
Դատավորը չարաշահել է իր լիազորությունները, նաև էթիկայի կաննոներն է խախտել, բայց շարունակում է իր դատավարական գործունեությունը
Վանաձորի բնակիչ Աշոտ Հարությունյանի և Ստեփանավանի դատավոր Արման Թովմասյանի միջև Ստեփանավանի խանութներից մեկում տղայական խոսակցություն էր սկսվել: Խանութից դուրս գալով`դատավորը նստել էր ավտոմեքենան և Աշոտ Հարությունյանին կարգադրել հետևել իրեն: Վերջինս իր մեքենայով հետևել էր դատավորին:
Դատավոր Թովմասյանը նրան Ստեփանավանի դատարան էր տարել և կարգադրել բացել դարպասները: Երկու մեքենաները մուտք էին գործել դատարանի բակ: Բացի երկու հերթապահ կարգադրիչներից դատավորը զանգով դատարան էր կանչել ևս երկու`ոչ հերթապահ կարգադրիչի: Այնուհետև Աշոտ Հարությունյանը ծեծի էր ենթարկվել դատավորի և կարգադրիչների կողմից. այս մասին Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնին հայտնի էր դարձել Աշոտ Հարությունյանի հոր`Սամվել Հարությունյանի դիմումից: Նաև դեպքի վերաբերյալ փաստեր ու ապացույցներ էր ներկայացրել Աշոտ Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Սամվել Հարությունյանի դիմումի հիման վրա իրավապաշտպան կազմակերպության կողմից Լոռու մարզի դատախազություն, Գլխավոր դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն ուղարկված մի շարք գրություններից հետո գործը փոխանցվել էր ՀՔԾ` կազմակերպության այն պահանջով, որ դատական կարգադրիչների անօրինական գործողություններն են վիճարկվում, դատավորն էլ անմիջական մասնակցություն է ունեցել միջադեպին, այսինքն, ըստ կազմակերպության հիմնավորման, հանցանքը կատարվել էր նաև դատավորի կողմից, ուստի գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում:
ՀՔԾ-ի վարույթ ընդունվելուց հետո, սակայն, շատ չանցած, գործը վերադարձվել էր Լոռու մարզի քննչական բաժին`այն պատճառաբանությամբ, որ դատական կարգադրիչների գործողություններում հանցակազմ չկա, նրանք տուժող են, իսկ դատավորն ընդհանրապես չի առնչվում գործին:
«Ս. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» իրավախորհրդատու Մերի Խաչատրյանը նկատում է, որ նախաքննության սկզբում դատավորը չի էլ հարցաքննվել:
«Ասպարեզում երևում էին միայն կարգադրիչները, այսինքն`երևում էր, որ դատավորը ընդհանրապես գործի մեջ չկա»,-ասում է փաստաբանը:
Ամբողջ նախաքննության ընթացքում դատավոր Արման Թովմասյանը մեկ անգամ է կանչվել հարցաքննության`ՀՔԾ-ի կողմից:
«ՀՔԾ-ն էլ դատավորի հետ որոշ զրույց կամ հարցաքննություն անցկացնելուց հետո պարզեց, որ դատավորը մեղք չունի»,-նախաքննական մարմնի դիրքորոշումն է բացատրում փաստաբանը, բայց միաժամանակ նկատում, որ նման եզրակացության հանգելով`ՀՔԾ-ն, սակայն, չի պատասխանել մի շարք հարցերի:
Մերի Խաչատրյանը առաջադրում է ՀՔԾ-ի ուշադրությունից դուրս մնացած հետևյալ հարցերը. ով է իրավունք տվել «շարքային» դատավորին իր տղայական խոսակցությունն անցկացնել դատարանի բակում, «շարքային» դատավորն իրավունք ուներ ոչ աշխատանքային ժամին`կեսգիշերին (ժամը 11.30-12.00-ի սահմաններում), զանգահարել հերթապահության մեջ չգտնվող դատական կարգադրիչներին և կանչել դատարան, իրավասու են դատական կարգադրիչները ոչ աշխատանքային ժամին կատարել «շարքային դատավորի» պահանջը`բացել դատարանի դարպասները:
Դեպքի վերաբերյալ իրավաբան արձանագրում է հետևյալ ստույգ փաստերը. կեսգիշերին` ոչ աշխատանքային ժամին, դատարանի`կողմնակի անձանց համար արգելված բակի տարածքում տեղի է ունեցել միջադեպ 4 դատական կարգադրիչների մասնակցությամբ, որոնցից երկուսը չեն եղել հերթապահության մեջ: Կարգադրիչները կատարել են գործողություններ, որոնք հրահանգված չեն եղել դատարանի նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից, ինչպես օրենքով է սահմանված, և այն էլ`ոչ աշխատանքային ժամին:
«Դատավորը կարգադրել է բացել դատարանի դարպասները և անծանոթ մարդուն հնարավորություն է տվել իր ավտոմեքենայով հայտնվել արգելված տարածքում, որտեղ նա ներքաշվել է ծեծի, կռվի, տղայական խոսակցության մեջ.-ասում է փաստաբանը,- Ստացվում է, որ դատավորը միանշանակ խախտել է Հայաստանի օրենսդրության պահանջները. չարաշահել է իր լիազորությունները`ոչ աշխատանքային գործունեության ընթացքում: Նաև էթիկայի կանոններն է խախտել»:
Ինպես Մ.Խաչատրյանն է նկատում, դատավորի`դատավարական գործունությունից դուրս լիազորություններն էլ են կանոնակարգված օրենքով: Արդարադատության խորհրդի կողմից սահմանված`դատավորների վարքագծի կանոններով` դատավորը պետք է պահպանի էթիկայի կանոնները ինչպես դատավարական, այնպես էլ ոչ դատավարական գործունեության ընթացքում:
Ինչ վերաբերում է դատական կարգադրիչների վարքագծի կանոններին, ապա դեպքի ժամանակ դրանք դեռևս ամրագրված չէին օրենքով`չնայած շրջանառության մեջ էր դրված այդ կանոնների վերաբերյալ նախագիծը: Դատարանների նախագահների խորհրդի կողմից կարգադրիչների էթիկայի կանոնները հաստատելու մասին որոշումն ընդունվել է 2011 թվականի հուլիսին, իսկ Աշոտ Հարությունյանի և դատավորի ու կարգադրիչների միջև դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերին:
«Եթե կարգադրիչների համար նախատեսված կանոնները ընդունվեին մինչև Աշոտ Հարությունյանի դեպքը, ապա հստակ կլիներ, որ կարգադրիչները թուլ են տվել իրենց համար սահմանված էթիկայի նորմերի խախտում»,-համոզված է իրավաբանը:
Դատական կարգադրիչների էթիկայի վերաբերյալ`արդեն հաստատված կանոնակարգով, օրինակ, կարգադրիչը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հեղինակազրկել պետական իշխանությանը, պետական մարմիններին, վտանգել պետական իշխանության իրականացումը: Իսկ դատավոր Թովմասյանն ու դատական կարգադրիչները, ըստ փաստաբանի, վտանգել են Ստեփանավանի դատարանի`ՀՀ-ին պատկանող վարչական շենքը:
«Այնքանով հաշվարկ չեն արել, որ կարող է զինված լիներ Աշոտ Հարությունյանը, կարող է նռնակ ունենար»,-նկատում է Մ.Խաչատրյանը:
Վերջինիս խոսքով`նախաքննական մարմինը, փաստորեն, անտեսել է իր կողմից վերը թվարկված գլխավոր հարցերը`դրանք «շրջանառության մեջ» չդնելով և համապատասխան գնահատական չտալով: Ըստ նրա`նախաքննական մարմնի կողմից չի կատարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչը հիմք է տալիս նրան ենթադրելու, որ դատարանի կողմից նույնպես ոչ օբյեկտիվ վճիռ է կայացվելու:
«Ինչքան տեսնում եմ, որ այդ գլխավոր հարցերին դեռևս պաստասխան չի տրվել, ենթադրում եմ ոչ օբյեկտիվ, անարդար վճիռ է լինելում»,-ասում է Մ.Խաչատրյանը:
Նրան այդպես ենթադրելու հիմք է տալիս նաև այն, որ կարգադրիչները մինչ օրս ոչ թե մեղադրյալի, այլ տուժողի կարգավիճակում են, իսկ դատավորն ընդհանրապես գործով կողմ չէ:
Ըստ Մերի Խաչատրյանի`ՀՔԾ-ն, վերը նշված հարցերին չպատասխանելով, «աչքերը փակեց դատավորի կատարած գործողությունների, ապօրինի կարգադրությունների վրա», և արդյունքում դատավոր Թովմասյանը շարունակում է իր գործունեությունը դատավարական համակարգում:
Ի թիվս այլ գրությունների`իրավապաշտպան կազմակերպությունը դատավոր Թովմասյանի վարքագծի վերաբերյալ մի քանի էջանոց գրություն էր ուղարկել նաև հանրապետության նախագահին: Նամակը մնացել է անպատասխան, մինչդեռ այդ նույն ժամանակ պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակվել, որ նախագահի հրամանագրով դատավոր Թովմասյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:
«Այսինքն`բողոքի արդյունքում դատավոր Թովմասյանը ընդհանուր իրավասության դատարանից փոխադրվեց վարչական դատարան: Եվ այսօր այդ դատավորը լսում է վարչական մարմինների դեմ ներկայացված բողոքները, գնահատական է տալիս պետական պաշտոնատար անձի անօրինական գործողություններին կամ անգործությանը կամ ակտերին է որակում տալիս: Գնահատական է տալիս մի դատավոր, որը ընդհանրապես այդ բարոյական կերպարը չունի, որ այդ պաշտոնը զբաղեցնի»,-եզրափակում է Մերի Խաչատրյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել