«Պիտի ունենանք ապագայի դպրոց»,- Կապանում ասաց նախագահը

[ 2009/09/01 | 18:09 ]

President-kapan_01.09.09ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին մասնակցեց Կապանի թիվ 3 դպրոցի նորոգված մասնաշենքի բացման հանդիսությանը: 1949 թ. հիմնադրված եւ ռուսաց լեզվով դասավանդվող  կրթօջախը 1988 թ. վերափոխվել է մայրենի լեզվով ուսուցմամբ դպրոցի:

2009 թ. ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում դպրոցի 1969-70 ուստարվա շրջանավարտ, գործարար Սերգեյ Համբարձումյանի անձնական ներդրումների շնորհիվ 316 մլն դրամի նորոգման աշխատանքներ են իրականացվել դպրոցում: Վերակառուցվել, հիմնանորոգվել են սանհանգույցները, ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվել շենքում, նորացվել է գույքը, դպրոցը կահավորվել է դպրոցական նոր սեղան-աթոռներով, ապահովվել է համակարգիչներով,  էլեկտրոնային գրատախտակներով: Լիովին նորոգվել են ջրամատակարարման եւ ջեռուցման համակարգերը, մարզադահլիճը եւ այլն:

Նոր ուսումնական տարում ավելացել է աշակերտների թիվը. սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել 510 աշակերտ` նախորդ տարվա  417-ի փոխարեն:

Հանդիսությանը մասնակից  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով`  «գիտելիքի օրը պիտի գնահատենք գիտելիքը, որ չի արժեզրկվել նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում»:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ, մարզում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ու զարգացման, կրթության եւ մշակույթի բնագավառներում ունեցած անձնական ներդրումների, իրականացրած բարեգործական ձեռնարկումների համար «Պատվավոր սյունեցու» կոչում շնորհվեց, միաժամանակ «Ակսել Բակունց» ոսկյա  հուշամեդալով պարգեւատրվեց Սերգեյ Համբարձումյանը:

Սերգեյ Համբարձումյանն անկեղծ խոստովանեց, որ չէր պատկերացնում, որ դպորցի նորոգումը կարող է «այսքան լուրջ բան լինել». «Կապանի բոլոր դպրոցներում արժանի զավակներ են սովորել, քան ես: Այլ դպրոցների շրջանավարտներն ավելի շատ հնարավորություն ունեն, քան ես: Ուստի կոչ եմ անում բոլորին` նորոգել իրենց դպրոցները, ու ես եկող տարի էլի կլինեմ Կապանում և ուրախությամբ կմասնակցեմ այլ դպրոցների նմանատիպ հանդիսություններին»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Սերգեյ Համաբարձումյանի կոչն անտարբեր չպիտի թողնի գործարարներին: «Վերջին մի քանի տարիներին պետությունը մի քանի  միլիոնավոր դոլարներ է  ծախսում կրթության այս ոլորտի վրա, բայց խնդիրները լուծում չեն ստանում: Փոփոխոթյուններ են  եղել են` սկսած աշխատավարձերից մինչև նորոգում, բայց հարյուրավոր միլիոնները քիչ են: Նաեւ համոզված եմ, որ բարերարը սրանով իր գործը ավարտված չի համարելու և աջակցելու է, որ դպրոցը դառնա ապագայի դպրոց: Իսկ ապագա դպրոցը պետք է լինի բարձր մակարդակի»,- ասաց նախագահը:

ՀՀ նախագահը դպրոցին նվիրեց լաբորատոր սարքավորումներ: Հյուրերը հանդիսավոր բացման արարողությունից հետո եղան հիմնանորոգված ու նոր տեսք ստացած դպրոցում, ծանոթացան կրթօջախի նոր պայմաններին:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝