Շաբաթ, 22 սեպտեմբերի
Էթիկայի կանոնագիր

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթի

(ընդունվել է 2002թ. դեկտեմբերի 6-ին)

Հետաքննող լրագրողների «Հետք» թերթի առաքելությունը ճշմարտությունը բացահայտելն է եւ հասարակությանը տեղեկացնելը:

Խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, եւ այն պետք է պաշտպանել ամեն գնով:

Խոսքի ազատությունը ենթադրում է նաեւ պատասխանատվություն, որը մեզանից պահանջում է լինել արդար, օբյեկտիվ եւ ազնիվ:

Հետաքննող լրագրողների «Հետք» թերթի լրագրողներս, ընդունելով այս կանոնները, պարտավորվում ենք ցանկացած պարագայում հարգել հետեւյալ սկզբունքները.

  • Հրապարակել միայն հավաստի եւ ստուգված տեղեկատվություն:
  • Սահմանազատել տեղեկատվությունը մեկնաբանությունից: Հրապարակումներում հստակ տարբերակել փաստերի շարադրանքն ու մեկնաբանությունը:
  • Չխեղաթյուրել փաստերը: Հնարավորինս արագ ուղղել հրապարակած սխալները:
  • Չհավաքել տեղեկություններ անօրինական եւ անազնիվ եղանակներով:
  • Որեւէ մեկին անօրինական գործողության կամ անգործության մեջ մեղադրելուց առաջ լսել նրա կարծիքը եւ պատասխանի հնարավորություն ընձեռել:
  • Պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը:
  • Բոլոր հնարավոր դեպքերում նշել լրատվության աղբյուրը: Նկատի ունենալով, որ հետաքննական լրագրությունը չի կարող գոյություն ունենալ առանց գաղտնի աղբյուրների, եթե պայմանավորվածություն է եղել չբացահայտել լրատվության աղբյուրը, ապա խոստումը պետք է պահել:
  • Հարգել հեղինակային իրավունքը:
  • Պատվերով նյութեր չգրել:
  • Չընդունել նվերներ, հրաժարվել անվճար ուղեւորություններից կամ այլ ծառայություններից, որոնք կասկածի տակ կարող են դնել մեր անկախությունն ու անկողմնապահությունը եւ վտանգել հասարակության վստահությունը «Հետք» թերթի նկատմամբ: Եթե հնարավոր չէ խուսափել նվերից, ապա ընդունելով այն` ուղարկել մանկատներ, ծերանոցներ կամ նման այլ հաստատություններ:
  • Հարգել մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը:
  • Գրագողություն չանել:
  • Չենթարկվել քաղաքական ու ֆինանսական ազդեցությունների ու ճնշումների:
  • Չլինել որեւէ կուսակցության անդամ, քաղաքականության մեջ չներքաշվել, պետական պաշտոններ չզբաղեցնել:
  • Խուսափել երկրորդ աշխատանքից, եթե դա կասկածի տակ է դնում լրագրողի անկախությունն ու օբյեկտիվությունը:
  • Խուսափել պաշտոնյաների հետ խիստ մտերիմ կապեր ունենալուց: Մեր անձնական եւ մասնագիտական վարքագիծը չպետք է անվստահություն եւ կասկած ներշնչի մասնագիտության եւ թերթի նկատմամբ:

Մասնագիտական գործունեության ընթացքում վերոնշյալ սկզբունքներին պետք է հետեւի «Հետք» թերթի յուրաքանչյուր լրագրող:

Կապ

Մեր Հասցեն
Հայաստանի Հանրապետություն
Երեւան, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ

Հեռ.՝ (374-10) 56-33-63
Ֆաքս՝ (374-10) 58-11-02
Էլ.փոստ՝ info@hetq.am