HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փախստականների ընտանիքը դատական սարդոստայնում

Միքայել Բաբալյանի 6 հոգուց բաղկացած ընտանիքը Ադրբեջանից Հայաստան է ներգաղթել 1988-ին եւ ժամանակավորապես բնակվել է Աղվերանում: Ցանկանալով բնակվել Աբովյանում' նրանք 1990-ին դիմել են քաղաքի ղեկավարությանը եւ նույն թվականի ապրիլի 23-ին ընդգրկվել են Աբովյանում կոոպերատիվ բնակարան ստանալու հերթացուցակում:

11.04.2000թ.-ի թիվ 4 որոշմամբ ՀՀ փախստականների եւ միգրացիայի վարչությունը ու ՄԱԿ ՓԳՀ-ն Միքայել Բաբալյանին ու նրա դուստրեր Մարիետային եւ Մադլենային Չարենցավանում մեկ սենյականոց բնակարան են հատկացրել, բայց նրանք հրաժարվել են այնտեղ բնակվել, քանի որ Աբովյանում են թաղվել աղջիկների' 1994-ին զոհված ազատամարտիկ եղբայրը' Ալեքսանդր Միքայելի Բաբալյանը, այնուհետ' նաեւ մայրն ու տատը:

2006-ին Միքայել Բաբալյանըգրավոր հրաժարվել է Չարենցավանի բնակարանից, եւ նույն թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության եւ ՄԱԿ ՓԳՀ-ի բնակարանների բաշխման համատեղ հանձնաժողովը չեղյալ է համարել 2000-ի որոշումը:

Բաբալյանները բազմիցս դիմել են ՀՀ փախստականների եւ միգրացիայի վարչություն' Աբովյանում բնակարան ստանալու համար, բայց վերջինս պատասխանել է, որ քաղաքում ազատ բնակարաններ չկան, լինելու դեպքում էլ իրենք տեղյակ կպահեն Բաբալյաններին:

«2004-ին Բաբալյանները սեփական կամքով մտել էին Աբովյանի 8-րդ միկրոշրջանի դատարկ 17Ա,Բ քոթեջը, որը կառուցվել էր ՄԱԿ-ի միջոցներով փախստականների համար: Բայց հաջորդ օրն իսկ այնտեղ էին եկել մի քանի տղամարդիկ, ովքեր քաշքշել ու ծեծել էին հայր Բաբալյանին, հայհոյել, ասել, որ դուրս գան բնակարանից, իբր թե իրենք գնել են այն քոթեջի սեփականատեր Օլգա Տերոյանից»,-պատմում է Բաբալյանների փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանն ու ավելացնում,-«Բաբալյանները զանգեցին ինձ, ու ես միանգամից գնացի Աբովյան: Հետս վերցրել էի նաեւ ՀՀ կառավարության 1992թ. թիվ 588 որոշումը, որում ասվում է, թե փախստականների ապօրինի զբաղեցրած բնակարանները չի կարելի այլ քաղաքացիների հատկացնել, մինչեւ նրանց այլ բնակարան, կացարան հատկացնելու կամ բնակության այլ վայրեր տեղափոխելու հարցը չլուծվի: Այդ տղամարդիկ, ինձ տեսնելով, միանգամից նստեցին մեքենան ու փախան: Հետո էլ ոստիկանությունից էին եկել Բաբալյաններին վտարելու համար: Ես էլ, կառավարության որոշման թուղթը ձեռքիս, մտա միլպետի մոտ ու սպառնացի, որ դատի կտամ բոլոր նրանց, ով ձեռք կբարձրացնի Բաբալյանների վրա»:

Օլգա Տերոյանի 10 անդամից բաղկացած ընտանիքը Ադրբեջանից Հայաստան է եկել 1988-ի դեկտեմբերի 1-ին, ինչպես նշված է նրա ընտանիքի փախստականի քարտում եւ անկետայում: Նրանք սկզբում բնակվել են Քանաքեռում, իսկ մեկ տարի անց տեղափոխվել են Աբովյանի «Սիրիուս» գործարանի հանրակացարան:

Տերոյանների՝ փախստականի ընտանիքի անկետայում նշված է Ադրբեջանի իրենց բնակարանի հասցեն' ք. Կիրովաբադ, 3-րդ միկրոշրջան, տուն 14, բն. 33: Բնակարանի տվյալների մեջ նշված է միայն, որ այն եղել է սեփական, իսկ մյուս տվյալների լրացման տեղում գրված է' «oբմենյալի»: Այսինքն' Տերոյանները գաղթի ժամանակ փոխանակել են իրենց նախկին բնակարանը, բայց թե ի՞նչ բնակարանի հետ եւ ե՞րբ, հայտնի չէ: 1997թ. ՀՀ կառավարության թիվ 330 որոշման 9-րդ կետի համաձայն՝ բնակարանի կարիքավոր չեն հաշվառվում այն փախստականները, «որոնք իրենց նախկին մշտական բնակության վայրում (այլ պետության տարածքում) իրենց բնակարանը փոխանակել են ՀՀ-ում գտնվող որեւէ բնակարանի հետ կամ էլ ստացել են բնակարան, կամ սեփականության իրավունքով ձեռք են բերել բնակարան»:

«Փաստաթղթերում նշվում է, որ Տերոյանները 1995-ի դեկտեմբերի 27-ին ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի եւ փախստականների հարցերի նախարարության ու Աբովյանի քաղխորհրդի գործկոմի հետ Աբովյանի 8-րդ միկրոշրջանի 17Ա,Բ քոթեջը իրենց հատկացնելու պայմանագիր են ստորագրել: Բայց փախստականի նրանց ընտանիքի անկետայում բնակարան ստանալու առիթով կատարված լրացման կողքին գրված է 10.10.1997թ.»,-նշում է Ռ. Տեր-Վարդանյանը:

Պայմանագիրը կնքողներից «տանտեր» կողմի կազմում եղել են Աբովյանի քաղխորհրդի գործադիր կոմիտեն ու ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի եւ փախստականների հարցերի նախարարությունը: Կողմերի ստորագրությունների հետ մեկտեղ դրված է նաեւ ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության կնիքը: «Բանն այն է, որ այդ վարչությունը 27.12.1995-ին չի գործել որպես առանձին կառույց, այլ եղել է ՀՀ սոցապ նախարարության կազմում: Ակնհայտ է, որ պայմանագիրը կեղծող կողմերը ցանկացել են «օրինական» դարձնել 1995 թիվը, բայց չեն նկատել նախարարության եւ վարչության միաժամանակյա վավերացման հակասությունը»,-ասում է փաստաբան Ռ. Տեր-Վարդանյանը ու շարունակում,- «Հարց է ծագում. ինչու՞ է պայմանագրում նշված 1995, այլ ոչ թե 1997: Պայմանագիրը կնքվում է 5 տարով, որից հետո է միայն «բնակչին» թույլատրվում սեփականաշնորհել այն: Այսինքն' Տերոյանները պարտավորվել էին 5 տարի ապրել այդտեղ, այնինչ նրանք բնակվում էին ՌԴ-ում: Էլ ինչու՞ պետք է նրանք օրինական կերպով ապրեին 17Ա,Բ քոթեջում մինչեւ 2002թ., եթե կարելի էր կեղծիքի միջոցով 5-ի փոխարեն «բնակվել» 3 տարի' մինչեւ 2000թ.»:

Պայմանագրով նախատեսվում է նաեւ, որ «բնակիչը» պարտավոր է բնակարանը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում գրանցվել իրեն հատկացված բնակարանում, այլապես նա կզրկվի դրանից: Տերոյանները 17Ա,Բ քոթեջում գրանցվել են միայն երկու տարի անց' 09.07.1999-ին:

Տասը հոգուց բաղկացած ընտանիքի անդամներից վեցը եղել են չափահաս. Օլգա Տերոյանը, ամուսինը' Գուրգենը (մահացել է 2002-ին), որդիները' Արտուշը եւ Վյաչեսլավը, դուստրը' Անուշը, Արտուշի կինը' Մարինեն, նաեւ չորս անչափահասներ. Օլգա, Դիաննա եւ Էլինե Արտուշի ու Գուրգեն Վյաչեսլավի Տերոյանները: Ընդ որում' վերջին երեքը որպես փախստական չեն հաշվառվել: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, քանի որ ծնվել են Հայաստանում:

Տերոյաններից եւ ոչ ոք Աբովյանի 8-րդ միկրոշրջանի 17Ա,Բ քոթեջի օրինական տեր չէր կարող դառնալ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ զրկվել է փախստականի կարգավիճակից ու բնակարանի կարիքավոր լինելուց:

Այսպես' Անուշ Տերոյանը դեռեւս 1990թ. ամուսնացել է Աբովյանի բնակիչ Ենգիբար Պետրոսյանի հետ, հետեւաբար, 2001թ.-ի «Փախստականների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն, կորցրել է փախստականի կարգավիճակը:

24.06.1997-ին Արտուշ Տերոյանը սեփականության իրավունքով գնել է Աբովյանի 3-րդ միկրոշրջանի 23 շենքի 13 բնակարանը: Սա նշանակում է, որ նա, ՀՀ կառավարության 1997թ.-ի թիվ 330 որոշման 9-րդ կետով, բնակարանի կարիքավոր համարվել չէր կարող: Ի դեպ, 2004-ին Արտուշը վերոնշյալ բնակարանը վաճառել է եղբորը' Վյաչեսլավին:

05.08.1998-ին Օլգա Տերոյանը դիմել է ՀՀ միգրացիայի եւ փախստականների վարչություն' ՌԴ մեկնելու կապակցությամբ Արտուշ եւ Անուշ Տերոյաններին փախստականի հաշվառումից հանելու համար, ինչն էլ կատարվել է 10.08.1998-ին: 1998-ին ՌԴ է մեկնել Արտուշի կինը' Մարինեն, իր երեք անչափահաս աղջիկների հետ, նաեւ Վյաչեսլավը' անչափահաս տղայի հետ:

23.03.2001-ին Արտուշ Տերոյանը ստացել է ՌԴ անձնագիր, իսկ 20.06.2003-ին նրա կին Մարինեն եւ երեք անչափահաս աղջիկները' ՌԴ կացության վկայական:

Արտուշն իր ընտանիքով մշտական բնակություն է հաստատել ՌԴ-ի Ռամենսկոյե քաղաքի Չուգունովի 34/68 հասցեում, իսկ Վյաչեսլավը իր տղայի հետ' նույն քաղաքի Կիրովի 5/12 հասցեում: Նաեւ այս պատճառով նրանք այլեւս փախստական համարվել չէին կարող:

Տերոյանները իրենց հատկացված քոթեջում գրեթե չեն ապրել: Պատկան մարմինների անցկացրած ստուգումները ցույց են տվել, որ 1998, 1999 եւ 2002-03-ին ամիսներ շարունակ քոթեջում ոչ ոք չի բնակվել: Այնինչ նրանք իրավունք չունեին 6 ամսից ավելի բացակայել բնակարանից: Ըստ այդմ, Բնակարանների հատկացման հանձնաժողովի նիստում 1999-ին Օլգա Տերոյանը զրկվել է 17Ա,Բ քոթեջից, որի Ա սենյակը տրվել է փախստական Ռուզաննա Գրիգորյանին: Բայց Տերոյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան եւ, շահելով վեճը, վտարել է Գրիգորյանին քոթեջից:

ՌԴ-ում բնակվող Վյաչեսլավը 07.08.2003-ին, իսկ Արտուշը եւ Մարինեն' 08.10.2003-ին նոտարով հասատված փաստաթղթերով Օլգա Տերոյանին տվել են 17Ա,Բ քոթեջը սեփականաշնորհելու համաձայնություն' հրաժարվելով իրենց բաժնեմասից, չնայած մինչ այդ էլ քոթեջի նկատմամբ նրանք որեւէ իրավունք չունեին:

Օլգա Տերոյանը Կոտայքի մարզպետի անունով 04.10.2003-ին ներկայացրել է Աբովյանի 17Ա,Բ քոթեջը սեփականաշնորհելու դիմում, որի տակ դրված են եղել իր, անչափահասներ Դիանայի ու Օլգայի, ինչպես նաեւ աղջկա' Անուշի ստորագրությունները: «Անուշ Տերոյանի այս ստորագրությունը ակնհայտորեն տարբերվում է 23.07.1999-ին ստացած ՀՀ քաղաքացու անձնագրում դրված ստորագրությունից»,-ասում է Բաբալյանների փաստաբանը:

Իսկ 20.11.2003-ին, հիմք ընդունելով միայն «ՀՀ բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման եւ բնակելի տարածքների հատկացման հանձնաժողովի» 27.12.1995թ. որոշումը եւ անտեսելով ոլորտին վերաբերող ՀՀ գործող օրենսդրության պահանջները՝ Կոտայքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Վանիկ Հունանյանը կազմել, փոխմարզպետի եւ իրավաբանական բաժնի պետի հետ համաձայնեցնելուց հետո Կոտայքի մարզպետի հաստատմանն է ներկայացրել թիվ 991 որոշման նախագիծը, որի հիման վրա Աբովյանի 8-րդ միկրոշրջանի 17Ա,Բ քոթեջն ու դրան կից հողատարածքը ապօրինի սեփականաշնորհվել է Օ. Տերոյանի ինը հոգուց բաղկացած ընտանիքին (բոլոր 9 անդամները այսպիսով դարձել են համասեփականատերեր):

2005-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչությանը տված ցուցմունքում Վ. Հունանյանը նշել է, «որ ամբողջությամբ տիրապետում է քաղաքացիական ծառայության իր պաշտոնի անձնագրով նախատեսված բոլոր օրենքներին, այդ թվում նաեւ «Փախստականների մասին» ՀՀ օրենքին, սակայն Օ. Տերոյանի դիմումին ընթացք տալու նպատակով, աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով, դիմումին կից ներկայացված փաստաթղթերն ու դրանց հիմքերը պատշաճ ձեւով չի ստուգել եւ ընդունել է իր կողմից պաշտոնեական անփութություն կատարելու հանգամանքը: Միաժամանակ խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ քրեական գործի վարույթը կարճել' վաղեմության ժամկետն անցնելու հիմքով»:

2004-ին փախստական Բաբալյանները 17Ա,Բ քոթեջը իրենց հատկացնելու հայցով դիմել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Դատարանը (դատավոր' Ս. Հովսեփյան) 26.11.2004-ին վճռել է չեղյալ համարել վերոնշյալ քոթեջը Տերոյաններին հատկացնելու պայմանագիրը եւ այն հատկացնել Բաբալյաններին:

Օ. Տերոյանը բողոքարկել է այս վճիռը վերաքննիչ դատարանում (նախագահող դատավոր' Վ. Ավանեսյան):

«Ես դատավորի անաչառության հետ կապված մտավախություն ունեի: Այդ իսկ պատճառով հայցը թողեցի առանց քննության: Այս դեպքում առաջին ատյանի դատարանի վճիռը կորցնում է իր իրավական ուժը»,-ասում է Ռուզաննա Տեր-Վարդանյանը:

2005-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի դատախազ Լ. Հովհաննիսյանը, ուսումնասիրելով 17Ա,Բ քոթեջի գործի մանրամասները, դրա հետ կապված վկաների ցուցմունքները, պարզել է, որ «քոթեջի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու եւ դրան տիրանալու նպատակով Օլգա Տերոյանը խարդախություն չի կատարել, Կոտայքի մարզպետին հասցեագրված դիմումին կից փաստաթղթերը կեղծ եւ դրանում նշված փաստերը խեղաթյուրված չեն, որպիսի պայմաններում նրա գործողություններում բացակայում է ՀՀ Քր.օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի հանցակազմը, ուստի այս դրվագով գործի վարույթը ենթակա է կարճման: Նախաքննությամբ ապացույցներ ձեռք չեն բերվել նաեւ ՀՀ Փախստականների եւ միգրացիայի վարչության ու Կոտայքի մարզպետարանի որեւէ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ, ուստի այս դրվագով եւս գործի վարույթը ենթակա է կարճման»:

30.11.2005-ին Լ. Հովհաննիսյանը որոշել է գործը կարճել' հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ մարզպետարանի աշխատակից Հունանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել' վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ: Միաժամանակ որոշել է համապատասխան միջնորդագիր ներկայացնել Կոտայքի մարզպետին' հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Կոտայքի մարզպետն էլ »հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու համար» դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան հայցով, որ վերջինս Տերոյաններից քոթեջի սեփականատեր թողնի միայն Օլգային եւ նրա որդուն' Վյաչեսլավին: Բացի այդ, զրկի Տերոյաններին 17Ա,Բ քոթեջի Բ սենյակից, որովհետեւ իբր թե սեփականաշնորհման ժամանակ փաստացի բնակվել են միայն վերոնշյալ երկուսը:

Դատարանը 20.01.2006-ին բավարարել է հայցը: Բայց փաստաբան Տեր-Վարդանյանը նշում է, որ տվյալ դեպքերում օրենքով չի թույլատրվում տարբեր սեռի երկու չափահաս անձանց բնակվել նույն սենյակում:

«Պարզ է, չէ՞, որ Տերոյանները ու նրանց կողմնակիցները նպատակ ունեին նոր քոթեջ ձեռք գցել»,-ասում է Ռ. Տեր-Վարդանյանը:

2006-ին Բաբալյանները նորից դիմել են դատարան 17Ա,Բ քոթեջը իրենց հատկացնելու հայցով: 12.05.2006-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր' Գ. Հեբոյան) մասնակի բավարարել է Բաբալյանների հայցը. Տերոյաններին քոթեջը հատկացնելու պայմանագիրը անվավեր է ճանաչել, իսկ «ինչ վերաբերում է այն Բաբալյաններին հատկացնելու հայցին, ապա այն համապատասխան մարմինների իրավասության շրջանակում է, եւ դատարանը գտնում է, որ այդ մասով հայցը պետք է մերժել»:

Օ. Տերոյանը բողոքարկել է նաեւ այս երկու վճիռները, որոնք 20.01.2006-ին եւ 12.05.2006-ին կայացրել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը:

Առաջին վճիռը կայացվել էր Կոտայքի մարզպետի' յոթ Տերոյաններին սեփականության իրավունքից եւ ընտանիքին քոթեջի Բ սենյակից զրկելու հայցով:

Վերաքննիչ դատարանում գործը սկսվել էր դեռեւս 2006-ի փետրվարին:

«Փետրվարից մինչեւ հունիսի 30-ը Կոտայքի մարզպետարանը առանց քննության թողեց իր հայցը: Իսկ դա արեց այն պատճառով, որպեսզի ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր' Կ. Հակոբյան) հնարավորություն ունենար Բաբալյանների հայցը մերժել' հենվելով այն փաստի վրա, որ բնակարանի հատկացման պայմանագիր կնքող կողմերից եւ ոչ մեկը հայցով չի դիմել դատարան' նշված քոթեջը Տերոյաններին հատկացնելու եւ սեփականաշնորհելու պայմանագրերը անվավեր ճանաչելու խնդրանքով»,- պարզաբանում է Ռ. Տեր-Վարդանյանը:

«Արդեն քանի տարի է' այս գործը Տերոյաններին աջակցող մարմինների կողմից ձգձգվում է: Նրանք ամեն կերպ փորձում են կոծկել իրենց կատարած կեղծիքները: Բայց մենք պայքարելու ենք մինչեւ վերջ: Արդեն դիմել ենք վճռաբեկ դատարան, հարկ եղած դեպքում դիմելու ենք Սահմանադրական, հետո էլ' Եվրադատարան»,- վճռական տոնով ասում է Ռ. Տեր-Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter