Պահանջում են միջամտել

[ 2009/09/01 | 18:40 ]

01-09_Nubarasheni-11-gisherԵրիտասարդների բաց նամակը` ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանին, վարչապետ Տ.Սարգսյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին

Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Երևան քաղաքի Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի իրավիճակի և դրա շուրջ ծավալված իրադարձությունների վրա` պահանջելով Ձեր միջամտությունն ու ստորև նշված խնդիրների կարգավորումը:

2008թ-ի ապրիլ-հունիս ամիսներին մենք, որպես կամավորներ մասնակցել ենք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից հովանավորվող «10 լավագույն դպրոցներ» ծրագրին, որում ընդգրկված էր նաև Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցը: Դասընթացներ ենք անցկացրել երեխաների հետ, նրանց մասնակցությամբ ձայնագրել աուդիոգրքեր, կրթական տեսահոլովակներ և իրականացրել ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ: Մեր աշխատանքի ընթացքում պարզել ենք մի շարք անընդունելի և զարհուրելի իրողություններ, դիմել ենք տարբեր կազմակերպությունների, հանդիպում ենք ունեցել այն ժամանակ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի հետ, որն անտարբեր է մնացել մեր հնչեցրած խնդիրներին: Խնդրով հետաքրքրվել են ԶԼՄ-ները, այդ թվում և հանրային հեռուստատեսությունը, որն էլ 2008թ-ի նոյեմբերին երկու ռեպորտաժ է եթեր հեռարձակել այս թեմայով: Նշված խնդիրների թվում էին`

·    կրթության խիստ ցածր որակն ու անհամապատասխանությունը
Թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, մեր դիտարկումներով` այնտեղ կան նաև լիովին առողջ մտավոր ունակությունների տեր երեխաներ: Ընդհանրապես դպրոցում առկա կրթության մակարդակը խիստ ցածր էր: Ավարտական դասարանի շատ աշակերտներ գրել չգիտեին, շատ վատ էին կարդում, ոչ բոլոր տառերին էին ծանոթ: Մեր կարծիքով` սա ոչ այնքան բնածին թերզարգացածության արդյունք էր, որքան կրթական գործընթացի թերացման, հոգատար և ուշադիր վերաբերմունքի բացակայության հետևանք: Այդ նույն երեխաների հետ մի քանի պարապմունք անցկացնելուց հետո առաջընթացն ակներև էր դառնում:
·    սնունդը

Երեխաներից բազմաթիվ բողոքներ ենք լսել սննդի վերաբերյալ: Ականատես ենք եղել, թե ինչպես էին նրանք հաճախ գերադասում բավարարվել ցամաք հացով, քան ուտել իրենց բնորոշմամբ «զզվելի» ճաշերը: Ընդ որում երեխաների չկերած ճաշերը բաժին էին հասնում տնօրենին պատկանող դպրոցի տարածքում գտնվող խոզերին, հնդկահավերին և շներին:

·    սանիտարա-հիգիենիկ պայմանները

Դպրոցի ներսում առկա էր ծանր, տհաճ օդ: Ամռան ամիսներին երեխաները լողանում էին երկու շաբաթը մեկ, կամ լավագույն դեպքում շաբաթական մեկ անգամ:
·    երեխաների նկատմամբ վերաբերմունք

Երեխաների պատմածի համաձայն` նրանց նկատմամբ կիրառվում էին ծեծ և այլ ֆիզիկական պատիժներ: Ինքներս ականատես ենք եղել ուսուցիչների և գիշերային պահակների կողմից երեխաների նկատմամբ կոպիտ, բռի վերաբերմունքի: Ավելին, դպրոցի տնօրենը և այլ ղեկավար անձինք երեխաներին որպես անվճար աշխատուժ աշխատացնում էին իրենց տներում և հողամասերում: Ի դեպ, դպրոցի աշխատակիցներից շատերը տնօրենի ազգականներն էին:

·    սեռական ոտնձգություններ
Դպրոցում սովորող բարձր դասարանի աղջիկներից լսել ենք հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից իրենց ու ևս մի քանի աղջիկների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Ընդ որում, ըստ պատմածի, կարելի է ենթադրել, որ մի դեպքում տեղի է ունեցել բռնաբարություն:

Այս բոլոր խնդիրների մասին բարձրաձայնելով` նպատակ ենք ունեցել հասարակության ու կառավարության ուշադրությունը սևեռելու այս ամենից անպաշտպան և հոգածության կարիք ունեցող խմբի վրա, կոչ անելու` քննել և պարզել իրականությունը, միջոցներ ձեռք առնել կացությունը շտկելու և մեղավորներին պատժելու համար:

ԶԼՄ-ների բազմաթիվ արձագանքներից հետո մի քանի շաբավա ընթացքում որոշ հարցեր դպրոցում արագ տեմպերով կարծես թե կարգավորվեցին. մասնավորապես մաքրվեց, փայլեցվեց դպրոցը, բարելավվեց սննդի որակը, տնօրենի խոզերն ու հնդկահավերը դպրոցի տարածքից անհետացան, դպրոցում նոր, երիտասարդ ուսուցչական կադրեր ներգրավվեցին, սաներին շաբաթական երեք անգամ լողանալու հնարավորություն տրվեց: Սակայն մյուս խնդիրները և հատկապես սեռական ոտնձգության հարցը ոչ միայն չհետաքննվեց, այլև մինչ օրս այն կոծկելու փորձ է կատարվում:

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութերի կապակցությամբ Էրեբունու քննչական բաժնում շուրջ 3 ամիս անց հարուցվում է քրեական գործ` աշակերտուհու կողմից զրպարտություն կատարելու փաստի առթիվ:

Քրեական գործի հարուցումից մոտ 6 ամիս անց մեղադրանք է առաջադրվում արդեն մեր կամավորական թիմի անդամ և հասարակական գործիչ, բնապահպան Մարիամ Սուխուդյանին` շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու համար: Անհասկանալի պատճառներով քրեական գործի հարուցման և առաջադրված մեղադրանքի հիմքում չի դրվել հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված 2-րդ տեսանյութը, որտեղ խոսվում է նույն ուսուցչի կողմից մեկ այլ աշակերտուհու նկատմամբ կատարված ոտնձգությունների մասին. վերջինիս որևէ իրավական գնահատական չի տրվել:

Փաստորեն, դպրոցի սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մասին իրեն հայտնի տեղեկությունները հաղորդելու, դպրոցում կատարվածի մասին ահազանգելու համար Մ.Սուխուդյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Նման վերաբերմունքը մեր անկեղծ վրդովմունքն է առաջացնում: Համոզված ենք, որ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքն արհեստական է և նպատակ ունի ազատել քրեական պատասխանատվությունից իրական մեղավորին:

Սույն բաց նամակով դիմում ենք Ձեզ

·    միջամտելու` նշված խնդրով արդար և անաչառ նախաքննություն անցկացնելու համար: Ակնկալում ենք, որ հետաքննությունը կուղղվի հանցագործությունը բացահայտելուն և իրական մեղավորներին պատժելուն, այլ ոչ թե կօգտագործվի խնդրի մասին ազդարարող ակտիվ քաղաքացուն լռեցնելու համար:

·    միջնորդելու խնդրի լուծմանը, ուսումնասիրություններ անցկացնել նշյալ դպրոցում, ստուգել ուսուցման համապատասխանությունը կրթական չափորոշիչներին, սննդի ու սանիտարահիգիենիկ պայմանները, ապահովել երեխաների անվտանգությունը, երաշխավորել երեխաների մյուս իրավունքների պաշտպանությունը, իրականացնել պատշաճ վերահսկողություն:

·    ստեղծելու միջգերատեսչական հանձնաժողով ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուսումնասիրելու հատուկ դպրոցներում տիրող իրավիճակը և ներկայացնելու այն արմատապես վերափոխելու առաջարկություններ:

Հրայր Սավզյան
Լևոն Ալլահվերդյան
Արման Ղարիբյան
Լիլիթ Նուրիջանյան
Մարինե Տավարացյան
Կարեն Ափոյան
Վարդան Հովհաննիսյան
Անահիտ Գալստյան

ք. Երևան
1 սեպտեմբերի, 2009թ.

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝