HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երաշտը՝ աղքատության հաղթահարման խոչընդոտ

Երբ խոսք է գնում հազարամյակի զարգացման ծրագրերի, աղքատության հաղթահարման մասին, հաճախ է շեշտվում, որ գյուղական աղքատության հիմնական պատճառներից մեկն անարդյունավետ գյուղատնտեսությունն է: Շատերն այն կարծիքն են հայտնում, որ գյուղատնտեսությունն, առհասարակ, ռիսկային ոլորտ է եւ լայն ծավալներով բնակչության աղքատության վերացման գործում կարեւոր դերակատարում չի կարող ունենալ: Կարելի է համաձայնել այս տեսակետին, եթե նկատի առնենք, որ հաճախ բարձրորակ սերմացուի, տնկանյութի, առաջավոր տեխնոլոգիաների ներդրման դեպքում անգամ բերքի ցուցանիշի հիմնական որոշիչները մնում են բնակլիմայական պայմանները: Այս առումով ընթացիկ տարում գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները հազիվ թե Սյունիքում նպաստեն աղքատության կրճատմանը, քանի որ տեւական երաշտը շարունակում է հսկայական վնաս հասցնել մարզի գյուղատնտեսությանը:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի վկայությամբ՝ մարզի գյուղատնտեսությունը նախնական հաշվարկներով այս տարի կկրի մոտ 3 միլիարդ դրամի վնաս: Առավել տուժել են 3500 հա գարնանացանի դաշտերը, որտեղ ցանքից հետո ընդհանրապես տեղումներ չեն եղել, եւ բույսերի բարձրությունը չի անցնում 10 սմ-ը: Ենթադրվում է, որ բերքի կորուստը կկազմի մինչեւ 95 տոկոս: 70%-ով վնասվել են նաեւ աշնանացան հացահատիկի դաշտերը: Երաշտի պատճառով մարզում ձգձգվում են նաեւ հնձի աշխատանքները: Եվ եթե նախորդ տարի հունիսի երրորդ տասնօրյակում մարզում հնձված ցանքատարածությունները հասնում էին 700 հեկտարի, ապա այս տարի դրանք կազմում են ընդամենը 120 հա:

Այն, որ այս տարի հացահատիկի միջին բերքատվությունը մարզում բավական ցածր կլինի՝ 4-5 ց/հա (նախորդ տարվա 18-ի փոխարեն), արդեն ակնհայտ է, սակայն առավել տագնապալին այն է, որ վտանգված են նաեւ եկող տարվա ցանքի աշխատանքները, քանի որ, քանակական ցուցանիշին զուգահեռ, հացահատիկային մշակաբույսերի, մասնավորապես ցորենի բերքը կրել է նաեւ որակական վնաս:

Ցորենի ծլման, հատիկալցման ընթացքում տեղումների բացակայության պատճառով բերքը պիտանի չի լինի ոչ միայն ալյուրի արտադրության համար, այլեւ եկող տարվա սերմացուի ձեռք բերման հարցում ֆերմերները կհայտնվեն անելանելի վիճակում:

Առհասարակ, տարվա ընթացքում հացահատիկի, մասնավորապես ցորենի սերմացուի պահանջարկը մարզում կազմում է մինչեւ 4500 տ: Ֆերմերների մի մասն այն ձեռք է բերում հանրապետություն ներկրվածից (հիմնականում բարձր վերարտադրության), իսկ հացահատիկի սերմացուի գերակշիռ պահանջարկը լուծվում է ի հաշիվ մարզի սերմարտադրող տնտեսությունների կամ յուրաքանչյուրն իր բերքից սերմացու է առանձնացնում: Այսօր արդեն պարզ է, որ գյուղացիները չեն կարող գոնե նվազագույն չափերով խնդիրը լուծել:

Ցորենի գնման, մթերման եւ ալյուրի արտադրության ոլորտում հարուստ ավանդույթներ ունեցող Գորիսի «Հայկ եւ Ժոս» ՍՊԸ-ի տնօրեն Սպարտակ Հակոբյանն ասում է, որ երաշտի պայմաններում հնձված ցորենն իր որակական հատկանիշներով չի կարող օգտագործվել ալյուրի արտադրության համար: Ավելին՝ բնակլիմայական անբարենպաստ եղանակի պայմաններում հացահատիկի մեջ չի ապահովվում սպիտակուցների բավարար քանակ, որի պատճառով նվազում է հատիկի քաշը. նորմալ պայմաններում 1մ 3 ծավալում տեղավորվում է 750 կգ, իսկ անբարենպաստ պայմաններում՝ հազիվ 600կգ հատիկ, եւ նման որակի ցորենը պիտանի չէ բարձրորակ ալյուրի արտադրության համար: Այս դեպքում, եթե նախորդ տարիներին ձեռնարկությունը կարողանում էր տարածաշրջանում ապահովել ալյուրի պահանջարկի մեծ մասը՝ հենց ֆերմերների հնձած ցորենի հաշվին, ապա այժմ իրենք մեծ ծավալով հացահատիկ մշակողների համար անգամ ցորեն կներկրեն:

Այսպիսով՝ յուրաքանչյուր հեկտարի մշակության համար 110-120 հազար դրամ ծախսող ֆերմերը, ստիպված լինելով ստացված անորակ հացահատիկի մեկ կիլոգրամը իրացնել ընդամենը 70- 75 դրամով, ոչ միայն չի կարողանա փոխհատուցել մեկ հեկտարի վրա կատարած ծախսերը, հոգալ իր ընտանիքի հացի խնդիրը, այլեւ, բնականաբար, սերմացուի պատճառով նկատելիորեն կկրճատի նաեւ հացահատիկի մշակության ծավալները:

Վերջին օրինաչափությունն, ի դեպ, նկատվում է հիմնականում բնակլիմայական անբարենպաստ տարիներից հետո: 2004թ., երբ մարզում մոտ 6000 տ չիրացված հացահատիկ մնաց, նաեւ այս պատճառով հաջորդ տարվա ցանքատարածությունները միանգամից նվազեցին : 2001 թվականի երաշտից հետո, օրինակ, երբ մարզի գյուղատնտեսությունը կրեց 2 միլիարդ դրամի վնաս (կառավարությունը ֆերմերների վնասը փոխհատուցեց 1000 տ բարձրորակ հացահատիկի սերմացուով), 2002թ. մարզում հացահատիկի ցանքատարածությունները 22098 հա-ից հաջորդ տարի դարձավ 17744 հա եւ մինչեւ 2006 թվականը, թեպետ աճման միտում նկատվեց, այնուամենայնիվ, դեռեւս չի հասել 2001 թվականի արդյունքներին: Եթե այս միտումը շարունակվի նաեւ ընթացիկ տարվա երաշտից հետո, ապա, բնականաբար, հարյուրավոր հեկտարներով դաշտեր կմնան անմշակ, ինչը էական ազդեցություն կունենա ոչ միայն հացահատիկի, այլեւ խոտի, ծղոտի արտադրության վրա:

Տնտեսագիտական լուրջ հաշվարկների անհրաժեշտություն չկա՝ ենթադրելու, թե այս պայմաններում ինչ ծավալի վնաս կկրեն մարզի գյուղացիական տնտեսությունները, եւ անիմաստ է խոսել գյուղատնտեսության միջոցով աղքատության վերացման, մարդկանց սոցիալական խնդիրների լուծման մասին: Միամիտ կլինի կարծել, օրինակ, որ Սիսիանի տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուր հեկտար կարտոֆիլի վրա ծախսվում է 1,2 միլիոն դրամ, հնարավոր է շահույթ ակնկալել այն դեպքում, երբ սովորաբար 22 աստիճանից բարձր պայմաններում կարտոֆիլի բերքն ունենում է 30-40 % կորուստ, իսկ այս տարի ցերեկվա միջին ջերմաստիճանն անցել է 25 աստիճանից:

2001 թվականից հետո մարզում կրճատվել են նաեւ կարտոֆիլի արտադրության ծավալները՝ 2004 հա-ից հասնելով 1770 հա-ի: Եթե նախորդ տարիներին կարտոֆիլի ցանքատարածությունների կրճատումը բացատրվում էր կարտոֆիլի իրացման խնդրով, ապա այժմ դրան կգումարվի նաեւ տնկանյութի պակասը:

Երաշտի պատճառով մարզում լուրջ դժվարություններ են ստեղծվել նաեւ անասնակերի ձեռքբերման գործում, քանի որ այսօր դաշտերում խոտածածկույթն արդեն այնպիսին է, ինչպես սովորաբար լինում է սեպտեմբերին՝ բերքահավաքից հետո: Արդյունքում, եթե նախորդ տարի խոտի յուրաքանչյուր հակը վաճառվում էր 300 դրամով, այս տարի այն հասնում է մինչեւ 750 դրամի:

Անասնակերի պակասը ոչ միայն կկրճատի անասունների կաթնատվությունը, այլեւ կազդի հարկադիր մորթի աճի վրա:

Հացահատիկի արտադրության ծավալների նվազման արդյունքում զգալիորեն կտուժի նաեւ խոզաբուծությունը:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային բաժնի պետ Էդգար Թոխսանցի՝ անասնապահության բնագավառում երաշտի ազդեցությունը վտանգավոր է նաեւ հիվանդությունների, մասնավորապես խշխշան պալարի, հողային ինֆեկցիայի, դաբաղի, արյունապարազիտային հարուցիչների տարածման առումով: Եթե առաջին հիվանդության դեմ պատվաստման աշխատանքներն իրականացվում են անվճար, թեպետ հնարավոր չէ լիարժեք բուժում ապահովել, ապա մյուս հիվանդությունների կանխարգելման, բուժման ծախսերը ֆերմերները պարտավոր են հոգալ իրենք, իսկ գյուղմթերքների նման արդյունքների պայմաններում դժվար է հույս ունենալ, որ մարդիկ դրա համար բավարար միջոցներ կունենան:

Բնության քմահաճույքները լրջորեն ազդել են նաեւ պտղի արտադրության վրա: Նախ՝ գարնանային ցրտահարությունները, ապա՝ երաշտը, հատկապես Սիսիանում եւ Մեղրիում, չեն կարող բարձրորակ բերք ապահովել: Այս ամենի հետ եթե նկատի ունենանք նաեւ, որ երբ թռչնագրիպի մասին լուրերը հասան Սյունիք, հազարավոր թռչուններ մորթվեցին, ապա միանգամայն պարզ կդառնա, որ իսկապես գյուղացին այսօր մնացել է «դառը դատած, դատարկ նստած», եւ դժվար է ակնկալել վնասի հատուցման բավարար միջոցներ:

Մասնագետների վկայությամբ՝ գյուղատնտեսական մթերքների արտադրությունը բնակլիմայական պայմաններից, մասնավորապես երաշտից ապահովագրելու միակ միջոցը ոռոգման ցանցի ընդլայնումն է: Վերջին տարիներին միջազգային տարբեր կազմակերպությունների աջակցությամբ մարզում ոռոգման ցանցի ընդլայնման որոշակի աշխատանքներ իրականացվում են, սակայն բանն այն է, որ մի կողմից՝ Սյունիքում հացահատիկ հիմնականում մշակում են անջրդի պայմաններում, մյուս կողմից՝ կրկին ֆինանսական միջոցների պատճառով ոռոգման ջրի դիմաց վճարները կանոնավոր չեն վճարվում:

«Որոտան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սեւադա Ադամյանը տեղեկացնում է, որ Գորիսի տարածաշրջանում ոռոգվող ցանքատարածությունները կազմում են 4600 հա, որից այսօր հնարավոր է ոռոգել միայն 300-ը: Հիմնական պատճառը ոռոգման ներքին ցանցերի անսարքությունն է, իսկ երաշտի պայմաններում ոռոգման խնդրի իրականացման դժվարություններին գումարվում է նաեւ էլեկտրաէներգիայի նախնական սահմանափակությունը:

Թե դեռ որքան կշարունակվի երաշտը, դժվար է գուշակել: Այդ մասին կանխատեսումներ չեն անում նաեւ Գորիսի օդերեւութաբանական կայանում, որի ագրոտեխնիկ Լարիսա Մնացականյանի հաստատմամբ՝ թեպետ իրենք օրվա ընթացքում կատարում են մի շարք դիտումներ՝ հիմնականում հողի ջերմության, տեղումների քանակի եւ այլնի մասին, այնուամենայնիվ, տարածաշրջանի եղանակի տեսության տվյալներն ամեն օր ստանում են մայրաքաղաքից:

Միայն կանխատեսումները չէ, որ մայրաքաղաքից են ստացվում: Սյունիքի մարզի գյուղացիական տնտեսություններն ակնկալում են, որ շարունակվող երաշտի պատճառած վնասների, դրանց վերացման, փոխհատուցման համար նույն մայրաքաղաքի իրավասու կազմակերպությունների կողմից որոշակի միջոցներ, այնուամենայնիվ, կտրամադրվեն, հակառակ դեպքում աղքատության վերացմանն ուղղված մեր երկրի ջանքերը պարտություն կկրեն բնության արհավիրքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter