Ըստ Հայաստանում Վրաստանի դեսպանի` Մուղնու Սուրբ Գևորգը մեկ տարվա ընթացքում կվերականգնվի
[ 2009/11/26 | 16:26 ]
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեին: Դեսպանը տեղեկացրել է, որ Թբիլիսիի փլուզված Սուրբ Գեւորգ Մուղնեցոց եկեղեցին, ընդունված որոշման համաձայն, մեկ տարվա ընթացքում կվերականգնվի, իսկ Ջավախքի խնդիրները Վրաստանի իշխանության ուշադրության կենտրոնում են:
Ինչպես տեղեկացնում է ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակը, զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ հաբարերություններին վերաբերող հարցեր։ Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-վրացական հարաբերությունները խարսխված են բարեկամական հիմքերի վրա, և որ երկու երկրների միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների միջոցով:
Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի անվտանգության խորհուրդների միջև համագործակցության խորացումը։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Վրաստանի միջև օրակարգային հարցերին, այդ թվում` Ջավախքի խնդիրներին։ Արթուր Բաղդասարյանը բարձրացրել է Վրաստանի տարածքում հայկական եկեղեցապատկան հողերի և Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցը:











