HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

2 տարի ազատազրկում պղնձե կաթսայի համար

Տավուշցի Արմեն Սարգսյանի 16 տարին լրացավ այս տարվա հունվարին Աբովյանի անչափահասների գաղութում: Նա Բերդում գողացել էր օղու թորման երկու պղնձե կաթսա, որոնք հանձնել է որպես մետաղի ջարդոն եւ ստացել 2000 դրամ: Այդ գումարով Արմենը ընկերոջ հետ գնել է քաղցրավենիք, մեկ շիշ Կոկա-կոլա եւ խաղացել է համակարգչի վրա: Տղան ո՛չ նախաքննության ընթացքում, ո՛չ էլ դատարանում չի մատնել իր հետ եղած ընկերոջը եւ գողության մեղքը վերցրել է իր վրա:

Դատավորը «խիստ վտանգավոր» անչափահաս հանցագործին 2005թ. նոյեմբերի 28-ին դատապարտել է 2 տարի ազատազրկման:

Ուղիղ երկու տարի առաջ' 2004-ի մայիսին, մենք Բերդում էինք, այն նկուղում, որտեղ անցնում էր Արմեն Սարգսյանի մանկությունը: Այս այցելությանը որոշել էինք տեսնել, թե ինչպես է կրճատվել այս քաղաքում աղքատությունը եւ այն համեմատել կառավարության ներկայացրած ցուցանիշների հետ: Փոխվե՞լ է, արդյոք, Բերդի ամենաաղքատ ընտանիքների կյանքը վերջին երկու տարում:

«Ոչ մի բան չի փոխվել: Ուզեցել եմ գլուխս բարձրացնել, ավելի եմ իջել»,-ասում է Արմեն Սարգսյանի մայրը' Զոյա Գինովյանը:

1993թ. մայիսից Անդրանիկ Սարգսյանի ընտանիքը' կինը եւ երեք երեխաները, ապրում էր Բերդի հյուրանոցի նկուղում (Տես «Ընդամենը մեկ շենք՝ Բերդում աղքատությունը մեղմելու համար»): Անցած տարեվերջին Բերդի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող հյուրանոցը սկսեցին վերանորոգել: Անդրանիկի ընտանիքին քաղաքապետարանը տեղավորեց «Ճանճանոց» կոչվող թաղամասի տնակներից մեկում (Տես «Բերդի կենտրոնում «նստած» է աղքատությունը»):

Անդրանիկն ու Զոյան աշխատում են քաղաքի կոմունալ ծառայությունում՝ աղբահանություն են իրականացնում: Մեծ որդին՝ Կարենը, 19 տարեկան է, Արմենը՝ 16, Արսենը՝ 14 տարեկան: Կարենին հիվանդության պատճառով չեն զորակոչել, նա դպրոց հաճախել է մինչեւ 2-րդ դասարան, տառապում է սակավամտությամբ:

Անդրանիկը 14 հազար դրամ աշխատավարձ է ստանում, Զոյան՝ 12 հազար:

«Դատաքննությամբ դատարանը գտավ, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, նա ենթակա է պատասխանատվության Քրեական օրենսգրքի 177 հոդված 2-րդ մասի 3-րդ կետով: Պատիժ նշանակելիս դատարանը պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում հանցավորի անչափահաս լինելը եւ հաշվի է առնում այն, որ նա զղջում է կատարվածի համար: Ելնելով վերոգրյալից' դատարանը վճռեց Արմեն Սարգսյանին մեղավոր ճանաչել 177 հոդված 2-րդ մասի 3-րդ կետով եւ նրան դատապարտել ազատազրկման երկու տարի ժամանակով»,-գրված է 2005թ. նոյեմբերի 28-ի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռում:

«Ինչու՞ չեք բողոքարկել»,-հարցնում եմ տղայի մորը' Զոյային: «Որ բողոքարկեի, օգու՞տ էր, թե՞ վնաս,-հարցնում է Զոյան:-Փաստաբանն ասաց, որ գումար չունես, էդքան գնաս-գա՞ս»:

«Ապրանքի տերը ներկա չէր դատին, չէր էլ բողոքում, թե ինչու՞ դատեցին երեխուս, չհասկացա: Իմ երեխու դատը ես շատ սխալ համարեցի էս իմ անգրագետ հալով: Ես նկատեցի, որ սխալ են դատում: Մի անգամ էլ էր գողացել ալյումին, էս էլ երկրորդ անգամ է: Էս ընդունման կետերը ինչու՞ չեն փակում»,-միամտորեն հարցնում է Զոյան:

«Դեկտեմբերի 14-ին երեխուն տանից տարել են: Ես գիդում չեմ, ասում են' մի տարին կրճատել են, հասկանում չեմ էդ բաները: Էրնեկ օգնեք, շուտ հանեն էդտեղից, որ տարան, տասն օր հաց չեմ կերել, ախր փոքր է երեխես, գիշերներն էլ չեմ կարողանում քնել: Էն պատի նկարները ինքն է նկարել, բա էդ տեսակ նկար անող երեխան ինչու՞ պիտի այնտեղ լինի: Հանել տվեք երեխուս այնտեղից: Որ գա, էլ չեմ թողնի դուրս գա, խելոք է ինքը: Իր հետի տղու անունն էլ չի տվել, ինքը մենակ իր վրա է վերցրել»,-արտասվելով ասում է մայրը:

Միամիտ այս կինը պատմում է, թե ինչպես են դատարանին եւ տարբեր պաշտոնյաներին գրած նամակում նշել, որ ինքը հիվանդ է, որ հայրն ու եղբայրը չեն աշխատում, որ ընտանիքը Արմենն է պահում: «Գրել ենք, որ խղճան, բայց ոչ մի օգուտ էլ չի տվել»,-ասում է Զոյան:

Հարցնում եմ' դիմե՞լ եք ձեր մարզի պատգամավորին: «Որ մարդս գնաց դատավորի էնքան փետը կտրեց, մի օգուտ տվե՞ց»:

«Բա էդ ալյումինի կետը ինչու՞ է էրեխուց պղինձ վերցնում: Նա անչափահաս էր, իրենք իրավունք չունեին վերցնելու: Ինչու՞ նրանց չեն արգելում երեխեքից պղինձ վերցնելը: Որ երեխեքը չգնան գողություններ անեն»:

Արմենը սովորում էր Բերդի արհեստագործական ուսումնարանում: Նրա վարպետ դաստիարակը' Վանիկ Ղազախյանը, ցուցմունք է տվել եւ ասել, որ ինքը հարցրել է գողության մասին, եւ Արմենը հաստատել է դա: Ուսումնարանի կոլեկտիվը միջնորդել է դատարանին տղայի դաստիարակությունը հանձնել իրեն: Սակայն դատավոր Զոյա Զաքինյանը, մտածելով, թե իր ձեռքում է հայտնվել «դարի մեծագույն հանցագործը», հաշվի չի առել այս միջնորդությունը:

Դատավոր Զոյա Զաքինյանը հաշվի չի առել ընտանիքի սոցիալական վիճակը, նրանց տուն չունենալու հանգամանքը, ծնողների առողջական վիճակը, հանցանքի ոչ վտանգավոր, հանցագործի անչափահաս լինելը, նաեւ այն, որ տղան չի մատնել իր հետ գողություն արած ընկերոջը:

Դատավորն անտեսել է այն հանգամանքը, որ տղան այդ փողով ընկերոջ հետ գնել է ընդամենը քաղցրավենիք, մեկ Կոկա-կոլա եւ խաղացել համակարգչային խաղ: Զոյա Զաքինյանը հաշվի չի առել նաեւ, որ տղայի հայրը, որը փող չուներ իրեն կաշառք տալու համար, արել է ձեռքից եկած միակ բանը' կոտրել է դատավորի տան ձմեռվա ողջ փայտը:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter