Նախագահը Ծաղկաձորում խորհրդակցություն է հրավիրել
[ 2010/01/08 | 21:58 ]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված մեր երկրում իրականացվող տարածքային կառավարման քաղաքականությանը, մայրաքաղաքի եւ հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման 2009թ. արձանագրված արդյուքների ամփոփմանը, ինչպես նաեւ 2010թ-ին ծրագրված անելիքներին: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, Ծաղկաձորում անցկացված խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները:
Նշելով, որ 2010թ-ը մեր երկրի համար լինելու է կարեւոր նշանակություն ունեցող տնտեսական վերականգնման տարի` Հանրապետության նախագահն ընդգծել է, որ դրված խնդիրների արդյունավետ լուծումը պայմանավորված է լինելու նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու աշխատանքով: Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները նախագահ Սարգսյանին զեկուցել են նախորդ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման ամփոփ արդյունքների, մարզային ու համայնքային նշանակության առաջնահերթ խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ծրագրավորված աշխատանքների մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածքային կառավարման բարեփոխումներին, համայնքային եկամուտների հավաքագրմանը եւ տեղական հարկերի ու տուրքերի ոլորտում նախատեսվող փոփոխություններին, ինչպես նաեւ մարզային տնտեսության ոլորտում արձանագրված միտումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների:
Սերժ Սարգսյանն ընդգծել է քաղաքացիների ու նրանց խնդիրների նկատմամբ տարածքային կառավարման մարմինների առավել ուշադիր վերաբերմունքի անհրաժեշտությունը եւ հանձնարարել ակտիվացնել քաղաքացի-տարածքային կառավարման մարմիններ կապը:
Քննարկված հարցերի վերաբերյալ Հանրապետության նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ:













