Ա. Կիվիրյանը դեռևս չի կարող խոսել
[ 2009/05/01 | 12:14 ]«Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի կինը` փաստաբան Լուսինե Սահակյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Կիվիրյանը գլխի ուժեղ ցավեր ունի: Այդ պատճառով էլ նա դեռեւս չի կարողանում խոսել: Նրա վիճակը կայուն է, սակայն «բժիկները խորհուրդ են տվել չլարվել եւ չնյարդայնանալ»,-տեղեկացրեց Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ գիշերը ժամը 5-ին դաժանորեն ծեծի են ենթարկել «Armenia today» տեղեկատվական կայքի համակարգող, իրավաբան Արգիշտի Կիվիրյանին: Նրան ծանր վիճակում տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն:
«Armenia today» կայքի համակարգողի վրա մահափորձը դատապարտել է մարդու իրավունքների պաշտպանը, մի շարք լրագրողական կազմակերպություններ, ինչպես նաև հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը, որտեղ նշվում է. «Արձանագրելով, որ այս քրեական վարչախմբի օրոք լրագրողների նկատմամբ բռնությունները դարձել են գրեթե առօրյա իրադարձություններ, Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է այս հանցագործությունը: Ամենևին հույս չտածելով, որ այս հարձակումը, ինչպես և մյուս լրագրողների նկատմամբ նախորդ բռնությունները կբացահայտվեն, միևնույնն է հայտարարում ենք, որ հանցագործները վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առջև»:













