HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում բիզնես ծավալողները տեղեկացված չեն վարկեր տրամադրելու պայմաններին

Ոչ պաշտոնական տվյալներով' Սյունիքում այժմ գրանցված է տնտեսական գործունեություն իրականացնող 2000-ից ավելի իրավաբանական անձ: Նրանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի մեծ մասը, փոքր եւ միջին ձեռնարկության սուբյեկտներ են, որոնցից ոչ բոլորն են, սակայն, իրական գործունեություն ծավալում: Փոքր եւ միջին ձեռնարկության մասնակցությունը հատկապես ակտիվ է առեւտրի, ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ փոքրածավալ արտադրության, սննդի վերամշակման բնագավառներում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ամփոփող տվյալներով' երկրի տնտեսական զարգացման մակարդակը բնութագրող ամենակարեւոր ցուցանիշի՝ համախառն ներքին արտադրանքի արտադրության ծավալում Սյունիքի չափաբաժնի փոքր եւ միջին ձեռնարկության ներդրումը կազմում է 24,7% (առանց գյուղատնտեսության):

Այդ ներդրումն ապահովող մարզի ձեռնարկություններից, անհատ ձեռնարկատերերից 80-ը վերջերս, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկայի զարգացման ծրագրի» աջակցությամբ մասնակցում էին Գորիսի Բիզնես կենտրոնի կազմակերպած «Սյունիք Պրոդէքսպո-2006» ցուցահանդես-վաճառքին:

Կենտրոնի տնօրեն Նաիրի Շալունցի գնահատմամբ' նման նախաձեռնությունները փոքր եւ միջին բիզնեսի զարգացման գործում առկա խնդիրները քննարկելու, դժվարությունները հաղթահարելու համար ուղիներ գտնելու, ինչպես նաեւ տեղական արտադրանքը գովազդելու, հետագա համագործակցության ամրապնդման արդյունավետ միջոցներից են: Այդ խնդիրների լուծմամբ է, որ հնարավորություններ կստեղծվեն արտադրության ծավալներն ընդլայնելու համար, ինչը էականորեն կաջակցի զբաղվածության խնդրի լուծմանը, դրանով՝ նաեւ սոցիալական խնդիրների լուծմանը:

Փոքր եւ միջին բիզնեսը ներկայացնող ցուցահանդեսում, որին մասնակցում էին խորհրդային ժամանակներում ճանաչում ունեցող Գորիսի «Գամմա» գործարանի իրավահաջորդի' հանրապետության կաթնամթերքի շուկայում հաստատուն քայլեր կատարող «Էլոլա» ձեռնարկության ներկայացուցիչները, կավե իրեր պատրաստողներ, ասեղնագործությամբ, կարպետագործությամբ զբաղվողներ, որպես ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կարեւոր պայման՝ նշվեց հատկապես ֆինանսական, վարկային միջոցների ներգրավումը: Խոսքը վերաբերում է ոչ թե ավելի շահավետ պայմաններով վարկերի տրամադրմանը, այլ ընդհանուր պայմաններով ֆինանսական միջոցների, լիզինգային սարքավորումների ապահովմամբ արտադրության ընդլայնմանը:

«World Vision» բարեգործական կազմակերպության շրջանակներում գործող վարկատու SEF Ինթերնեյշնլի Սիսիանի մասնաճյուղի կառավարիչ Արթուր Մկրտումյանը նշում է, որ մինչեւ այժմ տարեկան 24 % դրույքաչափով վարկավորել են 1000-ից ավելի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների, անհատ ձեռնարկատերերի: Գնահատելով այս, ինչպես նաեւ մարզում գործող մյուս վարկատու կազմակերպությունների դերը Սյունիքի տնտեսության զարգացման գործում' պետք է, այնուամենայնիվ, նշել, որ շատերի համար վարկերը երկնքից կախված մի կտոր չոր հաց են:

Ինչպես հաստատեցին ցուցահանդեսի մի շարք մասնակիցներ, երբեմն, գրավի առկայության դեպքում անգամ, երկար քաշքշուկ է ստեղծվում վարկ ստանալու համար: Օրինակ' հացամթերքի արտադրություն կազմակերպող ձեռնարկությունը, որը փորձում է ալյուրի հումքի համար հացահատիկային մշակաբույսերի մշակմամբ զբաղվել, դեռ աշնանացանից առաջ ակնկալվող վարկային միջոցները չի կարողանում ստանալ անգամ գարնանացանից առաջ: Մյուս կողմից, որպես գրավ պահանջվում է ոսկի, անշարժ գույք՝ Երեւանում: Այս ամենին ավելանում են նաեւ ընդամենը մի քանի 100 ԱՄՆ դոլար վարկ ստանալու դիմաց նոտարական ձեւակերպումների, գրավադրման համար սահմանված պետական տուրքերը:

Որքան էլ վարկատու կազմակերպությունները տարբեր միջոցներով փորձում են իրազեկել իրենց գործունեության մասին, այնուամենայնիվ, մանավանդ հեռավոր գյուղերում, ձեռնարկատիրական գործ ծավալողները տեղեկացված չեն վարկային միջոցների տրամադրման մասին:

Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար կարեւոր խնդիր է նաեւ լիզինգային եղանակով տարբեր սարքավորումների ձեռք բերումը: Սիսիանի սերմարտադրողների միության մենեջեր Արամ Խաչատրյանը նշում է, որ Սյունիքում ցորենի բարձրորակ սերմացուի տարեկան պահանջարկի մի մասը ներկրվում է Կրասնոդարից, այն դեպքում, երբ իրենց միությունը բավարար միջոցներ ունի ապահովելու հացահատիկի տեղական՝ էլիտա սերմի պահանջարկը, եթե միայն կարողանան, թեկուզ լիզինգային եղանակով, սերմզտիչ ձեռք բերել: Այն հնարավորություն կտա ներկրվող ցորենի բարձրորակ սերմացուի 1 կգ-ը 200-250 դրամի փոխարեն գյուղացիական տնտեսություններին մատակարարել կրկնակի էժան գնով :

Նույն խնդրի առջեւ է նաեւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Արմեն եւ Սարմեն» ընկերությունը, որի ներկայացուցչի հավաստմամբ' ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, շուկայում արտադրանքի մրցունակության համար կարեւոր է ժամանակակից տեխնիկայի ներդրումը, որը նրանք ակնկալում են ձեռք բերել Հայգյուղփոխօգնության բանկի աջակցությամբ:

Տեղական արտադրողները չեն խուսափում հանրապետությունում առավել հայտնի նույն արտադրատեսակների հետ մրցելուց: Հայաստանում մեծ համբավ եւ պահանջարկ ունեցող բազմատեսակ հյութերի արտադրության կողքին, մարզում այսօր տարբեր անհատ ձեռնարկատերերի կողմից սպառողին են հրամցվում նոր հյութեր, որոնց մի մասի հումքը ներկրվում է Գերմանիայից, մյուսներինը՝ Երեւանից, սակայն՝ բավական դժվարություններով, հաճախ՝ ընդհատումներով: Այս վիճակում միայն հյութերի արտադրությամբ զբաղվողները չեն:

Գյուղացիական տնտեսություններում մեծ պահանջարկ ունեցող հակավորման թելեր արտադրող «Ֆրանկ» արտադրական կոոպերատիվի նախագահ Արմեն Մաշուրյանն այն կարծիքին է, որ հատկապես փոքրածավալ արտադրություն կազմակերպողների համար պետությունը պետք է ստեղծի ապրանքահումքային բորսա, որպեսզի փոքր եւ միջին բիզնես իրականացնողները մանրածախ եղանակով կարողանան պայմանագրեր կնքել եւ հնարավորություն ունենան ապահովել հումքի մշտական մատակարարում: Այդ դեպքում փոքր անձնակազմ՝ ընդամենը 2-3 աշխատակից, ունեցող ընկերության մասնագետներից մեկը ստիպված չի լինի հումքի ձեռք բերման համար երկար ժամանակ անցկացնել մայրաքաղաքում: Ձեռնարկությունների աշխատատեղերի փոքր թիվը հատուկ է ոչ միայն փոքր ծավալով արտադրություն կազմակերպողներին, որովհետեւ, ինչպես նկատեցին շատերը, որոշ հարկեր (մասնավորապես կեսաթոշակային) հավասար վճարում են թե՛ տարեկան հսկայական շահույթ ունեցող ձեռնարկությունները, եւ թե՛, օրինակ, իր այգում 200 քմ տարածքի վրա ծնեբեկ մշակող եւ դրա սերմն աճեցնող անհատ ձեռնարկատերը, եթե նա վարձու աշխատող ունի եւ գործատուի կարգավիճակ:

Ինչ վերաբերում է փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ հարկային դաշտի փոխհարաբերություններին, ապա վարկատու կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով' դրանք բավական պարզեցված են, որեւէ դժվարություն չեն ներկայացնում, եւ «հակամարտությունը» պայմանավորված է ավելի շատ հարկատուների անբարեխղճությամբ:

Վերջիններս, սակայն, կարծում են, որ խնդիրը պայմանավորված է օրեցօր աճող հարկային բեռով եւ հարկային փոփոխություններով, որոնց ժամանակին տեղեկանալ, ծանոթանալ պարզապես անհնար է: Գործարարները դժգոհում էին նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար գործող հաշվապահական հաշվառումը վարելու հաճախակի փոփոխություններից:

Անցած տարվա վերջից տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք պարտավոր են ՀՀ աշխատանքային օրենսդրության կիրառման մասին համապատասխան հաշվետվություններ ներկայացնել նորաստեղծ «Աշխատանքի պետական տեսչության» տարածքային կազմակերպություններին: Մեր երկրի ցանկացած օրենքի կիրարկումն անհրաժեշտություն է: Սակայն, օրինակ' երեք անչափահաս թոռնիկներին կերակրող յոթանասունն անց պապի համար, որը որոշել է, իր տան ալյուրից, ձվից տնտեսելով, վերմիշելի փոքր արտադրություն կազմակերպել՝ դրանում ընդգրկելով նաեւ վաղամեռիկ հարսի հարազատներին, անհասկանալի են բազմաթիվ հաշվետվությունները: «Եթե հանկարծ ու մի անհատ ձեռնարկատիրոջ վկայական էլ վերցնում ես, սոցիալական ծառայությունից թոռներիդ թոշակն են կտրում, ասում են' դու բիզնեսմեն ես: Ինձնից ի՞նչ բիզնեսմեն, երեխեքի բերանից ալյուրն ու մեր տան հավի ձուն կտրում եմ, որ տնական պայմաններում մի քանի տուփ վերմիշել սարքենք (վերմիշել առնողները շատ են, էժան է ու շուտ է կշտացնում): Մտածում եմ' գուցե կարողանամ տղայիս գերեզմանի քարը գցեմ, էն էլ պարզվում է, որ դեռ աշխատածիցս շատն էլ պիտի հարկ տամ, որ կինս ինձ հետ մեր կողքի սենյակում աշխատում է: Դե, արի ու բացատրի, որ հաճախ վերմիշելը ապրանքափոխանակություն ենք անում երեխեքի համար փալաս-փուլուսի հետ, ձեռքներս կոպե՞կ է ընկնում...»,-ասում է 70-ամյա Վարդան պապը:

Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում գործող հարկային օրենսդրության մասին դրական կարծիք ունի ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկայի զարգացման ծրագրի» գործադիր տնօրեն Գարի Դին Քիլմերը: Ըստ նրա' խոչընդոտն այն է, թե համապատասխան մարմիններն ինչպես են կիրարկում այդ օրենքները՝ արդյո՞ք գործարարի օգտին, կամ' որքանո՞վ են շահագրգռված, որ ձեռներեցները իրազեկ լինեն օրենսդրության բոլոր կողմերին: Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի աջակցման համար Գարի Դին Քիլմերը կարեւորում է այն հանգամանքը, որ սուբյեկտները հնարավորություն ունենան առանց քաշքշուկի, սեղմ ժամկետում տնտեսություններն ընդլայնելու համար վարկ ստանալ, սակայն կարողանան այդ միջոցները նպատակային օգտագործել, քանի որ, ըստ նրա, հեռավորությունը մայրաքաղաքից, ինչպես նաեւ այլ խնդիրներ տարածաշրջանի ձեռնարկատերերին հնարավորություն չեն տալիս առավել շահութաբեր աշխատելու համար հմտություններ ձեռք բերել:

Հեռավոր շրջանում, որտեղ տեղեկատվության պակաս կա, փոքր բիզնեսի զարգացմանը խոչընդոտում է նաեւ ոչ պրոֆեսիոնալ կառավարումը, պլանավորումը: Այս գործում որոշակի դեր կատարում է Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացման կենտրոնը, որը հնարավորություն է տալիս նախաձեռնելու, բարելավելու եւ ընդլայնելու իրենց ձեռնարկատիրական գործունեությունը, ինչպես նաեւ' ձեռներեցությանն աջակցող տեղական հասարակական կազմակերպությունները՝ Գորիսի բիզնես կենտրոն, Սիսիանի «Լուսնթագ» եւ այլն: Վերջինիս խորհրդի նախագահ Վահագն Խուդավերդյանն այն կարծիքին է, որ որքան էլ ձեռներեցությամբ զբաղվող մարդը կարեւորի խորհրդատվության դերը, այնուամենայնիվ, պիտի վճարունակ լինի այն ստանալու համար:

«Օր ու կեր ենք անում»,- այսպես են բնորոշում իրենց եկամուտները ձեռնարկատերերը եւ շեշտում, որ արտադրությունը չընդլայնելու հիմնական պատճառն իրացումն է: Հասկանալի է, որ յուրաքանչյուր արտադրող նախ ինքը պիտի հոգա իրացման շուկա գտնելու խնդիրը, սակայն փաստ է նաեւ, որ իր այգու խաղողից թեկուզ երկու տոննա գինի պատրաստող կամ հայկական կահույքի արդեն մեծ համբավ ունեցող ձեռնարկությունների կողքին տեղական արտադրություն կազմակերպողների համար անհամեմատ դժվար է մարզից դուրս իրացման շուկա գտնել, մանավանդ, եթե գովազդի հնարավորություն չկա: «Գովազդը կարող է 70 % իրացման աճ ապահովել,- ասում է «Էմմա Ասլանյան եւ որդիներ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ասլանյանը եւ հավելում, որ այսօր տարածաշրջանում գովազդի շուկան ձեւավորված չէ, եւ բավարար միջոցներ չկան դրա համար:

«Մենք մեր ապրանքը համարյա ամբողջությամբ իրացնում ենք հենց մարզում, իսկ դրանից դուրս, հանրապետության մասշտաբով գովազդելու պայմանները շատ հեռու են մեզնից,- նկատում է «Լիմա» ընկերության տնօրեն Գրիգոր Առաքելյանը: Խոսքը վերաբերում է նաեւ արտադրանքի փաթեթավորմանը, ճաշակով ձեւավորված պիտակների, համապատասխան տարաների ձեռք բերմանը:

Մեղրիի Վահրավար գյուղի բնակիչ Սամվել Իվանյանը իր տնտեսությունից տարեկան մեկ տոննայից ավելի գինի է ստանում, վերջերս սկսել է իրացնել նաեւ շշալցված: «Որպեսզի դրանց համար ես համապատասխան տարաներ, պիտակներ ձեռք բերեմ, ստիպված պետք է լինեմ գոնե մի ամիս Երեւանում անցկացնել: Ինչպե՞ս, երբ ընտանիքիս կերակրողն այգիս է, իսկ այնտեղ ամեն օր աշխատանք կա»:

Փոքր ծավալներով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մարդիկ հայտնվել են կարիքի, անտեղյակության մեջ: Անկարող իրենց տնտեսությունն ընդլայնել' նրանք հույսները դրել են վարկային միջոցների վրա, որոնք, ցավոք, երբեմն ակնկալում են մեկ այլ վարկ մարելու համար, հենց այն պատճառով, որ պայմաններ չեն եղել սկսած նախորդ գործը հաջողությամբ ավարտելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter