Մեղրաշատի համայնքապետի նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
[ 2010/02/08 | 16:02 ]Հարգելի պարոն Սարգսյան
Նկատելի են վերջին տարիների ընթացքում Ձեր կողմից տարվող այն մոտեցումները, որոնք ուղղված են մարզերի համաչափ զարգացմանը, հատկապես սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային համայնքների ուղղությամբ:
ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքը գտնվում է Հայաստան-Թուրքիա պետական սահմանային շերտում (սահմանից հեռու է ընդամենը 500մ): Համայնքն ընդգրկված է ՀՀ Կառավարության կողմից սահմանված սահմանամերձ եւ լեռնային համայնքների ցանկում: Համայնքը ընդգրկված էր ՀՀ Կառավարության կողմից սահմանած` գյուղատնտեսական ցանքատարածությունների ավելացմանը միտված ֆինանսական նպատակով աջակցության ծրագրում (հատկացվում էր սուբսիդիա):
Համայնքի ճանապարհների վերանորոգումը ընդգրկված էր Գյումրի-Հայկավան-Ողջի-Բյուրակն ծրագրում: Համայնքի անմիջական հարեւանությամբ գտնվող պետական պահուստային հողատարածքները պայմանագրային կարգով օգտագործվում էին համայնքի բնակչության կողմից: Այս բոլորը հույս էր ներշնչում, որ պետությունը նմանատիպ համայնքների համար որդեգրել է առանձնահատուկ մոտեցում, որի կարիքը խիստ զգացվում է: Սակայն, ցավոք, վերջին մեկ տարում հակառակ ընթացք ունեցավ.
ա/ կտրուկ կրճատվեցին համայնքին հատկացվող ֆինանսական հատկացումները` դոտացիան, այժմ համայնքի սեփական բյուջեն կազմում է 5 մլն 800 հազ. դրամ, որից միայն 2 մլն 700 հազ. դրամը պետական հատկացումն է: Չնայած համայնքային բյուջեն կատարվում է 100 տոկոսով, սակայն նմանատիպ բյուջեի առկայության դեպքում խոսք անգամ չի կարող լինել համայնքի զարգացման մասին,
բ/ արդեն մեկ տարի է, ինչ համայնքը դուրս է բերվել սուբսիդավորում ստացող համայնքերի ցանկից, որի արդյունքում խիստ կրճատվել են մշակվող հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները,
գ/ միջհամայնքային ճանապարհների վերնորոգումը սկսվեց եւ ավարտվեց, սակայն այս անգամ էլ անտեսվեց Մեղրաշատ համայնքը, այն դուրս բերվեց նշված ծրագրից,
դ/ պետական սեփականություն հանդիսացող հողերը, որոնք գտնվում էին համայնքի վարչական սահմաններում, օգտագործվում էին համայնքի բնակչության կողմից «պայմանագրային կարգով, եւ բարեխղճորեն կատարվում էին վճարումները»:
Սակայն վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված «Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները համայնքներին հանձնելու մասին» ՀՀ օրենքով, նախկինում Մեղրաշատ համայնքի կողմից օգտագործվող 650 հա հողատարածքը հատկացվեց Ամասիա համայնքին:
Նման պայմաններում հայտնված համայնքը, ունենալով ոչ բավարար տեղական բյուջե, անասնապահությանը եւ դաշտավարությանը չնպաստող սակավ հողատարածքներ` չի կարող լիարժեք զարգանալ: Բազմաթիվ ենթակառույցների բացակայությունը բերելու է բնակչության, առավելապես երիտասարդության արտահոսքի, որը նախկինում չի նկատվել համայնքում:
Ժամանակին ճիշտ է ասվել. «Հայրենիքը հզոր է իր դարպասներով»:
Սրանք միայն զգացմունքային խոսքեր չեն, այլ եղել են հիմնավորված եւ պատճառաբանված:
Այս գիտակցմամբ էլ Մեղրաշատ համայնքը եւ տեղական իշխանությունը հայցում են երկրիս նախագահի աջակցությունը, քանզի սահմանամերձ համայնքների բնակչությունն ավելի զգայուն է եւ ավելի շատ է զգում պետության աջակցությունը:
Չենք կասկածում, որ համայնքի կողմից բարձրացված հարցերը Ձեր հանձնարարությամբ մանրակրկիտ կուսումնասիրվեն եւ հնարավորինս կարճ ժամկետում իրենց արդարացի լուծումները կստանան:
Տեղին է ասված` «Հայրենիքը սկսվում է ծննդավայրից»: Իսկ մեզ համար` բնականաբար Մեղրաշատից:
Խորին հարգանքներով`
Մեղրաշատ համայնքի ղեկավար
Վահրամ Սաղաթելյան
20.01.2010թ













