Արձագանքում են ընթերցողները
[ 2010/02/08 | 16:00 ]
Բողոքում եմ…
«Գյուղի տղամարդիկ պատերի տակ կանգնած դժգոհում էին, որ իրենց կանայք այնքան են հոգնում «ղանթարներով» ջուր բերելուց, որ տանը չեն կարողանում գործ անել»: «Ղանթարով» ջուր բերելը տղամարդկանց համար ամոթ է, սակայն նրանք խղճում են իրենց կանանց, որոնց մեջքը ջուր բերելու ծանրությունից արդեն կորացել է: «21-րդ դարում ենք ապրում, բայց դեռ «ղանթարով» ջուր ենք բերում: Բա սա ապրե՞լ է, որ մենք ենք ապրում»: «40 տարեկան չկամ, բայց ջուր բերելուց մեջքս ծռվել ա: Ավելի շատ ջուր կրելուց ենք հիվանդանում, ոչ թե այդ ջուրը խմելուց»:
Սիրելի ընթերցող, այս տողերը մեջբերել եմ Ձեր թերթում հրապարակված Գ. Բալասանյանի` Բագարան գյուղի մասին պատմող հոդվածից: Իրոք, սոսկալի վիճակում են մայրաքաղաքի սին փայլից հեռու գտնվող շատ գյուղեր, հայկական գյուղերի մեծ մասը: Իրոք, երբ նայում ես մարդկանց կյանքին ու կենցաղին, կարծես հայտնվում ես միջնադարում, անշուշտ, շատ-շատ գործեր կան անելու մեր փոքրիկ, ափաչափ, մեր մի բուռ երկրում, որ բաժան-բաժան լինելով` մասնատվում է այսօրվա իշխանիկների միջեւ:
Ծանր է գյուղացու կյանքը, ծանր է նրա հոգսերի բեռը, բայց այսօր ուզում եմ ընդվզել մեկ այլ տեսանկյունից, ընդվզել մեր իսկ բնավորության, մտածելակերպի, էության, մեր խեղճուկրակ անտարբերության դեմ, մեր` սեփական ձեռքերով ոչինչ չանելու եւ միայն պատի տակ կանգնած` վերին մարմինների օգնությանն ապավինելու դեմ:
Պատի տակ կանգնած անգործ տղամարդիկ եւ մինչեւ վիզը ցեխի մեջ թաղվող ջուր կրող կանայք: Սա՞ է մեր ազգային դիմանկարի բնորոշ գծերից մեկը, սա՞ ենք մենք, խեղճուկրակության ու մեծամտության սին խառնուրդով թրծված մեր նկարագիրը: «Կինս մեղք է, այսքան ջուր կրելուց հետո տան գործը չի կարողանում անել, դեռ 40 չկա` մեջքը ծռվել է, դե արի ու նրանից կանացիություն, քնքշություն, քաղցրություն սպասիր: Էլ չեմ խոսում անկողնու մասին… Էլ ինչ կին, ինչ սեր…
Այ, ուրիշ, մյուս ազգերի կանայք` իրենց հետեւող, ծիծաղկոտ, հեշտ ու մատչելի, մեղրի պես քաղցր ու կպչուն: Չէ, մեր հայ կանայք` անժպիտ ու ժամանակից շուտ ծերացած, առանց շպարի ու խնամքի, առանց սիրուն շորերի ու նրբաոճ կոշիկների, բեռնաձիու նման մի բան են, էլի… Չէ, երբ պիտի ոտքս Ռուսաստան ընկնի…»,- մտորում-երազում են երեւի այս տղամարդիկ` մոռանալով, որ աշխարհում գոյություն ունեն «ջենթլմենություն», «ասպետություն», «նախաձեռնություն», «կամք», «նպատակասլացություն» եւ նման այլ բառեր, որ բոլորովին էլ դատարկ հնչյուններ չեն, մոռանալով, որ իսկական տղամարդը պատի տակ կանգնած, պարապ զրույցներով օրը մթնեցնող եւ վերեւներից լուծումներ պահանջող չպետք է լինի, այլ իր բախտն ու ճակատագիրը սեփական ձեռքերով կռողը պետք է լինի, մոռանալով, որ տղամարդն իր խելքով, կամքով, նպատակասլացությամբ կարող է հասնել ամեն ինչի:
Հապա թող մի քանի անգամ իրենց կանանց ձեռքից կամ փխրուն ուսերից վերցնեին այդ դույլերը` հիշելով, որ իրենք են ուժեղ սեռի ներկայացուցիչները, իսկ կանայք իրենց տան լույսն ու թագուհին են, հոգին ու ջերմությունը, զավակների մայրը, ցերեկվա ընկերուհին ու գիշերվա սիրուհին, հապա թող կրեին այդ դույլերը մեկ, երկու, երեք օր… Գուցե զգալով բեռի ծանրությունն ու մեջքի ցավը` խելք-խելքի կտային ու կլուծեին այդ միջնադարյան խնդիրը եւ նման այլ խնդիրներ իրենց իսկ ձեռքերով…
Մեր խեղճությունը դարձել է արդեն հոգեւոր արատ: Խեղճերին ատում ու արհամարհում են, լավագույն դեպքում` ողորմում: Իսկ մենք թմբկահարում ենք մեր խեղճությունն ու անզորությունը` հուսալով կոտրել ինչ-որ մեկի անտարբերությունը, հարուցել կարեկցանքը: «Կուշտն ի՞նչ գիտե սովածի հալը»,- ասում է ժողովրդական առածը: «Հարուստին էլ իր փողը չի հերիքում»,- ավելացնում են մերօրյա մեծատունները` անխռով սնվելով պետական գանձարան-շտեմարանից: Ուրեմն մի սպասեք գութի, մի սպասեք արդար եւ ուշադիր պաշտոնյաների, մի սպասեք երկնքից ձեր գլխին ընկնող բախտին: Տեր եղեք ինքներդ ձեզ ու ձեր բախտին, հիշեք, որ դուք տղամարդ եք` ուժեղ, կամային, հպարտ, եւ խայտառակություն է, որ այսօր` 21-րդ դարում, թույլ եք տալիս, որ ձեր կանայք, մեջքները ծռելով, «ղանթարով» ջուր կրեն: Թուլությունն ու խեղճությունը աններելի չարիք են:
Հ.Գ. Գիտակցում եմ, որ իմ մտքերը շատ-շատերին բնավ դուր չեն գա եւ կառաջացնեն երեւի թե վրդովմունքի ալիք, սակայն փորձեցի այս ամենին նայել իմ` կնոջ հայացքով, կնոջ տեսանկյունից` ամենեւին պատասխանատվությունից չհեռացնելով մարդկանց, ովքեր որոշել են ստանձնել այս երկիրը կառավարելու եւ նրա հոգսերը «ղանթարի» նման իրենց ուսերին կրելու բեռը:
Աելիտա Հովսեփյան












Փետրվար 10th, 2010 at 04:07
Անկեղծ ասած, շատ ուրախացա, կանանց խնդիրների մասին հոդված տեսնելով, քանզի հիմնականում , երբ խոսվում է նման խնդիրների մասին միշտ մոռացության են մատնվում խնդրի իրական տուժողները: Ամեն դեպքում ես հոդվածի, կամ ավելի ճիշտ այդ կանանց խնդրի` իրենց լուծման տարբերակի հետ համաձայն չեմ. իրականում հենց այդ կանայք են մեղավոր, որ հասել են այդ վիճակի, որովհետեև իրենք չեն պահանջում իրենց անբան ամուսիններից, որդիներից, եղբայրներից /որոնք պետք եղած դեպքերում համարվում են ուժեղ սեռ, բայց արի ու տես, որ ջուր կրելը նրանց “պալոժ չի”/ մի խոսքով իրենց տղամարդկանցից ջուր կրել` ուզում ես ճաշ ուտել ու մաքուր շորեր հագնել ` ջուր բեր: Մենք ունեք հայկական , մեզ շատ բնորոշող մի ասույթ “մինչև երեխեն չի լացում, մերը ծիծ չի տալիս” Մինչև այդ կանայք չպահանջեն ոչինչ չի փոխվի: Ու համոզված եմ , որ մի ամիս ջուր կրելուց հետո `երբ իրենց սեփական մեջքը կկորանա ծանրությունից և կցավի, նույն տղամարդիկ ամեն ձևով կլուծեն ջրի խնդիրը: Միակ խնդիրը , որ ունեն այդ կանայք իրենց ‘ողբերգալի” վիճակը գիտակցելն է ու պայքարելը : Եվս մեկ անգամ շնորհակալություն հոդվածի համար :