HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանն ընդդեմ «ՀայՌուսգազարդի»

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, երեկ` ժ. 12.00-ին սկսվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության դեմ Գևորգ Դավթյանի վնասների հաշվառմամբ գազամատակարարումը վերականգնելու պահանջի մասին հայցի նախնական քննության շարունակությունը: Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին գազի ցուցմունքներ Հայռուսգազարդ ընկերության աշխատակցուհին, առանց զգուշացնելու, հանել է փաստաբանին պատկանող բնակարանի գազի հաշվիչը, որի արդյունքում դադարեցվել է բնակարանի գազամատակարարումը:  Ինչի վերաբեյալ Փաստաբանի հայցով գործի դատական քննությունը ընթացքում է

Այսօրվա դատական նիստին «ՀայՌուսգազարդ» ընկերության շահերը ներկայացնում էր Երևան գազի իրավաբանական վարչության պետը, որը այսօրվա նիստի սկզբում միջնորդություն ներկայացրեց դատական գործի քննություն փակ անցկացնելու պահանջով, այն պատճառաբանությամբ, որ իբր հնարավոր է, որ գործի քննության ընթացքում իրենց կողմից այնպիսի տեղեկություններ հայտնվի գազի հաշվառքի սարքի շրջանցմամբ գազասպառում կատարելու հնարքների վերաբերյալ, որոնք այլ անձանց հայտնի դառնալու դեպքում կվնասեն ընկերությանը: Իհարկե, դա Հայցվորիս կողմից առարկվեց, (բացի այլ պատճառաբանությունների հիմքով) նաև այն պատճառաբանությամբ, որ Հայցվորս ընդհանրապես կարիք չունի նման մեթոդներին ծանոթանալուն, ինչը նաև պահանջների հիմքի մեջ չի մտնում:

Դատարանի դիրքորոշումը համընկեց Հայցվորիս դիրքորոշմանը և  այդ միջնորդությունը մերժվեց, նաև դատարանը հայտնեց, որ կարող է այդ տեխնիկայի հնարքի մասին տեղեկություն հայտնելու պահը միայն փակ գաղտնի անցկացնել, եթե իհարկե դրա կարիքը լինի և բխի համապատասխան օրենսդրությունից:

Սակայն մենք կարծում ենք, որ Պատասխանողի այդ միջնորդության տակ այլ բան էր թաքնված,  մեկ խոսքով, հեռու հասարակական հնչեղությունից, զանգվածային լրատվական միջոցներից, ինչը նրանց չհաջողվեց:

Այնուհետև, փաստվեց նաև այն իրողությունը, որ գազահաշվիչը հանվել է Հայցվորի բացակայութամբ, որը ըստ էության ընդունվեց Պատասխանողի ներկայացուցչի կողմից: Ահա այս փուլում դատավոր Ս. Հովսեփյանը շատ անակնկալ հարց հնչեցրեց Պատասխանողին, այն է, «այդ դեպում, եթե Հայցվորը ներկա չի եղել հաշվիչի հանման աշխատանքներին, ինչու եք արձանագրության մեջ գրել, որ Հայցվորը հրաժարվել է այն ստորագրելուց»: Պատասխանողը փորձեց դա պատճառաբանել նրանով, որ երեկոյան, աշխատանքային ժամից հետո իրենց աշխատակիցը եկել է հայցվորիս բնակարան և ցանկացել, որպեսզի այն ստորագրի: Հայցվորս գտնում է, որ վերջինս որևէ օրենքի, անգամ իրավական տրամաբանության հետ կապեր չունի. թե ինչպես կարելի է հաշվիչը առանց բաժանորդի ներկայության հանել, տանել և հետո էլ գրել, որ բաժանորդը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց…`եզրակացրեք ինքներդ:

Հայցվորիս այն հարցին, թե ինչպես է Պատասխանողը ծանուցում այն մասին,  որ գազահաշվիչի հաշվարկի գումարը 15 օրյա ժամկետում չմուծելու դեպքում, Հայցվորիս բնակարանը կգազազրկվի (ասեմ նաև, որ դա բնագավառը կարգավորող իրավական ակտի` ԳՄՕԿ կանոնների իմպերատիվ պահանջն է) այն դեպքում, երբ արդեն վաղուց Հայցվորի բնակարանը գազազրկված է, Պատասխանողը, կարելի է ասել, որ երևիթե հնարամիտ պատասխան հնչեցրեց, ասելով, որ պետք է ծանուցում կատարող համապատասխան ստորաբաժանման պետին կանչենք և պարզենք: Մեկնաբանությունները ինքերդ արեք:

Պատասխանողը Հայցվորիս ներկայացված հիմքերի, փաստերի, և առարկայի վերաբերյալ հարցեր չուներ, սակայն ամբողջությամբ առարկում էր պահանջի դեմ:

Հետաքրքրական է նաև այն, որ Պատասխանողը դատարանին ներկայացրեց ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյո ՊՈԱԿԻ փորձաքննության եզրակացություն, որը կատարվել էր այս տարվա հունվար ամսին (09.01.12-19.01.12թ), այսինքն դեպքից երեք ամիս անց: Չանդրադառնալով փորձաքննության ներկայացման բազմաթիվ առարկություններին, անգամ այդ փորձաքննությունը հստակ չէր պատասխանել այն հարցին, թե երբ է կատարվել այդ գազահաշվիչի վրա արտաքին ներգործությունը (նշեմ, որ չկա այն կարատող սուբյեկտի մասին որևէ փաստ, եթե ընդհանրապես գազահաշվիչի ներգործություն մինչև հանելը կատարվել է):

Ուղղակի բերենք եզրակացության եզրափակիչ մասի  համապատասխան հատվածը, այն է «Ելնելով վերը նշված հետքերի քանակական, դրանց ինտենսիվության և տարբեր տեղակայությունների և կառուցվածքային առանձնահատկություններից, հետքերի շրջանում ախտոտվածության, փոշու հետքերի և շերտանստվածքների առկայությունից, գալիս եմ եզրակացության այն մասին, որ տվյալ հետքերը առաջացել են գազահաշվիչի տևական շահագործման արդյունքում, ունեն առաջացման համեմատաբար հին վաղեմություն, և քիչ հավանական է, որ այդպիսիք առաջացած լինեին 20.10.2011թ.-ից հետո ընկած ժամանակահատվածում»: Հիշեցնենք, որ գազահաշվիչը հանվել էր 20.10.2011թ-ին, որից հետո գազահաշվիչը գտնվել է իր օրինական սեփականատիրոջ` Հայռուսգազարդի, անմիջական տիրապետության տակ…: Դե արդեն պատկերացնում ենք, որ այդ վաղեմության հանգամանքի վերաբերյալ անգամ փորձաքննությունը հստակ չի կարողացել կողմնորոշվել: Տեղեկացնեմ, որ այդ փորձաքննության մասին ինչպես դատարանը, այնպես էլ, Հայցվորս, դատական նիստում ենք իմացել:

Դե ինչ անենք, Պատասխանողը փորձում է հիմնավորումներ բերել իր անհիմն գործողությունները հիմնավորելու համար: Բայց հավատացնում եմ, որ անգամ այդ եզրակացությունը, իրականում ավելի շատ Հայցվորիս շահերից է բխում, որի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ, մեկնաբանություններ և պատճառաբանություններ դեռևս վաղաժամ եմ համարում մանրամասն ներկայացնել, հաշվի առնելով այն փաստը, որ դրանց դեմ Պատասխանողը կարող է փորձել նորանոր պաշտպանական հնարքներ օգտագործել:

Այս դատական նիստին նախորդած ժամանակահատվածում դատարանին Հայցվորիս կողմից ներկայացվել է նաև փաստաբանական վճարում կատարելու մասին հիմքեր և վճարման փաստաթղթեր:

Հիշեցնենք, նաև որ դեռևս մոտ երեք ամիս առաջ ՀՀ Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը հանձնարարել էր «ՀայՌուսգազարդ»-ին երեք օրյա ժամկետում վերականգնելու Հայցվորիս բնակարանի գազամատակարարումը: Սակայն մինչ օրս այդ պահանջը կատարված չէ, ինչը փաստում է Հայռուսգազարդի անօրինական գործելակերպի շարունակումը: Ասեմ ավելին, կարծում են Հայռուսգազարդը իր գործողությունները չհիմնավորելու դեպքում, կարող է այս դատական գործընթացից դուրս ենթարկվել տուգանքի, ինչն էլ միգուցե նրան դրդում է ընտրել նման պաշտպանական մեխանիզմներ: Բայց կարծում եմ, դա նրանց չի հաջողվի, քանի որ իրականությունը այլ է:

Բացի դա, հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ Հայցվորս մշտապես վճարել է գազասպառման դիմաց` ընդ որում ձմռան ամիսներին` 25000-45000 և ավելի դրամ 45քմ-ի համար` կախված տվյալ ամսվա եղանակից: 

Հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 23.03.2012թ. ժամը 12:30-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (դատավոր Ս.Հովսեփյան): Նիստը դռնփակ չէ և ազատ է:

Փաստաբան` Գևորգ Դավթյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter