընդհատության, հոգու վերամարմնավորման գաղափարը, Թումանյանը ձեւակերպել է հետեւյալ քառյակի մեջ.

«Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ` ի~նչ կա որ.
Ես եղել եմ, կա~մ, կլինեմ հար ու հավետ, ի~նչ կա որ,
Հազար էսպես ձեւեր փոխեմ, ձեւը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի~նչ կա որ»:

«Գաղտնագիտությունը կամ օկուլտիզմը ընդհանուր անվանումն է այն ուսմունքների, որոնք ընդունում են մարդու եւ բնության մեջ գաղտնի ուժերի գոյությունը: Իսկ Թումանյանը դա բացահայտ ընդունում էր եւ ուսումնասիրում: Այս տեսակետից նա կյանքը հավերժական է տեսնում, մահով չի ավարտվում կյանքը, եւ որպես Հովհաննես Թումանյան ծնվելուց առաջ էլ նա որպես հոգի եղել է, եւ ըստ գաղտնագիտության տեսության` յուրաքանչյուր հոգի ծնվելուց առաջ մտածում է իր համար խնդիր, առաքելություն»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Նրա խոսքերով` Թումանյանի ժամանակ յոգայի, բուդդայականության ուսմունքները եւ այդ թեմայով գրականություն աշխարհով մեկ տարածում էր Թեոսոֆիական ընկերությունը: Ընկերությունը 1875 թ. նոյեմբերին Նյու Յորքում ստեղծել են Ելենա Պետրովնա Բլավատսկայան եւ Հենրի Օլկոտտը: Ընկերությունը մասնաճյուղեր էր բացում աշխարհի տարբեր երկրներում: Բլավատսկայան գաղտնի վարդապետություն է գրել` «Тайная доктрина: синтез науки, религии и фолософии»: Հ. Ուլուբաբյանի խոսքերով` Թումանյանին եւս կարելի է անվանել համադրողական մտածողության կրող: Նա Արեւելքը համարում էր հոգեւոր կենտրոն, բայց զարգացումը տեսնում է Արեւելքի եւ Արեւմուտքի սինթեզի, կրոնների, գիտության սինթեզի մեջ: Բլավատսկայայի նեղ խումբը հավաքվում էր հինգշաբթի օրերին, «Վերնատան» անդամները` եւս: Մինչ «Վերնատան» ստեղծումը եւ Թումանյանի տանը հավաքվելը հինգշաբթի օրերին հավաքներ են եղել Մարիամ Թումանյանի տանը: Թումանյանի անձնական գրադարանում կային «Вестник Теософии» ամսագրի համարները, որոնց վերջին էջերում գրված են Թեոսոֆիական ընկերության կանոնադրությունը եւ 3 գլխավոր նպատակները: Այդ նպատակներն են` 1. համամարդկային եղբայրության միջուկի ստեղծումը, 2. կրոնների ու փիլիսոփայությունների (հիմնականում արեւելյան փիլիսոփայության) ուսումնասիրությունը, 3. մարդու եւ բնության գաղտնի ուժերի ուսումնասիրությունը:

«Ուսումնասիրելով Թումանյանի եւ կյանքը, եւ ստեղծագործությունները` համոզվել եմ, որ այս 3 խնդիրներով հստակ զբաղվել է Թումանյանը»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Նրա խոսքերով` եղբայրության վերաբերյալ Թումանյանի գաղափարները ամենից շատ են ուսումնասիրվել եւ հայտնի են: Քիչ հայտնի է այն, որ Թումանյանը զբաղվել է կրոնների եւ փիլիսփայությունների ուսումնասիրությամբ: Մեծ գրողը հատվածներ է թարգմանել եւ «Զրադաշտից», եւ «Բհագավագիտտայից», որը չի տպագրվել Թումանյանի երկերի լիակատար ժողովածուում (10 հատորով): Իսկ «Վերնատան» անդամներից Ղազարոս Աղայանը ունի Բուդդայի կյանքին եւ ուսմունքին նվիրված անտիպ ուսումնասիրություն, որը պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում` Աղայանի ֆոնդում:

Հ. Ուլուբաբյանի համոզմամբ` Թումանյանի ստեղծած «Վերնատունը» իրականացնում էր Թեոսոֆիական ընկերության 3-րդ խնդիրը եւս: Թեոսոֆիական ընկերությունը պայքարում էր եւ եկեղեցական դոգմատիզմի դեմ, որը կանգնեցնում է մարդկության զարգացումը, եւ այն մատերիալիստական գիտության դեմ, որը ճգնաժամի մեջ էր, բայց կարծում էր, թե 19-րդ դարավերջին մարդու եւ տիեզերքի ճանաչումն ավարտված է, ատոմը ամենափոքր, այլեւս չտրոհվող մասնիկն է: Բլավատսկայան ատոմի տրոհվելուց դեռ 10 տարի առաջ նշել էր, որ ատոմը կտրոհվի, եւ ավելի փոքր մասնիկ կհայտնագործվի:

Հ. Ուլուբաբյանի համոզմամբ` «Վերնատան» անդամները` Թումանյանը, Աղայանը, Իսահակյանը, Շանթը, Դեմիրճյանը, Աղբալյանը, ինչպես նաեւ հյուրերը հավաքների ժամանակ քննարկում էին այս գաղափարները: Բանախոսը հիշեցրեց Ավետիք Իսահակյանի 1903 թ. գրված հետեւյալ միտքը. «Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով»: Այս տարիներին էր գրվում նաեւ Լեւոն Շանթի «Հին աստվածները»:

Հ. Ուլուբաբյանի համոզմամբ` «Վերնատան» անդամները հավաքների ժամանակ քննարկում էին նաեւ օկուլտիզմը` գաղտնագիտությունը: Դրա վառ վկայությունը, բանախոսի կարծիքով, այն է, որ Աղայանի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ Թումանյանը գրել է, թե ինքն ուզում է հիշատակել տարօրինակ դեպք: «Տարօրինակ եմ ասում, որովհետեւ տարօրինակ են համարվում. թե չէ մենք այս տեսակ դեպքերը ընդունում ենք որպես սովորական ու բնական երեւույթներ: Մենք հաճախ խոսում էինք բնության ու կյանքի գաղտնի ուժերից, որ տակավին մարդը չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն, խոսում ենք եւ հոգիների փոխադարձ հաղորդակցության ընդունակությունից, որ տարածություն չեն ճանաչում եւ ազդում են ամեն տեղ ու ամեն հանգամանքում, բայց միայն նուրբ բնության տեր մարդիկ են զգում եւ հասկանում, եւ մեր մեջ համարելով մեզ էլ այդպիսի մարդիկ` շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից»,- գրել է Թումանյանը:

Հ. Ուլուբաբյանի պարզաբանմամբ` գաղտնագիտության մեջ «նուրբ բնության տեր մարդիկ» են համարվում նրանք, ովքեր ունեն նաեւ 6-րդ զգայարան, որը կարելի է անվանել ինտուիցիա, տելեպատիա, պայծառատեսություն: Աղայանի մահվան տարելիցին Թումանյանը գրել է, որ ինքը տեսել է Աղայանի` ընկնելու եւ մահանալու լուսավոր պատկերը:

«Այդ երեւույթի բացատրությունը օկուլտիզմի մեջ կա. հոգեհարազատ մարդիկ իրար կապված են լինում այնպես, ինչպես, ասենք, ռադիոհեռուստահաղորդումները. կարող եք միացնել այս կամ այն ալիքը, տեսնել` ինչ ցանկանում եք»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Նա նշեց, որ Թումանյանը նաեւ ասել է. «ես էս կամ էն խնդրի պատասխանը կարող եմ իմանալ պայծառատեսությամբ»: Սակայն Թումանյանի դստեր` Նվարդ Թումանյանի հրատարակած «Հուշեր եւ զրույցներ» գրքի 1969 եւ 1989 թթ.-ի հրատարակությունների միջեւ տարբերություն կա. գրքի 89 թ.-ի հրատարակության մեջ «էս կամ էն խնդրի…» արտահայտությունը սահմանափակվել է` դարձել է «էս խնդրի…»:

«Այսինքն` բազմաթիվ վկայություններ կան, որ Թումանյանը ցանկացած խնդրի պատասխանը կարող էր պայծառատեսությամբ իմանալ: Նրա մտերիմներից մեկը` Մարիամ Թումանյանը իր հուշերում գրում է` մեր միջեւ ստեղծվել էր այնպիսի խոր հոգեբանական կապ, հարազատություն, որ իմ ուղեղում ծագած յուրաքանչյուր միտք նա բարձրաձայն արտահայտում էր: Դա տելեպատիայի երեւույթն է: Պարզվում է, որ Թումանյանը ունի իր հուշերում գրված, իր պատմություններում նշած, որ ռուս-ճապոնական պատերազմն է նախօրոք տեսել»,- ասաց բանախոսը:

Նա գիտաժողովի մասնակիցներին ցույց տվեց Թումանյանի գրադարանում եղած մի քանի գրքեր, որոնք, նրա համոզմամբ, տարածել է Թեոսոֆիական ընկերությունը, մասնավորապես` «Вестник теософии» ամսագրի պատճենները, «Մահ, իսկ հետո՞», «Символы Таро, философия окультизма», «Сведения о теософском обществе», «Великие посвященные» գրքերը եւ այլն: Հ. Ուլուբաբյանի խոսքերով` Թումանյանի դուստրը` Նվարդ Թումանյանը, իր հուշերում գրում է, որ որդու մահից հետո Թումանյանը «Великие арканы Таро» փիլիսոփայական ստեղծագործության միջոցով ուսումնասիրել է կյանքի ու մահվան խնդիրները: Մեծ գրողը չէր հավատում, որ որդին մահացել է, կարծում էր, որ նա կա, բայց չգիտեր` թե ինչ ձեւով:

«Այսօրվա դրությամբ թումանյանագիտությունը շարունակում է գործել, բայց չունենալով այդ մեթոդաբանությունը, այդ փիլիսոփայությունը` չեմ կարծում, որ որեւէ լուրջ բան ասվի Թումանյանի այդ խոհափիլիսոփայական աշխարհի վերաբերյալ: Թումանյանագիտական ուսումնասիրությունները չեն կարող իրական հողի վրա կանգնել, քանի դեռ չեն մտել Թումանյանի այս աշխարհ, քանի դեռ այս փիլիսոփայությամբ չեն ղեկավարվում»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

9 Responses to “Թումանյանը` գաղտնագետ ու ծածկագետ”

  1. activist Says:

    Yes shnchum em misht kendani astco shunche amenur…
    Yes lsum em nra anlur kanchn u hunche amenur…
    Vehacnum e u veracnum amenalur im hogin…
    Tiezerqi xor meghedin u mrmunje amenur…~

  2. Ազգայնական Says:

    Ողջ հարցն այն է, որ գաղտնագետ, ծածկագետ, այլ առնչությունների գիտակ ու նման արտահայտությունները հասու չեն աթեիզմի յոթանասունամյա պայմաններում ապրած մեր հանրության համար: Ու մեր այսօրվա վիճակն էլ պայմանավորված է նրանով, որ մարդը , կտրելով կապը գաղտնի ուժերի հետ,դարձել է նյութի գերի, իսկ հանրությունն էլ դարձել է բնազդային հանրություն, որն ամենացածրակարգն է:

  3. Վարդան Says:

    Բոլոր պարերը պարել էինք, մնում էր Թումանյանին էլ օկուլտիստ դարձնեին: Մեր հասարակության մեջ հետաքրքիր բան է կատարվում. բոլոր հերոսներին սկսել են նսեմացնել, դավաճաններին հերոս են դարձնում կամ այսօրվա վիճակից ելելով դիվանագետ են անվանում, սա լավ բանի չի հանգեցնելու:

    Վարդան

  4. Հրաչ Says:

    20-րդ դարի սկզբին շատ-շատերն են այս կամ այն չափով տարվել այսպիսի գաղափարներով, ոմանք` շատ ավելի լուրջ ձեւերով, քան Թումանյանը, բայց ռուս գրականագետի մտքով չի անցնում հայտարարել, որ, ասենք, Անդրեյ Բելին գաղտնագետ էր կամ որ դա է նրա ստեղծագործության բուն իմաստը: Այսպիսի “թումանյանագիտությունը” հաստատում է անկախ Հայաստանում հումանիտար գիտությունների շարունակվող սրընթաց գավառականացումը /անգամ խորհրդային տարիների մակարդակի համեմատությամբ/, որի վերջը ցավոք չի երեւում:

  5. Jakub Says:

    Parkd shat Ter Astvats verdjapes pordz enq anum veradarnal mer paravor ancjalin

  6. Հրայր Says:

    Վարդանին>
    Թումանյանին օկուլտիստ դարձնելու կարիք, ամենևին, չկա։ Նա ընդամենը ներկայացվել է այնպիսին, ինչպիսին նա իրականում կար՝ սրտագետ–գաղտնագետ,այսինքն՝օկուլտիստ։ Բայց որպեսզի ասվածը հասկանալի և ընդունելի լինի, երևի բացատրության կարիք կա։ Պ. Սևակը ժամանակին ասել է՝«Թումանյանը մեր լավագույն թումանյանագետն է, ինքն է բազմիցս տվել իր բանալին՝ բացելու իր ապարանքի՞ ասենք, թե՞ տաճարի դռները»։ Եվ մեր «լավագույն թումանյանագետի» տված բանալիներից մեկն էլ արտահայտված է նրա հետևյալ խոսքում. «Քննադատը թարգմանիչ է։ Նա պետք է թարգմանի բանաստեղծին և թարգմանի ոչ թե նրա բառերը, այլ՝ սիրտը։ Աստծու նման սրտագետ լինի ու խորաթափանց…»։ Ըստ «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»–ի սրտագետի հոմանիշներն են՝ գաղտնագետ, գաղտնատես, ծածկագետ, ծածկատես, այսինքն՝օկուլտիստ։ Իսկ օկուլտիզմը, ինչպես արդեն ասվել է, ընդհանուր անվանումն է այն ուսմունքների, որոնք ընդունում են մարդու մեջ և տիեզերքում գաղտնի(թաքնված) ուժերի գոյությունը։ Կրկին հիշենք Թումանյանի խոսքը՝«Մենք հաճախ խոսում էինք բնության և կյանքի գաղտնի ուժերից, որ տակավին մարդը չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն»։ Բայց Թումանյանն ու Աղայանը այդ գաղտնի ուժերի մասին ոչ միայն խոսում էին, այլ նաև տիրապետում։ Եվ Թումանյանն իր խոսքում ավելացնում է, որ այդպիսի երևույթները «միայն նուրբ բնության տեր մարդիկ են զգում ու հասկանում։ Եվ մեր մեջ՝ համարելով մեզ էլ այդ տեսակի մարդիկ՝ (այսինքն՝ գաղտնագետներ, օկուլտիստներ– Հ. ՈՒ.) շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից»։ Այնպես որ, հարգելի Վարդան, դուք ձեր իմացած պարը պարեք, մենք էլ մեր իմացածը։ Ինչպես հայտնի երգում է ասվում՝ իմ պարը քո պարին վնաս չի։ Ընդհանրապես յուրաքանչյուր գիտակից մարդու կյանքի գլխավոր խնդիրը պետք է լինի՝ լուսավորվել և լուսավորել շրջապատը, որն էլ հենց կնշանակի՝ ապրել Թումանյանի պես.
    Քանի՜ ձեռքից եմ վառվել,
    Վառվել ու հուր եմ դառել,
    Հուր եմ դառել՝ լույս տըվել,
    Լույս տալով եմ ըսպառվել։
    Հույսով լինենք, որ մեր լույսը ձեր լույսին վնաս չի

  7. Հրայր Says:

    Ազգայնականին
    Դուք ճիշտ եք, գաղտնագետ, ծածկագետ և նման շատ արտահայտություններ հասու չեն աթեիզմի և, ավելացնենք, նյութապաշտության(մատերիալիզմի) յոթանասունամյա իշխանության պայմաններում ապրած մեր հանրության համար։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե հնարավոր չէ կամ պետք չէ սկսել ուսոմնասիրել, աճել և գիտակցել ու հասկանալ նման երևույթները՝ մարդու մեջ գոյությոն ունեցող, բայց թաքնված, ուժերը։ Բացի դրանից, մեր խոսքն առաջին հերթին ուղղված է մեր նոր սերնդին, որի գլուխը դեռ չեն հասցրել նյութապաշտական և անաստված մարքսիզմով հարթուկել ու լրիվ տափակեցնել։ Չմոռանանք նաև, որ երբեք և ոչ մի ճշմարտություն հանրությանը մատչելի չի եղել և նրա սեփականությունը չի դարձել միանգամից։ Հիշենք նշանավոր գիտնական Ա. Հումբոլտի խոսքը. «Յուրաքանչյուր ճշմարտություն մարդկային ուղեղում անցնում է երեք փուլ. սկզբից՝ ի՞նչ հիմարություն է։ Հետո՝ դրա մեջ ինչ–որ բան կա։ Վերջապես՝ իսկ ո՞վ չգիտի դա»։ Խոսելով և հրապարակելով այդ գաղափարների մասին, առաջին հերթին ակնկալում ենք այպիսի մարդկանց, որոնց ուղեղում այդ ճշմարտությունները գտնվում են երկրորդ փուլում և կարող են ու կսկսեն հետաքրքրվել և խորանալ դրանց մեջ։ Իսկ մեր մարդկային և քաղաքացիական պարտքն է՝ Լույսի Բարձրագույն Աղբյուրից սնվելով՝ լուսավորվել և լուսավորել մեր ձեռք բերած լույսի չափով։ Մեր խորին համոզմամբ հենց Թումանյանի, ինչպես նաև Նժդեհի, միջոցով ավելի դյուրին կդառնա և՛ նյութի գերությունից ազատագրումը, և՛ ամենացածրակարգ հանրությանը բարձրացնել «միշտ դեպի Վեր», դեպի թումանյանական մեծ կյանք, տիեզերական կյանք, այսինքն՝ թայֆայական, կուսակցական, դասակարգային, պետական, ազգային(հասկանանք նաև՝ ազգայնական) կյանքերից ավելի վեր։ Ինչպես հայտնի «Հազարան բլբուլ» հեքիաթի մեջ, մեր երկրում էլ՝ «մարդը գազան է դարձել» և Հայաստան–Այգին էլ անապատի է վերածվում։ Կրկին անհրաժեշտ է Հազարան բլբուլ։ Իսկ թե ինչ բան է Հազարան բլբուլը և ով կարող է այն բերել, այդ մասին կխոսենք ավելի ուշ։

  8. Հրայր Says:

    Հրաչին
    Հետաքրքիր է իմանալ, որո՞նք են, ձեր կարծիքով, այդ «շատ ավելի լուրջ ձևերը», որոնցով ոմանք տարվել են։ Մեր կարծիքով 19–րդ դարավերջի և 20–րդ դարասկզբի ամենալուրջ և ամենահզոր գաղափարական հոսանքն ու շարժումը թեոսոֆիական շարժումն էր։ Այո, դուք ճիշտ եք, շատ–շատերն են տարվել այդպիսի գաղափարներով, բայց ոչ բոլորն են խորապես գիտակցել դրանց իմաստն ու իմաստությունը, կամ էլ ոչ բոլորն են բավարար կամքի ուժ ունեցել այդ գաղափարների մեջ խորանալու և դրանցով ապրելու համար։ Բայց դա, իհարկե, չի վերաբերում ոչ Թումանյանին, ոչ էլ նրա ամենահոգեհարազատ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, որոնք այդ գաղափարներով ապրել և ստեղծագործել են մինչև իրենց կյանքի վերջը։ Աղայանի վերաբերյալ համոզվելու համար կարող եք կարդալ նրա «Հոգեկան աշխարհ»–ը, որը նա գրել է իր մահից մեկ տարի առաջ՝ 1910–ին։ Իսկ ինչ վերաբերում է Թումանյանին, երևի կարիք կա Սոնա Ավագյանի ներկայացրածին, Վարդանին տված մեր պատասխանին ավելացնել ևս մի երկու խոսք։
    Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թումանյանի ողջ կյանքի և ստեղծագործության նշանաբանն էր՝ «միշտ դեպի Վեր», որ նույնն է՝ դեպի Աստված, Կատարյալը, Անհունը, Անհայտը, անճառ Մինը։ Որպես բարձր գիտակցության մարդ, նա հասկացել ու ասել է՝«Այս է մարդու կյանքի խորհուրդը, մենք պարտավորենք մեր բանականությունը զարգացնել և միշտ հառաջ ու հառաջ դիմել դեպի կատարելության սահմանները՝ դեպի Աստված,թեև երբեք չենք հասնելու», այսինքն՝ինչպես Քրիստոսն է պատվիրել՝ «Կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է Կատարյալ»։
    Թումանյան–բանաստեղծի գրական իդեալն էր Շեքսպիրը, որի մասին նա ասել է.«Նրա մոտ ներդաշնակված են կրոնը, փիլիսոփայությունը և բանաստեղծությունը»։ Պարզ է ու տրամաբանական, որ «միշտ դեպի Վեր» ձգտող Թումանյանն էլ պետք է ձգտեր իր կյանքում և ստեղծագործության մեջ ներդաշնակել «կրոնը, փիլիսոփայությունը և բանաստեղծությունը» Կարող է, իհարկե, հարց առաջանալ՝ իսկ ի՞նչ կրոն և ի՞ նչ փիլիսոփայություն է ներդաշնակել իր մեջ Թումանյանը։ Հիշենք Վերնատան անդամներից մեկի՝ Դ. Դեմիրճյանի խոսքը.«Նա իդեալիստ էր…Թումանյանի իդեալիզմը զարգացել և ձևափոխվել էր ռոմանտիզմի… ռոմանտիզմը զարգացավ և փոխվեց նրա կյանքի վերջին շրջանում միստիցիզմի, միստիկական հոգեխոսությունների» Մեր երկերամյա հետազոտությունները մեզ հնարավորություն ու իրավունք են տալիս պնդելու, որ նրա աշխարհայացքի հիմքում ընկած են եղել թեոսոֆիական ընրկերության գաղափարներն ու սկզբունքները, որոնց մասին խոսվել է բանախոսության ժամանակ։
    Անդրեյ Բելիի վերաբերյալ ասված ձեր կարծիքը,մեղմ ասած, մի քիչ հնացած է ( խորհրդային շրջանի) և իրականությանը չհամապատասխանող։ Այն, որ «ռուս գրականագետի մտքով չի անցնում հայտարարել, որ… Անդրեյ Բելին գաղտնագետ էր կամ…», կարող են լինել տարբեր պատճառներ. 1.Կարող էր և չիմանալ այդ մասին, քանի որ թեոսոֆիայի, թեոսոֆիական շարժման մասին ռուսական պատմագիտության և գրականագիտության մեջ խորհրդային շրջանում լուրջ ուսումնասիրություն չի կատարվել։ Միայն ХХ դարի 90–ական թվականների սկզբից է սկսվել աշխատանքների հրապարակումը՝ նվիրված թեոսոֆիական և զանազան միստիկա–գաղտնագիտական կազմակերպությունների գործունեության հետազոտությանը։ 2.Ժամանակին թումանյանագետ, ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանը խորհրդային շրջանի թումանյանագիտության մասին մի խոստովանություն է արել՝«մինչև վերջերս մեր գիտական– գրական կյանքում իշխող «վերապահումների» և մտավախության հոգեբանությունը մեզ հաճախ ստիպել է «առայժմ» ընթերցողից «թաքցնել» բանաստեղծի ժառանգության առանձին էջեր՝ նրա վրա «ստվեր չնետելու» նկատառումներով»։ Հնարավոր է, որ նման պատճառով՝ Ա. Բելիի վրա«ստվեր չնետելու» նկատառումով ռուս գրականագետը նրան գաղտնագետ կամ թեոսոֆ չի անվանել։ 3. Թումանյանը մի առիթով Չարենցին քննադատողի վերաբերյալ ասել է՝«Չարենցին քննադատողը պիտի Չարենցի պես թևեր ունենա»։ Իսկ Վ. Կուպչենկոն Մաքս. Վոլոշինի մասին հոդվածում գրել է.« Առանց գաղտնագիտական տեսությունների իմացության անհնար է մինչև վերջ հասկանալ սոնետների պսակը՝«Corona Astralis»»։ Այս նույն տրամաբանությունն ու բացատրությունը կարելի է տեսնել հետխորհրդային շրջանի մի շարք հետազոտողների գործերում, հենց նաև՝ Անդրեյ Բելիի վերաբերյալ։ Օրինակ, բանասեր, ռուսագետ, գրող և սիմվոլիստ Անդրեյ Բելիի ստեղծագործության ուսումնասիրող Մարիա Կարլսոնը «Ռուսաստանում 1875–1922թթ թեոսոֆիական շարժման պատմությունը» ուսումնասիրության մեջ գրում է. «Ժամանակակից գիտնականին բավական հեշտ է Բելիի մտքում տեսնել Վլ. Սոլովյովի գաղափարները կամ նորկանտականության տարրերը, բայց ճանաչել երրորդ գիծը՝ էզոթերիկ–փիլիսոփայականը, ավելի պրոբլեմատիկ է»։
    Անդրեյ Բելիի ժամանակակիցներն արժանիորեն գնահատել են թեոսոֆիայի մեծ ազդեցությունը Արծաթե դարի մտածողների վրա, այդ թվում՝ Անդրեյ Բելիի վրա։ Ինչպես հայտնում է Մ. Կարլսոնը, 1915թ. նշանավոր պատմաբան և գրական քննադատ Իվանով–Ռազումնիկը գրել է. «Գրականության ապագա պատմաբանն անկասկած պետք է պեղումներ կատարի մեր ժամանակի բազմահատոր «թեոսոֆիայի» մեջ. առանց դրա ոչ Անդրեյ Բելին, ոչ Վյաչեսլավ Իվանովը…չեն լինի բազմակողմանի լուսաբանված… գրականության պատմաբանը չի կարող իրեն թույլ տալ շրջանցել այդ երևույթը»։ Մ.Կարլսոնը անվանելով Արծաթե դարի մեծ անհատականություններին, որոնց կյանքի վրա այս կամ այն չափով ազդեցություն է ունեցել թեոսոֆիան, այնուհետև գրում է.«Ռուսաստանի Արծաթե դարի մշակույթում թեոսոֆիայի դերի նշանակությունը բյուրեղացել է Անդրեյ Բելիի գործերում, որին իդեալիստ փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևը անվանել է«այդ դարաշրջանի առավել բնութագրական ֆիգուր»։ Բերդյաևը ճշտել է. «Բելին տիպիկ է դարասկզբի զանազան ուղղությունների համար, քանի որ նա ի վիճակի չէր մնալ մաքուր գրականության և էսթետիկական գիտակցության շրջանակներում. Նրա Սիմվոլիզմը կրելէ միստիկական և գաղտնագիտական բնույթ, նա արտահայտել է այդ փուլի բոլոր հոգևոր տրամադրություններն ու փնտրտուքները»։ Խոսքս շատ երկարեց։
    Ձեր խոսքի վերջին մասի վերաբերյալ, այսինքն՝ «Այսպիսի «թումանյանագիտության» »և «հումանիտար գիտությունների շարունակվող սրընթաց գավառականացման» վերաբերյալ կխոսենք ավելի ուշ՝«ընդմիջումից» հետո։

  9. Հրաչ Says:

    Հրայրին

    Ձեր բերած օրինակներից մի քանիսը հենց հաստատում են իմ ասածը: Այո, Թումանյանի համար Շեքսպիրը բարձրագույն գրական հեղինակություն էր, բայց պատճառն այն չէր, որ Շեքսպիրը օկուլտիստ էր: Շատ ստեղծագործողների աշխատանքը հասկանալու համար կարող է պետք լինի դիմել թեոսոֆիայի, անտրոպոսոֆիայի եւ այլ գաղտնագիտական տեսությունների եւ պրակտիկաների, գիտելիքի օգնությանը, բայց ոչ` նրանց օկուլտիստ հայտարարելու նպատակով, այլ նրանց գործերն ավելի լավ հասկանալու եւ մեկնաբանելու համար: Թումանյանագիտությունը /շեքսպիրագիտությունը, նարեկացիագիտությունը եւ այլ “-գիտությունններ”/ մնում է, պետք է մնա բանասիրության, գրականագիտության եւ այլ նման դիսցիպլինների շրջանակում` որպես միանգամայն աշխարհիկ գիտություն: Իմ ասածը սա է: Իսկ եթե Դերենիկ Դեմիրճյանից կատարած մեջբերումը անեիք ամբողջությամբ, ապա ընթերցողի համար պարզ կդառնար այդ տողերի անթաքույց քննադատական ուղղվածությունը, եւ Դեմիրճյանի ասածի իմաստը կլիներ բոլորովին այլ, քան դուք ներկայացնում եք:

    Ես չեմ ասում, թե չի կարելի զբաղվել “Թումանյանը` օկուլտիստ” թեմայով: Կարելի է, բայց իմ խորին համոզմամբ դա չի կարող լինել թումանյանագիտություն: Դրա համար պետք է գտնել ուրիշ անուն:

Հայտնեք Ձեր կարծիքը՝