HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուջեով գյուղ չես պահի

Մեղրիի վիճակագրական տեսչության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Մեղրիից մեկնել է 12 մարդ, այլ բնակավայրերից այստեղ բնակություն են հաստատել երեքը: Կանխատեսումներ չանենք մեկնողների տեղափոխության պատճառների մասին, սակայն, եթե հավատանք նույն այդ աղբյուրներին, նախորդ տարիների համեմատ Մեղրիում մարդկանց բարեկեցության մակարդակն էապես բարձրացել է: Եվ հանքարդյունաբերության հետ միասին տարածաշրջանում աշխատանքի ապահովվածության առումով այժմ լուրջ դերակատարում ունի Մեղրին մայրաքաղաքին կապող եւ Քաջարանի լեռնանցքը շրջանցող ճանապարհի կառուցումը: Ըստ Մեղրիի տարածքային հարկային տեսչության պետ Աշոտ Ռշտունու՝ յուրաքանչյուր ամիս տեսչությունը հավաքագրում է 30 միլիոն դրամ հարկ, որի կեսից ավելին բաժին է ընկնում ճանապարհաշինարարություն իրականացնող կազմակերպությանը:

Այն, որ զբաղվածության ապահովումը կարող է նպաստել աղքատության կրճատմանը, ակնհայտ է նաեւ Մեղրիի գյուղական համայնքներում: Մարզկենտրոն Կապանից 95 կմ հեռավորության վրա գտնվող Կարճեւան գյուղում, օրինակ, մարդկանց բարեկեցության մակարդակը համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը բավարարից բարձր է գնահատում՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ գյուղի աշխատունակ բնակչության գերակշիռ մասն աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, եւ նրանց միջին աշխատավարձը կազմում է մինչեւ 80 հազար դրամ: Կարճեւանցիների համեմատաբար բարձր կենսամակարդակի վկայությունն են նաեւ գյուղի երկհարկանի, շքեղ առանձնատները՝ տնամերձ բերքառատ այգիներով:

«Բերքը շուկա տանող չկա, ծանոթ-բարեկամի համար ենք ուղարկում, մեկ-մեկ Երեւանից փոխանակողներ են գալիս»,-մեծավարի հայտարարում է իններորդ դասարանցի Արթուրը եւ հավելում, որ իրենց գյուղում բոլորն արբանյակային ալեհավաքներ ունեն: Կասկածում եմ, որ վերջինս կարող է մարդկանց ապրելակերպի չափանիշ լինել, որովհետեւ չորս կողմից լեռներով շրջապատված Կարճեւանում հեռուստահաղորդումներ դիտելու այլ հնարավորություններ չկան:

Գյուղն ուղիղ գծով մի քանի հարյուր մետրով սահմանակից է Նախիջեւանի հանրապետությանը, 3 կմ երկարությամբ երիզում է ՀՀ պետական սահմանը եւ օգտվում սահմանամերձ գյուղերի համար ՀՀ կառավարության կողմից սահմանված արտոնություններից: Դրանցից եւ ոչ մեկը, սակայն, չի կարող լուծել Կարճեւանի համար հրատապ ոռոգման ջրի խնդիրը: Նախկինում ոռոգման ջուր ստանում էին Արաքս գետից երկաստիճան պոմպակայանի միջոցով, սակայն դրա համար բավական մեծ միջոցներ են անհրաժեշտ: «Ելքը կարգապահությունն է»,- նկատում է համայնքապետը: Հերթով տասը օրը կամ շաբաթը մեկ անգամ մարդկանց ոռոգման ջուր է տրվում: Շոգ օրերին ոռոգման նպատակներով է օգտագործվում նաեւ խմելու ջուրը, որի համար գրաֆիկ է սահմանվել, այն էլ՝ գյուղամիջյան աղբյուրների միջոցով:

Ծովի մակերեւույթից 920 մ բարձրության վրա գտնվող Կարճեւանում տարեկան մինչեւ 40 տ բերքը կարող է կրկնապատկվել, եթե ամռան տապին հնարավոր լինի այգիները ջրել: Թերեւս, իրավացի են այն կարճեւանցիները, ովքեր ափսոսանք են հայտնում, որ գյուղի 80 հա գյուղատնտեսական նշանակության հողերի 90%-ից ավելին անմշակ է մնում, բայց դրա համար հողի հարկ են վճարում: «Դա մեր համայնքի բյուջեի գոյացման հիմնական միջոցն է: Արտադրությունում աշխատելով՝ հողի սեփականաշնորհման նրանց իրավունքը չի փոխվում»,- մեկնաբանում է համայնքային իշխանության ղեկավարը եւ շարունակում, որ այդ միջոցների հաշվին է գյուղում մշտապես գործում մանկապարտեզը, աշխատում մշակույթի տունը, որտեղ շատ հաճախ միջոցառումներ են կազմակերպվում:

Արմեն Ավետիսյանը բնական է համարում, որ որտեղ արդյունաբերությունը զարգանում է, այնտեղ գյուղատնտեսությունը նահանջում է: «Երկու երնեկ մեկտեղ չի լինում»,-կես-կատակ նկատում է համայնքապետը եւ շեշտում, որ Կարճեւանի համար այսօր կարեւորը Կարճեւան-Ագարակ մարզային ենթակայության 3 կմ ճանապարհի հիմնանորոգումն է, հեռախոսակապի բարելավումը: «Գյուղի հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է 109 միլիոն 730 հազար դրամ»,- նշում է համայնքի ղեկավարը եւ շեշտում, որ այն հնարավոր է լուծել միայն օտարերկրյա ներդրումների հաշվին: Համայնքի սոցիալական մի շարք խնդիրների լուծման գործում որոշակի ավանդ ունեն նաեւ կարճեւանցի բարերարները: Գյուղում երախտագիտությամբ են խոսում նրանց մասին, հատկապես բժիշկ Օնիկ Կարապետյանի, որը դպրոցի հիմնադրման 130-ամյակի առթիվ համակարգչային տեխնիկայով սովորելու հնարավորություն ընձեռեց կարճեւանցի դպրոցականներին:
Մեղրիում զանգվածաբար հրաժարվում են սեփականաշնորհված հողերից

Գյուղի խնդիրների լուծման գործում տարբեր կազմակերպությունների, անհատների ներդրումները կարեւորում է նաեւ Մեղրիի Լիճքի համայնքապետ Հովիկ Միրզոյանը: «Վերջերս «Ազգ» թերթում մի հոդված կարդացի, որ եթե մի գյուղից նախարար կամ բարձր պաշտոնյա չի լինում, էդ գյուղում դժվարությունները շատ են: Ես դրան կավելացնեի, որ եթե այդ համայնքի ղեկավարը ընկերական լավ շրջապատ չի ունենում, որ կարողանա նրանց հնարավորություններն օգտագործել, վա՜յ էդ գյուղի հալը: Բյուջեով գյուղ չես պահի»,-ասում է համայնքի ղեկավարը եւ իսկույն ավելացնում,-պետությունը պիտի գյուղի զարգացման հստակ ծրագիր ունենա, համայնք առ համայնք առանձնացնի բոլորի խնդիրները, որ իմանա, թե որ համայնքը ինչի՞ կարիք ունի, ինչո՞վ կարող է օգնել: Վերջերս իմացա, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է գյուղական համայնքների մասին տեղեկատու հրատարակելու գործը: Խոսք չունեմ, կարեւոր գործ է կատարվում, բայց դա Լիճքի մարդկանց ոչնչով չի օգնի, եթե անձրեւներ սկսվեն, ու հնձիչի պատճառով խոտը դաշտում մնա, անասունն էլ՝ գոմում սոված...Եվ, եթե Վարդանիձոր համայնքի ղեկավար Ալբերտ Բեգլարյանն էլ չլինի, որ աչքի լույսի նման պահում է գյուղտեխնիկան ու մարդկանց նեղ օրին հասնում, ժողովուրդը դառը դատած, դատարկ նստած կմա»:

Իր գնահատականների համար Լիճքի համայնքապետը հիմնավորում ունի: Տարիներ առաջ գյուղում գրեթե բոլոր ընտանիքներն օգտվել են հողի, գյուղտեխնիկայի սեփականաշնորհումից՝ ուրախանալով, որ արդեն սեփականատեր են, կարող են ինքնուրույն տնտեսություն վարել: Յուրաքանչյուր ծուխ 3 հեկտար հող է ստացել, բայց նախկինում կոլեկտիվ սկզբունքով աշխատած մարդիկ, չհարմարվելով տնտեսվարման նոր մեթոդներին, չկարողացան հողից բավարար եկամուտ ստանալ, որպեսզի գոնե հացի խնդիր լուծեն: Ապրուստի միջոց չունենալով՝ հարկադրված վաճառեցին հողի մշակության համար անհրաժեշտ գյուղտեխնիկան:

Նույն այդ տեխնիկան, որ տարիներ առաջ վաճառել էին 80-90 հազար դրամով, այժմ կարող են գնել մինչեւ մի քանի հարյուր հազար դրամով: Եվ այսպես՝ տարեցտարի կրճատվեցին մշակվող հողատարածքների ծավալները: Լիճքում հացահատիկ ցանվել է տարիներ առաջ: Համայնքային իշխանությունն աջակցել էր մարդկանց, 7 հեկտար հացահատիկ էին ցանել: Մի քանի տարի նվազագույն բերք ստացվեց, բայց թե՛ սերմացուի, թե՛ հնձելու պատճառով հետագայում հացահատիկի դաշտերը մնացին անմշակ, քանի որ կոմբայնը Լիճք պիտի հասցնեին 59 կմ հեռվից՝ Կապանից: Ընդամենը մի քանի հեկտար հացահատիկ հնձելու համար գյուղտեխնիկա տեղափոխել հնարավոր չէր, իսկ ընդհանուր հերթը կարող էր հասնել, երբ բերքահավաքի ժամկետը վաղուց անցել էր: Արդյունքում հիմա մարդիկ զանգվածաբար հրաժարվում են սեփականաշնորհված հողերից, սակայն անգամ անմշակ թողած հողերի համար ստիպված են հողի հարկ վճարել, քանի որ չեն կարող իրավաբանական ձեւակերպումներ կատարել իրենց պատկանող հողերի համար, որպեսզի վաճառեն: Թեպետ, դեռ հարց է՝ արդյո՞ք գնորդ կլինի:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մեղրիի տարածքային ստորաբաժանման ղեկավար æիվան Գրիգորյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ տարածաշրջանում մինչեւ այժմ սեփականաշնորհման իրավունքի վկայական է ստացել 8000 մարդ (1000-1500 մարդ էլ դեռ որոշ խոչընդոտների պատճառով առայժմ չեն ստացել), որոնց մեջ մեծ թիվ են կազմում նաեւ հողի սեփականատերերը: Տարիներ առաջ հողի բոլոր սեփականատերերին տրվել է առաջին պետական գրանցման վկայականներ, որոնց մի մասը մինչեւ այժմ էլ գտնվում է կադաստրի գրասենյակում, որովհետեւ դրանց սեփականատերերը բացակայում են Մեղրիից:
«Համայնքի բյուջե» ասվածը ձեւական է

Համայնքի ղեկավարը համոզված է, որ իշխանությունը կարող է հետ գնել սեփականաշնորհված հողատարածքները, այն հատկացնել նրանց, ովքեր ցանկություն ունեն մշակել, սակայն դրա համար իրավաբանական բազմաթիվ ձեւակերպումներ են անհրաժեշտ, որի համար միջոցներ չունի նաեւ համայնքային իշխանությունը: Արդյունքում 177 հա վարելահողերի վրա եւ ոչ մի հեկտար հացահատիկային մշակաբույս չի ցանվում: Դրա կողքին հողի սեփականատերերը, այնուամենայնիվ, ստիպված են հողի հարկ վճարել, որից ենթադրվում է, որ պիտի գոյանա տեղական բյուջեն: «Իր տնամերձ այգուց մի քանի կիլոգրամ տանձ ու խնձոր ստացած մարդը ինչպե՞ս կարող է չմշակված վարելահողի համար հարկ վճարել,-տարակուսանք է հայտնում համայնքի ղեկավարը:-Համայնքի բյուջե ասվածը ձեւական է, եւ ես, որ գիտեմ՝ մարդը հնարավորություն չունի, որտեղի՞ց պահանջեմ: Մեծ համայնքներում գուցե հեշտ է, բայց ես լավ եմ ճանաչում, թե ով ինչ հալի է»:

Ըստ համայնքապետի՝ հողերի անմշակ մնալու հիմնական պատճառը մեքենայացման բացակայությունն է: Լիճքի բնակիչները հույսները դրել են անասնապահության վրա, սակայն նույն գյուղտեխնիկայի անլուծելի դժվարություններին նաեւ այստեղ են հանդիպում: Ամբողջ տարածաշրջանում շատ թե քիչ գյուղտեխնիկա հիմա միայն Վարդանիձորի համայնքապետ Ալբերտ Բեգլարյանն ունի, որը աչքի լույսի նման պահում է, հերթով տրամադրում հարեւան գյուղերին, բայց հնարավոր չէ բոլորին հասնել: «Համայնքապետերս մենակ ենք մնացել համագյուղացիների հոգսերի հետ,-ցավով նշում է Լիճքի համայնքապետը: Պետությունն էսօր ինչո՞վ կարող է մեզ նեցուկ կանգնել: Մի՞թե հնարավոր չէ գոնե լիզինգային եղանակով մեխանիզացիա տրամադրել»:

Համայնքային իշխանության ղեկավարը վստահեցնում է, որ իրենք կկազմակերպեն համայնքի բնակիչների սպասարկման գործը, եթե ապառիկով հնձիչ կամ հակավորող որեւէ մեքենա տրամադրեն: Կարող են վարձակալական եղանակով այն տրամադրել մարդկանց, շահագործման հետ կապված ծախսերի մի մասը տեղական միջոցների հաշվին իրականացնելով՝ ժամանակի ընթացքում վարձակալական գումարներից վճարել ամբողջ գումարը: Հակառակ եւ ոչ մի պայմանով գյուղի եւ ոչ մի բնակիչ գյուղտեխնիկա գնելու հնարավորություն չունի: Իսկ դա նշանակում է, որ հարցականի տակ է դրվում Լիճքի բնակչությանը կերակրող միջոցներից ամենահիմնականը՝ անասնապահությունը:

Ի տարբերություն Մեղրիի մյուս գյուղերի, Լիճքը գտնվում է ծովի մակերեւույթից 1780 մ բարձրության վրա եւ համարվում բարձր լեռնային գոտի: Այդ պատճառով, այլ համայնքների հետ համեմատած, մրգի, մասնավորապես նռան, թզի առատ բերք չի ստացվում: Լիճքում հիմնականում ծերեր են բնակվում, եղած երիտասարդները մեկնում են Ագարակ՝ կոմբինատում աշխատելու:

«Մեր հողերը անմշակ են թողնում, գնում հանքի հետ կռիվ տալիս, կարո՞ղ է ամբողջ Մեղրիով հանքագործներ ենք դառնալու»,-սրտնեղում է տարեց մի մարդ, որին կերակրողը ունեցած միակ կովն է, այն էլ՝ վայ թե մորթի, որովհետեւ մի ծղոտ անգամ չի կարողացել դաշտից տուն բերել:

Գյուղին աջակցում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարվա ընթացքում որոշակի չափով դիզելային վառելիք է հատկացնում գյուղամիջյան ավտոբուսի երթեւեկության համար՝ արդյունքում էականորեն կրճատելով ուղեւորավարձը: Լիճքում մարդկանց ապրելակերպին նպաստում է նաեւ մեղվաբուծությունը, որը, սակայն, թեպետ գյուղատնտեսության եկամտաբեր ճյուղ է համարվում, այնուամենայնիվ թե՛ մեղվաբուծական դեղամիջոցների, եւ թե՛ մեղրի իրացման խնդիր կա:

Այն հարցին՝ շա՞տ են, արդյոք, գյուղից մեկնողները, համայնքապետը դառնորեն նկատում է՝ գյուղից միայն ընդմիշտ են մեկնում, տարեցները շատ են: Տարեկան հազիվ 1-2 երեխա է ծնվում: Այստեղ հիմա պետական միջոցներով նոր դպրոց է կառուցվում: Լիճքը նաեւ ընդգրկված է «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրում», որով առաջարկ է ներկայացվել ճանապարհների բարեկարգման, խմելու 2.2 կմ ջրագծի վերականգնման եւ ներքին ոռոգման ցանցի վերանորոգման համար, իսկ գյուղտեխնիկայի ապահովման հարցը դարձյալ մնում է առկախ:

Տարիներ առաջ ՀՀ կառավարությունը Մեղրիի զարգացման համար սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր էր մշակել, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվում սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Այս ամենն, իհարկե, նպատակաուղղված է համայնքների զարգացմանը, բայց ինչ-որ առումով հեռանկարային եւ տարբեր ծրագրերի մշակումներ միմյանց հաջորդելով՝ ընդամենը փաստաթղթային փաթեթներ են ավելացնում: Իսկ գյուղում գյուղացին շարունակում է մնալ անմշակ հողին գերի, մի կաթիլ ջրի, պետության՝ սրտից փուշ հանող ու գործին կոնկրետ օգնող մի որոշման կարոտ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter