«Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է»
[ 2009/08/24 | 13:49 ]
«Մի անգամ Լ. Ա.-ն ինձ կանչեց սուրճ դնելու: Գնացի: Որ բաժակները լվացի, եկավ, ինձ գրկեց, ձեռքը տարավ մեջքիս, նստատեղիս: Մտածեցի՝ նորմալ ա, իրա երեխաներից փոքր ենք մենք, երեւի ծնողի նման մեզ սիրում ա, գիտի, թե ծնողի ջերմությունն ինչ ա մեր համար: Մի անգամ տենց եղավ, 2 անգամ: Մտածեցի՝ էս ծնողի բան չի: Ո՞նց կարող է ծնողն իր աղջիկների հետ էդպես վարվի: Ձեռք ա տալիս կրծքերիս, գրկում է, սեղմում է,- անցած տարի «Հայլուրին» տված հարցազրույցում պատմել էր Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկի նախկին սան Հ.Ս.-ն:
Նույն ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին գիշերօթիկում կամավոր սկզբունքներով աշխատած երիտասարդներին պատմել էին նաեւ այլ աշակերտուհիներ: Երիտասարդներն այդ մասին ահազանգել էին տարբեր հասարակական կազմակերպությունների, որից հետո «Հայլուրը» եթեր էր հեռարձակել երկու աշակերտուհիների պատմությունները:
«Սակայն քննիչները ոչ թե ուսուցչի նկատմամբ են քրեական գործ հարուցել, այլ մեղադրանք են առաջադրել Մարիամ Սուխուդյանին, որը կամավորական երիտասարդների խմբի ղեկավարն էր»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց Մարիամի պաշտպան Նոնա Գալստյանը:
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 15-ին Մարիամ Սուխուդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նա մեղադրվում է շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու մեջ, որի համար նախատեսված պատասխանատվությունը մինչեւ 5 տարի ազատազրկումն է:
Փաստաբան Նոնա Գալստյանը ներկայացրեց, թե ինչպիսի ոչ օբյեկտիվ եւ անարդար քննություն է կատարվում Էրեբունու ոստիկանությունում:
«Ես գտնում եմ, որ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է եւ չի բխում գործի իրական հանգամանքներից: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ Սուխուդյանի կողմից դպրոցի տնօրենից ծրագրի իրականացման համար նախատեսված գումարը պահանջելը եւ այն տնօրենի կողմից չտրամադրելը Սուխուդյանի մոտ առաջացրել է շահադիտական դրդում»:
Նշենք, որ այդ գումարը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից հատկացված է եղել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար: Մարիամ Սուխուդյանն էլ այդ ծրագրի ղեկավարն ու պատասխանատուն է եղել, հետեւաբար նա ոչ միայն հաշվետու է եղել ծրագրի միջոցառումների պատշաճ իրականացման, այլեւ ծրագրով հատկացված գումարի նպատակային օգտագործման համար:
«Սակայն վարույթն իրականացնող մարմինը տնօրենի կողմից գումար չտրամադրելը ոչ միայն չի գնահատել որպես ծրագրի իրականացման համար խոչընդոտ, այլեւ գտել է, որ այն Սուխուդյանի մոտ առաջացրել է շահադիտական դրդում: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Սուխուդյանը գիտակցել է, որ դպրոցի վերաբերյալ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, առնվազն ծիծաղելի է, որովհետեւ դպրոցի սաներն իրենց նախաձեռնությամբ են պատմել ուսուցչի կողմից կատարված ոտնձգությունների մասին եւ պատմել են ոչ միայն Մարիամ Սուխուդյանին, այլեւ խմբի մյուս անդամներին»,- ասաց Նոնա Գալստյանը:
Փաստաբանը ենթադրում է, որ վարույթն իրականացնող մարմնի նպատակն է իրական մեղավորին ազատել քրեական պատասխանատվությունից:
«Չի կատարվել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն: Իսկ քրեական գործը հարուցվել է օրենքով նախատեսված ժամկետի կոպիտ խախտմամբ, 10 օրվա փոխարեն` 3 ամիս անց: Սուխուդյանին օգոստոսի 11-ին ուղարկված ծանուցագրով արդեն իսկ վերագրվել էր մեղադրյալի կարգավիճակ, այնինչ մեղադրանք առաջադրելու որոշումը կայացվել է 4 օր անց` օգոստոսի 15-ին:
Բացի այդ` գործով նախաքննությունն իրականացվել է այդպիսի իրավասություն չունեցող նախաքննության մարմնի կողմից, քանի որ զրպարտություն հոդվածով հարուցված քրեական գործով Էրեբունու քննչական բաժինը նախաքննություն անցկացնելու իրավունք չուներ»,- հայտարարեց փաստաբանը եւ ավելացրեց, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում դպրոցում տիրող իրավիճակը բարձրաձայնելու համար:
«Հայլուրի» արդեն նախկին թղթակից, գիշերօթիկի վերաբերյալ տեսանյութերի հեղինակ Սյուզան Սիմոնյանը նույնպես ներկա էր ասուլիսին: Նա հայտարարեց, որ սեփական նախաձեռնությամբ է պատրաստել նյութերը եւ որ Մարիամ Սուխուդյանը նրան չի խնդրել տեղեկություններ տարածել:
«Առաջին աշակերտուհու տեսանյութը եթեր հեռարձակելուց հետո ինձ հետ կապվեց Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկի մեկ այլ նախկին սան եւ ասաց, որ ուսուցիչն իր նկատմամբ էլ է ոտնձգություններ թույլ տվել: Բացի այդ, պատմեց դպրոցում տիրող իրավիճակից, տարբեր պատիժների, վատ սննդի մասին: Ի դեպ, այդ աղջիկը քննիչների մոտ վկայություն է տվել եւ հաստատել է իր ասած տեղեկությունները, բացի այդ` նա ուսուցչի հետ առերեսման է գնացել եւ նրա ներկայությամբ պնդել է իր խոսքերը»,- պատմեց Սյուզան Սիմոնյանը:
Նա նաեւ ասաց, որ դեռեւս գիշերօթիկում սովորող երեխաները հերքել են իրենց խոսքերը ուսուցչի վերաբերյալ, քանի որ կախում ունեն դպրոցի տնօրինությունից: «Երեխաները հաճախ ուսուցիչների կամ տնօրենի ուղեկցությամբ են հարցաքննվել, եւ պետք է միամիտ լինել` կարծելու համար, թե նրանք կհամարձակվեին դպրոցի տնօրինության դեմ տեղեկություններ տրամադրել»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:
Մարիամ Սուխուդյանի ընկերները համոզված են, որ սա գիշերօթիկ դպրոցներում կատարված միակ սեռական ոտնձգության փաստը չէ եւ կոչ են անում բոլոր նրանց, ովքեր կարող են տեղեկություններ տրամադրել դրանց մասին, դիմել իրավապահ մարմիններին եւ լրատվամիջոցներին:
Անի Հովհաննիսյան














Օգոստոս 25th, 2009 at 01:23
ի դեպ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այս կայքում http://www.mariamsukhudyan.info
Օգոստոս 25th, 2009 at 23:14
Ամոթ է… Մարիամին մեղադրել շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու մեջ պարզապես անմտություն է: Ես եմ անձամբ ներկա գտնվել այն միջոցառումներին, որը նա է կազմակերպել առանց որևէ նյութական շահույթ ունենալու նպատակով: Պարզապես ամոթ է …
Օգոստոս 26th, 2009 at 17:43
ինչ է կատարվում սարսափելի է գիշերօթիկի երեխաները նույն մաքուր անաղարտ երեխաներն են ինչ որ այդ այսպես կոչված ուսուցիչների երեխաները թող նորմալ մյուս ուսուցիչները ինձ ներեն ամոթ այն մարդուն կամ լինի դա ուսուցիչ որ ձեռք կբարձրացնի երեխաների վրա գետինը մտնի այդպիսի մարդը զարմանում ես այդ ոչնչությունը մորից ծնված չէ կամ էլ կին ,երեխա չունի այ մարդ չես կարող քեզ հավաքել ավելի նամուսով կլինի ինքնասպան լինես քան թե երեխային սպանես իր զգացմունքներում և հետո կենդանի դիակ դառնաս ինչպես հիմա ես դարձել,և միշտ հիշեք ով որ ոտնձգություն կատարի կամ էլ կեղտոտ մտքով դիպչի ինչ որ երեխայի թող միշտ հիշի որ իր երեխային է դիպչում նույն զգացմունքով իր հարազատին
Օգոստոս 26th, 2009 at 17:45
և դրա համար օրենքի աշխատողները փնտրում են մեղավորներ