Հինգշաբթի, մայիսի 24, 2012

Վիրտուալ գիտությունը` բոլոր գիտությունների ապագան


00:24, 21 փետրվարի, 2012

Երկնքի ուսումնասիրությամբ զբաղվելու համար արդեն պարտադիր չէ ֆիզիկապես գտնվել աստղադիտարանում: Ժամանակակից աստղագիտական դիտողական տվյալներն արդեն համա­կար­գիչների մեջ են՝ վիրտուալ աստղադիտարանում:

22-ամյա Գոհար Հարությունյանը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) խմբի անդամներից մեկն է: Նրան հետաքրքիր է վիրտուալ աստղադիտարանի (ՎԱ) ընձեռած տվյալներն օգտագործելը: Անցյալ տարի նա մասնակցեց Եվրոպական ՎԱ կողմից Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում  կազմակերպած միջազգային ամառային դպրոցին, և իր խոսքով՝ զգալի գիտելիքներ ձեռք բերեց այդ բնագավառում: Վերջին անգամ խմբով երկնային մարմնի խաչաձև նույնացումներ են կատարել տարբեր կատալոգների միջև:

«Այդ աշխատանքը թույլ է տալիս նույն երկնային մարմնի համար ստանալ տվյալներ, որոնք ցամաքային և տիեզերական տարբեր դիտակներով են դիտվել», - ասում է երիտասարդ աստղաֆիզիկոս Գոհար Հարությունյանը:

Խմբի ուսումնասիրության հիմնական թեման բազմալիքային աստղագիտությունն է, այն է` ցանկացած աշխատանք կատարվում է էլեկտրամագնիսական սպեկտրի տարբեր տիրույթներում ստացված տեղեկատվության հիման վրա, ռենտգենից մինչև ռադիոալիքներ:

«Վիրտուալ աստղադիտարանը մի միջավայր է, որտեղ աստղագետը հնարավորություն ունի առանց այդ պահին ռեալ դիտումներ կատարելու օգտվել երկնքի տվյալներից: Այդ տվյալները կարելի է օգտագործել ցանկացած պահի, և հնարավոր են դառնում տարբեր դիտողական եղանակներով, ալիքային տարբեր տիրույթներում և տարբեր ժամանակներում իրականացված դիտումների համատեղ օգտագործումն ու համեմատությունը», - բացատրում է Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը:

Հայկական աստղագիտության մեջ երկնային դիտումների թվայնացման ծրագիրը սկսվել է 2002 թվականից: Ներկայումս այն զարգացվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտի հետ համատեղ: Միքայելյանի հավաստիացմամբ՝ աստղագիտական դիտողական տվյալների թվայնացումը Հայաստանում բոլոր թվայնացման նախագծերից առաջինն է եղել:

Աշխարհում կա վիրտուալ աստղադիտարանների 17 ազգային և 3 համա­եվրոպ­ական նախագիծ, որոնք միավորված են ՎԱ միջազգային ալյանսում: 2005թ.-ին ՀՎԱ միացել է միջազգային ալյանսին: Արեգ Միքայելյանն էլ դրա գործադիր կոմիտեի անդամ է:

«Յուրաքանչյուր երկիր, որը հավակնում է դառնալ միջազգային ալյանսի անդամ, պետք է որևէ ներդնում անի իր կողմից: Այդ տեսանկյունից Բյուրականյան առաջին սպեկտրալ շրջահայության թվայնացումը (կամ «Մարգարյանի շրջահայությունը») լուրջ ներդրում էր աստղագիտության մեջ», - նշում է աստղա­ֆի­զի­­կոս Միքայելյանը: Միջազգային ալյանսը քննարկում և որոշումներ է կայացնում աստղագիտության զարգացման հեռանկարների վերաբերյալ, ուղղորդում է ՎԱ ազգային նախագծերի աշխատանքը:

  Աստղագիտության պատմության մեջ կատարված բոլոր դիտումները պետք է հասանելի լինեն ցանկացած աստղագետի: Իհարկե, թվայնացման գործընթացը շարունակվում է: «Նախկին դիտումներն էլ, որոնք լուսանկարչական էմուլսիայի վրա էին պահպանված, մենք թվայնացնում ենք, - ասում է Միքայելյանն ու նշում, - այսօր արդեն ռեալ դիտումը դառնում է պարզունակ. եթե միայն քո դիտածով ուսումնասիրություն կատարես, շատ բանի չես հասնի: Երբ ամբողջն իրար հետ ես օգտագործում, կարելի է հազարավոր, միլիոնավոր աստղերի հետ միաժամանակ զանազան գործողություններ կատարել, համեմատել, օրինակ՝ գտնել ամենակարմիր գույն կամ ենթակարմիր ճառագայթում ունեցող աստղերը և այլն»:

Աստղաֆիզիկոսի խոսքով՝ Հայաստանն աստղագիտությամբ աշխարհի զարգացած երկրներից մեկն է, սակայն տեխնիկական առումով վերջին տարիներին բավական հետ է գլորվել: «Երբ 1976թ-ին կառուցվեց Բյուրականի աստղադիտարանի խոշորագույն` 2.6 մետրանոց դիտակը, այն իր չափերով աշխարհում 7-րդն էր, իսկ հիմա՝ 45-րդը, քանի որ այլ երկրներում մշտապես կառուցում են նոր խոշոր դիտակներ (ներկայումս խոշորագույններն են 8-10 մետրանոց դիտակները), տեղի է ունենում տեխնիկայի արդիականացում, Երկրի ուղեծիր են դուրս բերվում տիեզերական աստղադիտարաններ, իսկ մենք մնացել ենք 1970-80-ականների մակարդակին», - ասում է Միքայելյանը:

Սակայն այս տեսանկյունից ևս ՎԱ զարգացումը թույլ է տալիս հետ չմնալ ժամանակակից աստղաֆիզիկայից, քանի որ բոլորին հասանելի են դառնում այդ խոշոր դիտակների, այդ թվում և տիեզերական աստղադիտարաններից ստացված տվյալները: Նրա կարծիքով՝ հայ գիտնականին ավելի լավ արդյունք ցույց տալու համար խոչընդոտ է ֆինանսների բացակայությունը:

«Միանգամից ասեմ՝ գիտնականը երբեք հարստության հետևից չի գնում: Պարզապես պետք է ապահովված լինեն մարդու նվազագույն պահանջները: Հարուստ դառնալու համար մարդիկ ուրիշ ոլորտ են ընտրում՝ ոչ գիտությունը», - համոզված է աստղաֆիզիկոսը:

Հայկական վիրտուալ աստղադիտարանի խումբն իր գործունեության շուրջ 10 տարիների ընթացքում շատ ձեռքբերումներ է ունեցել, տպագրել հոդվածներ միջազգային ճանաչում ունեցող ամսագրերում (այդ թվում` ամերիկյան, եվրոպական և անգլիական հանդեսներում, որոնց ազդեցության գործակիցը հասնում է 5-6-ի): Խմբի անդամները հրավիրվում են աշխատելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների աստղագիտական կենտրոններում, զեկուցումներով հանդես են գալիս միջազգային կարևորագույն գիտաժողովներում: Շուտով լույս կտեսնի նաև երկնային մարմինների խաչաձև նույնացումների համեմատության ընթացքում եզակի օբյեկտների հայտնաբերման վերաբերյալ հոդվածը, որի աշխատանքներին մասնակցում են խմբի երիտասարդ անդամները:

Արեգ Միքայելյանը վստահ է՝ վիրտուալ (կամ էլեկտրոնային) գիտությունը բոլոր գիտությունների ապագան է լինելու:

Նունե Հովսեփյան
4-րդ կուրսի ուսանող


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Տիգրան Մովսիսըան19:07 - 22 փետրվարի, 2012
Գիտությունը երբաք վիրտուալ կամ էլեկտրոնային չի կարող լինել, այլ խնդիր է գիտական հետազոտությունների արդյունքների էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը և նրանց հասանելիությունը: Եթե չլինեն գիտնականներ որոնք կատարում են հետազոտություններ ապա ինչ արդյունքներ պիտի դրվեն այդ շտեմարաններում: Աստղագիտական հետազոտությունների արդյունքների շտեմարաններ վաղուց գոյություն ունին և շատ աստղագետներ օգտվում էին նրանցից: Ինչ վերաբերվում է «վիրտուալ աստղադիտարան» տերմինին, ապա այն ստեղծել են ճարպիկ մարդիկ պետություններից ֆինանսներ կորզելու համար միայն, ինձ ավելի է դուր գալիս "տվյալների շտեմարան" անունը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»