Երեխայի իրավունքների պաշտպանության ընթացքում խնդիրներ են ծագում
[ 2009/02/09 | 15:21 ]«Երեխաներն Հայաստանի Հանրապետությունում իրենց տարիքային, մտավոր ու ֆիզիկական զարգացվածության մակարդակի ուժով համարվում են խոցելի հատուկ խումբ եւ կարիք ունեն մշտական հոգատարության ու պաշտպանության»,-այս մասին ասվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի 2008 թ. դեկտեմբերին արտահերթ հրապարակային զեկույցում:
Այսօր ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Ա. Հարությունյանը ներկայացրեց երեխայի իրավունքների իրականացման եւ պաշտպանության ընթացքում ծագող որոշ խնդիրներ, որոնք պայմանավորված են ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի նորմերում տեղ գտած վրիպումների, բացթողումների ու հակասությունների հետ:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առկա հակասությունները միշտ չէ, որ իրավակիրառ մարմինների կողմից մեկնաբանվում են ի օգուտ երեխայի իրավունքների, պետական մարմինների կողմից դրանք մեկնաբնվում են իրենց հարմար գործելաոճի տեսանկյունից»,-ասում է Արմեն Հարությունյանը եւ հավելում, որ օրենսդրական փոփոխությունները եւ դրանց կիրառմանը նպաստող մեխանիզմները թույլ կտան բարձրացնել երեխայի եւ նրա իրավունքների պաշտպանության արդյունավետության մակարդակը:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց առկա օրենսդրական խնդիրները եւ մատնանշեց դրանց լուծման ուղիները: Առաջին մասը վերաբերում է երեխայի ծննդի պետական գրանցման, երեխայի սերումը հաստատելու, անուն, ազգանուն ունենալու իրավունքին: Հայաստանում դեռեւս հանդիպում են երեխայի ծնունդը չգրանցելու դեպքեր, որոնց պատճառները տարբեր են` տնային ծննդաբերություն, ծնողների մոտ անձը հաստատող փաստաթղթերի բացակայություն, վարչական համակարգի դժվարամատչելիություն, որպեսզի ապահովվի ծննդի գրանցում, առաջարկվում է օրենսդրությամբ ամրագրել, որ ծննդաբերած կինը բժշկական հաստատությունից դուրս է գրվում միայն երեխայի ծննդականը ներկայացնելու դեպքում, նաեւ սահմանել, որ համայնքի ղեկավարները միջոցներ են ձեռնարկում տնային ծննդաբերությունները բացահայտելու եւ երեխայի ծնունդը գրանցելուն աջակցելու ուղղությամբ:
Արդարադատության նախարար Գ. Դանիելյանը կարծում է, որ բժշկական հաստատությունից դուրս գրվելը միայն երեխայի ծննդականը ներկայացնելու դեպքում, ազատազրկման տեսակ է. «Այս եղանակով մենք հարցին լուծում չենք տա, դա հարկադրման եղանակ է, ինչը կարող է լրացուցիչ բարդություններ ստեղծել», ասում է նախարարը:
Եթե երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետեւանքով առաջանում են տարաձայնություններ, ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի, դրանք լուծում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը. «Կարծում ենք այս դրույթն ունի սահմանափակող բնույթ եւ առաջարկում ենք, որ բացի խնամակալության եւ հոգաբարձության մարմնից այդ իրավունքը ունենա նաեւ դատարանը»,-ասում է Արմեն Հարությունյանը:
Հաջորդ խնդիրն էլ հակասությունն է, որ առկա է «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման եւ Ընտանեկան օրենսգրքի դրույթների միջեւ. «Նախապատվությունը տալիս ենք Կառավարության որոշմանը եւ առաջարկում, որպեսզի տասը տարին լրացած երեխայի անվան փոփոխումը կատարվի միայն նրա համաձայնությամբ»,-ասում է Ա. Հարությունյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց երկրորդ խումբ առաջարկները, որը վերաբերում է քաղաքացիություն ունենալու իրավունքին. «Խնդիրներ են ծագում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում»,-ասում է Մարդու իրավունքների պաշտպանը:
Առաջարկվող մի շարք օրենսդրական փոփոխություններից կարեւորվում է այն, որ փախստական ծնողների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս նրանց երեխաները եւս ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն:
«Եթե տա Աստված մի օր հայրենադարձություն ունենանք, ինչպես 46 թվին եղավ, շատ հայեր ներգաղթեն Հայաստան, քաղաքացիության մասին օրենքում այսօրվա կարգը իրեն կարդարացնի»,- Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարց է ուղղում պատգամավոր Անահիտ Բախշյանը: Անահիտ Բախշյանին մտահոգում էր, թե ինչպես են լուծվելու Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընտանիքի անդամների քաղաքացիության խնդիրները:
«Աստված արդեն տվել է: Եթե նայեք վիճակագրական տվյալները, ապա կտեսնեք, որ 2008 թվականին քաղաքացիություն ստացողների թիվը մոտավորապես 6.5 անգամ ավելացել է: Մենք մի փոքր նույնիսկ ավելի լոյալ ենք, քան ցանկացած երկրի քաղաքացիության մասին օրենսդրությունը»,- պատասխանեց նախարարը:
Գ. Դանիելյանը տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիություն շնորհելիս տվյալ քաղաքացուն զգուշացնում են նաեւ գոյություն ունեցող բացասական հետեւանքների մասին. «Նկատի ունեցեք, որ կան երկրներ, որտեղ իրենք չենք ընդունում երկքաղաքացիության ինստիտուտը եւ շատ հստակ նորմեր ունեն, որ շրջանցելով եւ ծածուկ ստանում են այլ երկրի քաղաքացիություն, ապա միանգամից զրկում են տվյալ երկրի քաղաքացիությունից»,- հավելեց նա:
Երեխայի գույքային իրավունքները, ապրուստի միջոց ստանալու, ալիմենտ պահանջելու իրավունքն իրացնելու համար առաջարկվում է անչափահաս երեխայի ծնողների, խնամակալների, նաեւ չափահաս անգործունակ ճանաչված անձանց խնամակալների` իրենց երեխային որպես նվեր կամ անհատույց օգտագործման գույք հանձնելու իրավունքի իրականացման մեխանիզմի նախատեսում:
Առաջարկվում է ալիմենտի նվազագույն չափ սահմանել նվազագույն աշխատավարձի յոթնապատիկը. «Առաջարկում ենք երեխայի ալիմենտի չափը որոշել ելնելով ոչ թե երեխայի նախկին կենսամակարդակի ապահովման տեսանկյունից, այլ` երեխայի հատուկ պահանջմունքների առավելագույնս բավարարման անհրաժեշտությունից»,-ասում է Ա. Հարությունյանը եւ շարունակում, որ կարեւորում են նաեւ երեխաների իրավունքների պաշտպանությունը բնակարանային հարաբերություններում. «Պետք է շուտափույթ կերպով ընդունել նոր Բնակարանային օրենսգիրք, որում լուծում կտրվեն, ոչ միայն երեխայի, այլեւ ընտանիքի մյուս անդամների խնդիրներին»:
Որպեսզի 14-16 տարեկանների աշխատանքի իրավունքը եւս պաշտպանվի, օմբուդսմենը առաջարկում է սահմանել այն աշխատանքների ցանկը, որոնք բավարարում են երեք պահանջի` առողջության կամ զարգացման համար վտանգ չներկայացնող, դպրոց հաճախելուն չխանգարող, թեթեւ աշխատանք:Մտահոգություններ կան նաեւ երեխաների խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գործունեության վերաբերյալ. «Քանի որ դրանք երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ունեն հատուկ դեր, ուստի օրենքով պետք է սահմանվի այդ մարմնի կարգավիճակը եւ լիազորությունները, հանձնաժողովում պետք է ստեղծել լրացուցիչ հաստիքներ, նաեւ սահմանել հանձնաժողովի անդամների պատասխանատվության բնույթը պարտականությունները չկատարելու դեպքում»,-ավելացնում է Արմեն Հարությունյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մի շարք հասարակական կազմակերպություններից նամակ-դիմումներ է ստացել, որից Ա. Հարությունյանը կարեւորեց հետեւյալը. «Ըստ Պետական նպաստների մասին օրենքի 23-րդ հոդվածի` Մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու իրավունք ունի միայն արձակուրդում գտնվող անձը, սա խտրականություն է սահմանում աշխատող եւ չաշխատող ծնողների միջեւ, ուստի մենք բազմաթիվ դիմում-բողոքներ ունենք, քանի որ ծնողը շատ դեպքում չի աշխատում իր կամքից դուրս»,-հավելեց Ա. Հարությունյանը:














Դեկտեմբեր 24th, 2009 at 18:02
շնորհակալություն նյութը տրամադրելու համար