Հակակարկտային կայաններ կտեղադրվեն նաեւ Արցախում
[ 2010/02/02 | 18:27 ]Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին նվիրված խորհրդակցություն, որին հրավիրված է եղել «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ներկաների ուշադրության կենտրոնում էր Արցախում հակակարկտային համակարգի ներդրման խնդիրը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Վիասֆեր» ընկերության փորձը այս ոլորտում` նշելով, որ նրա կողմից մշակված եւ Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում տեղադրված համակարգերը կարող են իրենց կիրառումը ունենալ նաեւ Արցախում:
Նախագահը կարեւորել է հանրապետությունում հակակարկտային մի քանի կայանների փորձնական տեղադրումը մինչեւ անձրեւային սեզոնի սկսվելը:













