HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Յոթ-ութ տարի հետո Թբիլիսիում հայկական դպրոց չի լինի»

Անցած դարավերջին Վրաստանի մայրաքաղաքում գործող երկու տասնյակ հայկական դպրոցներից այսօր մնացել են երկուսը' թիվ 104 եւ 95 հայկական միջնակարգ դպրոցները: Եւս վեց ռուսական դպրոցներում գործում են հայկական բաժանմունքներ, որտեղ սովորող աշակերտների թիվը չափազանց փոքր է:

«Հայկական դպրոցները փակվել են այն պատճառով, որ աշակերտներ չեն ունեցել: Շատ հայեր մեխանիկաբար, ինչպես սովետական կարգերի օրոք, ձգտում են իրենց երեխաներին ռուսական դպրոցներ տանել: Ցավոք, հայերի ռուսիֆիկացումն այսօր էլ շարունակվում է: Թեեւ անցած տարվանից որոշ միտում կա երեխաներին վրացական դպրոց տանել, բայց նման դեպքերը շատ քիչ, չնչին թիվ են կազմում: Թբիլիսիի ռուսական դպրոցներում եւ՛ ուսուցիչների, եւ՛ աշակերտների մեծամասնությունը հայեր են»,- ասում է թիվ 104 դպրոցի հայկական տնօրեն Կարինե Մանուկյանը:

Կարինե Մանուկյան Օֆելյա Ներսեսովան

Աշակերտների թիվը Թբիլիսում լավագույնը համարվող այս դպրոցում էլ գնալով նվազում է: Այս տարի դպրոցն ընդունել է 13 առաջին դասարանցի, իսկ աշակերտների ընդհանուր թիվը 153 է: Մոտ 100 աշակերտ էլ ունի թիվ 95 հայկական դպրոցը: Իսկ Թբիլիսիում բնակվում է 82.500 հայ:

«Ծնողներն այլեւս նախապատվություն չեն տալիս հայկական դպրոցներին, քանի որ Վրաստանում պետական քննություններն անցկացվում են միայն վրացերեն լեզվով, եւ բնական է, որ հայկական դպրոց ավարտած երեխայի վրացերեն լեզվի իմացությունը բավարար չէ , իսկ ուսումը Երեւանում շարունակելու համար ֆինանսական մեծ դժվարություններ են առաջանում»,-ասում է 104-ի ուսմասվար Կարինե Հովհաննիսյանը:

2004-ին 104-ի հինգ շրջանավարտներ, 2005-ին՝ երկու, 2006-ին՝ երեք, մեկնել են Հայաստան՝ բարձրագույն կրթություն ստանալու:

Դպրոցի տնօրենը, սակայն, վրացերենով քննությունները խոչընդոտ չի համարում բուհ ընդունվելու համար. «Ես վստահ կարող եմ ասել, որ հայկական դպրոցների երեխաներն ավելի լավ են տիրապետում վրացերենին, քան ռուսական դպրոցների աշակերտները: Առաջին դասարանից սկսած վրաց լեզու եւ գրականություն ենք ուսուցանում, մնացած առարկաները հայերեն են»:

«Մեր աշակերտները վրաց գրող Բարաթաշվիլու թանգարանում վրացերենով միջոցառումներ են կազմակերպել, ելույթներ են ունեցել, եւ ոչ մեկը գլխի չի ընկել, որ հայ երեխաներ են»,- նկատում է 104-րդ դպրոցի գրադարանավարուհի Օֆելյա Ներսեսովան, որն ավարտել է նույն դպրոցը եւ արդեն հիսուն տարի աշխատում է այստեղ:

«Ես գնում եմ, ծնողների հետ խոսում եմ, համոզում եմ, որ երեխաներին բերեն հայկական դպրոց, ասում են՝ ա՛յ տիկին Օֆիկ, քեզ հարգելով որ բերենք, ավարտելուց հետո երեխան ու՞ր պիտի գնա սովորելու, մի տեղ կար՝ Օրբելիանու անվան մանկավարժական համալսարանի հայ-վրացական բանասիրության բաժինը, էն էլ 10 ուսանողից ավելի չեն ընդունում: Դիպլոմում էլ գրում են՝ վրաց լեզվի եւ գրականության ուսուցիչ»,- հայ ծնողների պատճառաբանություններն է ներկայացնում Վրաստանի լավագույն գրադարանավարուհի ճանաչված Օֆելյա Ներսեսովան:

«Ռուսական բուհեր էլ շատ չկան, ես չգիտեմ, թե ինչու են ծնողները հակված ռուսական դպրոց տանել իրենց երեխաներին: Մեր դպրոցում ուսուցանվում է ռուսերենը՝ որպես օտար լեզու, անգլերենի հետ զուգահեռ, եւ մեր շրջանավարտները խնդիր չեն ունեցել ռուսական բուհեր ընդունվելիս»,- ասում է Կ. Մանուկյանը:

«Լավ կլիներ, իհարկե, որ իմ երեխային վրացական դպրոց տանեի, որովհետեւ Վրաստանում ենք ապրում, բայց բերել եմ ռուսական, որովհետեւ, հնարավոր է, այստեղից մեկնենք: Բացի այդ, ռուսական ծրագիրը միշտ ավելի ուժեղ է, վրացերեն այսպես թե այնպես սովորում են՝ Թբիլիսիում ապրելով, հետո այս դպրոցում հումանիտար որոշ առարկաներ՝ պատմությունն օրինակ, վրացերեն է»,- իր ընտրությունը հիմնավորում է երիտասարդ մայր Լիանան, որի տղան այս տարի առաջին դասարան է հաճախել թիվ 98 ռուսական դպրոցում:

«Ես շատ պայքարեցի, բայց իմ աղջիկն ու փեսան, ի վերջո, ռուսական դպրոց տարան թոռնիկիս»,- ասում է 104-րդ դպրոցի նախկին ուսմասվար Յուրա Ֆահրադյանը:

Թիվ 98 դպրոցը գործում է 70-ականներից, գտնվում է Հավլաբարում, նրա հինգ տնօրեններից 4-ը հայեր են եղել, իսկ 2001 թվականից դպրոցը կրում է Սայաթ-Նովայի անունը (դպրոցի 3-րդ տնօրեն Ավոյանն է դիմել Վրաստանի Կրթության նախարարությանը անվանակոչման խնդրանքով): Ի տարբերություն հայկական 104-րդ դպրոցի, որը հին շենք է եւ միայն այս տարի է ընդգրկվել կառավարության՝ վերանորոգման ենթակա դպրոցների ցանկում (մեր այցելության պահին դպրոցում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, եւ դասերը հետաձգվել էին մինչեւ հոկտեմբերի 2-ը), 98-ը նորակառույց, երկու մասնաշենքով, հրաշալի խաղադաշտով մեծ, գեղեցիկ շինություն է:

«Վրաստանում նման շենք ոչ մի դպրոց չունի»,- ասում է դպրոցի տնօրեն Սուսաննա Շոշիաշվիլի-Գասպարյանը: 2.5 տարի առաջ թիվ 98 դպրոցում սկսվեց հայոց լեզվի ուսուցում 7-րդ դասարանից: «Հայերենի ուսուցման նախաձեռնությունը նախկին տնօրեն Միշա Թադեւոսյանինն է: 7-րդ դասարանում մենք աշակերտներին առաջարկում ենք հայոց լեզվի ուսուցում հավասարապես ֆրանսերենի եւ գերմաներենի հետ: Եթե առաջ հայերենը ֆակուլտատիվ պարապմունք էր, դասերից դուրս, ապա ներկայումս այն մտնում է ժամացանցի մեջ, եւ Կրթության նախարարությունը ոչ մի առարկություն չունի: Դա կապված է այս թաղամասի առանձնահատկության հետ՝ աշակերտների 90%-ը հայ ընտանիքներից են»,-պարզաբանում է տիկին Շոշիաշվիլի-Գասպարյանը:

Դպրոցի 530 աշակերտից 100-ն է 7-դ դասարանում ընտրել հայերենը:

«Եթե 7-րդ դասարանում մեր երեխաներն իրենք ցանկանան հայերեն սովորել, թող ընտրեն այդ դասընթացը: Բայց հայկական կրթությամբ այստեղ ոչ մի հեռանկար չունես: Իսկ հայոց պատմությունը մենք ինքներս նրանց կսովորեցնենք»,-ասացին ռուսական դպրոցի բակում երեխաներին սպասող հայ ծնողները:

7-րդ դասարանում ռուսական դպրոցի աշակերտները սովորում են այբբենարանով: «Հայաստանի դեսպանությունը մեզ 7-րդ դասարանի դասագրքեր է նվիրել, բայց մենք խնդրել ենք տարրական դասարանների դասագրքեր, որովհետեւ մեր 7-րդ դասարանի աշակերտները նոր հայերեն գրել-կարդալ են սովորում»,- ասում է տնօրենը:

Հայկական դպրոցները Վրաստանում ոչ միայն հայկական կրթություն են տալիս, այլեւ փորձում են հայ երեխային կապել հայկական մշակույթի հետ: Թիվ 104 դպրոցում գործում է պարի խումբ, «Վերնատուն» գրական ակումբը, որը հանդիպումներ է կազմակերպում Հայաստանի գրողների հետ: 2006թ. մայիսից դպրոցը աշակերտների եւ ուսուցիչների ջանքերով հրատարակում է «Վանք» պարբերականը՝ ի հիշատակ դպրոցի տարածքում նախկինում գտնված հայկական Մեծ Վանքի, որը դադարել է գործել 1937թ.-ին:

«Մենք կապեր ունենք Հայաստանի դպրոցների հետ, մեր ուսումնական ծրագիրը շատ մոտ է հայկական դպրոցի ծրագրին, առարկաների ցանկը հաստատում է Վրաստանի կառավարությունը, բայց դասագրքերը ստանում ենք Հայաստանից: Մեր ուսուցիչները վերապատրաստվում են Հայաստանում»,- ասում է Կարինե Մանուկյանը:

«Միակ տեղը, որտեղ երեխաները հայերեն խոսելու եւ հայկական մշակույթին ծանոթանալու հնարավորություն ունեն, դպրոցն է: Շրջապատում, աշխատավայրում, անգամ տանը արդեն վրացերեն են խոսում: Իմ հարսը վրացի է, եւ տանը երեխայի հետ վրացերեն է խոսում, բայց ես անպայման թոռնիկիս իմ դպրոցն եմ բերելու: Երկրորդ տեղը հայկական թատրոնն է»,- տնօրենին լրացնում է գրադարանավարուհի տիկին ՕՖելյան եւ շարունակում,-բայց այսպես եթե գնա, 7-8 տարի հետո Թբիլիսիում այլեւս հայկական դպրոց չի լինի:

«Դպրոց որ չլինի, թատրոնն էլ կմահանա, համայնքն էլ»,-եզրակացնում է նախկին ուսմասվար Ֆահրադյանը:

Լիանա Սայադյան, Տիգրան Բաղդասարյան
Թբիլիսի-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter