Դպրոցի տնօրենը տունն է վաճառում, կանայք էլ երեխա են ունենում, որ վարկերի գումարները փակեն

[ 2009/08/03 | 17:55 ]

Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում անցյալ տարի 200 հա-ից ավելի կարտոֆիլ էր ցանվել: Թվում էր, թե ստացված առատ բերքը պետք է ուրախացներ գյուղացուն, սակայն նրանք բախվել են իրացման խնդրին: Գյուղացին եվրոպական կազմակերպություններից արտասահմանյան կարտոֆիլի սերմացու է գնել կիլոգրամը 400-500 դրամով: Գյուղում ոչ ոք չէր դժգոհում կարտոֆիլի բերքատվությունից, բայց ոչ ոք չէր էլ ուրախանում ստացված բերքից:

03_08-vark«Այսօր հասել ենք այն վիճակին, որ կարտոֆիլի գինը հասավ 15-30 դրամի, ու գյուղացին հայտնվեց անելանելի վիճակում ու ընկավ տոկոսների տակ: Դա քիչ էր` դոլարի կուրսն էլ բարձրացավ, եւ 1 դոլարը 300 դրամ կուրսի ժամանակ վարկ ստանալուց հետո գյուղացին այսօր 24 տոկոսի հետ նաեւ պետք է վճարի 1 դոլարի համար 70-75 դրամ ավել գումար: Նախնական հաշվարկներով ստացվում է, որ այսօր գյուղացին վարկ է վերցրել մոտ 45 տոկոս տոկոսադրույքով: Միայն մի ելք կա, որ չեն ուզում մտածել: Բանկը դրել է իր երկաթյա օրենքները եւ այդ օրենքներից չի ուզում մի փոքր շեղվի: Մենք չենք մեղադրում բանկի տեղական մասնաճյուղերին: Անհրաժեշտ է կառավարության միջամտությունը, ինչ-որ մի օրենքով սառեցվի մայր գումարների վճարումը, ինչպես Ռուսաստանում արեցին, բայց տոկոսադրույքները վճարենք: Պետք է որոշակի ժամանակ հատկացնեն գյուղացուն, որ կարողանա իր մեջքն ուղղել: Այսպես որ գնա, միգրացիայի ալիքը կմեծանա, ինչպես որ եղավ 92-94 թվականներին, եւ բոլորը կհեռանան այստեղից»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Շատվանի համայնքապետ Լյովա Աբրահամյանը:

Նրա ասելով` շատվանցիների կեսից ավելին վարկեր է վերցրել տարբեր կազմակերպություններից: Միայն 75 վարկառու գրանցված է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկում»: Վարկառուներ կան նաեւ «Արեգակ» վարկային կազմակերպությունից: Ստացվել է այնպես, որ մի ընտանիքում ամուսինը վարկ է վերցրել «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկից», իսկ կինը` «Արեգակից», ու հիմա չգիտեն, թե որի վարկը փակեն:

«Եղել են դեպքեր, երբ խմբով հավաքվել ու մի քանի վարկառուների տոկոսադրույքները տարել վճարել են, բայց այդպես շարունակվել հնարավոր չէ: Գյուղացին արդեն ուժ չունի, եւ հիմա բոլորն էլ այդ խնդրի առաջ են կանգնած: Գյուղացին այսօր չգիտի, թե որ ճակատով պայքար տանի: Բնական աղետներն իրար հաջորդում են ու չգիտենք` ինչ անենք: Մենք 2500 մետր բարձրության վրա ենք, ու ոչ մի երկրում 1460 մետրից բարձր գյուղատնտեսական աշխատանքներ չեն կատարվում: Քարի, հողի, ջրի հետ կռիվ տալով` գյուղացին փորձում է իր ընտանիքը պահել, բայց ոչ մի աջակցություն չկա: Մարզպետարանը գերազանց տեղյակ է մեր խնդիրներին ու իր հնարավորության չափով մեզ օգնում է, բայց սա ուրիշ խնդիր է, սա մարզպետի լուծելիք խնդիրը չէ: Կառավարությունը պետք է այս հարցը լուծի եւ սատարի գյուղացուն»,- ասաց Լյովա Աբրահամյանը:

Համայնքապետի ասելով` այս տարի չեն կարողացել նույնիսկ սերմացուն վաճառել եւ որպեսզի 500 դրամով գնած սերմացուն 15 դրամով չվաճառեն, ստիպված այս տարի նորից ցանել են: Եթե նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունը գերազանցում էր 200 հա-ը, ապա այս տարի մոտ 190 հեկտար է կարտոֆիլ ցանվել:

«Այն մարդիկ, ովքեր իրացրել էին իրենց ապրանքը, ռիսկի չգնացին ու այս տարի չցանեցին»,- պարզաբանեց համայնքապետը:

Նա նույնպես «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի» վարկառուներից է եւ 15 հազար դոլարի չափով վարկ ունի, սակայն չի կարողանում մարել:

03_08-vark-1Արմիկ Մարտիրոսյանը «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի» Շատվան համայնքի միավորման նախագահն է: Նրա ասելով` վարկառուների հիմնական խնդիրը ճգնաժամային այս պայմաններն են, որ չկարողացան իրենց արտադրած կարտոֆիլը, ցորենն իրացնեն եւ այդ պատճառով էլ ժամանակին չկարողացան իրենց բանկային պարտավորությունները կատարել, եւ հիմա 18 վարկառու ժամկետանցի տակ է ընկել:

«Մնացածներն էլ մոտ օրերս ժամկետանցի տակ կընկնեն, որովհետեւ այս սեզոնին մարդիկ բերք չեն ստանում, բայց օգոստոսին վարկի գումարը պետք է մարեն: Մտավախություն ունենք, որ 80 տոկոսը ժամկետանցի տակ կընկնեն եւ նրանց նկատմամբ տույժ-տուգանքներ կկիրառվեն: Ներկա պահին վարկառուներից շատերը 2500 դոլար են վարկ վերցրել, 500 դոլարն էլ վարկային գիծն է: Սկզբում բանկը երկու վարկ էր տալիս` վարկային գիծ եւ պարզեցված վարկ, հիմա եթե դրանցից որեւէ մեկը ստացած ես լինում, մյուսը չեն տալիս, նույնիսկ ուսանողական վարկ չեն տալիս, եթե նույն մարդը մեկ այլ վարկ ունի: Մեր խնդրանքն այն է, որ այս ճգնաժամային իրավիճակում սառեցնեն մայր գումարները, բայց տոկոսները ժողովուրդն էլի կտա: Մեկ է` բանկը տոկոսի վրա է աշխատում, թող մեկ տարով երկարացնեն, մենք էլ իրա տոկոսները կտանք»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նրա ասելով` բանկին գրավոր դիմել է եւ խնդրել է մայր գումարը սառեցնել, սակայն դեռ պատասխան չի ստացել, հույս էլ չունի, որ դրական պատասխան կստանա:

Շատվան գյուղի բնակիչ Լյուդմիլա Բունիաթյանը նույնպես վարկառու է: Ունի 3 անչափահաս երեխա: Տիկին Լյուդմիլան վարկ էր վերցրել ու այդ գումարով 2 անասուն էր գնել ու կարտոֆիլ ցանել: Չկարողացավ կարտոֆիլը վաճառել, ստիպված վաճառել է անասուններն ու մարել է վարկի կես գումարը: Մնացած գումարը փակելու համար պարտք է արել:

Տեսնելով, որ պարտքը վճարելու ոչ մի հնարավորություն չունի, վաճառելու բան եւս չունի, հղիացել է, որ 4-րդ երեխան ծնվի, երեխայի գումարը` 450 հազար դրամ, ստանա ու դրանով վարկի գումարն ու պարտքերը փակի, սակայն 5 օր առաջ Լյուդմիլան կորցրել է երեխային ու հիմա հայտնվել կրկնակի դժբախտության մեջ:

«Երեխայիս կորցրել եմ հերիք չի, հիմա հույս էլ չունեմ, որ վարկը կմարեմ, 3 երեխաս էլ հիմա կիսասոված օր են անցկացնում: Աստված մեղք չհամարի, բայց ավելի շատ ցավում եմ, որ երեխայի գումարը չեմ ստանալու, որ պարտքերը փակեմ, քան նրա համար, որ վիժել եմ»,- պատմում էր Լյուդմիլան:

Վարկի պատճառով տունը կորցնելու վտանգի առաջ է կանգնել նաեւ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ֆրունզիկ Գեւորգյանը: Դպրոցի տնօրենը 3200 դոլարի գյուղատնտեսական վարկ ունի «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկից» եւ 1000 դոլար էլ` «Արեգակ» վարկային կազմակերպությունից:

«Արեգակ»-ի վճարումները սկսվում են 6 ամիս դադարից հետո, ու ամեն ամիս տոկոսադրույքի մարման հետ մարվում է նաեւ մայր գումարից որոշակի մաս: 1000 դոլարի համար Ֆ. Գեւորգյանը ամեն ամիս վճարում է 66 հազար դրամ:

Պարոն Գեւորգյանը վարկերից ստացված ամբողջ գումարը ներդրել է գյուղատնտեսության մեջ: Սակայն ստացված 20 տոննա կարտոֆիլը չի կարողացել իրացնել: Գարնանը կարտոֆիլն առաջարկել է նույնիսկ կիլոգրամը 30 դրամով, սակայն գնող չի եղել: Դպրոցի տնօրենի ասելով` եթե ինքը կարողանար նույնիսկ կիլոգրամը 50 դրամով կարտոֆիլը վաճառեր, կփակեր եւ’ վարկերը, եւ’ շահույթ կունենար:

03_08-vark-2«Հիմա բանկերում բավականին լուրջ պարտքեր ունեմ ու աշխատավարձից աշխատավարձ կարողանում եմ ինչ-որ գումար մարեմ, բայց հիմնականում վտանգ կա, որ մայր գումարը չեմ կարողանալու ժամանակին փակեմ: Եթե բանկային գործարքներն այնպիսի պայմաններով են մեզ հետ հարաբերակցվում, որ այդ գումարներն անպայման վճարենք եւ չվճարելու դեպքում չբռնագանձեն ջրի գնով, ավելի լավ է ես տունս վաճառեմ, բանկային պարտքերից պրծնեմ, քան իրենք գան ձեռքիցս վերցնեն: Չկարծեք, թե մեզ մոտ տները արժեք ունեն, այստեղ բավականին էժան են տները վաճառվում, ու հազիվ կկարողանանք պարտքերը փակել: Ցավոք, Հայաստանում հեռու ու մոտիկ հարաբերակցությամբ են ամեն ինչ չափում: Երեւի մենք էլ ենք հայ, այս հողի վրա ապրում ենք, ու սա էլ է հայկական հող»,- ասաց Ֆրունզիկ Գեւորգյանը:

Եթե գյուղի դպրոցի տնօրենը հույս ունի, որ տունը վաճառելով վարկերից կազատվի, ապա նրա համագյուղացի Գառնիկ Մելիքյանն ընդհանրապես վաճառելու բան չունի:

03_08-vark-3«Բանկից գոհ եմ, որովհետեւ այն ժամանակ, երբ գումար էի վերցնում, օգտվում էի, նույնիսկ տնտեսություն էի ստեղծել: Բայց անցյալ տարի ամեն ինչ ջուրն ընկավ, 400 դրամով կարտոշկի սերմ եմ առել, 15 դրամով ծախել եմ: Բանկի տոկոսները տալու համար, որ ժամկետանցի տակ չընկնեմ, իմ անասուններն էլ եմ ծախել, ավտոմեքենաս էլ եմ ծախել, որ չուշացնեմ: Հիմա 1 միլիոն դրամ վարկ ունեմ, վերցրել ցանք եմ արել, բայց էլի հույս չունեմ, որ բերք կլինի»,- «Հետքին» պատմեց Գառնիկը:

Նա վարկի գումարով 4 հեկտար ցորեն ու 3 հեկտար գարի է ցանել, 8 հազար մետր էլ կարտոֆիլ, սակայն կարկուտը մի քանի օր առաջ ամբողջովին փչացրել է ցորենի ու գարու դաշտերը, եւ բերք ստանալն արդեն անհնար է:

«Հիմա ծախելու բան չունեմ, նախորդ վարկի ժամանակ անասուններս ու մեքենաս ծախեցի, հիմա էլ ոչ մի բան չունեմ: Մենակ բանկից խնդրում եմ, որ մայր գումարը սառեցնի, տոկոսներից չենք հրաժարվում, էլի կտանք, մինչեւ տենանք գլխներիս ինչ ա գալիս: Եթե վարկի գումարը չկարողանամ տամ, կնստացնեն, չէ, դրա համար, ես էլ կգնամ կնստեմ, էլ ինչ կա, որ ինչ անեմ: Սեփական տուն էլ չունեմ, որ ծախեմ, ուրիշի տանն եմ մնում»,- ավելացրեց Գառնիկը:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

3 Responses to “Դպրոցի տնօրենը տունն է վաճառում, կանայք էլ երեխա են ունենում, որ վարկերի գումարները փակեն”

  1. Կարեն Կարապետյան Says:

    Երեխա վաճառելու մասին շատ էի լսել, բայց որ հիմա էլ մայրերը հղիանում են տոկոսները փակելու համար, արդեն խայտառակություն է ամբողջ պետության ու մեզ համար…..

  2. Manvel Avetisyan Says:

    Amot Hayastani Hanrapetutian@( teev el inch hanrapetutiun?, LTP-N lave asel, Avazakapetutiun)…

  3. Hasmik Says:

    Huys chunenaq, vor gyuxacu vijak@ klavana, inchpes asum en` Astvac el betaric azati.
    Mnum e husal, vor shut kazatvenq glxaker pashtonyaneric u gyuxacin gone mi poqr votqi kkangni.
    Kardalov nyut@ indz tvac, te veradardzel enq strkatirakan karger

Հայտնեք Ձեր կարծիքը՝