HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Վարդան Սարդարյան. «Մեր մեջ դասականության պակաս կա»

Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին երգահան Վարդան Սարդարյանը գրում է մի ստեղծագործություն` խախտելով երաժշտական կոմպոզիցիայի ոսկե կանոններից մեկը: Դասախոսը դա համարում է ոչ թե նորարարություն, այլ սխալ: Վարդանն էլ, ընդդիմանալով, թե ցանկացած քարացած կանոն դեմ է ստեղծագործական աշխատանքին, թողնում է կոմպոզիցիայի բաժինը և շարունակում է ուսումը որպես դաշնակահար: Հաջորդ տարվանից շրջանառությունից դուրս է գալիս Վարդանին կոմպոզիցիայի բաժնից դուրս մնալու պատճառ դարձած և երաժշտական գրականության մեջ տարիներով ընդունված կանոնը:

«V-sard music production» ձայնագրման ստուդիայի ղեկավար Վարդան Սարդարյանը չի մանրամասնում կոնսերվատորիայում կոմպոզիտորական կրթության կիսատ թողնելու պատմությունը, որովհետև նրա ստեղծագործական հնարավորությունները տարիներ հետո բարձր գնահատվեցին և իրացվեցին ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

Հայրենի Կապանում, 7 տարի աշխատելով որպես երաժշտական դպրոցի տնօրեն, Վարդանը մեկնում է Ռուսաստան: Այստեղ ձայնագրման ճանաչված ստուդիաներից մեկի տնօրենը` Ալեքսեյ Գարնիզինը, լսում է նրա գործերից մի քանիսը և անմիջապես աշխատանքային պայմանագիր կնքում:

Շրջադարձն ուրախալի էր, բայց նաև շատ պատասխանատու: Ձայնագրման ստուդիան մտնում էր ռուս երգիչ Վալերի Լեոնտեևի «Դոբրոյե սերդցե» հայտնի ասոցիացիայի մեջ, և Վարդանը, որպես երգահան և գործիքվորող, սկսում է համագործակցել ռուսական էստրադայի արդեն փորձառու և նշանավոր ներկայացուցիչների հետ:

«Վալերի Լեոնտև, Բորիս Մոյիսեև, Իրինա Ալեգրովա... Չեմ կարող բոլորին հիշել. շատերի համար եմ երգերի երաժշտություն գրել և գործիքավորել: Օրինակ` Ալեգրովայի «Պոդարի էտու նոչ», «Նիզակոնի մոյ» երգերը, Լեոնտևի «Պոլնոլունիա» ալբոմի երգերի գրեթե կեսը իմ երաժշտությունների հիման վրա են գրվել»,- նշում է Վարդանը: Մոտ երեք տարի զբաղվել է Ֆիլիպ Կիրկորովի համերգների, Եվգենի Պետրոսյանի և Կլարա Նովիկովայի հումորային ներկայացումների հնչյունային ձևավորմամբ:

Երաժշտություն գրելու և գործիքավորելու նրա հմտություններն աննկատ չմնացին նաև այն ժամանակ, երբ մեկնեց Եվրոպա: 2010թ. դարձավ Իռլանդիայի «Երգահանների միջազգային ասոցիացիայի» անդամ: Նույն թվականին մասնակցեց Անգլիայում երգահանների ամենամյա միջազգային մրցույթին և արժանացավ մրցանակի (UK songwriters contest) «I'm living» երգով: Երգի խոսքերի հեղինակն ու կատարողը հայազգի երգչուհի Լիլիա Բարաքն է, ով այժմ ապրում է ԱՄՆ-ում:

Վարդանը, ում իր ոլորտի մարդիկ ավելի շատ Վիսարդ բեմական անվամբ են դիմում, սիրում է աշխատել տաղանդավոր երաժիշտների հետ: Ժամանակին եղել է «Միստր X» խմբի գեղարվեստական ղեկավարը: Նա է հեղինակել Միստր X-ի` Արթուր Հակոբյանի «Silence» երգի երաժշտությունն ու հնչյունային ձևավորումը: Գործիքավորել է նրա «Ադաջիո», «Կիլիկիա» և մի շարք այլ երգեր:

Հաճույքով է գրում հատկապես ֆիլմերի երաժշտությունները (սաունդթրեքերը): Աշխատել է «Վերսուս» կինոստուդիայում, գրել է «Մինասի առեղծվածը», «Շարունակվող պատերազմներ» ֆիլմերի երաժշտությունները: Արդեն երկար տարիներ պատրաստում է նաև Հայաստանի համահայկական հիմնադրամի ֆիլմերի երաժշտությունները: Այժմ «Շողակաթ» հեռուստաընկերության հաղորդումների հնչյունային ձևավորողն է:

Այն հարցին, թե իր մասնագիտությամբ արտասահմանում էր ավելի շատ գումար վաստակում, թե այստեղ, պատասխանեց. «Դրսում անկախ այն հանգամաքից, թե ինչքան գումարով ես գրածդ երաժշտությունը վաճառել, միշտ հոնորարներ ես ստանում: Օրինակ, եթե երգիչը քեզնից գնած երգը կատարում է որևէ ռեստորանում, ապա վերջինս պարտավոր է քեզ հոնորար վճարել: Նույնը, եթե երգը հնչում է որևէ համերգի ժամանակ կամ էլ հեռուստատեսության և ռադիոյի եթերով: Հայաստանում այդ մեխանիզմը դեռ չի գործում»:

Այնուամենայնիվ, Վարդանի համար առաջնահերթ է ոչ թե գումարը, այլ իր գրած երաժշտությունը արժանի հասեատիրոջը փոխանցելը: Վարդանն իր ձայնագրման ստուդիան պատրաստ է նույնիսկ անվճար ծառայեցնել այն երգիչներին, որոնց կատարողականության մեջ կհայտնաբերի զգացմունքայնություն: Այդպիսինները, նրա կարծիքով, շատ քիչ են Հայաստանում. «Մեր երգիչների կատարողկանության մեջ չկա դասականություն: Պարտադիր չէ, որ կատարելիք գործը դասական ստեղծագործություն լինի, բայց կատարումը պետք է լինի դասական, մեղեդային, զգացմունքային: Նկատել եմ, որ մեր մեջ այդ դասականության պակասը կա և ոչ միայն երգի ոլորտում»:

Այն առաջարկը, որը Վարդանը վերջերս է ստացել, առժամանակ կմոռացնի դասականությանը չառնչվող հայկական էստրադայի մասին: Աշխարհահռչակ տենոր, Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահան Միրաքյանի առաջարկով` Վարդանը շուտով կատարելու է օպերային երգչի նոր ալբոմում ընդգրկվելիք դասական կատարումների գործիքավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter