HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հանցավոր խմբի հետ համագործակցել են պաշտոնյաները

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պետությանը հասցրել է 1,5 մլրդ դրամի վնաս: Սա պաշտոնական թիվն է, որը հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 15-ին տարածած հաղորդագրության մեջ: Իրավապահ մարմինների մեր աղբյուրը, որի անունը չենք կարող հրապարակել, հայտնեց, որ վնասի չափը գերազանցում է 3 մլրդը:

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց վճարային կեղծ փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքի գրանցումներ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին: Բացահայտվել են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանումներում կեղծ վճարային փաստաթղթերի անդորրագրերի իրացմամբ զբաղվող մասնագիտացած երկու, միմյանցից անկախ գործած հանցավոր խմբեր:

Առաջին խումբը կեղծ վճարային փաստաթղթերի իրացումն իրականացրել է 2005թ. մայիսից մինչեւ 2006թ. մարտը: Կեղծվել են 51 անդորրագրեր՝ 32.302.305 դրամի չափով՝ 12 քաղաքացիների կողմից հողի կադաստրային արժեքի եւ ինքնակամ շինությունների օրինականացման վճարի մուծման վերաբերյալ: «Կեղծվել են նաեւ քաղաքապետի որոշումներ, դատարանների վճիռներ, Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության գրություններ, լիազորագրեր...»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ: Պատրաստվել եւ իրացվել են «Հայգյուղփոխբանկի» եւ «Հայէկոնոմբանկի» վճարման կեղծ անդորրագրեր:

Երկրորդ խմբի կողմից շրջանառության մեջ է դրվել անշարժ գույքի պետական գրանցման գործընթացում կադաստրային արժեքի վճարումները «այպես կոչված մուրհակներով կատարելու վերաբերյալ շինծու տարբերակ, որի խայծը կերած քաղաքացիներին առաջարկվել է վճարման ենթակա գումարներից տնտեսել մինչեւ 30%-ը»: Բացատրենք, թե ինչ մեխանիզմ է աշխատել: Ասենք' կայացել է հողի աճուրդ, եւ վաճառված հողը գնահատվել է 100 հազար դոլար: Հանցախմբի անդամները սեփականատերերին առաջարկել են արագ եւ քիչ ծախսերով իրականացնել գործարքը, որոշ դեպքերում նաեւ հայտնել, որ իրենք կես գնով կանեն: Սեփականատերերից նրանք վերցրել են գումար' ասենք' 100 հազար կամ 70 հազար դոլար: Բանկերում վճարել են 10 հազար դոլար, այնուհետեւ վճարված անդորրագրի վրա ավելացրել մեկ 0' դարձնելով 100 հազար: Եւ այսպես' 2005թ. մարտից մինչեւ 2006թ. մայիսը: Այս դեպքում քաղաքացիներին տրամադրվել են «Առէկսիմբանկի» եւ «Հայխնայբանկի» կեղծ անդորրագրեր՝ շուրջ 1.5 մլրդ դրամի:

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 23 մարդ, կալանավորված 12 անձանցից 8-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երեւանի տարածքային ստորաբաժանումների պաշտոնյաներ են: Հետախուզման մեջ են 7-ը, որոնցից 3-ը դարձյալ կադաստրի պաշտոնյաներ են:

Նույն օրը Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական թողարկումը բավականին մեծ ռեպորտաժ նվիրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեությանը: Կոմիտեի ղեկավար Մանուկ Վարդանյանը հպարտությամբ նշեց իր ղեկավարած կառույցի ձեռքբերումների մասին: Ռեպորտաժից «պարզ դարձավ, որ մեր կադաստրի կոմիտեն ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի լավագույն կառույցներից մեկն է»: Եվ ոչ մի խոսք այս կառույցի' իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին:

Այլ երկրներում նման դեպքերում փոքր-ինչ բարոյականություն ունեցող ղեկավար-պաշտոնյան անմիջապես հրաժարական կտար, կամավոր հրաժարական չտալու դեպքում նորմալ իշխանությունը նրան պաշտոնազուրկ կաներ: Եթե իշխանությունն էլ չգործեր, նորմալ, առողջ հասարակությունը պիտի որ պահանջեր նման պաշտոնյայի հրաժարականը: Ցավոք, այս շղթայի որեւէ օղակ չի աշխատում մեր հայրենիքում:

«Հետքը» նախկինում մի քանի անգամ գրել է այս կառույցի մասին եւ կոռուպցիայի կոնկրետ փաստեր մատնանշել: Հոդվածներից մեկը վերաբերում էր մի միջազգային մրցույթի, որտեղ հաղթել էր մի կազմակերպություն, սակայն պայմանագիրը Կադաստրի պետական կոմիտեն կնքել էր մեկ ուրիշի հետ (Տես հոդվածը' Թուրքական ընկերությունը հետազոտել է Հայաստանի սահմանամերձ ընդերքը): Իսկ մյուսը ներկայացնում էր սեփականության վկայականների շնորհման գործընթացում կադաստրի վարած կամայական քաղաքականությունը (Տես հոդվածը' Չարաշահումներ անշարժ գույքի շուկայում): Սակայն պետական համապատասխան կառույցներն անարձագանք թողեցին այդ հրապարակումները:

Այս գործի հիմքում կան շատ ավելի լուրջ մեղադրանքներ, որոնք, մեր աղբյուրի կանխատեսմամբ, հետաքննություն իրականացնող մարմինը, ամենայն հավանականությամբ, կփորձի կոծկել: Բոլորս գիտենք, թե Հայաստանում ովքեր են կատարում մեծ գործարքներ, Երեւանի կենտրոնում հող գնում, շինություններ սեփականաշնորհում: Դրանք հիմնականում պաշտոնյաներն են կամ նրանց հարազատներն ու ընկերները: Այսինքն' հանցավոր խմբի հետ համաձայնության եկածները նրանք են, ովքեր իշխանության մեջ տարբեր լծակներ ունեն: Հնարավոր է, որ դատախազությունը գործի այս մասով հետաքննություն չկատարի, հանցավոր խմբի անդամներն էլ, բնականաբար, այդ մասին ոչինչ չեն ասի: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով' հանցավոր խմբի հետ համաձայնության եկածների մեջ կան նաեւ իրավապահ մարմինների պաշտոնյաներ: Նրանցից մեկը ՀՀ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանն է: Նա կատարված մի գործարքի համար պետք է վճարեր մի քանի հարյուր հազար դոլար, սակայն վճարել է 10 անգամ քիչ գումար: Առայժմ մեզ չի հաջողվել պարզել, թե այդքան մեծ գումարով ինչ է ձեռք բերել փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter