Կավագործ Յաղուբյան. «Եթե Աստված չի ստորագրել, ես ո՞վ եմ, որ ստորագրեմ»
«Ղարաբաղյան պատերազմից հետո գոյատևել էր պետք, հիմա արդեն ապրում եմ»,-ասում է կավագործ Գենադի Յաղուբյանը` ի պատասխան բոլոր ծանոթ-անծանոթների այն հարցին, թե «ինչու՞ հենց էս գործն ընտրեցիր, սրանից քեզ ի՞նչ օգուտ»:
40-ն անց կավագործը հիմա արդեն ապրում է «գեղեցիկի ստեղծման սպասումով», իսկ կենցաղային առումով՝ նա դեռևս գոյատևում է:
«Երբ նոր էի սկսել կավագործությամբ զբաղվել, արդեն ընտանիք ունեի, պահել էր պետք, էն ժամանակ ինչ-որ կերպ ստացվում էր պահել, հիմա արդեն ընտանիքիս անդամները դժգոհում են, ասում են` «էդ թող, կարգին գործով» զբաղվի»:
Կավագործը, ինչպես ընկերներն են ասում, «լուրջ մասնագիտություն էլ ունի»` ռուս բանասեր է, մինչ այս արհեստով զբաղվելը խաչքարեր է քանդակել, նաև աշխատել է կրկեսում: Կավե առաջին աշխատանքն էլ «Ծաղրածուն» է եղել, որը նվիրել է կրկեսին:
Խեցեգործության հանդեպ սերը Գենադին, իր խոսքով, ժառանգել է նախնիներից, ովքեր արմատներով Ննգի գյուղից են, որը հայտնի է որպես «բազում արհեստների գյուղ». այստեղ մեծ տարածում է ունեցել հատկապես խեցեգործությունը:
Ծաղրածուից հետո կավե առաջին իրերը, որ պատրաստել է արհեստավորը, եղել են կավե կպչուն իրերը (магнитка): Իր խոսքով` Հայաստանում ինքն է եղել այն առաջին կավագործը, ով գիտակցել է, որ կավե կպչուն իրերի վաճառքը կարող է շահավետ լինել.
«1990-ականներին ոչ մի կավագործի մտքով չէր անցնում, որ կարելի է նման իրեր պատրաստել և վաճառել, ինձ ասում էին`«Գենա, գժվե՞լ ես, ո՞վ պիտի գնի էդ պուճուր, անպետք իրերը», այնինչ մի քանի ամիս հետո իրենք էլ սկսեցին պատրաստել ու վաճառել զբոսաշրջիկներին ու սփյուռքահայերին: Էն մութ ու ցուրտ տարիներին միայն էդ «պուճուր ու անպետք» իրերի շնորհիվ ամսական 1000-1500 դոլար էի աշխատում»,- հիշում է Գենադին:
Հիմա կավագործը հատուկ պատվիրատուներ ունի, նաև համագործակցում է որոշ խանութների հետ, բայց Վերնիսաժում չի կանգնում, ասում է` «կավագործությունն արվեստ է, արվեստի գործերը, որ բազարում դնում ես, արժեքը կորցնում է»:
Գենադի Յաղուբյանը խուսափում է Հայաստանում ցուցահանդեսներ կազամակերպելուց. «Մի քանի անգամ կազմակերպել եմ, հասկացել եմ, որ տասնյակ անգամ ավելի ծախսում ես, քան եկամուտ ստանում, մեր գործի մարդիկ էստեղ ցուցահանդեսներից օգուտ չունեն»:
Փոխարենը կավագործի աշխատանքները ցուցադրության են ներկայացվել Բուլղարիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Նա մի շարք պատվոգրեր և շնորհակալագրեր ունի, բայց կավե իրերը չի արտահանում, ասում է` դրսում ինչպես հարկն է, չեն գնահատում իրերի արժեքը:
Հայաստանում իր արվեստի ապագան մշուշոտ է տեսնում, ասում է` խեցեգործությունը ծախսատար աշխատանք է. Հայաստանում սպիտակ կավ չկա, եղածն էլ նախկին սովետական երկրներից բերածն է, որն արդեն սպառվում է: Աշխատանքի ընթացքում կիրառվող ներկերն էլ թանկ արժեն: Գենադին դրանք բերում է ԱՄՆ-ից`սեփական միջոցներով:
«Չգիտեմ` ինչ ենք անելու, երբ սպիտակ կավի պաշարները սպառվեն: Ստիպված պիտի այլ երկրներից բերենք, ինչը շատ թանկ կարժենա»,- մտահոգվում է նա:
Այս ամենին գումարած` արհեստանոցն էլ իր սեփականը չէ, բայց շատ է կապվել հետը, ասում է` առանց էս չորս պատի կյանք չունեմ:
Գենադին երեխաներին ու պատանիներին փողոցից կտրելու լավագույն միջոցներից մեկը իր արհեստի նկատմամբ հետաքրքրություն սերմանելն է համարում: Նա նույնիսկ դասավանդում է մի քանիսին, այն էլ` անվճար:
«Շատ աշակերտներ չունեմ. մեր հայրենակիցները ձրի բան չեն սիրում, ասում են, որ ձրի է սովորեցնում, սովորացրածն ի՞նչ պիտի լինի»,- ժպտում է կավագործը:
Բայց հույս ունի, որ իր գործը շարունակող կունենա: Այս հարցում ապավինում է աշակերտներից մեկին, որը, ինչպես Գենադին է ասում, իրեն տվել, անցել է:
«Ամեն առավոտ ինձնից շուտ է գալիս արհեստանոց, արդեն ինքն է ինձ մտքեր տալիս, ոգեշնչում է… Մեծ հույսեր ունեմ հետը. չէի ուզի որ կոտրվի»,-ասում է կավագործ-ուսուցիչը:
Երբ Գենադիին ցանկացա աշխատելիս լուսանկարել` թույլ չտվեց: Սկզբում չհասկացա պատճառը, իսկ հետո, երբ ուշադիր զննում էի նրա աշխատանքները, նկատեցի, որ դրանք ստորագրված չեն: Զարմանքիս ի պատասխան՝ Գենադի Յաղուբյանն ասաց՝ «Առաջին կավագործն Աստված է եղել, ով կավից կերտել է Ադամին ու ինքը ստորագրելու կարիք չուներ. Ադամն ինքն է վկայում Աստծո ստեղծարարությունը: Ես, որ հասարակ կավագործ եմ ու մի երկու կավից իր եմ պատրաստում, ո՞վ եմ, որ ստորագրեմ»:
Աննա Բաբաջանյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել