HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ույծի համայնքապետարանի բանկային հաշիվներին կրկին արգելանք է դրվել

Չնայած Ույծի համայնքապետարանի մուտքի ցուցանակին գրված է, որ համայնքային  իշխանության աշխատանքն սկսվում է ժամը 9:00-ին, սակայն ժամը 10:00-ին, աշխատակիցներից ոչ ոք տեղում չէր: Համակարգչային տեխնիկայով ապահովված, կոկիկ կահավորված սենյակներից մեկում մտահոգ դեմքով նստած համայնքապետն աշխատանքային կարգապահության այս «խախտման» վերաբերյալ իր մեկնաբանությունն ունի:

«Արդեն հինգերորդ ամիսն է, մարդիկ աշխատավարձ չեն ստանում ու համբերում են, ես էլ ստիպված հարմարվում եմ, որ ցուրտ եղանակին, եթե կարեւոր գործ չկա, մի փոքր ուշանան, այսպիսով նաեւ հոսանքն ենք խնայում, սպասում ենք մինչեւ արեւը մի փոքր տաքացնում է սենյակները, որովհետեւ չենք կարողանում հոսանքի վարձը վճարել»,- ասում է համայնքային իշխանության ղեկավար Արտակ Ավետյանը:

Նրա խոսքով, այս «Ճգնաժամի» պատճառն այն է, որ 2011թ. հոկտեմբերից արգելանք է դրվել իրենց բանկային հաշվին եւ, չնայած տարվա կտրվածքով ապահովել են տեղական բյուջեի եկամուտների հավաքագրումը, դոտացիան փոխանցվել է, այնուամենայնիվ, հարկադիր կատարողի որոշումով արգելափակված հաշիվներից որեւէ լումա չեն կարող ոչ աշխատավարձ վճարել, ոչ էլ տեղական բյուջեի հոդվածներով ծախսեր կատարել:

Սիսիանի տարածաշրջանի Ույծի համայնքի բանկային հաշիվը արգելափակելու ոդիսականը 2000 թվականից է սկսվում: Այն ժամանակ համայնքի բյուջեի եկամուտների առույծի բաժինը գոյանում էր համայնքի վարչական տարածքում գտնվող արտադրական ձեռնարկությունների` տրիկոտաժի ֆաբրիկայի, Դաստակերտի բժշկական սարքավորումների, լամպերի գործարանների, «Տաթեւ» ՀԷԿ-ի գարաժի, օդանավակայանի վճարած գույքահարկից:

Սակայն նշված ձեռնարկությունները տարիներ շարունակ չեն կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, իսկ 2005 թվականի հունիսի 29-ին կառավարության թիվ 1030-Ն որոշմամբ` «ՀՀ Սյունիքի մարզի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին», վարչական սահմանների փոփոխման արդյունքում, նշված ձեռնարկությունները փոխանցվել են Սիսիանի քաղաքային համայնքին` այդպես էլ չվճարելով մինչ այդ կուտակված գույքահարկի պարտքերը (բացառությամբ տրիկոտաժի ֆաբրիկայի կողմից  վճարված 1 մլն դրամը):

Թե ինչ հիմնավորմամբ է այն ժամանակվա համայնքային իշխանությունը աշխատավարձի, սոցապահովության վճարումների համար «սպասել» գույքահարկին եւ հաշվի չի առնել առաջնահերթ վճարման իր պարտականությունը,  դժվար է գուշակել: Չնայած այդ տարիներին էլ երկար ժամանակ արգելափակված են եղել համայնքի հաշիվները, սակայն այն հանգամանքը, որ 2008 թվականին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրության ժամանակ, երբ գործող համայնքապետ Կամո Կարապետյանը պարտվելով համայնքի ներկայիս ղեկավարին, պաշտոնը թողնելուց առաջ ամբողջությամբ ստացել էր իր աշխատավարձը, հիմք է տալիս ենթադրելու, որ ժամանակին ամենաթողության արդյունքում վատնվել են պետական հատկացումները, որոնք սովորաբար հիմնականում ուղղվում են աշխատավարձերի վճարմանը: Բացի դրանից՝ անգամ այն ժամանակվա աշխատակազմի անդամները դժվարանում են հիշել համայնքային նշանակության որեւէ խնդիր, որը լուծվել է տեղական բյուջեի միջոցներով:

Տարիների ընթացքում համայնքային իշխանության աշխատակազմի, ինչպես նաեւ համայնքային ենթակայության հիմնարկների աշխատավարձի պարտքերը կուտակվել են եւ այսօր մոտ 10 մլն դրամ աշխատավարձի պարտք ունեն, եւս 16 մլն դրամ կազմում են չվճարված աշխատավարձի սոցիալական ապահովության վճարները` ներառյալ տույժերը:

Համայնքապետ Արտակ Ավետյան

Համայնքապետ Արտակ Ավետյանը, ով ֆինանսական այդ դժվար կացությունը ժառանգություն է ստացել համայնքի նախկին ղեկավարից, պաշտոնավարման նախորդ տարիներին կարողացել է աշխատավարձի պարտքից վճարել մոտ 7 մլն դրամ, սակայն 2011թ. հոկտեմբերից հաշվը կրկին արգելանքի է վերցվել եւ արդեն 3 ամիս է` աշխատակազմը դարձյալ աշխատավարձ չի ստանում:

Համայնքի ղեկավարը գույքահարկի պարտք ունեցող  ձեռնարկությունների դեմ հայցեր էր ներկայացրել դատական կարգով խնդիրը լուծելու համար, սակայն ներկայացված հայցերը մերժվել են` հիմք ընդունելով գործի վաղեմության ժամկետը: 2012թ. փետրվարի 13-ի դրությամբ նախկին աշխատակազմից 12 մարդու դեռեւս աշխատավարձի պարտք ունեն, ոմանց պարտքը կազմում է մոտ 2 մլն դրամ: Համայնքի ղեկավարի խոսքով նրանցից ոմանք փորձել են դատարան դիմել, սակայն իրենց հաջողվել է հորդորելով ետ պահել, մինչեւ խնդրի լուծման ելքը գտնեն:

Այդ նպատակով համայնքային իշխանության ղեկավարը բազմիցս դիմել է Սյունիքի մարզպետարան, կառավարությանը: «Հույս ունենք, որ առաջիկայում խնդիրը կլուծվի, կառավարությունը  աջակցություն է խոստացել, սպասում ենք»,- ասում է համայնքապետը: Նա նաեւ հավելում է, որ չնայած այս ամենին, կյանքը շարունակվում է, եւ համայնքային իշխանությունը կանոնավոր իրականացնում է օրենքով ամրագրված պարտականությունները: «Ամեն տարի դեկտեմբերին համայնքի ժողով ենք գումարում, որը որոշ առումով հաշվետվության է վերածվում, ներկայացնում ենք կատարածը, խոսում պլաններից»,- ասում է համայնքապետը` նշելով, որ անցած տարիներին գյուղում կենսական կարեւոր նշանակության խնդիր է լուծվել` բնակչությունն ապահովվել է շուրջօրյա խմելու ջրով, ընթացքի մեջ է փողոցների գիշերային լուսավորության աշխատանքը:

«Ֆինանսական միջոցների արգելանքի տակ գտնվելը «կապում է» ձեռքներս, չես կարող լիարժեք որեւէ նախաձեռնություն ապահովել, անգամ մանկապարտեզի գործունեությունը կարող է վտանգվել»,- ասում է Ա. Ավետյանը: Նրա խոսքով, համայնքային խնդիրների լուծան առաջնահերթությունները քննարկվում են ավագանիների մասնակցությամբ, չնայած նրանցից մեկը` Անուշավան Սիմոնյանը, ընտրվելուց հետո առանց որեւէ բացատրության, ոչ մի նիստի չի մասնակցել:

Այն, որ համայնքային իշխանության գործունեության, մասնավորապես, բյուջեի կատարման, ավագանու որոշումների մասին օրենքով նախատեսված տեղեկատվություն չի տարածվում գյուղում, համայնքապետն իրենց թերացումն է համարում, բայց հավելում է, որ կանոնավոր գրանցվում են համայնքային իշխանությանն ուղղված նամակները, դիմումները, պատշաճ թղթավարություն է իրականացվում, ինչն Ա. Ավետյանի կարծիքով` հեշտացնում է իրենց աշխատանքը` ավելի է որոշակիացնում համայնքի բնակիչների կարիքները:

Դավիթ Հարությունյան Սեդա Զաքարյան

Սրանք, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, ով Ույծի սկզբնամասում փոքր կրպակ ունի, էական չեն: Էականն այն է, որ գյուղում բոլորը «նիսյայով» են առեւտուր անում եւ, չնայած գյուղում բոլորը հիմնականում գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում, միեւնույն է, կարգին եկամուտ չեն ստանում: «Վերավաճառողներն են շահում, գալիս, էժանով առնում են, տանում առանց չարչարվելու հարստանում»,- ասում է նա: 

«Որ մի տեղ լիներ, էդ միսը մենք հանձնեինք, վայ թե վիճակներս լավանար»,- ասում է Դավիթը ու ամենեւին էլ չի ոգեւորվում, երբ հարցնում եմ, թե տեղյա՞կ է, որ, իրենց գյուղի գրադարանավար Սեդա Զաքարյանի տեղեկությամբ, միայն փետրվարին 45 ընթերցող են ունեցել: «Ինքս եմ իմ աչքով տեսել ցուցակը»,- փորձում եմ լավատեսությունս նրան էլ փոխանցել:  Ցուցակագրվելուն նա էլ դեմ չէ, մանավանդ, որ հենց իր խանութի պատին երկու հայտարարություն կար, որով տեղեկացվում էր, որ շուկայականից ցածր գնով կարող են պարարտանյութ ու վառելիք ձեռքբերելու համար դիմել համայնքային իշխանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter