Ընտանիքի հայրը դատապարտվում է հարեւանից ալյուր գողանալու համար
[ 2009/06/15 | 18:57 ]
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում ապրող երկրորդ դասարանցի Մարիամը փողոցից վազքով մտավ տուն ու սկսեց հերթով բացել ու փակել խոհանոց հիշեցնող իրենց սենյակներից մեկում թափրտված ամանները: Աղջնակը սոված էր եւ ուտելու բան էր փնտրում: Նկատելով, որ մոտենում են իրեն, հայացքը ներքեւ խոնարհելով` փորձեց դուրս գալ սենյակից: Երեւի զգալով, որ տեսան, թե իրականում ինչ էր փնտրում, ասաց. «Գնդակս եմ կորցրել, եկել ման եմ գալիս»:
Սակայն, մայրը` Շուշանիկ Անտոնյանը, նշեց, որ տանն ուտելու բան չունեն, եւ երեխաները մի քանի օր է սոված են մնացել:
«Շատ վատ վիճակում ենք ապրում, նպաստի հույսին ենք, 30 հազար դրամ ենք ստանում, բայց կես ամիս էլ չի հերիքում: Մեր ընտանիքի պայմանները բավարարելու համար ամուսինս` Մասիսն էր մտածում, ինքն էլ բռնվել ա, մնացել ենք մենակ նպաստի հույսին»,- ասում է Շուշանիկը:
Շուշանիկ Անտոնյանը պատմեց, որ ամուսինը ընկերների հետ միասին հարեւանի տանից ալյուր է գողացել, ու այդ պահին տան տերերը բռնել ու նրանց հանձնել են ոստիկանությանը: Դեռ պարզ չէ, թե Մասիսին քանի տարի են ազատազրկելու, քանի որ դատավարությունը շարունակվում է:

«Գողություն է արել, որովհետեւ երեխեքին չէինք կարողանում պահել: 30 հազարով մի կերպ յոլա ենք գնում: Պարտք եմ անում, հետո պարտքը տանում փակում եմ, նորից եմ վերցնում: Ընդհանրապես ծայրը ծայրին չենք հասցնում: Երեխեքիցս երկուսը դպրոցահասակ են, լավ է` մի քանի ամիս դպրոցներին արձակուրդ տվեցին, երեխեքս կմնան տունը: Երանի եմ տալիս, որովհետեւ շատ է պատահել, որ աղջիկս պոկած կոշիկներով է դպրոց գնացել ու շատ ա ամաչել դրանից, բայց ես էլ փող չեմ ունեցել, որ նորը առենմ»,- ասում է Շուշանիկը:
Ընտանիքում մեծանում են 4 անչափահաս երեխաներ: Տունը բավականին խոնավ է, ինչի պատճառով էլ 4 ամսական Էրիկը միշտ հիվանդանում է եւ բժիշկների հսկողության տակ է:
Այս ընտանիքն ունի 5 հազար քմ խաղողի այգի, բայց չեն մշակում, քանի որ հող մշակելու համար ոչ ֆինանսական միջոցներ ունեն, ոչ էլ` օգնող ուժ:
«Իմ հող մշակողն ո՞վ է, ամուսինս բռնված է, ես էլ երեխեքիս հետ տանն եմ, փոքր են, իրանց պիտի պահե՞մ, թե չէ: Որ փոքր տղաս դեռ չէր ծնվել, ես էլ օրավարձով գնում, ուրիշների հողերն աշխատում էի, բանվորություն էի անում, օրը 2500-3000 դրամ տուն էի բերում, էլի մի բանով յոլա գնում էինք, բայց հիմա երեխես ոտքերս կապեց, չեմ կարում գնամ աշխատեմ ու սոված օրեր ենք անցկացնում: Չեմ ասի` անընդհատ, բայց ծնողներս են ինձ օգնում, որ յոլա գնանք: Աշխարհի չափ պարտքեր ունենք, լույսին պարտք ենք, ջրին պարտք ենք, խանութներին պարտք ենք, էլ ո՞րն ասեմ»,-ավելացրեց տիկին Շուշանիկը:
Հետաքրքրվեցինք` արդյո՞ք իրենց վատ վիճակի մասին հայտնել են Արագածոտնի մարզպետին: Նրա ասելով` դիմել է, սակայն որեւէ շոշափելի արդյունք չի տեսել մարզպետարանից:
«Տո բա չե՞մ դիմել, անցյալ տարի մի անգամ եմ գնացել մարզպետարան ու չեն օգնել, ասում են` կօգնենք, բայց մինչեւ հիմա ոչ մի հարցով չեն օգնել: Բայց այս տարի էլի եմ դիմելու, դիմում եմ գրելու մարզպետին ու տանեմ, տենամ էս անգամ ի՞նչ են ասելու»,- ասաց Շուշանիկը:
Մեզ հետ Շուշանիկի ընտանիքին էր այցելել նաեւ Սասունիկ գյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Հակոբյանը: Նրա ասելով, այս ընտանիքի վիճակն իրոք ծանր է, քանի որ բացի 30 հազար դրամ նպաստից` այլ եկամուտ չունեն: «Միայն 200 հազար դրամ հողի վարձավճարների պարտք ունեն գյուղապետարանին, բայց մենք ենք ամաչում, որ գանք իրանց տուն, ասենք` Շուշանիկ, պարտքդ փակի: Մեր աչքի առաջ են, չե՞նք տեսնում, որ հազիվ են գոյատեւում, էլ ինչպե՞ս պարտքը կուզենք: Իհարկե, չեմ արդարացնում, որ ամուսինը գողություն է արել, բայց պարտքերի մեջ խրված են, երեւի դա է պատճառը, որ այդ քայլին է գնացել: Այն ժամանակ, երբ բռնված չէր, գնում էր գյուղի աղբանոցից պղինձ, ալյումին ու այլ գունավոր մետաղներ էր հավաքում, տանում հանձնում էր, էլի հացի փող էր աշխատում, հիմա ընդհանրապես օգնող չունեն»,- «Հետքին» պատմում էր համայնքապետարանի աշխատակիցը:
Իսկ Արագածոտնի մարզպետարանի Սոցիալական աջակցության պետ Կարեն Շահազիզյանի փոխանցմամբ` իրենք այդ ընտանիքին կօգնեն, եթե եւս մեկ անգամ գրավոր դիմեն իրենց: «Ճիշտն ասած` այս դիմումներից արդեն հոգնել ենք, չեք պատկերացնում` ինչքան շատ են մեզ դիմում»,- մի տեսակ անտարբերությամբ ասաց պաշտոնյան:
Երբ փոխանցեցինք, որ Շուշանիկ Անտոնյանը մեկ անգամ մարզպետարան դիմում գրել է ու որեւէ օգնություն չի ստացել, վարչության պետը պատճառաբանեց, թե. «Հո դիմումները մենակ իմ մոտ չեն գալիս, կարող ա ուրիշ բաժիններով ա գնացել ու ինձ չի հասել, ասեք իրան` թող գա ինձ մոտ, ես ինչ-որ բանով կօգնեմ իրան»,-պատասխանեց Կարեն Շահազիզյանը:
Նշենք, որ այս դեպքը եզակի չէ, երբ Արագածոտնի մարզի բնակիչները դժգոհում են մարզպետարանի վատ աշխատանքից:














Հունիս 16th, 2009 at 02:25
Հոդվածում ներկայացվածը եւս մեկ անգամ փաստում է, թե սոցիալական տեսանկյունից ինչքան անպաշտպան են հատկապես գյուղաբնակ ընտանիքները: Այդ դեպքում ուր են գնում այն գրանտները, վարկերը, եւ տարբեր երկրներից ստացվող ֆինանսական օգնությունները, եթե ոչ նմանատիպ ընտանիքների կյանքը բարելավելու համար: Երեւի բոլորս էլ գիտակցում ենք, որ հասարակ հայաստանցիներիս հաշվին կուտակվող արտաքին պարտքի մի զգալի մասը ծախսվում է խաղատներում` օլիգարխների ժամանցն ավելի գունեղ դարձնելու համար….
Հունիս 20th, 2009 at 04:31
After reading your article about Mrs.shushanig Andonyan of Sasunig village in Aragadtson Marz, It is unacceptable for Armenians in Armenia as well as Diaspora to neglect families like Andonyans, there must be a lots of Andoyans who has no means to contact or their needs to be addressed by local authorities.
We are talking about increasing the population of Armenia and stop the immigration out of our country and what we are doing to help out those needy families, Andonyans have four children to feed and the husband is in jail.
Direct help is essential, it’s much more effective than through NGO’s or other institutions, today it’s much easier to find people in any marz (province) and villages, anyone can contact Marzbedaran and they can locate the family through the village mayor office.
Money gram service through post office around the globe is working through all over Armenian cities and towns. Armenians help your Kids; they are your only future.
Mayramig waiting your help!!!!!!!!!
Հունիս 22nd, 2009 at 13:10
Iskapes shat txur vichak e. Indz hatkapes zayratsnum e Marzpetarani Socialakan Ajaktsutyan bajni peti verabermunkn u patasxane. Iren enpes e pahum kartses te mardkants mets lavutyutun e anum harkatuneri poxerov anapahov mardkants bashxelov. Moranum e vor ira partakanutyunn e vor pntri, gtni yev ogni nman mardkants… voch te hogni. Isk yete hognel e – ed volorte ira hamar chi, tox dimum gri durs ga – u nman mardkants vra el (Antonyanner) munat chga. Inke endamene tsarayox e… kaxtcarayox.
Հուլիս 9th, 2009 at 04:24
When publishing the life of such families, please also specify sufficient details for the outsiders who will be willing to help.