Ես ասում եմ ձեզ` դուք ոչինչ չեք հանձնելու
[ 2009/09/29 | 10:27 ]Խանդութ Ավետյան

Ես բնակվում եմ Քարվաճառի շրջանի Վերինշեն համայնքում արդեն ութ տարի: Երբ 2001 թ. նոյեմբերին մենք փոխադրվեցինք այստեղ մշտական բնակության, մենք բախվեցինք բազում դժվարությունների: Այդ դժվարություններից շատերը կարող էին նաև չլինել, սակայն մեր ընտանիքն արժանապատվորեն հաղթահարեց դրանք, և այսօր ես իմ կյանքն առանց Քարվաճառի պարզապես չեմ պատկերացնում: Այս տարածքը մեզ դիմավորեց խիստ աշունով և ցրտաշունչ ձմեռով, որը մեզ անտանելի էր թվացել:
Մենք պատրաստ չէինք այն ձմռանը ո’չ հոգեբանորեն և ո’չ էլ նյութապես: Չկար էլեկտրականություն, հեռախոսակապ, գրեթե բացակայում էր ուղևորատար հաղորդակցությունը: Շրջանում բոլոր խանութները պատկանում էին մի մարդու, և դրանցից ամենամոտիկը գտնվում էր մեր տնից 10 կմ հեռու: Թե ինչպիսի գներով էին այնտեղ ապրանք վաճառում` ես խոնարհաբար կլռեմ:
Բարեբախտաբար, այսօր դրանք այլևս հեռավոր և հաճախ անիրական թվացող հիշողություններն են: Մեր կողքին ապրող մարդիկ մեզ նման աշխատում և մաքառում էին` արարելով սեփական ապագան: Շատերը, չդիմանալով փորձություններին, հեռանում էին, սակայն նրանց փոխարեն գալիս էին նոր ընտանիքներ:
Անցան տարիներ: Մենք ունեցանք դպրոց, էլեկտրականություն, բջջային հեռախոսակապ: Տրանսպորտի հարցը դեռևս շատ լուրջ է, սակայն ամեն պարագայում ավելի լավ է, քան նախկինում:
Այստեղ ծնվում էին երեխաներ` երկհարյուրամյա ընդմիջումից հետո այս հողի առաջին հայ երեխաները, որոնց ծննդյան վկայականներում որպես ծննդավայր նշվում էր Քարվաճառը:
Ամեն տարի տների ու գոմերի պատերից, փողոցների սալահատակից վերաբնակները դուրս էին հանում խաչքարեր ու տապանաքարեր` հայոց միջնադարյան վիմագրերով:
Դրանցից շատերը տառացիորեն ստիպված էինք հավաքել մասունք առ մասունք` սրբելով հարյուրամյա թրիքի պղծությունից կամ սվաղի մնացորդներից:
Ունեցել ենք նաև կորուստներ. կենաց դառն օրենքի բերմամբ մարդիկ մահանում էին: Մահացածներից մեկը նաև իմ հայրիկն էր` բանասեր և բանաստեղծ, զինվորական և պարզապես ողջ կյանքով հայրենի հողին անսահմանորեն նվիրված մարդ:
Նա ծնվել էր Ալավերդուն հարակից Ակոռի գյուղում, որտեղ թաղված էին նրա ծնողները: Ակոռու գերեզմանատանը հանգչում էր նրա ողջ գերդաստանը: Նրա նախնիները Լոռի էին եկել երկրաշարժից կործանված հնամենի մասիսադիր Ակոռի ավանից, որը գտնվում էր արևելահայաց լանջի դյուցազնավիպական Վիհի ստորոտում: Երբ նրան հայտնի եղավ հիվանդության անունը, նա կանչեց մայրիկիս և ինձ` որպես ավագ դուստր, և ասաց, որ մենք չհամարձակվենք անգամ մտածել իրեն թաղել Ակոռիում:
Մեր ազգականներն այսօր էլ նախատում են մեզ, որ մենք նրան հանձնեցինք «անհայտ քաղաքական ապագայով» մի հողի, սակայն այս բառերն ինձ համար խորապես վիրավորական են:
Իհարկե, այս հողի վրա մենք շատ դժվարություն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհությունը դարձել է իմ գիտակցության անկապտելի մի մասնիկը:
Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ քրտինքը, իսկ երբեմն էլ` արցունքս:
Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր Հայաստանյայց եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մեջ գտավ հավիտենական հանգիստը:
Ոմանց իմ խոսքերը կարող են չափազանց զգացմունքային թվալ, բայց ես դրանցից չեմ ամաչում, քանի որ անկախ մեր անձնական վաստակից և արժանիքներից` դրանք ունեն ոչ միայն ազգային-պետական, այլև պատմական կտրվածքով սրբազան և իմաստակիր խորհուրդ:
Մեր զինվորների արյունը և նորածին հայ մանուկների ճիչն ազատագրված եզերքում վերադարձրին մեզ Ցեղասպանությամբ և հազարամյա սփռմամբ ոտնահարված պատիվն ու իրավունքը` քայլելու ազատարարի հպարտությամբ:
Ինձ համար` որպես կնոջ, ավելի հեշտ է հասկանալ և զգալ, թե որչափ մեծ է այդ պարգևը` լինել քույր կամ կին անհավասար մարտում թշնամուն հաղթած հայ տղամարդուն և կյանք պարգևել նրա երեխաներին:
Արդյոք այսօրվա հայ կանանցից շատերը երբևէ մտածե՞լ են, թե ով է փրկել նրանց անպատվությունից բառիս փոխաբերական և ուղիղ իմաստով: Սրանք դատարկ խոսքեր չեն, սրանք զուրկ են ճարտասանական հնարքներից և խստագույն անմիջականությամբ արտացոլում են իրականությունը:
Աշխարհը նույնն է մնացել, թուրքերը` նույնպես: Խաղաղությունը և Հայաստանի վերածնունդը հնարավոր են, միայն եթե մեր երկրի դարպասներն աննկունորեն կնքված լինեն հայ տղամարդկանց զենքով` նրանց կամքով առ կյանք և առ պատիվ:
Ցավոք, վերջին շրջանում Երևանում տեղի ունեցողն ինձ, մեղմ ասած, շատ է վրդովեցնում: Այդ անհույս պարտվողականությունը` թշնամուն մահացու զիջումներ կատարելու միջոցով խաղաղություն և բարօրություն գնելու անհեթեթ երազանքը, պարզապես նողկալի է:
Զարմանալ կարելի է, թե ինչպես հասարակության և ղեկավարության մեծ մասը կարող է այդչափ կուրացած և իրականությունից կտրված լինել: Արդյոք դուք այնքան միամի՞տ եք, որպեսզի հավատաք միջազգային հորջորջվող երաշխիքներին:
Արդյոք դուք մինչև հիմա չե՞ք գիտակցել, որ մեր տների անդորրը և ձեր պալատների ճոխությունն ուղղակիորեն կախված են Մռավի լեռնաշղթայի հավերժ սառնամանիքների և կուր-արաքսյան դաշտավայրի խեղդող ավազի մեջ մեր զինվորների պաշտպանած դիրքերից:
Դուք չգիտե՞ք, որ այն օրը, երբ մեր զինվորը կլքի այդ դիրքերը, մենք կկորցնենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների զրկանքների և նահատակության գնով վաստակած խաղաղությունը, և Հայաստանը կրկին կգահավիժի արյան հեղեղի մեջ:
Ձեզ այնքան շա՞տ է կուրացրել աշխարհի հզորների նստավայրերի արտաքին ճոխությունը, դուք այդչափ մոլեգնաբա՞ր եք բաղձացել Նոբելյան և այլ մրցանակների, ոսկու և ձեզ խոստացված հետհակամարտային ներդրումների, որ վճռել եք դավաճանել և վաճառքի հանել մեր վերջին և սրբազնագույն ժառանգությունը` Հայրենիքը:
Դուք առանց այդ էլ քամել եք մեր երկրից ամեն հնարավոր բան, ապաշնորհաբար վատնել, մսխել և ծախել եք նրա ողջ հարստությունը, իսկ այժմ որոշել եք հանուն ձեր մանր առևտրական շահի պարզունակ հաշվարկով սակարկման առարկա դարձնել նաև Ցեղասպանության զոհերի հիշատա՞կը:
Ես հասկանում եմ, որ գրեթե բոլորդ շատ հեռավոր պատկերացում ունեք պատվի, բարոյականության և երկրի հանդեպ պատասխանատվության մասին: Դա հավասարապես վերաբերվում է թե՛ իշխանական ճամբարին և թե՛ այսպես կոչված ընդդիմության պարագլուխներին, որոնք միևնույն տեսակի չարիք են:
Անիմաստ է դիմել ձեր խղճին և անցողիկ հարստությունների տակ թաղված արժանապատվությանը: Սակայն եթե դուք կարծում եք, որ մենք կենթարկվենք, ապա չարաչար սխալվում եք:
Մենք չենք ճանաչի ո՛չ ձեր ստորագրած արձանագրությունները, ո՛չ էլ մեր տների հանձնումը, մեր սրբավայրերի, գերեզմանների և ազատարար արյունը սրբապղծող «Մադրիդյան սկզբունքները»:
Հիշե՛ք դա, երբ գնում եք խոսելու կամ անարժեք թղթիկներ ստորագրելու մեր երկրի անունից: Հիշե՛ք, որ աշխարհիս հզորների րոպեական գովասանքին և ձեր խեղկատակ «քաղաքագետների», «վերլուծաբան-թուրքագետների» և «հակամարտաբանների» ծափահարություններին հաջորդելու են սերունդների անեծքը և երկնքի բարկությունը:
Դրանք անվերջ կհետապնդեն և կհարվածեն ձեզ և մահաբեր խայտառակությամբ կդրոշմեն ձեր ժառանգների ճակատը յոթը սերունդ շարունակ:
Ձեզ խոստացված «երաշխիքները» կմոռացվեն և ձեզ պարզապես կհանձնեն, պարզունակաբար «կգցեն» և կշպրտեն պատմության աղբանոց և կյանքի լուսանցք, որտեղ ձեզ կխժռեն նրանք, ովքեր այժմ ձեզ ստորաքարշաբար ծառայում են:
Այս է ձեր դատավճիռը:
Ուստի ես, Արցախի բոլոր կանանց և ազատագրված տարածքների բոլոր բնակիչների անունից, որպես կին տկար, բայց և ոգով զորեղ լինելով, ասում եմ ձեզ` դուք ոչինչ չեք հանձնելու, իսկ ձեր առևտրաբարո «արձանագրությունները» և «Մադրիդյան սկզբունքները» կմնան ձեր անզորության և ոգեղեն կուրության թղթե վկայությունը:
Հայոց Հայրենիքի միասնությունը պետք է վերականգնվի: Ոչ մի թիզ հող թշնամուն չի հանձնվելու:














Սեպտեմբեր 29th, 2009 at 14:04
Marmnovs sarsur ancav Xandut xosqicd.
Սեպտեմբեր 29th, 2009 at 14:49
Անչափ տպավորված եմ և հիացմունքով լցված այս քաջարի կնոջ հանդեպ: Համամիտ եմ, ոչ մի կտոր հող չի կարելի վերադարձնել: Խանդութը կարծես իմ մտքերը թելադրեց այստեղ: Իրոք որ թուրքը երբեք չի փոխվում, բայց ինչքան շուտ ենք մենք ամեն ինչ մոռանում, ինչքան կարճ է մեր հիշողությունը: Եվ ինչքան ճիշտ բնութագրեց, այո, մեզ հայորդիները փրկեցին անպատվությունից:
Սեպտեմբեր 29th, 2009 at 21:01
Կեցցես Խանդութ։ Քո մեջ հազար անգամ ավելի շատ տղամարդություն կա, քան բոլոր սերժիկների եւ նրանց կամակատարների մեջ, ովքեր հանուն սեփական աթոռի ու անձնական բիզնեսի փորձում են վաճառել ողջ հայաստանը։ Չմոռանանք լեգենդար Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի խոսքերը. ՙեթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը՚։
Սեպտեմբեր 29th, 2009 at 21:04
Ճիշտ է։ Խանդութ ես հպարտանում եմ քեզ նման հայուհիներով՜ որ իրոք հայի պես են մտածում։
Սեպտեմբեր 30th, 2009 at 10:01
Ազդեցիկ է այս հոդվածը։ Խորապես զգացված եմ։
Սեպտեմբեր 30th, 2009 at 16:04
Իրոք շատ տպավորիչ էր… Անկախ ինձնից մեջս մեծ ցանկություն առաջացավ այցելել Խանդութին` Քարվաճառ, ու զրուցել այդ Հայ մարդու հետ: Երջանիկ կլինեի, եթե մեր հասարակության մեջ զգալի մաս կազմեին նման կերպ մտացող մարդիկ: Չնայաց, կարծում եմ` ոչ-ոք չի պատրաստվում որևէ բան զիջել թուրքին, անկախ նրանից, թե ինչ են ասում: Իսկ եթե որևէ մեկի մտքով անցնի էլ, դա կլինի նրա ճակատագրական սխալը, որովհետև ժողովուրդը չի հանդուրժի որևէ զիջում:
Հոկտեմբեր 1st, 2009 at 01:37
Վահե ջան, մի հարց կարելի ա՞, դու ծառայել ե՞ս, ու մի հարց էլ. կարծիք գրելու ժամանակ ինչո՞ւ ոչ մի տվյալ չես լրացրել հետադարձ կապի համար: Ու խնդրեմ այսուհետ գոնե Հայաստան բառը մեծատառով գրել:
Հոկտեմբեր 3rd, 2009 at 00:46
Վարդան, գուցե մարդը գրագետ չի գրել կամ Հայաստանը պատահմամբ է փոքրատառով գրել։ Դա, իմ կարծիքով, էական չէ։ Կարևորն այն է, որ մարդը ճիշտ է ասում և տեղին էլ մեջբերել է Մոնթեի խոսքերը Արցախը կորցնելու մասին։
Հոկտեմբեր 5th, 2009 at 23:05
Thank you for existing and persisting in the name of all Armenians around the world.