HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դադարեցրել են ծրագրերը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նոր ներկայացուցիչ Կոնսուելլո Վիդալը, որն աշխատանքի է անցել 2005 թ.-ի նոյեմբեր ամսին, սառեցրել է որոշ ծրագրեր եւ աշխատակիցների հիմնական մասին ուղարկել է երկամսյա արձակուրդի: Նա հայտարարել է, որ ծրագրերի հետագա ընթացքի, այսինքն' շարունակելիության մասին կխոսի միայն դրանց մանրամասնորեն ծանոթանալուց հետո, այնուհետեւ նոր չափանիշներով կընտրվեն մասնագետները: Ներկայումս աշխատանքի են ներկայանում, գրասենյակի տերմինաբանությամբ, միայն «պորտֆելյու մենեջերները», որոնք մի քանի ծրագիր են համակարգում, եւ որոշ ծրագրերի ղեկավարներ: ՄԱԿ-ի նոր ներկայացուցիչը փետրվարի սկզբներին է վերադարձել Սուրբ ծննդյան արձակուրդներից, սակայն դեռեւս ակտիվ գործունեության չի անցել:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների կարծիքով' տիկին Վիդեալն իրենց համար անակնկալ որոշումը կայացրել է 2005 թ.-ի դեկտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի' ՄԱԿ-ի երեւանյան ներկայացուցչության գրասենյակ կատարած այցից հետո: Հանդիպման առիթը, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, ՄԱԿ-ի 60-ամյակն էր: Հանդիպմանը գրասենյակի ղեկավարությունից բացի մասնակցել են նաեւ ծրագրերի պատասխանատուները: Հանդիպման մասնակիցներից տեղեկացանք, որ ՀՀ նախագահն իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ-ի զեկույցների բովանդակությունից, որոնք տարբերվում են կառավարության տեսակետներից: Նրանց ասելով' պրն Քոչարյանը չի թաքցրել նաեւ փորձագետների հետ կապված իր դժգոհությունը' ասելով, թե հայտնի չէ' ինչ չափանիշներով են ընտրվում նրանք:

Այս հանդիպումից հետո տիկին Վիդալը սառեցրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի ծրագրերից չորսը, որոնց թվում' հակակոռուպցիոն եւ մարդու իրավունքների ծրագրերը: Մեր տեղեկությունների համաձայն' ՀՀ նախագահի դժգոհությունը վերաբերել է հատկապես հակակոռուպցիոն ծրագրին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեղեկատվության հարցերի պատասխանատու Արամազդ Ղալամքարյանը «ծրագրերը սառեցնել» արտահայտությունը ճիշտ չի համարում: Ըստ նրա' Զարգացման ծրագրի գրասենյակում, իրոք, խնդիրներ կան, սակայն դրանք վարչարարական բնույթ են կրում: Վերջինս պնդում է, որ հակակոռուպցիոն ծրագրի տեւողությունը 1 տարի 8 ամիս է եղել եւ դեկտեմբերին ավարտվել է: Բացի այդ, ինչպես հայտնեց նա, հավանաբար այս ծրագիրը հայեցակարգային փոփոխության ենթարկվի, եւ ներկայումս միջազգային փորձագետի են սպասում, որը կվերանայի ծրագիրը: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների ծրագրին, Ա. Ղալամքարյանը հայտնեց, որ այն ֆինանսավորել են Շվեդիան ու Նորվեգիան, եւ հիմա հիմնական դոնորի' Շվեդիայի հետ բանակցում են ծրագրի շարունակելիության համար:

Նշենք, որ նախորդ տարում ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը քննարկել է հակակոռուպցիոն ծրագրի մեթոդաբանությունը եւ հավանության արժանացրել, որից հետո ծրագրի պատասխանատուները պատրաստել են մանրամասն ծրագիր, մշակել միջոցառումների ցանկ: Այդ իսկ պատճառով անհավանական է թվում, որ հակակոռուպցիոն ծրագիրն ընդհատելու պատճառը այն հայեցակարգային փոփոխության ենթարկելն է: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ հիշյալ ծրագրերը սառեցնելն անձնավորված բնույթ ունի, մասնավորապես շեշտվում է, որ ծրագրերի ղեկավարները աշխատակազմը համալրել էին ոչ մասնագետներով:

Այդուհանդերձ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն իրոք որոշել է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել գրասենյակում՝ կրճատել որոշ ծրագրեր, ազատվել ուռճացված հաստիքներից ու ոչ մասնագետներից, ձեռնամուխ լինել նոր աշխատակազմի ձեւավորմանը մրցութային կարգով եւ նոր չափանիշներով: Դա վերաբերում է անգամ գրասենյակի երկարամյա աշխատակիցներին, որոնք արդեն տեղեկացվել են ընդհանուր հիմունքներով մրցույթին մասնակցելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter