HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինուհայրում չքավորությունն է թագավորում

Հումորախառն մի պատմություն կա. շինուհայրցին տասնյոթ կիլոմետր ճանապարհ է անցնում, գյուղից Գորիս հասնում, մեկ դույլ մոշ ծախում, ստացած փողին էլ ավելացնում, որ տաքսիով, անպայման թեւը պատուհանից դուրս պահած, գյուղ վերադառնա: Դա առաջ էր: Ժամանակին մարդկանց նիստ ու կացով, ապրելակերպով, մշակութային ավանդույթներով հպարտանալու բազմաթիվ առիթներ ունեցող գյուղից հիմա գրեթե ոչինչ չի մնացել:

743 տնտեսություն ունեցող Շինուհայրը, որի մասին պատմական հիշատակումները սկսվում են 10-րդ դարից, բնակչության թվով Սյունիքի ամենամեծ գյուղն է: Խորհրդային տարիներին Շինուհայրում տարեկան արտադրվում էր մոտ 1500 տ հացահատիկ, 800 տ կաթ, պտղատու այգիներից մթերվում էր 35 տ միրգ: Սակայն Շինուհայրի տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժը ռետինե կոշկեղենի գործարանն էր, որտեղ աշխատում էր աշխատունակ բնակչության 80 %-ից ավելին: Այսօր աշխատունակ է գյուղի բնակչության 43 %-ը, որի գերակշիռ մասը, սակայն, զբաղվածության խնդիր ունի:

Ժամանակին բանավանի նմանվող գյուղն այժմ իր կենսամակարդակով զիջում է անգամ ամենահեռավոր համայնքներին: «Հիմնական պատճառը գործազրկությունն է,- նկատում են տեղաբնակները,- նախկինում ամեն ընտանիքից 1-2 հոգի աշխատում էր գործարանում, յուրաքանչյուրը մինչեւ 200 ռուբլի աշխատավարձ էր ստանում, առոք-փառոք ապրում էինք»:

Ձեռնարկության սեփականաշնորհումից հետո, սակայն, մարդիկ մնացին առանց աշխատանքի: Եթե խորհրդային տնտեսությունների լուծարումից հետո գյուղական այլ բնակավայրերում մարդկանց բարեկեցության, սոցիալական խնդիրների լուծման գործում որոշակի դեր խաղաց հողի սեփականաշնորհումը, ապա Շինուհայրում, որն ունի 1300 հա վարելահող, սեփականաշնորհման արդյունքով 1 հողաբաժնի չափը կազմեց 1,35 հա, այն դեպքում, երբ ենթամարզի միջինը 2,4 հեկտար է:

«Ցանածից էլ ի՞նչ ենք ստանում,- դառնությամբ նշում է Շինուհայրում պատշարի համբավ ունեցող Ռոլանդ Մարգարյանը,- անցյալ տարի կովը ծախեցինք, 1,5 հեկտար գարի ցանեցինք, ընդամենը 11 պարկ գարի ստացանք: Թե հիմա ի՞նչ պիտի լինի ընտանիքիս վիճակը, չգիտեմ: Երեխաների բերանից կտրել եմ , սերմացու առել, բայց հիմա ավելի վատ վիճակի մեջ հայտնվեցինք: Տուն սարքող էլ չկա, որ գնամ պատ շարեմ: Ում ձեռքը փող է ընկնում, տոմս է առնում, գնում գյուղից: Ասում են՝ Երեւանում տուն գնելու համար վարկեր են տրամադրում մարդկանց, մեր գյուղում ում տվեցին՝ տոմս կառնի, կգնա: Վերջին երեք տարում երկու պատ եմ շարել, առաջինը կիսատ մնաց, որովհետեւ տանտերը էլ միջոցներ չուներ շարունակելու, երկրորդն էլ ավտոտնակ է, մի քանի օրում կավարտենք, օրական 1500 դրամ փող են տալիս: Կկարողանա՞մ սեպտեմբերի 1-ին ամեն երեխային մի-մի կոշիկ գնել»:

«Գոնե բնությունը մեզ չի խնայում, ամեն տարի մի նոր արհավիրքի առաջ է կանգնեցնում: Իբր վառելիքի, պարարտանյութի գինը քիչ է բարձր, դեռ մի կարգին էլ բերք չենք ստանում, որ գոնե ապրուստի միջոց ապահովենք մեր աշխատանքով: Պետությունն էլ բնական աղետների դիմաց մեկ-երկու պարկ ալյուր է տալիս, էն էլ հաց ենք թխում, մնում դատարկ ձեռքով նստած: Լավ կլիներ կամ սերմացու տար, կամ էլ՝ էժան գնով վառելիք»,- դժգոհում են մարդիկ:

Բնական աղետների պատճառած վնասների դիմաց ստացված փոխհատուցումների հետ, սակայն, առանձնապես հույս չեն կապում. «Քանի ձեռքով պիտի անցնի, որ մեզ հասնի»,- անհասցե դժգոհում են մարդիկ եւ իրենք էլ չեն կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե նախկինում բերքառատ ու շեն գյուղի ճակատագրի համար ով պիտի հոգա:

Բնական աղետներին, հողային ռեսուրսների սղությանը գումարվում է նաեւ այն, որ գյուղի ընդամենը 10 տոկոսն է ապահովված ոռոգման ջրով: Խմելու ջուրը տրվում է գրաֆիկով, օրական ընդամենը երկու ժամ, որն օգտագործվում է նաեւ ոռոգման նպատակով: Անգամ տնամերձերը անձրեւի հույսին են:

«Գարնանը կարտոֆիլ ենք ցանել, եւ բացի նրանից, որ մեկ-երկու անգամ կարճատեւ անձրեւ եկավ, հողը դեռ չի թացացել,- միմյանց ընդհատելով դժգոհում են կանայք,- ի՞նչ բերք պիտի ստանանք: Վար ու ցանք ենք անում՝ հույսներս դրած միայն Աստծո վրա, թե չէ, մեկ է, հարյուր տարի է մեր գյուղում ջուր չկա: Պատկերացրեք, թե որքան քիչ ջուր են տալիս, որ 5 շնչից բաղկացած ընտանիքը մեկ ամսում հազիվ 10 տ ջուր է ծախսում: Մեր տունը ավելի բարձր է, եթե ավելի ներքեւում գտնվողից էլ ջուր ես բերում, մեկ-երկու՝ դժգոհում են. ջրաչափ է դրված»:

«Կամ' ո՞վ է տեսել աղբյուրի ջրով այգի ջրեն»,- ընկերուհու խոսքը շարունակում է երկրորդը: Զրույցին խառնվում է նաեւ երրորդը. «Մի սառնարան էլ չունենք, ամբողջ օրը միտքս զբաղված է, թե ինչ եփեմ, մի կերպ իրար եմ անում, մի ճաշ եփում, բայց մինչեւ հանդվորը դաշտից տուն է գալիս, թթվում է: Բա մարդ առավոտից երեկո քրտինք թափի, չկարողանա՞ մի սառնարան էլ առնի: Առաջներում աղջիկ էինք ամուսնացնում, օժիտ տալիս, նրանց համար էլ սառնարան, լվացքի ու կարի մեքենաներ գնում: Էս ո՞ր թիվն է, որ Աստծո օրը մի կաթիլ ջրի կարոտ մնանք, ղեկավարների քունը ո՞նց է տանում, որ իր երկրում մարդիկ կան, ովքեր կարող են սովից եւ ծարավից մեռնել: Մեկ էլ տեսար, մեկը սկսեց խմելու ջրի առեւտրով զբաղվել: Մի պարտքատետր էլ նրանք են ստիպված պահելու, որովհետեւ հիմա միայն եկեղեցու մոմը չենք պարտքով առնում: Հրեն, գյուղամիջի խանութի պարտքացուցակը մեկ միլիոն դրամից անցնում է...»:

Որ Շինուհայրում ամենաառաջնային խնդիրը խմելու եւ ոռոգման ջուրն է, հաստատում է նաեւ համայնքային իշխանության ղեկավար Սմբատ Երեմյանը , որի կարծիքով խնդրի լուծման համար անհրաժեշտ է մոտ 160 միլիոն դրամ: Սակայն ֆինանսական միջոցներից բացի, դեռեւս չեն գտնվել այն ուղիները, որով հնարավոր է լուծել խմելու ջրի հարցը: Փոխարենը «Որոտան» ջրօգտագործողների միությունից խոստացել են եկող տարի անհրաժեշտ երկրորդ մղիչ պոմպը գործարկել, որպեսզի գյուղի գոնե 30 %-ն ապահովվի ոռոգման ջրով: Նույն աղբյուրի վկայությամբ' գյուղի սոցիալական խնդիրների լուծման համար պահանջվող գումարը կազմում է մոտ 273 միլիոն 200 հազար դրամ: Անիրական է մտածել, որ տարեկան 37 միլիոն դրամ բյուջե ունեցող համայնքային իշխանությունը, որի 12 միլիոն պետական լրավճարը տրվում է որպես աշխատավարձ, հնարավորություն կունենա լուծել գյուղի սոցիալական խնդիրները: Թեպետ համայնքի ղեկավարը թվարկում է, որ նույն այդ միջոցներով գյուղի կենտրոնական փողոցը հարթեցվել է, ապահովվել է լուսավորվածությունը, այնուամենայնիվ, դրանք ընդամենը կաթիլներ են խնդիրների այն օվկիանոսի մեջ, որում այսօր գտնվում է ենթամարզի երբեմնի ծաղկող համայնքը: Համայնքի ղեկավարի կարծիքով' պետությունը պիտի փոխի համայնքների ֆինանսավորման համար յուրաքանչյուր բնակչին հասնող գումարի չափը: Խնդրի լուծման համար նա կարեւորում է բարեգործական հիմնադրամի ստեղծումը, որը կմեկտեղի նաեւ այլ տեղերում ապրող համագյուղացիների հնարավորություննները:

Համագործակցությունն, անշուշտ, կարող է ցանկալի արդյունք տալ, այդպես են կարծում նաեւ գյուղի ավագանու մի խումբ անդամներ, ովքեր, սակայն, ցավում են, որ համագործակցված աշխատանք չկա իրենց տեղական իշխանության գործունեության մեջ: «Մենք միայն բյուջե ենք հաստատում, դրանով ավարտվում են ավագանու անդամի մեր պարտականությունները: Երկու-երեք ամիսը մեկ անգամ ավագանու նիստ են հրավիրում, որպեսզի կանոնակարգը չխախտվի, թե չէ գյուղի մասին ընդհանուր սրտացավություն, միասնական մտահոգություն չկա, որ լիներ, մի ժամանակ էս տարածաշրջանի աչքի լույս Շինուհայրը հիմա այս օրին հասած չէր լինի»:

Տարիներ առաջ Շինուհայրն այն եզակի գյուղերից էր, որը տիպային հիվանդանոց ուներ: ժամանակի հետ բազմաթիվ փորձությունների ենթարկվեց այն՝ սկսած կադրային հեղափոխություններից մինչեւ ընդամենը ամբուլատոր ծառայությունների կե տի վերածում : Դրան զուգահեռ, այնուամենայնիվ, միջազգային կազմակերպությունների ներդրումների շնորհիվ հիվանդանոցի մի հատվածը վերանորոգվեց, ապահովվեց բժշկական ժամանակակից սարքավորումներով, մասնավորապես՝ գինեկոլոգիական սպասարկման, սակայն ոչ մի կերպ չի լուծվում բժշկի խնդիրը. «Բարձր աշխատավարձ էլ ենք խոստանում, բայց ոչ մեկը ցանկություն չի հայտնում գյուղում աշխատել»:

Բուժսպասարկումը շինուհայրցու սոցիալական խնդիրների մեջ ամենաառաջնայինը չէ: Վերջին տասնհինգ տարում գյուղում ծնելիությունը նվազել է երեք-չորս անգամ:

«Չեն ամուսնանում,- բացատրում է գյուղամիջում կանգնածներից մեկը,- ամուսնանան՝ ինչո՞վ պահեն տունը: Ո՞վ է տեսել, որ 600-ից ավելի երիտասարդ ունեցող գյուղում մշակութային որեւէ օջախ չգործի: Մեկ տասնամյակից ավելի է Շինուհայրում մշակութային գոնե մեկ միջոցառում չի եղել: Մշակույթի տիպային շենքը հիմա ավերակի է վերածվել, որպես մարագ է ծառայում խոտի համար: Չկա մի տարածք, որտեղ երիտասարդները գոնե ծածկ ունենան հավաքվելու»:

«Կյանքը կանգ է առած, ստիպված' ամբողջ օրը մթնեցնում ենք շաշկի կամ թղթախաղ խաղալով»,- ասում են երիտասարդները: «Դա՞ էլ է ապրուստի միջոց»,- իմ հարցին հետեւում է շինուհայրցուն հատուկ զայրացած պատասխանը. «Երիտասարդներից ո՞րն է աշխատում, որ փող ունենա դրա համար: Հեշտ է ասել՝ բոլորը թեւն ու ոտքը հաստ տղաներ են, մեծ մասը՝ ուսում առած: Հողերն անջրդի են, անասուններն էլ ... արոտներն այնքան են հեռու, որ մի կովը արոտի տանելու համար օրական 10-15 կմ ճանապարհ է կտրում, դրա տված կաթն ի՞նչ պիտի լինի, որ մարդիկ գոնե վերամշակեն»:

Ինչ վերաբերում է կաթի վերամշակմանը, համայնքի ղեկավարի վկայությամբ՝ գյուղի ռետինե կոշկեղենի գործարանը կաթի վերամշակման կոմբինատի վերապրոֆիլավորելու նախաձեռնություն կա: Նախատեսվում է որպես հումք օգտագործել նաեւ շրջակա գյուղերի կաթը:

Այն, որ համայնքում սոցիալական անապահովության նպաստ է ստանում 137 ընտանիք, արդեն իսկ խոսում է մարդկանց կենսամակարդակի մասին: «Իրական թիվն ավելի մեծ է,- նկատում է փոստի տնօրենը,- այսօր նպաստ ստանալու հիմնական չափանիշը թղթեր դասավորելու հմտությունն է: Ավելի անապահովներն անգամ Գորիս գնալ-գալու եւ թղթեր կարգավորելու հնարավորություն չունեն»:

Իսկ հնարավորությունները ստեղծվում են սոցիալ-կենցաղային պայմաններով: Նախորդ տարիներին գազաֆիկացվել է գյուղի 40 տոկոսը, հետո, անհասկանալի պատճառներով, համայնքը դուրս է մնացել «Հայռուսգազարդի» 2006 թվականի պլանից, եւ անհայտ է, թե երբ նորից կսկսվի մյուս տների գազաֆիկացումը:

2003թ. պետական միջոցներով մասնակիորեն նորոգվել է գյուղի դպրոցի մի հատվածը, սակայն մյուս մասնաշենքը գտնվում է վթարային վիճակում: Այս տարի տասնհինգ շրջանավարտներ ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոցը նաեւ երեք նոր առաջին դասարան ունի:

Վերջին տարիներին փակվել է մարզադպրոցը, թեպետ նախանձախնդիր մարդկանց շնորհիվ հասարակական կարգով ըմբշամարտի պարապմունքներ են կազմակերպվում:

Շինուհայրում այն կարծիքը կա, որ գյուղի այսօրվա վիճակը, համայնքի նկատմամբ ցուցաբերած անտարբերությունը երկրի իշխանությունների պատժամիջոցն է այն բանի համար, որ նախորդ մի քանի ընտրությունների ժամանակ գյուղի ընտրողները չեն քվեարկել իշխանամետ թեկնածուների օգտին:

«Քաղաքներում նստած վառելիքի գին են որոշում, մեր օրվա հացը աշխատելու համար հնարավորություն չեն ապահովում, էս երկրի մարդկանց լավ ու վատ ապրելու մասին չեն մտահոգվում, բայց ուզում են, որ իրենց կամակատարները դառնանք: Ես ինչո՞վ եմ պակաս էն տղերքից, ովքեր մեքենայի բանալիները ձեռքի մեջ ֆռռացնելով, ակնոցը ճակատին դրած, ծամոնը բերանում վեր ու վար անելով՝ երեւանների կաֆեներում «կարոչիներով» ու «նատուրիներով» քաբուլետիներ մեկնելու առեւտուր են անում, դեռ ուզում են, որ իրենց գալուց էլ ոտքի տակին ոչխար մորթենք...»,- զայրութը չի կարողանում զսպել մի երիտասարդ, որի հայրենի գյուղով է անցնում դեպի Տաթեւի հռչակավոր վանք տանող ճանապարհը, սակայն անգամ այդ հանգամանքը չի նպաստում, որ Շինուհայրը ուշադրության արժանանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter