HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պատրանքներ եւ իրականություն: Վերաբնակեցման ծրագիրը տապալվում է պետական մակարդակով

Քաշաթաղ շրջանի կենտրոն Բերձորում կյանքը մի տեսակ քնկոտ է դարձել: Մարդիկ դարձել են ալարկոտ, դա զգացվում է նույնիսկ նրանց քայլվածքից ու խոսելուց: Առաջվա պես չէ, հաստատ: Իսկ Բերձորից մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող գյուղեր արդեն ներխուժել է հուսախաբությունը: Հատուկենտ մարդիկ կան, ովքեր մնացել են լավատես եւ շարունակում են սպասել, որ իշխանությունները կհիշեն իրենց: Մարդիկ ավելի են հուսախաբվել պաշտոնյաների' հողերը հետ տալու մասին հայտարարություններից:

Եթե առաջներում այնքան էլ լուրջ չէին ընդունում այդ հայտարարությունները, ապա վերջին շրջանում նրանք այլ կերպ են սկսել ընկալել: Եթե ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունները, ինչպես իրենք են ասում' «բանի տեղ չեն դնում», ապա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի' հինգ շրջանները հետ տալու մասին ասածներն իսկապես մտորելու տեղիք է տվել:

Նրանք բնակվում են հենց այդ հինգ շրջաններից որեւէ մեկում:

«Պաշտպանության նախարարը նման բան ասելու իրավունք չունի: Ով ով, բայց նա չպիտի ասի, որ այս հողերը հետ ենք տալու: Գիտե՞ս ինչքան արյուն է թափվել այստեղ»,- ասում է հարավային սահմանում ծառայությունն անցկացնող մի փոխգնդապետ:

Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը միանգամից բորբոքվում է, երբ խոսք է գնում տարածքները հանձնելու մասին.

«Եթե մտածում ենք ազատագրված տարածքները հետ տալու մասին , ուրեմն մենք կործանված ենք, ում մտքով նման բան անցավ' հենց ինքը կործանված է, էլ չեմ ասում' եթե շատերն են մտածում, ուրեմն Հայաստանն է կործանված, հայություն գոյություն չունի: էլ ու՞մ է պետք էդ ապրելը կամ որտե՞ղ ես ապրելու, երբ հայրենիք չունես»:

Կառավարության վարած քաղաքականությունը նպաստել է Քաշաթաղի վերաբնակեցված բնակավայրերի դատարկվելուն:

«Քաղաքականությունը այդպիսին է, կարեւոր չէ, թե ով կլինի վարչակազմի ղեկավարը: Կառավարությունը ոչ թե վատ ծրագիր է իրականացնում, այլ ընդհանրապես ծրագիր չի իրականացնում»,- ասում է բերձորցի ուսուցիչներից մեկը, ում անունը չենք նշում:

«Շրջանի վերբնակեցումն Ալեքսան Հակոբյանի (վարչակազմի նախկին ղեկավար-Է.Բ.) նախաձեռնությունն էր: Այն ժամանակ շատերը չէին հավատում, որ դա հնարավոր կլինի, գաղափարները սկզբից բարձր էին, իսկապես վերաբնակեցում էր: Բայց հետո փչացավ, ինչպես ամեն ինչ»,-ասում է վարչակազմի նախկին մի աշխատակից:

«Վարչակազմի այսօրվա ղեկավարն ամբողջ կյանքում դատախազ է աշխատել եւ բոլոր բնակիչներին նայում է որպես հանցագործների: Նրա հետ խոսել հնարավոր չէ»,-ասում է բերձորցի ուսուցիչը: Նա նույնպես վաճառում է տունը Երեւան տեղափոխվելու նպատակով:

Վարչակազմի նոր ղեկավարի' Համլետ Խաչատրյանի նշանակումը համընկավ նաեւ այն ժամանակաշրջանին, երբ ֆինանսավորումը Հայաստանից անցավ Ղարաբաղին: Առաջ Հայաստանից ամբողջ փողը փոխանցվում էր վարչակազմին եւ նա էր որոշում շրջանի ծախսերը: Այժմ Ղարաբաղի կառավարությունն է որոշում ֆինանսավորման ուղղությունն ու բյուջեն: Այս փոփոխությունից հետո կրճատվել են գրեթե բոլոր գերատեսչությունների բյուջեները եւ փոխանցումները որպես կանոն, ուշացվում են: Օրինակ' Բերձորի գիշերօթիկ դպրոցի սննդի համար նախատեսված գումարը յոթ ամիս է չի փոխանցվել:

Այժմ ամեն ինչ որոշվում է Ստեփանակերտում: Մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ ԼՂՀ-ի կառավարությունը երկու աշխատող է ձեւակերպել Քաշաթաղի վարչակազմում, ովքեր ընդհանրապես աշխատանքի չեն գալիս, սակայն աշխատավարձ են ստանում:

Վերաբնակեցման սկզբից' 1994-ից մինչեւ 2004-ը, հոսանքն այստեղ անվճար էր, իսկ 2005-ից այն դարձավ վճարովի' 1 կվտ-ը 14 դրամ էր, այս տարվա հուլիսի մեկից թանկացավ եւ դարձավ' 20 դրամ: Միայն այս փաստն արդեն բավարար է հետեւություններ անելու համար, բացի այս շրջանի դեռ 51 բնակավայր առայսօր հոսանք չունի:

Հուլիսի մեկից բուժօգնությունը վճարովի դարձնելը երկրորդ հարվածն էր Քաշաթաղի շրջանի բնակչությանը:

«Հասկանում եք, էս ծանր պայմանների հետ կռիվ տվող գյուղացին մի հատ տեղեկանքի համար, որն անհրաժեշտ է իր երեխային համալսարան ընդունվելիս, 1500 դրամ պետք է մուծի: Եթե այդ թուղթը տալիս ես, բայց գումարը չես վերցնում, հարկայինը կամ մնացած ծառայությունները գալիս են ու ասում' յուրացրել եք, ու՞ր են այս գումարները: Մի սարսափելի վիճակի մեջ են մեզ դրել. ամաչում ես, որ կարող է հիվանդը, որին լավ ճանաչում ես, գիտես թե ինչ վիճակի մեջ է, դու պետք է նրան ասես' պատին կպցրած է պետական գները ' մի վիրահատությունը 54 կամ 60 հազար, մի օր հիվանդանոցում մնալը' 8 հազար դրամ, գնա վճարիր»,-ասում է Բերձորի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը:

Ծաղկաբերդը շրջանի ամենամեծ գյուղն է, 260 մարդ է ապրում գյուղում: 97-98թթ գյուղի դպրոցում կար 50-ից ավել աշակերտ, այժմ 30-ը չի անցնում: Երեւանից 1994թ.-ին Ծաղկաբերդ տեղափոխված Ազատ Եղոյանը' գյուղապետը, գտնում է, որ իշխանությունները չեն կարեւորում այս տարածքների վերաբնակեցումը, այլապես այլ քաղաքականություն կվարեին:

«Ես ապագա տեսնում եմ այստեղ, բայց դրա համար բոլորի վերաբերմունքը այս տարածաշրջանի նկատմամբ պետք է փոխվի, պետք է այս տարածքներին ուղղված օրենք լինի: Մարդը պետք է իմանա, որ գալիս է այստեղ եւ այս տարածքն այսպիսի ճակատագիր է ունենալու: Մեր պետությունը խնդիր է դրել այս տարածքները վերաբնակեցնել: Բայց ինչպե՞ս է այդ խնդիրը դրել, երբ վեց տարի առաջ այստեղի բնակչությունը եղել է 12 հազար, իսկ հիմա 7 հազար է: Այդպես խնդիր չեն դնում: 1994թ.-ին այդպիսի խնդիր կար, բայց ոչ մի նպաստավոր գործողություն չեղավ որպեսզի այս տարածքը բարգավաճի, զարգանա: Երբ մարդուն բերում այստեղ եւ ասում ես' ապրիր, երեք ամսից տուն կկառուցեմ, ու տասը տարի չես կառուցում, երբ մարդուն բերում ես գյուղ ու ասում' ապրիր, էս ա հոսանքը կլինի, ու տասը տարի հոսանք չի լինում: Ու՞մ խնդիրն է այդ հոսանքը բերելը, այդ մարդու խնդի՞րն է, մարդիկ ինչի՞ հույսով պիտի դիմանան»,- շարունակում է Ազատ Եղոյանը, ով 2000-2005թթ.-ին եղել է ԼՂՀ-ի Ազգային ժողովիի պատգամավոր:

Քաշաթաղի շրջանը հյուսիսից հարավ 300 կմ երկարություն ունի: Պետությունը հարյուր գյուղ եւ երեք քաղաք ունեցող շրջանին այս տարի հատկացրել է 300 մլն դրամ:

Քաշաթաղ-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter