HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Արձանի բեկորները վերադարձնելու ուժը բաժանվում է բեկորների

Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի բեկորները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու կապացությամբ կազմակերպված ստորագրահավաքի արդյունքներն արդեն ամփոփվում են: 

Փորձեցինք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակից Լիլիթ Գրիգորյանից ճշտել` արդյոք իրենք տեղյակ են, թե քանի ստորագրություն է հավաքվել սփյուռքահայ երիտասարդների կողմից ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում նույն նպատակով կազմակերպված ստորագրահավաքի արդյունքում: Լիլիթը պատասխանեց, որ տեղյակ չեն: Գիտեն միայն, որ այդ ստորագրահավաքը կազմակերպում է Գևորգ անունով մի երիտասարդ, բայց արդյունքների մասին չգիտեն, քանի որ նա չի պատասխանում իրենց էլեկտրոնային նամակին:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ստորագրահավաք կազմակերպած սփյուռքահայ  Գևորգ Մարտիրոսյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ իր հերթին է սպասում որևէ տեղեկության հիմնադրամից: Նա նշեց, որ էլեկտրոնային նամակի միջոցով  հիմնադրամին տեղյակ է պահել իրենց նախաձեռնության մասին, բայց դեռ ոչ մի պատասխան չունի: 

«Ես պետք է արտահայտեմ իմ հիասթափությունը Հայստանում նույն նախաձեռնության կազմակերպիչների նկատմամաբ հետևյալ պատճառով,- ասաց Գևորգը,- մեր արշավը  էական դեր խաղաց այս հարցի մասին աշխարհին տեղեկացնելու առումով, բայց մենք մի բառ անգամ չլսեցինք հայաստանյան կազմակերպիչներից: Մենք փորձեցինք կապվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակիցների, անձամբ` Կարեն Ավագյանի, ինչպես նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանի մի շարք կազմակերպությունների հետ: Այնպես է թվում` կարծես նրանք հետաքրքրված չեն այն սփյուռքահայերի աջակցությամբ, ովքեր, մասնակցելով այս նախաձեռնությանը, փորձում են ցույց տալ, թե ինչքան են գնահատում հայկական մշակույթն ու պատմությունը»:  

Լիլիթ Գրիգորյանը հաստատեց, որ պատասխանել է Գևորգի էլեկտրոնային նամակին և կարող է անհրաժեշտության դեպքում ցույց տալ ուղարկված նամակը:

«Ես պարզապես մեկ-մեկ ստուգել եմ իմ էլեկտրոնային նամակները, բայց ոչինչ չեմ ստացել իրենցից»,- ասաց Գևորգը, երբ  խնդրեցինք  նորից ստուգել էլեկտրոնային փոստը: Նրա համար անակնկալ էր նույնիսկ այն, որ Հայաստանում իրենց նախաձեռնության մասին  տեղյակ են:

Լիլիթ Գրիգորյանը խոստացավ նորից նամակ ուղարկել Գևորգին: Այսօր Գևորգը պատասխանեց, որ հիմնադրամից ինքը նամակ է ստացել: Նաև ավելացրեց, որ սա Հայստան ուղարկված իր բազմաթիվ նամակներից առաջինն էր, որ պատասխան ստացավ:

Գևորգը որոշել էր իր կազմակերպած ստորագրահավաքի արդյունքները առանձին ներկայացնել Բրիտանական թանգարան, եթե իր նամակները շարունակեին մնալ անարձագանք:

Իսկ թանգարանի համար սա հիանալի առիթ կլիներ ասելու, որ Անահիտ աստվածուհու արձանի բեկորները իր երկիր տեղափոխել ցանկացող ազգը ինքն է բաժանված  բեկորների: Բրիտանական թանգարանին «մեր միասնականությամբ» ծիծաղեցնելու վտանգը կանխվեց, մնում է` արդյունք տա կարճատև պառակտման առիթ դարձած ստորագրահավաքը:

Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը սկսել է ամփոփել ստորագրահավաքի արդյունքները:  Հավաքվել է մոտ 20.000 ստորագրություն: Գևորգի տեղեկացմամբ` մոտ 1.000 ստորագրություն էլ հավաքվել է սփյուռքահայ համայնքում: Ստորագրությունները թղթի վրա են: Մինչև այս շաբաթվա վերջ երիտասարդական հիմնադրամը պատրաստվում է դիմել ՀՀ բրիտանական դեսպանատուն և Բրիտանական թանգարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter