Հայաստան. կանխենք տնտեսական աղետը
Համառոտագիր
Հայաստանը սկսում է դասական վճարային հաշվեկշռի ճգնաժամի (balance-of-payments crisis) նշաններ ցույց տալ։ Փոխարժեքի փաստացի ֆիքսված լինելը և վարվող կառուցվածքային քաղաքականությունը հանգեցնում են զգալի արտաքին անհավասարակշռության, որը ի վերջո կբերի փոխարժեքի կտրուկ արժեզրկման՝ լուրջ հետևանքների առաջ կանգնեցնելով բավականին խոցելի բանկային համակարգը և բացասաբար անդրադառնալով արդեն իսկ բարձր պետական պարտքի մակարդակի վրա։ 2012-14-ին նախատեսված արտաքին պարտքի հսկայական վճարներն ու անբարենպաստ զարգացումները Եվրոպայում իրավիճակն էլ ավելի վատթար են դարձնում և կարող են արագացնել գործընթացը։ Եթե տնտեսական քաղաքականության ուղղությամբ և քաղաքական-տնտեսական հարթությունում կտրուկ փոփոխություններ տեղի չունենան, առաջիկա երեք տարիների ընթացքում դրամի զգալի արժեզրկման և/կամ արտաքին պարտքի դեֆոլտի հավանականությունը մենք շատ բարձր ենք գնահատում։
2009 թվականին Հայաստանում գրանցվեց 2007-2008 թթ. համաշխարհային ճգնաժամին հաջորդած, աշխարհի վատագույն տնտեսական անկումներից մեկը։ Սակայն եթե 2009-ի ելքը մեծապես պայմանավորված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամով, որի բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա էլ ավելի ուժգնացավ ներքին խնդիրների պատճառով, ներկայումս ի հայտ եկողը հիմնականում երկրում առաջացած խնդիրների հետևանք է, որի բացասական ազդեցությունը մեծանում է արտաքին մի նոր ալիքի պատճառով։ Սույն զեկույցի ուշադրության կենտրոնում են հենց այս ներքին խնդիրները, որոնց մեծամասնությունը ավելի շուտ քաղաքական կամքի հարթությունից է, քան կապված է ռեսուրսների պակասի կամ անբարենպաստ աշխարհագրության հետ։ Այստեղ մենք նաև մատնանշում ենք, որ տնտեսությունը չի ենթարկվել արտաքին ճշտման 2007-2008-ի ճգնաժամից հետո, և բավարար փաստարկներ կան՝ սպասելու նորանոր դժվարություններ, որոնք կուժգնանան Եվրոպայում կատարվող իրադարձությունների պատճառով։
Երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է ամբողջապես յուրացնի այս խնդիրները և հրատապ կերպով զբաղվի դրանք լուծելով։ Առայժմ թվում է, թե 2009-ի դասերը վատնվել են, և ոչ մի նշանակալի փոփոխություն չի իրականացվել քաղաքականության ոլորտում, ինչը կարող էր Հայաստանն ավելի պատրաստ դարձնել հավանական հաջորդ/գալիք զարգացումներին։ Փոխարենը կլանային կապիտալիզմի բաղադրիչները, երբ փոքր թվով անհատներ ունեն անհամամասնորեն մեծ իշխանություն և տնտեսական որոշումների կայացման վրա մեծ ազդեցություն, առավել են ուժեղացվել, ինչը արվել է աճի, առողջության, կրթության և ազգային անվտանգության հաշվին։ Սա ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական և պետք է փոխվի։ Հայաստանի հնարավորությունների պատուհանը՝ կառուցելու մրցունակ տնտեսություն և դիմակայելու սուր սոցիալական և ժողովրդագրական խնդիրներին, արագորեն փակվում է։
Երկրին սպառնացող մարտահրավերներին արդյունավետ դիմակայումը պետք է սկսվի լեգիտիմ իշխանությունների ձևավորմամբ, որոնք կկարողանան Հայաստանի ժողովրդի անունից վերահսկել նոր քաղաքական կուրսը։ Գալիք պառլամենտական ընտրությունը տալիս է հնարավորության այդ պատուհանը։ Բնակչության կողմից իր ազատ կամքի դրսևորման և բարոյական արդարության մթնոլորտի ստեղծումը կնպաստի հանրային վստահության ամրապնդմանը, որն այլ հավասար պայմաններում ձեռնարկվելիք միջոցառումները կդարձնի ավելի արդյունավետ: Եվ հակառակը. ևս մեկ կեղծված ընտրությունն անկասկած կհանգեցնի ավելի մեծ քաղաքական լարվածության, սոցիալական ցնցումների և ավելի ծանր մարտահրավերների ապագայում, որոնցից շատերը այս անգամ կարող են անհաղթահարելի լինել իշխող ռեժիմի համար։ Ստեղծված իրավիճակը պահանջում է իսկական ազգային միասնության կառավարություն, որն ի հայտ կբերի իրագործելի օրակարգ և այն կյանքի կոչելու համար կներգրավի Հայաստանի և Սփյուռքի բոլոր կառուցողական ուժերին։ Այս ջանքերը կպահանջեն համապատասխան պրոֆեսիոնալ կարողություններ, բայց և իրապես ազգային և մաքուր քաղաքական ղեկավարության օժանդակությունը։
Զեկույցն ամբողջությամբ` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել