Աշտարակի քաղաքապետարանում տեղյակ էլ չեն, որ քաղաքում բացօթյա սննդամթերք են վաճառում

[ 2009/04/30 | 17:59 ]

30_04-bacotya-arevturՔաղաքացիների բազմաթիվ վարակիչ եւ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանալու պատճառ կարող է հանդիսանալ նաեւ բացօթյա տարածքներից սննդամթերքի գնումը, որտեղ պահպանված չեն նույնիսկ հիգիենիկ տարրական պայմանները: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը բազմիցս է հայտարարել, որ իրենց կողմից ստուգումներ ու վերահսկողություն է իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում:

Մինչդեռ բավական է այցելել Երեւանից փոքր ինչ հեռու գտնվող որեւէ մի քաղաք եւ տեսնել, որ իրականում ոչ մի վերահսկողություն չի իրականացվում:

Աշտարակ քաղաքի շուկան գտնվում է Աշտարակ-Էջմիածին մայրուղու անմիջական հարեւանությամբ, որտեղ ավտոմեքենաների հոսքն անդադար է: Հենց մայրուղու մայթին, առանց փաթեթավորման, վաճառվում է հացամթերք: Փողոցի փոշին ու ավտոմեքենաների արտանետումներն անմիջապես նստում են հացերի վրա, քաղաքացիներն էլ գնում կատարելու ժամանակ ձեռքերով շոշափում են հացը` համոզվելու համար այն թարմ է, թե ոչ:

Հացի կողքին վաճավռում է նաեւ թերթեր, պոլիեթիլենային տոպրակներ ու  զանազան այլ իրեր:

Շուկայի տարածքում բազմաթիվ թափառող շներ կան, որոնք սննդամթերքի հոտից պտտվում են  առեւտրի տաղավարների շուրջը: Մայթին հաց վաճառող տիկնոջը հարցրինք, արդյո՞ք իր սեղանիկը համապատասխանում է հաց վաճառելու համար նախատեսված հիգիենիկ նվազագույն պայմաններին, երբ փողոցի փոշին նստում է սննդամթերքի վրա: Ճերմակած մազերով կինն ասաց. «Տղա ջան, հացիս վայիս էս ըլնու՞մ: Հանգիստ առեւտուր եմ անում, թողեք մի երկու կոպեկ էլ ես աշխատեմ, թե՞ իմ աշխատածը հարամ ա: Ինձ ով ա չափանիշների մասին բան ասել, որ ես էլ չափանիշներին համապատասխանեցնեմ իմ սեղանիկը: Առանց էդ էլ առեւտուր չի լինում, կողքից թերթ ու ցելոֆան եմ ծախում, որ մի երկու կոպեկ տուն տանեմ: Թող բերեն սիրուն բուտկա սարքեն, ես էլ լավ պայմաններում հացը ծախեմ: Կարո՞ղ ա գիտես` ես չեմ ուզում տաք տեղը նստեմ իմ առեւտուրն անեմ: Քեզանից շատ եմ ուզում, բայց ձեռս ճար չկա»,- ավելացրեց կինը, որը չցանկացավ անունը նշել:

Տիկնոջից բացի մի քանի մարդ եւս նույն պայմաններում հաց են վաճառում: Նրանցից մեկը նույնիսկ ավտոպահեստամասերի հարեւանությամբ է առեւտուրը կազմակերպել: Ֆոտոխցիկը տեսնելով անմիջապես հեռացան տարածքից: Հարեւան առեւտրականների ասելով, արդեն 2-3 տարի է շուկայի տարածքում հացն այս պայմաններում է վաճառվում եւ ոչ ոք վաճառողներին «նեղություն» չի տալիս:

Նույնիսկ ոմանք կանգնելով հաց վաճառողների «թասիբին» մեզ սկսեցին մեղադրել: «Ջահել տղա էս, ամոթ ա, գնա էն հաստավիզներին խոսցրա, որ օֆիսներ ունեն հազար տեսակի, ամեն ինչը հենց մեզ նման թշվառների վրա պիտի՞ ջարդվի»,- ասաց նրանցից մեկը:

30_04-bacotya-arevtur1Քիչ հեռու, դարձյալ գլխավոր փողոցի հարեւանությամբ, միս է վաճառվում: Երկաթյա կրպակի արտաքին տեսքից արդեն երեւում է, թե վաճառվող միսն ինչ որակ կարող ունենալ:

Աշտարակ քաղաքում սննդամթերքի բացօթյա վաճառքի այս օրինակները եզակի դեպք չեն: Աշտարակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Դատումյանը «Հետքի» հետ զրույցում զարմացավ, որ իրենց քաղաքում բացօթյա սննդամթերք է վաճառվում: Նրա խոսքերով, շուկայի տարածքում հնարավոր չէ, որ բացօթյա պայմաններում հաց վաճառվի:

«Այդ տարածքում հացի փուռ կա, ու փռի տերը հացը տալիս է փակ կրպակներում են վաճառում: Շուկայի տարածքում պարբերաբար ստուգումներ ենք անում, մեր աշխատակիցը շաբաթը մի 2 անգամ լինում է այդ տարածքում եւ երբեւէ նման բան չի արձանագրել: Հարգելով ձեզ, կարող եմ ասել, որ նման բան լինել չի կարող, դա երեւի թյուրիմացություն է, քանի որ այդ վայրում ես էլ չեմ տեսել, որ հացը բացօթյա վաճառվի»: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը կարող է մեզ չհավատալ, բայց նշված տարածքից արված լուսանկարներին չհավատալ` պարզապես չի կարող:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

One Response to “Աշտարակի քաղաքապետարանում տեղյակ էլ չեն, որ քաղաքում բացօթյա սննդամթերք են վաճառում”

  1. Ashtaraki Kaxakatsi Says:

    Ayd hatsi vatsharki ketere misht el yexel en…. Tox kaxakapetarnai ashxatakitsnere chsten. Yev voch miayn hatsi aylev xmelu jri anvtangutyan xndir el ka… Mek angam pordzek xmelu jri jravazannere aytselel!

Հայտնեք Ձեր կարծիքը՝