HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Օտար եւ միայնակ` յուրայինների մեջ

Թութունջյան ընտանիքի մասին Բերդում քչերը գիտեն: Նրանց այցելողներ գրեթե չեն լինում:

Միակ այցելուն գերմանուհի քույր Հաննան է: Նրա բարեգործական ճաշարանից օգտվում է Անահիտը: Նա տաք ճաշը տանում է տուն: Անահիտ եւ Հարություն Թութունջյանների համար սա մեծ օժանդակություն է, քանի որ ստանում են հինգ հազարական դրամ թոշակ եւ յոթ հազար դրամ նպաստ:

Հարությունը եւ Անահիտը ծնվել են Իրաքի Մոսուլ քաղաքում: 1947թ. նրանք ներգաղթել են Հայաստան: Հարությունը մանրամասն հիշում է, թե ինչպես ընտանիքը Հայաստան ներգաղթելու որոշում կայացրեց եւ, ճանապարհ ընկնելով, եկավ-հասավ Տավուշի մարզի Բերդ քաղաք:

Լուսանկարների մակագրությունը' Հարությունը եւ Անահիտը մանուկ հասակում, Իրաք, Մոսուլ

Ընտանիքը' հայրը, մայրը, մորաքույրը, քույրը, բեռնատարով տեղափոխվել է Բեյրութ, որտեղից էլ նավով հասել են Բաթումի նավահանգիստ: Հարությունը' 12, իսկ քույրը' Անահիտը, 2 տարեկան էր: Պատանի հասակից Հարությունը գրի է առել իր կյանքի պատմությունը. տասնյակ տետրերի ու թղթապանակների մեջ այդ գրառումներն են, նրա բանաստեղծություններն ու պատմվածքները:

«1947թ. դեկտեմբերի 5-ին հասանք Հայաստան, ընդ որում' հասանք անտառ, Տավուշի Աղսու կոչվող մասը: Ուղիղ չորս տարի մնացինք անտառում: 1951-ի դեկտեմբերին հայրս եկավ մեզ, բացի մորաքրոջիցս, որը մի տարի էլ մնաց այնտեղ, տեղափոխեց»,-գրում է Հարությունը:

Ներգաղթ, 1947թ.

Մեզ տրամադրած թղթապանակների մեջ նրա գրառումները սկսվում են 1952 թվականից:

«Ներգաղթ էր: Հայրենիքի կանչով հազարավորներ եկան, մենք էլ եկանք: Հայրս' Սարգիս Թութունջյանը, Խարբերդից էր, մայրս' Էրզրումից: Գաղթի ճանապարհին 14 տարեկան մորս արաբները տարել են: Երեսը դաջել են իրենց ձեւով, իրենց սովորույթների համաձայն ծակել են քիթը: Մայրս մի քանի տարի մնացել է նրանց մոտ: Այդ արաբների մոտ էր նաեւ մորաքրոջս ուսուցչուհին: Հետո էդ ուսուցչուհու տեղը նրա ազգականներն իմացել են ու եկել-տարել: Նա մի երկտող է գրել, որտեղ ասել է, որ Ազարիկենց աղջիկը, այսինքն' մայրս, այսինչ տեղն է: Մորաքրոջս է ուղարկել այն: Մորաքույրս Բաղդադում անգլիացիների հիվանդանոցում բուժքույր էր, եւ նրան շատերը գիտեին: Մորաքույրս բանակցում է եւ փողով քրոջը հետ են վերցնում»,-մորաքրոջ պատմածներից հիշում է Հարությունը:

 Լուսանկարների մակագրությունը Հարությունի եւ Անահիտի ծնողները, հարազատները, Արեւմտյան Հայաստան

«Երեք հորեղբայր եմ ունեցել: Մեկի տեղը հայտնի էր, մյուսները չգիտեմ ուր են: Մեկի հետ կապ ունեինք, մինչեւ հորեղբայրս մահացավ: 1965-ին ընտանիքով այցելեցին մեզ: Մասաչուսեթս նահանգում են ապրում, Լորենս քաղաքում խանութ ունեին: Քանի հորեղբայրս կար, նամակներ գրում էինք: Տղաները հայերեն չգիտեին, հիմա չգիտեմ, թե ինչ են անում:

Հայրս Խարբերդի Մազրա գյուղից էր: Երբ բանակի տարիքի են հասել, պապս տղաներին ուղարկել է արտասահման, որ թուրքական բանակում չծառայեն, միայն հայրս էր մնացել: Ծնողներին թուրքերը սպանել են, մնացել էր մենակ հայրս: Հորս մորաքույրը մանկաբարձուհի է եղել, թուրքերը նրան ձեռք չեն տվել, կարեւոր մարդ է համարվել: Հորս նա է փրկել, հետո քարավանով ճամփա է ընկել ու, չգիտեմ ինչպես, հայտնվել է Ֆրանսիայում: Հինգ տարի այնտեղ ապրելուց հետո եկել է Իրաքի Մոսուլ քաղաք:

Մորս ազգանունը Ազարյան էր: Նրա հարազատները արտագաղթել են Ռուսաստան: Ազգականներ ունենք, բայց չգիտենք, թե որտեղ են: Որոշ ժամանակ մեզ հետ ապրող մորաքույրս նամակներ էր գրում, բայց հետո վախից ամեն ինչ ոչնչացրեց' նամակները, նկարները: Մորական պապս էրզրումում է եղել: Բազազ էր, այսինքն' կտորի խանութ ուներ»,-իր նախնիների պատմությունը շարունակում է վերհիշել Հարությունը:

Մանկությանը նվիրված գրառումները ամենալուսավորն էին Հարությունի տասնյակ տետրերի մեջ, մնացածը ողբերգական մտորումներ են: Մինչ այսօր էլ մանկությունը նրա միակ լուսավոր տարիներն են: Բազմաթիվ ընկերներ ուներ, հաճախում էր վարժարան, պաղպաղակ էր ուտում, խաղալիքներ ուներ:

2003-ին արած նշումներում նա դարձյալ հիշում է Մոսուլի հայկական վարժարանը. «Մի իրադարձություն, մի դեպք, որ ալեկոծեց հայ աշխարհը, ոգեկոչեց իր հայրենասիրական ելույթներով' կոչ ուղղելով ամբողջ հայությանը' ի օգուտ ներգաղթի, շրջելով հայկական գաղութները: Դա կաթոլիկ հոգեւոր առաջնորդ գերաշնորհ Աղաջանյանն է:

Եւ մի օր էլ ներգաղթը հասավ մեր գաղութ: Եւ քանի որ հայ էինք, այն էլ' համայնավար, չէինք կարող անտարբեր մնալ այդ երեւույթին, չուզենալ նաեւ արձանագրվել ներգաղթին:

Իսկ մենք հայկական վարժարանում սովորում էինք. «Հայաստանի աղջիկները մարալ են ու ջեյրան...», «Հայաստանի հողն է սիրուն ... » եւ մարդկանց գերող այլ երգեր»:

Հայաստանում Թութունջյանների ընտանիքին ուղարկում են Բերդ' ասելով, որ այստեղ լուսանկարչի կարիք կա: Հարությունի հայրը մասնագիտությամբ լուսանկարիչ էր:

«Մեզ տարան անտառ, նոր կառուցված տուն էր, դեռ դռներն էլ ագուցված չէին: Չորս տարի ապրեցինք անտառում: Քույրս բրոնխիալ ասթմա ընկավ: Բուժում չստացավ, ու դա նրա աճի վրա ազդեց, երբեք չբուժվեց: Ես էլ տարօրինակ հիվանդություն ձեռք բերեցի, որ մինչեւ հիմա էլ չհասկացա, թե ինչ է»,-հիշում է Հարությունը:

Լուսանկարիչ հորը տեղավորելով անտառում' տալիս են հաշվառուի պարտականություն: Նա պետք է հաշվառեր անտառում հատվող եւ դուրս բերվող ծառերը:

«Իսկ ի՞նչ էի անում ես: Ես' քաղաքից եկած երեխաս, սկզբում ծառափեղատման մասնակցեցի անտառապետի ու անտառապահի հետ, ձեռքիս ներկաման եւ ծառի բարակ ճյուղից պատրաստված մի վրձին' յուրաքանչյուր փեղատված ծառին երկու տեղից, որ փեղատի փոքր կացնով անտառապահը կեղեւը տաշում էր, խփում կնիքը, խփում էի ծառի համարը: Ի դեպ, ներկը կարմրավուն էր:

... Ու շրջում էինք անտառում առավոտից մինչեւ երեկո' որոշելով ընտրված ծառերը ...

Օ՜, հայություն ի սփյուռս աշխարհի, ահա ձեր հայրենիքում եղածը, այնպես, ինչպես որ կա, իսկ դուք անտեղյակ դեգերում եք հեռու, օտար ափերում: Մենք էլ էինք ձեզ նման, մեզ համար էլ էր անծանոթ այս հայրենիքը, իսկ հիմա, ինչպես հեքիաթում, եթե, իհարկե, հեքիաթ կարելի է կոչել այն, գտնվում ենք այս ու՞ր ... »,- իր հուշերում գրել է պատանի Հարությունը:

«Մորաքույրս էլ պարապ չմնաց անտառում, Իրաքից հետները բերած «Զինգեր» կարի մեքենայով սկսեց հագուստներ կարել աշխատողների, նրանց ընտանիքների համար: Ինչպես նաեւ' հետները բերած դեղորայքով օգնություն էր ցույց տալիս կարիքավորներին»:

Չորս տարի անց հայրը գալիս է եւ ընտանիքին անտառից տեղափոխում Բերդ: Բայց քույրն արդեն անբուժելի հիվանդ էր, բոլորն էլ' հոգեպես ջարդված. « Մի հիվանդագին երեւույթ եղավ ինձ մոտ, ըստ բժշկության' հորմոններ կամ հորմոններ կոչվածի հետ կապված, կապված պատանեկան տարիքի հետ, ես կավելացնեի' հետն երկիր հայրենիքի, հետն հայրենի անտառի: Նաեւ մթնոլորտը եւ խաբեությունները աշխարհի ... Քրոջս մոտ եղավ բրոնխիալ ասթմա, որ բուժվելու դեպքում այդպիսի հետեւանք չէր ունենա ...

Ահա ինչպիսին է եղել հայրենիքը, երկիրն հայոց, ուր պետք եղած հոգատարությունը, խնամքն ու մարդկային վերաբերմունքը եղել են լոկ թղթի վրա, ելույթներում ու հաղորդումներում, ձեւականության ու պրոպագանդայի համար: Անհոգի վերաբերմունքը, ինչպես ասում էին այն ժամանակ, անտարբերությունը եթե չլինեին, կլիներ այն, ինչը պակասում էր մեզ: Գիտակցորեն, անմիջականությամբ ու հետեւողականությամբ կարելի կդառնային անկարելի դարձած շատ բաներ, եւ այսպես չէր լինի ... »,-գրել է Հարությունը:

«Ինչու՞ եկաք, չգայիք, այնտեղ վա՞տ էր, որ եկաք, այնտեղ ստիպեցի՞ն ձեզ, որ եկաք, ի՞նչն էր պատճառը, որ եկաք ... »,-այս հարցերի պատասխաններն է իր գրառումներում անընդհատ փնտրել Հարությունը ու երբեմն գտել է պատասխանները. «Պատճառը հայրենիքի սերն էր, հայրենիքի կանչը, ազգությունը, ներգաղթը ... »:

Ութ տարի նա հաճախել է Մոսուլի հայկական վարժարան, «իսկ այստեղ' անտառում, դպրոց չի եղել, տեղափոխվելով կենտրոն' Բերդ, երեք տարի էլ այստեղ եմ գնացել դպրոց' հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ դասարան»:

Հարությունը երբեք չհաշտվեց հայկական իրականության հետ. «Այստեղ մեզ ախպարներ էին ասում, մեր կյանքը չստացվեց: Երկար ժամանակներով գալիս էին մղձավանջային տարիները: Այսպես անցկացրինք էդ մղձավանջային տարիները»,-գրում է նա:

Տարտամ օրերը Հարությունը լցրել է լուսանկարչություն անող հորն օգնելով ու հուշեր գրելով:

Եւ գնում ենք ահա մենք օրերի հետ այսպես,
Տարիներ են անցել այսպես, տարիներ են անցել ...
Ոչ թե գտել, այլ կորցրել' անդարձ, անհետ այսպես.
Հիմա ի՞նչ է մնացել մեզ, եւ ի՞նչ ենք մենք դարձել ...

Նա նաեւ նկարում էր, սակայն այդպես էլ չցանկացավ նկարները ցույց տալ մեզ. «Նկարչությունը վաղուց թողել եմ պայմաններ, հնարավորություններ չունենալու պատճառով»,-հետո կարդացինք նրա գրառումներում:

Պատանեկան լուսանկարներ. Հարություն եւ Անահիտ Թութունջյաններ

«Այսպես քույր ու եղբայր ապրում ենք հայրենիքում այս: Տրտունջ հարկավո՞ր է: Դե, գնացողները գնում են, մնացողները' մնում ... Մենք էլ մնացինք, մեր ապրելն այս է, այլ ապրել չկա: Այնտեղ օտարություն կոչվածն է, այստեղ հայրենիք կոչվածը: Մենք' այստեղ, հայությունը' ի սփյուռս աշխարհի, հայրենասեր, հայրենատոգոր, չեն գալիս-չեն գնում, մնում են հեռու-հեռվում, հեռու-հեռավոր, անհաղորդ, անծանոթ ...

Իսկ այստեղ' հայոց հայրենի երկրում, չի լինում այն, չի լինում այն, ինչ-որ մեզ անհրաժեշտ է: Տրտնջա՞լ, ինչու՞, չէ՞ որ սիրելի հայրենիքն է: Ինչպիսի՞ն կներկայանաս դու այդ դեպքում, վատ, իհարկե, այն, ինչ չի կարելի ասել, հայրենի՞քն է վատ: Ինչպե՞ս տրամաբանել, օ~, տեր Աստված ... »,-մտորել է Հարությունը :

«Հույսս արդեն կտրել եմ, երեք ամիս է' գիշերները չեմ կարողանում քնել, հույսս կտրել եմ: Էնքան համբերեցի, մեր վիճակն արդեն ճամպրուկային է, եղբայրս դեռ չի հասկանում, որ մենք վերջացած մարդիկ ենք»,-ասում է Հարությունի 61-ամյա քույրը' Անահիտը: Նրա ձեռքը դողում է:

«Շատ համառն է, հորս էլ ասացի, որ ամուսնացրու Հարությունին: Չկարողացա սրա սանձը քաշել: Ասում էի' արի մի տեղով գնանք: Ասի' երկուսով ենք մնացել, արի մի ելք գտնենք, տունը ծախենք, գնանք»,-շարունակում է Անահիտը:

Անահիտը պատմում է, որ եղբայրը երբեք չհաշտվեց իրենց վիճակի հետ եւ ուզում էր գնալ Հայաստանից.

«Ես ասում էի' վերջ տուր արտասահման գնալու մասին մտածելուդ, ավելի լավ է Երեւան գնանք: Կյանքից խռոված ենք: Սա ոնց որ երեխա լինի, ոչինչ չի հասկանում: Անտառում հիվանդացա: Դեղը ազդեց վրաս, աճս կանգնեց: Չկարողացա հարազատություն ստեղծել: Մեկուսանալն իր համար երջանկություն էր: Չհասկացավ, որ հարազատություն է պետք ստեղծել»,-տրտնջում է Անահիտը:

Սկզբում մահացավ մորաքույրը, հետո' մայրը: Իսկ երբ մահացավ հայրը, նրանք մնացին մենակ' այդպես էլ չմտերմանալով տեղացիների եւ չհաշտվելով ճակատագրի հետ:

«Ես հարազատության կարոտ եմ: Հերս որ մահացավ, ասացի' Հարություն, էնպես արա, որ տները ավերակ չսարքես, մի հարազատություն ստեղծիր: Ես հարազատության կարոտ եմ: Նա արհամարհեց մեր կյանքը: Ես այնքան նեղացած եմ իրենից: Ինքն էլ ասաց' արդեն ուշ է»,-ասում է Անահիտը:

Հարությունն անընդհատ սաստում է քրոջը: Նա զգում է իր մեղավորությունը քրոջ առջեւ, սակայն ոչինչ չի կարողանում պատասխանել:

«Գիտեք, էն Հովնանյանը տներ է սարքում, մի տեղ չի՞ լինի այնտեղ: Նա էլ Իրաքի հայ է, կարող է օգնի՞ մեզ»,-ասում է Հարությունը:

«Աննկատ անցան մեր տարիները: Հոգեկան ցավ ունենք: Մենք մենակ ենք, հարազատների կարոտ ունենք»,-կրկնում է Անահիտը:

Մի քանի տարի առաջ հորեղբոր տղաները 200 դոլար են ուղարկել Հարությունին ու Անահիտին:

«Նրանք 200 դոլար ուղարկեցին, ու վերջացավ ամեն ինչ: Նրանց թվում է, թե մենք փողի համար ենք իրենց կարոտում: Այդպես էլ չհասկացան, որ մենք այստեղ մենակ ենք ու կարոտում ենք մեր հարազատներին: Մենք մենակ ենք մնացել այստեղ մեր ծնողների մահից հետո»,-ասում է Հարությունը:

«Քանի տարի է, ինչ հեռուստացույց չունենք, փչացել է եւ այդպես էլ մնացել: Քանի ամիս է նաեւ ռադիոընդունիչն է փչացել»,-կարդում եմ 2000-ին գրած նրա հուշերում:

Հայրենիքում տարբեր ժամանակներում նրանց այցելել են ԿԳԲ-ի աշխատողները, խուզարկել տունը: Հարցաքննել են հորը, բայց, բարեբախտաբար, նրանք չեն աքսորվել, ինչպես ներգաղթած շատ հայեր: Հարությունն իր գրառումներում գրել է, որ մի թաքստոց ունեին, որտեղ պահում էին Իրաքից բերված լուսանկարներ, հայերեն ամսագրեր:

«Տարիներ անց, բազմաթիվ անցուդարձերից հետո, օրերից մի օր, երբ արդեն երկուսս էինք մնացել, Անահիտը նեղսրտած, ջղայնացած հանեց Բեյրութում լույս տեսնող «Նոր ուղի» հանդեսի երկրորդ ու երրորդ միացյալ համարը, որն ամբողջությամբ ներգաղթին էր նվիրված, եւ ոչնչացրեց: է՜հ, ի՞նչ ասեմ, թեեւ դա ինձ վրա վատ ազդեց, ես հարմար էի գտնում, որ այն մնար, բայց, երեւի, իր արժանի պատիժը ստացավ ...Հանդեսի շապիկի կենտրոնում Ստալինի պատկերով այն հայտնի գործն էր, որ, ի արտահայտություն երախտագիտության, հայրենադարձները հայրենիք էին բերել: Դրա շուրջբոլորը շապիկը ծածկված էր ներգաղթին վերաբերվող լուսանկարներով: Այդ հանդեսում առաջնորդների եւ այլ մեծերի ելույթներից հատվածներ էին տպագրված' իրենց լուսանկարներով: Հայրենաբաղձության, հայրենի կարոտի, հայրենիքի սիրուն նվիրված բանստեղծությունների, երգերից քաղված ասույթների ընտրանի կար»:

Ամսագիրը վառելով' քույրը կարծես այրեց իրենց անցյալը:

Վերջին գրառումները Հարությունն արել է 2003-ին: Ահա մի հատված դրանից. «Միայն թե, եթե կարելի լիներ, երեք ամսով ձմռանը մի բարենպաստ տեղ գնայինք, դա մի անհրաժեշտություն է, որ առնչվում է առողջությանը: Փոփոխությունների եւ նորությունների մասին այն կա, որ ոչինչ չկա. միշտ նույնն է ու նույնը: Նույն տաղտկալի կյանքը, միալար, միապաղաղ տարիներ ... »:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter