Նախարարը կհանդիպի Նուբարաշենի գիշերօթիկում աշխատած կամավորների հետ
[ 2009/09/01 | 17:39 ]
Այսօր երիտասարդ ակտիվիստները Կրթության եւ գիտության նախարարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում` նախարարությունից պահանջելով արձագանքել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի խնդիրներին` կրթության ցածր որակ, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք եւ սեռական ոտնձգություններ, թերի սնունդ, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ:
Երիտասարդներին հանդիպեցին նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը եւ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրանք խոստացան, որ նախարար Արմեն Աշոտյանը ուրբաթ օրը կընդունի կամավորների խմբին եւ կքննարկի գիշերօթիկ դպրոցում առկա խնդիրները:
Այսօր երիտասարդ կամավորները նաեւ բաց նամակներ հանձնեցին ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ գլխավոր դատախազին: Այդ քայլով երիտասարդները եւս մեկ անգամ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեցին հատուկ դպրոցներում առկա խնդիրների վրա:













