«Կրկնեք անընդհատ, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու»

[ 2010/03/10 | 15:23 ]

Գարնանը մարդկանցից շատերը սթրեսների մեջ են ընկնում, սրվում են հոգեկան, սրտանոթային հիվանդությունները: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նյարդաբան Գայանե Մելիքյանը և հոգեբան Սամվել Խուդոյանն անդրադարձան սթրեսների առաջացման պատճառներին և դրանք հաղթահարելու միջոցներին:

«Գարնանային եղանակը, ինչպես և աշնանայինը, ամենաանկայունն է: Այս շրջանում մարդիկ ավելի հաճախ են դիմում հոգեբանի: Ինչպիսի ձմեռ էլ լինի, միևնույն է, սա լինելու է, քանի որ  փոխվում է եղանակը»,- ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Իսկ ահա նյարդաբան Գայանե Մելիքյանը նշեց, որ իրեն տարվա բոլոր եղանակներին էլ հիվանդները դիմում են:

Բանախոսներն ասացին, որ սթրեսների պատճառները բազմազան են: Ըստ Գայանե Մելիքյանի` սթրեսի ամենից շատ հանգեցնում են ընտանեկան խնդիրները. «Ասենք, ամուսինը գնացել է արտագնա աշխատանքների, կինը շատ դժվար է հաշտվում սրա հետ և ընկնում է սթրեսի մեջ: Երկրորդ տեղում են աշխատանքային խնդիրները և ապա արդեն սոցիալական բնույթի այլ խնդիրները»:

Հոգեբան Սամվել Խուդոյանն առանձնացրեց նաև տարիքային սթրեսները` նշելով, որ ամեն տարիք ունի իր առանձնահատկությունը, և մի տարիքային փուլից մյուսին անցնելը կարող է ուղեկցվել սթրեսով: «Ընտանեկան կյանքում ելակետային է հատկապես մարդու կյանքի 35-40 տարիքային շրջանը, մասնավորապես 37 տարեկանը ընտանեկան կյանքում կարևոր է, քանի որ այս տարիքում հատկապես տղամարդիկ բաժանվում են: Սա պայմանավորված է նրանով, որ կյանքի 2 կեսերի ձևավորման փուլերից անցում է կատարվում դեպի այսպես կոչված «կործանման փուլը», խորքային մակարդակում առաջանում է մահվան բնազդը, և տղամարդը փորձում է վայելել «վերջին սերերը»: Կանայք այս տարիքում հակված չեն բաժանվելու»,- ասաց հոգեբանը:

Նյարդաբան Գայանե Մելիքյանը տարիքային փուլերից նշեց նաև դեռահասության տարիքը, երբ ես-ի ձևավորման խնդիր կա, ինչպես նաև 50 և ավելի տարիքը, երբ առաջանում է վախ` մահվան նկատմամբ:

Ըստ մասնագետների` սթրեսին հակազդելու լավագույն միջոցներից է մարմնամարզությունը, իսկ ամենաարդյունավետը` ինքնաներշնչանքը:

«Առհասարակ այն մարդիկ են երկար ապրում, ովքեր կարողանում են ինքնաարտահայտվել. լաց են լինում, ցույց են տալիս իրենց էմոցիաները, գոռում են և այլն: Քաղցկեղով հիվանդների ճնշող մեծամասնությունն այն մարդիկ են, ովքեր պարփակված են իրենց մեջ, չեն արտահայտվում: Իսկ եղանակային սթրեսները հաղթահարելու համար պարզապես խորհուրդ է տրվում հասկանալ` սա անցնելու է, և խուճապի չմատնվել: Լավագույն դեղամիջոցը հենց այս ձևն է: Կրկնեք անընդհատ, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու, եթե անգամ չեք հավատում, և կտեսնեք, որ կփոխվի ամեն ինչ դեպի լավը: Եվ սա` ոչ միայն սթրեսի, այլև ցանկացած այլ հիվանդության դեպքում»,- ասաց Սամվել Խուդոյանը:

Մարիամ Մուղդուսյան

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝