ՈՒրբաթ, 24 մայիսի

4 անչափահաս երեխա մեծանում է մեծ փողոցի փոքր տնակում (վիդեո)

Քրիստինե Աղալարյան


15:30, 13 փետրվարի, 2012

Թբիլիսյան խճուղու գլխավոր փողոցից Կարախանյանների վագոն-տնակը նույնիսկ մայթը չի բաժանում: Վերջին օրերին տեղացած առատ ձյունը տնակի դուռը դժվարացնում է բացել: Թբիլիսյան խճուղու վագոն-տնակ 26 պայմանական հասցե տրված այս տնակում 4 անչափահաս երեխա է մեծանում: Ներսում դիմավորում է 3-ամյա Հովսեփը` ոտաբոբիկ, 5-ամյա Էռնեստը, իսկ փայտե արկղերի վրա, որը ծառայում է որպես բազմոց, 3-ամսեկան Էրիկն է պառկած: Ավագը` 12-ամյա Գալուստը դպրոցում է: 

Երեք մասի է բաժանած վագոն-տնակը, մի մասը ծառայում է որպես ննջասենյակ, մեջտեղում խոհանոց-լոգարան-զուգարան հատվածն է, իսկ երրորդ մասը կարելի է հյուրասենյակ համարել. Այս բաժանումն, իհարկե, պայմանական է, տնակն ավելի շատ խցի է նման, որտեղ շարժվելու գրեթե տեղ չկա:

Գոհարը հագցնում է Հովսեփին Էրիկն ու Հովսեփը

Երեխաների մորը` Գոհարին հարցնում եմ` փոքրիկները հաճա՞խ են հիվանդանում, ասում է` չէ, առողջ են, սովորել են: Վագոն-տնակի «հյուրասենյակը» համեմատաբար տաք է, փայտե վառարանի կողքին էլեկտրական ջեռուցիչն է, որը միշտ միացրած է: Երկար տարիներ լույսից զուրկ ապրելուց հետո էլեկտրիկները Կարախանյաններին դիմացի լուսաֆոռից հոսանք են միացրել: «Էլեկտրականը համարյա չի տաքացնում,-ասում է Գոհարը,- ցախ-մախ ենք վառում, դա էլ ուր որ է կվերջանա: Պատահում է սվետաֆորը փչանում է, մենք լույս չենք ունենում»: 

Լոգարանը

Տնակում իրերն էլ իրենց տեղը չունեն: Հագուստի համար պահարաններ չկան, հեռուստացուցի հենակետը կիսաթաց հատակն է: Ննջարանի նմանվող սենյակին փայտե վառարանի ջերմությունը չի հասնում, այս սենյակը խմորեղեն թխելու համար նախատեսված հին ջեռոցն է տաքացնում:  Լոգարան-խոհանոց հատվածն ամբողջությամբ թաց է ու ցուրտ, պատուհանին ապակի չկա, իսկ երեխաները հաճախ ոտաբոբիկ անցուդարձ են անում այդտեղից: 

Վագոն-տնակում, բացի 4 մանկահասակ երեխաներից, նրանց ծնողներից` Գոհար Սարգսյանից ու Արմեն Կարախանյանից, ապրում է նաև Արմենի եղբայրը, իսկ երբ հոգեբուժարանից նրա քույրն էլ է դուրս գրվում, գալիս է այստեղ: Ընտանիքը հիմնականում գոյատևում է նպաստի և օգնությունների միջոցով: Արմենը նախկինում մետաղների գործով է գումար վաստակել, բայց հիմա առողջության հետ խնդիրներ ունի, չի աշխատում: «Ամուսինս էն վախտվանից պղինձ-այլյումինի գործ է արել, դրանով ենք յոլա գնացել, հիմա էլ իրա պոշկեքը ցավում են, վզի հետևում էլ ողնաշարի վրա ուռած է, ֆիզիկական գործ չի կարա անի»,-պատմում է Գոհարը: 

Սննդի հարցում Կարախանյաններին թաղապետարանն է երբեմն օգնել: Երեխաներին հագուստ հատկացնում են տարբեր կազմակերպություններ: Տնակը փոքր-ինչ վերանորոգելու հարցում Եկեղեցին է աջակցել: 

Վագոն-տնակը` փողոցի կողքին Տնակի «ննջասենյակը»

Կարախանյանները երկար տարի է` ապրում են վագոն-տնակում: Գոհարը պատմում է, որ նույնիսկ իր հարս գալուց առաջ սկեսրայրն ու սկեսուրը` ամուսնու, տեգոր, տալի և վերջինիս երկու դստեր հետ նույն տնակում են ապրել: Բայց այն ժամանակ վագոն-տնակը այլ տեղում է եղել` ավելի ներքև և փողոցից բավականին հեռու: Հետո տարածքը վաճառվել է, և իրենց ստիպել են վագոն-տնակը տեղափոխել: Իրենք էլ, ուրիշ տեղ չգտնելով, տնակը տեղափոխել են Թբիլիսյան խճուղու այս հատված: 

Գոհարը կերակրում է իր կրտսեր որդուն 12-ամյա Գալուստը

Նախանցյալ տարի ավագ երեխան` Գալուստը, տան մոտ խաղալիս վրաերթի է ենթարկվել, ներքին արյունահոսություն է ունեցել, և երեխայի կյանքը փրկելու համար բժիշկները հեռացրել են նրա երիկամն ու փայծաղը: Ժամը 15:00-ի էր մոտենում, բայց Գալուստը դպրոցից դեռ տուն չէր հասել: Գալուստը Քանաքեռի 117-րդ դպրոցում է սովորում, որը բավականին հեռու է, և նա երբեմն ստիպված ոտքով  է տունդարձի ճանապարհը կտրում: 

Չնայած Գալուստը երկու օրգանից է զրկվել, բայց նա հաշմանդամության թոշակ չի ստանում: Գոհարը պատմում է, որ մի անգամ դիմել է երեխայի թոշակի հարցով, բայց Արաբկիրի մանկական պոլիկլինիկայում էպիկրիզը թարմացնելու համար ասել են` պետք է վճարում կատարել, ինքն էլ գումար չի ունեցել: 

Երեխաներին փողոցի վտանգից ազատելու և բնակելի տուն տրամադրելու խնդրանքով Գոհարը դիմել է Երևանի քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ բնակելի ֆոնդ չունեն, որպեսզի հատկացնեն նրան: Գոհարն արդեն հույս չունի, որ երբևէ կտեղափոխվեն վագոն-տնակից, և նրա 4 զավակները` Գալուստը, Էռնեստը, Հովսեփն ու Էրիկը պետք է մեծանան փողոցի կողքին: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)06:17 - 14 փետրվարի, 2012
Այս (և նմանատիկ) բոլոր ցնցող վիդեոները պետք է հավաքել մի կասետի մեջ ու ՊԱՐՏԱԴՐԵԼ,որ ցույց տան Ազգային Ժողովում: Իսկ եթե չհամաձայնվեն, կասետը ուղղարկեք ՈՒՄ ՊԱՏԱՀԻ-Հայաստանով մեկ,նույնիսկ դուրս-մինչև ՄԱԿ : Երկրիդ քաղաքացուն չքավորության մեջ պահելը ու դրանից դուրս գալու ելք չտալը ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ է:
2. ABC11:47 - 15 փետրվարի, 2012
Cavum em miayn erexaneri hamar. Lsel em ayd yntaniqi masin, lsel em, vor vochmek ashkhatelu cankutyun chuni. Isk irakanum tujum en miayn erexanery. Ete tsnoghnery aynqan anpatasxanatu en (te inchpes kareli e, inch iravunq unen iranq ayd paymannerum 4 erexa luys ashkharh berel, imanalov, vor vochmibanov ayd erexanerin chen karogh apahovel)... Normal erkir lineinq, arden iranc shutvanic kzrkein tsnoghakan iravunqneric ev erexanerin kbnakecnein yntaniqnerum (inchpes arvum e orinak Evropakan erkrnerum). Haskanum em, bolorn el uzum en erexa unenal, bayc!!! Tvjal paymannerum aveli lav e mek erexa unenal, ashkhatel, ev apahovel ayd erexaji hamar qich te shat normal kyanq, ayl voch te erexeqin "sharel" u spasel te ov kga kogni kam chi ogni.
3. John dahlberg09:27 - 16 փետրվարի, 2012
Please contact me so i can arrange help for this family.
4. S. S.13:18 - 16 փետրվարի, 2012
Միանգամայն համաձայն եմ ABC-ի հետ: Թող Աստված ների ինձ, բայց այդ երեխաների հայրը, որ չի կարողանում աշխատել, ապա, հազար ներողություն, ոնց է կարողանում երեխաներ արտադրել? Ախր չի կարելի սեփական երեխաների նկատմամաբ այսքան անպատասխանատու լինել: Երեխաներ են, կենդանիներ չեն, որ գոմերում ու փողոցներում մեծանան: Եվ նման դեպքերում ես չգիտեմ ով է ավելի վատը-պետությունը, որը չի մտածում իր քաղաքացիների մասին, թե ծնողը, որը չի մտածում իր սեփական երեխաների մասին.................Իրոք չգիտեմ.......
5. Kristne13:21 - 16 փետրվարի, 2012
Mr John, thank you for your response. This is my e-mail: kristine.a@hetq.am. I can give a phone number of Gohar or her husband, you can call them for any question. Thank you.
6. nan20:26 - 16 փետրվարի, 2012
normal erkrum 4 erexa unenum es karox es kyanqt apahovagrel u nuynisk vardzov aprel kargin tan mej shat mexka mer azg@ axr normal mard@ mer erkrum ashxatanq chi gtnum es knoj amusnun ov ashxatanq kta himnakan inchi duq cheq imanum vor etqan sur eq qnnadatum, myus koxmic es kin@ axpi mej e erexeqin mecacnum chem haskanum petutyunna galu sra tun@ maqri , sarsapeliya......
7. SARA19:21 - 17 փետրվարի, 2012
ASTVAC TOX NERI AYN MARDKANC VORONQ ANTARBER EN AYS POQRIKNERI HANDEP.TASNYAK PETAKAN ASHXATOX EV HNARAVORUTYAN TER MARDIK EN ANCNUM AYD POXOCOV AMEN OR@,BAEC..............PETQ CHI VOCH MEKIN QNADATEL SA MIAYN PETUTYAN XNDIRNE. QANZI AROJ @NTANIQ@ AMUR PETUTYAN HIMQN E.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»