HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտում. «Տարվա քաղաքացու» իրական դեմքը

Բաց նամակ Հայաստանի ԶԼՄ-ներին`հերքում տալու ակնկալիքով

Սույն հոդվածը առաջինը լույս է տեսել «Առավոտ»-ում: Խմբագրությունը, լրագրողական էթիկայի կանոներին հավատարիմ մնալով, առաջինը հանդես եկավ հերքում տալու հանձնառությամբ: Համոզված ենք` մյուս լրատվամիջոցները նույնպես կշարունակեն իրենց լրագրողների սխալվելու անխրախուսելի իրավունքին ի պատասխան հերքումով հանդես գալու ավանդույթը:

Այս դեպում պատմությունն այն մասին է, թե ինչպես ինքնամեծարման մոլուցքով տառապող մի բախտախնդիր, օգտագործելով ազատ խոսքի տարածման ինտերնետի հնարավորությունը և լրատվամիջոցների դյուրահավատությունը, մի ամբողջ տարի հասարակությանը և պետական-կառավարչական մարմիններին մոլորության մեջ պահեց: Ցավոք, նա միակը չէր անցած տարում:

Անցած տարին նշանավորվեց նաև մի այլ պատմությամբ, որը, ճիշտ է, ինչ-որ իմաստով սասանեց մարդկանց հավատը առանձին գործիչների բանիմացության հանդեպ, սակայն, փառք աստծո, զվարճալի ավարտ ունեցավ: Խոսքը վերաբերվում է քյավառցի ինքնահռչակ աստղաֆիզիկոսի կողմից ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մոլորության մեջ գցելու պատմությանը:

Սակայն ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Հիմա եկել է Հրանուշ Հակոբյանի հերթը քահ-քահ  ծիծաղելու: Այս անգամ հերթական ավանտյուրիստի որոգայթներում հայտնվեցին ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները: Ինչպես մեծ մտածողներից մեկն էր ասում, «Պատմությունը կրկնվում է երկու անգամ, մերթ որպես զավեշտ, մերթ որպես ողբերգություն»: Պատմությունն այս անգամ ոմանց համար ողբերգական ընթացք ունեցավ:

Եվ այսպես, լրատվամիջոցները մեծավ մասամբ, սոցիալական ցանցերն ու բլոգները, «Չենք լռելու» երիտասարդականը, անցած տարում ձեռքից ձեռք խլելով, իրար հերթ չէին տալիս ինտերվյու վերցնելու մի անձնավորությունից, որն, իբր վերջին տասը տարում զբաղվելով կինոարտադրությամբ, թողել է Մոսկվան, եկել Հայաստան, ֆիլմ է նկարահանում Ղարաբաղի պատերազմի մասին, որով նա լուծելու է Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը:

Այդ ֆիլմի բյուջեն մի լրատվամիջոցում ներկայացվում է 5-7 միլիոն դոլար, մյուսում` 7,5 միլիոն դոլար: Այդ ֆիլմի նկարահանման համար իբր ռեժիսորը 7 միլիոնն արդեն ունի, ֆիլմն ավարտին հասցնելու համար նրան պակասում է ընդամենը կես միլիոն  դոլար, որն էլ խոստացել է տրամադրել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` հանձնարարելով այդ գործը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, վերջինս էլ, չգիտես ինչու, ձգձգում է գումարի տրամադրումը արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած այս ֆիմի հեղինակին:

Ֆիլմի մասին նաև ԶԼՄ-ները գրում են, որ ռեժիսորի ասելով՝ այն ներկայացվելու է Օսկարի մրցանակի, արտադրվելու է հինգ լեզուներով հինգ երկրների կողմից: Ֆիլմում երևալու են նաև Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Քերոլայն Քոքսը, Կոմանդոսը, Սամվել Բաբայանը և ուրիշներ: Գլխավոր դերակատարներից մեկն էլ լինելու է թուրքերի և ադրբեջանցիների կողմից սիրված հնդիկ դերասան (անունը չի նշվում):

Ամենասարսափելին այն է, որ  այս ֆիլմի մասին ադրբեջանցիներն արդեն իմացել են և ամեն օր սպառնում են ֆիլմի հեղինակին, որ դադարեցնի նկարահանումները, թե չէ վիզը կթռցնեն: Հակառակի պես մեր Ազգային անվտանգության մարմիններն էլ  տիրություն չեն անում աշխարհահռչակ այս ռեժիսորին:

Հայկական լրատվամիջոցներից և ինտերնետ կայքերից հայտնի դարձավ, որ «աշխարհահռչակ» այս ռեժիսորը 17 տարեկանից մասնակցել է Արցախի ազատագրման մարտերին, առանձնակի նշանակության գումարտակի հետախույզ է եղել, տեսել է, թե թուրք բանտապետները ինչպիսի դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ, այդ ամենը նա տեսել, զգացել է իր վրա և համոզված է, որ լավ ֆիլմ է ստացվելու:

Կարդալով և դիտելով այս ամենը` սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվում, հնչում են դառն ու թունոտ արտահայտություններ ֆիլմի արտադրությունը կասեցնող Հասմիկ Պողոսյանի հասցեին, իսկ Հասմիկ Պողոսյանի իսկի վեջն էլ չէ, տնաշենը չի էլ արձագանքում: Դեռ ավելին, աշխարհահռչակ ռեժիսորին մի կարգին ընդունելության էլ չեն արժանացրել, աշխատողներն այդ օրը կոֆե խմելիս են եղել, «Օդնոկլասնիկ»-ով են զբաղվել՝ փոխանակ նրան հոտնկայս դիմավորեին:

Ինչո՞ւ է լռում երկրի նախագահը, որն իր դաբրոն վաղուց արդեն տվել էր այս ֆիլմի նկարահանումն ավարտին հասցնելու համար, 500 հազար դոլարն ի՞նչ է, որ չեն տալիս: Մամուլում և սոցցանցերում հնչող հարցեր, որոնց պատասխանները չեն տրվում ոչ նախարարի և ոչ էլ նախագահի աշխատակազմերի կողմից: Այս ամենը կարծես կատակերգական սերիալի սցենար լինի:

Սոցցանցերում և մամուլում գրվում է նաև, որ արդեն ֆիլմի մասին կարծիքներ են հայտնում աշխարհահռչակ կինոգործիչներ: Լրատվամիջոցներն իրար հերթ չեն տալիս հարցազրույցներ ունենալու ռեժիսորի հետ: Նրա մասին գրվում է, որ վերջին տասը տարում ապրելով Մոսկվայում՝ աշխատել է մոտ տասնհինգ հեռուստաընկերություններում, տասնյակ հեռուստածրագրերի ղեկավար է, հայտնի շոումեն է (հայտնի չէ`որտեղ է հայտնի), վոկալիստ է, երգում է, պարում է (հայտնի չէ` որ բեմերում է երգել, պարել):

Նշվում է, որ ռուսերեն գերազանց գիտի (ռուսերեն ոչ մի բառ նրա կայքում առանց տառասխալի չի գրված), անգլերենին տիրապետում է բառարանով, ձայնը նման է Լևիտանի ձայնին: Նաև աղմուկ հանած սցենարներ է գրում ու վաճառում: Մի դիտարկում ևս. ռեժիսորի մասին ներկայացվող կենսագրության մեջ ոչ մի տեղ չի նշվում, թե ինչ կրթություն է ստացել ( երևի վստահ չէ, որ ավարտել է Հրազդանի պրոֆտեխուսումնարանը) և որտեղ է աշխատել առհասարակ:

Ոչ մի լրագրողի մտքով իսկ չի անցել հետաքրքրվելու` պատերազմում երեք տարի կռիվ տալուց հետո Արցախի պատերազմի այս «վետերանին» ի՞նչ մարտական շքանշանների և պատվի են արժանացրել, կամ վիրավորվե՞լ է արդյոք քաջազուն այս «վետերանը»:

Թվում էր՝ սենսացիոն այս պատմությունը, որն արդեն վերածվել էր անհեթեթության, այդպես էլ կավարտվեր. երբեմն սենսացիաները հատկություն ունեն արագ տարածվելու և արագ էլ մոռացվելու: Քիչ էր մնացել մոռացության մատնվեր նաև այս մարդը, եթե տարվա վերջին տեղի  չունենար մի այլ կարևոր իրադարձություն, որին դարձյալ անդրադարձան հայկական լրատվամիջոցներն՝ այս անգամ առանց բացառության:

Մամուլում և հեռուստաէկրաններին հայտնվում է «ՀՀ տարվա քաղաքացի» տիտղոսին արժանացած մարդը՝ նույն ինքը՝ «աշխարհահռչակ» կինոռեժիսորն արդեն նոր կարգավիճակով՝ այս անգամ որպես կրպակավար, որն  իր իրավունքների համար մինչև վերջ պայքարող և հաղթանակի հասնող ՀՀ 2011թ. «Տարվա քաղաքացի» է ճանաչվում: Այս կոչումը նրան շնորհում է «ՇՊԱԿ» կազմակերպությունը` Հրազդանի տարածքային կազմակերպության ներկայացմամբ:

Բայց ավելի լավ է ներկայացնենք պատմությունն այն մասին, թե «աշխարհահռչակ» ռեժիսորը ինչպես դարձավ սովորական կրպակավար: Այն ժամանակ, երբ մամուլում և սոցցանցերում թնդում էր «ռեժիսորի» անունը, Հրազդանի հարկային տեսչության աշխատակիցները, չիմանալով նրա «համբավի և հռչակի» մասին, փորձել են մուտք գործել տեսասկավառակների վաճառքի Հրազդան քաղաքի Կենտրոնում գտնվող նրա կրպակ և արձանագրություն կազմել՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու վերաբերյալ:

Դու մի ասա այս «աշխարհահռչակ» ռեժիսորը կրպակում թաքնված տեսախցիկ է ունեցել, նկարահանել է, և ապա ՇՊԱԿ-ի իր ընկեր Տիգրան Գրիգորյանի իրավաբանական աջակցության շնորհիվ հարկային աշխատողների վրա կանոնակարգի խախտումների մասով գործ է սարքվում: Եվ քանի որ ռեժիսորի քաջնազարական դրոշն արդեն ծածանվում էր ինտերնետում և հայկական մամուլում, Հրազդանի հարկային տեսչության 7 երիտասարդ աշխատակիցների կարիերային վերջ է տրվում: Ինչպես տեսնում եք, պատմությունը կրկնվեց, այս անգամ ոմանց համար ողբերգական ավարտով:

«Աշխարհահռչակ» այս ռեժիսորը, որը Հրազդանում ճանաչված էր որպես գործ տվող ու գործ սարքող անձնավորություն (հայտնի է նաև, որ նա նույնիսկ Ղարաբաղում կռված իր հարազատ եղբոր վրա է գործ սարքել Հրազդանի ոստիկանությունում), ահուսարսափ է տարածում տեղական մարմինների վրա, մանավանդ որ մամուլով տարածվել է, թե սա ունի ՀՀ նախագահի դաբրոն:

«Աշխարհահռչակ»-ի մարդկային որակների մասին քաջատեղյակ էին Հրազդանում, սակայն որպես «պրոֆեսիանալ ռեժիսորի և դերասանի»՝ քչերը գիտեին: Այն, որ վերջին 10 տարում նա ապրել և ստեղծագործել է Մոսկվայում, թերթերից իմացան: Հրազդանցիները կրկին ներշնչվեցին իրենց տեսողության վերաբերյալ կասկածներով:

Եթե նա 10 տարի ապրել է Մոսկվայում, ապա այդ ո՞վ էր տարիներ շարունակ տեսասկավառակներ պտտեցնում Հրազդանի Կենտրոնում` չորսբոլոր լցնելով թուրքական և ադրբեջանական մեղեդիներով ու մուղամներով, դիտողություններին էլ միշտ պատասխանում.«Ժողովրդի պահանջով եմ անում»: Այդ ո՞վ էր Հրազդանում տպիչների ոչ արհեստավարժ լիցքավորում իրականացնում` տեղիք տալով այցելուների  բողոքներին: Այդ ո՞վ էր տնետուն ընկած՝ որպես վարձու Ձմեռ պապ ներկայանում, որի գովազդն պտտվում էր Հրազդանի եթերում: Այդ ո՞վ էր Հրազդանում թաքնված տեսախցիկով անտաղանդ ու անճաշակ «Բլեֆներ» սարքում, որոնից միայն մեկը ցուցադրվեց «Հրազդան» ՀԸ-ում` նրա երկարատև խնդրանքներին և ծակող-թափանցող համառությանը անսալով:

Հետո էլ պատրաստվում էր դատի տալ «Արմենիա» հեռուստաընկերությանը` իբր  «Բլեֆ»-ի վերնագիրը իրենից են գողացել: Խելքը իրենը չէ մարդկանց դատի տալու համար: Թերթերում գրում են, որ դերասան Իշխան Ղարիբյանի արժանավոր հետնորդն է: Հրազդանի Դրամատիկական թատրոնի ռեժիսոր, բազմաթիվ փառատոների մրցանակակիր Աշոտ Սարգսյանը, որն երջանկահիշատակ Իշխան Ղարիբյանից հետո գլխավորում էր Հրազդանի դրամատիկական թատրոնը, նրա մասին կարճ արտահայտվեց. «Նա Իշխան Ղարիբյանի հետնորդ չէր կարող լինել, որովհետև նրա մեջ ոչ դերասան կար և ոչ էլ ռեժիսոր, նրա օրոք սա ոչ միայն դերասան, այլև նույնիսկ բեմի բանվոր էլ  չի եղել»:

Օրինական հարց է առաջանում. եթե այսքան բան գիտեինք, ինչո՞ւ էինք լռում, որպես լրագրող՝ ինչո՞ւ չէինք բացահայտում այս անձնավորության իրական կերպարը: Սա արդեն ուրիշ պատմություն է. բոլոր ձվերը մեկ զամբյուղում չեն տեղավորվի...

Այն ժամանակ, երբ պատրաստվում էինք դիմակազերծել մեզ քաջածանոթ ավանտյուրիստին, նա անմիջապես գործի դրեց իր շանտաժի մեքենան: Ձեռագիրը ծանոթ էր. իբր, առանց ձևակերպվելու՝ օրավարձով երկու ամիս աշխատել է հեռուստատեսությունում ոչ ավել, ոչ պակաս որպես փոխտնօրեն և աշխատավարձ չի ստացել: Ասենք, որ նույնաբովանդակ մի գործ մի այլ անձի անունից անցած տարի ներկայացվել էր ոստիկանության թաղային տեսուչի կողմից, որի վերաբերյալ մեր բողոքն այժմ քննվում է վարչական դատարանում, և բոլոր հիմքերը կան, որ այն արդար լուծում կստանա:

Եվ այսպես, այս անձնավորությունը դարձյալ «ՇՊԱԿ»-ի իր գործընկեր Տիգրանի միջոցով ամբաստանագրեր է ուղարկում ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, ՀՀ պետեկամուտների կոմիտե, դատախազություն, ոստիկանություն: Ստուգողներն իրար հերթ չեն տալիս: Երկար ստուգումներից հետո ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետը «Աշխարհահռչակի» բողոքի հիման վրա տարվող վարույթը կարճեց՝ այն համարելով անհիմն և անթույլատրելի:

Ոստիկանությունում, սակայն. իրադարձությունները զարգանում էին այլ հունով: Սկզբում ոստիկանության քննիչ, մայոր Ա. Կարապետյանը ստուգումներով պարզել էր, որ այս գործի մեջ ավելի շուտ զրպարտանքներ են, քան իրական փաստեր, այնուհետև տեղնուտեղը քննիչին փոխեցին և սկսեցին ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի որոշման բողոքարկման գործընթաց առաջ տանել:

Փաստորեն ոստիկանությունը, ինչպես հավաստում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» իրավաբան Օ. Սաֆարյանը, վերազանցելով իր լիազորությունները, անցկացնում է գործառույթ, որով խախտում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ սույն վարչական ակտը կարող է բողոքարկվել վերադաս վարչական մարմնին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և դատական կարգով` ՀՀ վարչական դատարան:

Այստեղից հանգում ենք հետևյալ տրամաբանական եզրակացության. քանի որ Հրազդանի ոստիկանության թաղային տեսուչի կողմից կազմված արձանագրության հիման վրա «Հրազդան» հեռուստաընկերության տնօրենի դեմ վարչական տույժ կիրառելու նախորդ պահանջը բողոքարկվել է ՀՀ վարչական դատարանում, և վստահ չեն, որ դատարանը հարցը իրենց օգտին կլուծի, ոստիկանությունը որոշել է նոր գործ սարքել՝ նախորդը ամրապնդելու նպատակով: Այդ է հավաստում այն փաստը, որ այժմ արդեն քննությունը տանում է ոստիկանության թաղայինների պետ, մայոր Վ. Սողոմոնյանը:

Ուշագրավ է նաև մի այլ փաստական նյութի առկայությունը Հրազդանի ոստիկանությունում: Արդեն երրորդ տարին է, Հրազդանի ոստիկանության քննիչների դարակներում քնած են մնացել հեռուստաընկերության դիմում-բողոքները՝ քրեական երկու այլ գործերի կասեցման վերաբերյալ: Այդ նույն գործերի վերաբերյալ հեռուստաընկերության դիմում-բողոքներին մինչև օրս պատասխան չի տրվել ոչ Հրազդանի ոստիկանության և ոչ էլ մարզային դատախազության կողմից:

Իրական հանցագործներին թողած` ոստիկանությունն սկսել է հեռուստաընկերության դեմ հարկային և աշխատանքային տեսչության գործառույթներ իրականացնել: Բանն այնտեղ է հասել, որ պահանջ է տրվել բացել հեռուստատեսության տարիների արխիվները, որտեղից իբր կբացահայտվեր, թե նախկինում ինչ գովազդներ են եղել, որոնք չեն մուտքագրվել (թեև օրենքով հեռուստատեսությունը պարտավոր է պահպանել ընդամենը մեկ ամսվա նյութերը):

Աշխատողներին արդեն երեք-չորս անգամ, առանց ծանուցագրի, կանչել են ոստիկանություն: Հոգեբանական ճնշումների, շանտաժի, տնօրինությանը վարկաբեկելու մեթոդները մի կողմ թողնենք. դրանք, ըստ երևույթին, մայոր Վ.Սողոմոնյանի աշխատաոճին հատուկ նորմեր են, և ահա վեց ժամ՝ մինչ գիշերվա ժամը 11-ը, չորրորդ անգամ քննության ենթարկվելուց հետո նոր ընդունված լրագրողի նյարդերը տեղի տվեցին, ու հաջորդ օրն արցունքն աչքերին նա դիմեց տնօրենին` իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով: Իսկ մարզերում ճրագով պիտի ման գալ հեռուստալրագրողներ գտնելու համար:

Հիմա առանց ծանուցագրի ոստիկանություն են կանչում նոր աշխատանքի ընդունվող երկրորդ լրագրողին: Ամեն ինչից երևում է՝ աշխատանքները կազմալուծելու և հին հաշիվներ մաքրելու գործընթաց է ընթանում: ՀՀ նոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, կարծում ենք, ոստիկանության ավգյան ախոռները մաքրելու սրբազան գործը պետք է առաջ տանի նաև մարզային կառույցներում, որտեղ կամայականությունն ու ապօրինությունը հաճախ սահմաններ չեն ճանաչում:

Կրկին վերադառնանք մեր «Աշխարհահռչակին»: Թեև մենք գիտեինք նրա ստախոսության և շանտաժի հատկությունների մասին, հոգեբանորեն պատրաստ էինք դիմակայելու մեզ սպասվող փորձություններին, այնուամենայնիվ, անկեղծ ասած, քիչ էր մնում մենք էլ հավատայինք նրա ստերին: Այն, որ նա կինոարտադրությամբ է զբաղվել և «աշխարհահռչակ ռեժիսոր» է, ավելի շատ կոմիկական, քան էպիկական ժանրի պատմություն էր: Բայց Արցախի պատերազմին մասնակցելու մասին մտածում էինք` մեր աչքի առջև թրև եկող այս տղան կարող է իսկապես մեզանից թաքուն գնացել, Ղարաբաղի կռիվներին մասնակցել է:

Փորձեցինք Հրազդանի զինկոմ, գնդապետ Ս. Գրիգորյանից ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք պատերազմի վետերան ներկայացած «աշխարհահռչակ ռեժիսորը» եղել է Ղարաբաղում և մասնակցել ազատագրման կռիվներին: Նա մեր հարցմանը ներկայացրեց պաշտոնական պատասխան` «Գագիկ Շիրինի Աթասյանը ՀՀ ԶՈւ ծառայել է 1995թ. հոկտեմբերի 23-ից մինչև 1997թ. նոյեբերի 25-ը: Արցախի ազատագրման համար կռվողների կազմում նրա անունը չկա»:

Ապա զինվորականին հատուկ կտրուկ ավելացրեց. «Մարդ, որը պատերազմի մասնակցի կեղծ տեղեկություններ է տարածում, քրեական հանցագործ է, պատերազմի ժամանակ այդպիսի պադոնոկներին գնդակահաում էին, նրանք պղծում են մեր զոհերի թափած արյունն ու հիշատակը»: Արցախյան պատերազմին մասնակցած հրամանատարի ինքնասիրությունն  ու պատիվը վիրավորված էին:

Մեզ հասած ստույգ տեղեկություններով պարզեցինք նաև, որ այս անձը բանակում եղել է մոտ երեք տարի, նրա մեկ տարին ծառայություն չի համարվել, քանի որ զինվորական պարտադիր երկու տարվա ծառայությունից խուսափել է:

Պիտի ընդունենք նաև, որ այս «հերոսներին» թեև մենք` լրագրողներս ենք ստեղծել,  բայց նրանք մեզ չեն ենթարկվում:

Հ.Գ. Թվում է՝ ամեն ինչ ասված է այս հոդվածով, սակայն գլխավոր եզրակացությունը կարծես չի արվել: Այդ ինչպե՞ս եղավ, որ կիսագրագետ այս անձնավորությունը նման փառքի և ընդունելության արժանացավ:

Մի փոքրիկ էքսպերիմենտ կատարեմ: Եթե այս հոդվածի վերջում գրեմ, որ հեղինակը Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ է, հոգեբանական գիտությունների թեկնածու է և «Նյու Յորք թայմս» թերթի թղթակիցն է, անկախ այն բանից, թե դա ճիշտ է, թե սուտ, Ձեր ընկալումներն որոշակի չափով կփոխվեն:

Բայց եթե ավելացնեմ նաև, որ այս հոդվածը լույս ընծայելու համար հեղինակը ստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դաբրոն, պատկերը լիովին կփոխվի. ակամայից սկսում եք մտածել, որ երևի նախորդ երեքը ճիշտ են, որ հեղինակը ստացել է նախագահի դաբրոն:

Իրականում այս տեղեկությունների բաղկացուցիչ մասերի միասնությունն ստեղծում է հոգեբանական ներգործության մի իրավիճակ, երբ բավական է որևէ մեկը հավատա այդ ստերից մեկին, մյուսներն ակամայից կընդօրինակեն: Գիտական հոգեբանության մեջ դա կոչվում է հոգեբանական ընդօրինակման (իմիտացիայի) վարակ: Այդ վարակը առաջինը թափանցել էր ամենահեղինակավոր լրատավիջոցներից մեկում` «Առավոտ»-ում, այնուհետև 1in.am, Հետք, lragir.am, Հրապարակ, Զրուցակից, Ա1+, PanARMENIAN.Net, Ժամանակ, 7or.am, Իրատես de facto, asecose.am, maxinfo.am, aysor.am և այլ լրատվամիջոցներում:

Հասարակությունը լրագրողների նկատմամբ մշակած ունի առանձնահատուկ վերաբերմունք: Նրանց նկատմամբ հասարակության պահանջը եղել և մնում է`«Ավելի լավ է լրագրողները նմանվեն ագռավի, քան թութակի»: Ուզեն թե չուզեն, լրագրողները ճակատագրով դատապարտված են հասարակական պահանջը կատարելու:

Ասենք նաև, որ հոգեբանական վարակը թերթերից տարածվել էր նաև ընթերցողներիս շրջանում: Բոլորս էլ բուժման կարիք ունենք: Նախագահականի և նախարարի աշխատակազմերի լռությունը, որը սովորաբար մեկնաբանվում է իբրև համաձայնության նշան, ժողովրդական լեզվով ասած, ակամայից  ջուր է լցրել ստի տարածման ջրաղացին:

Ինֆորմացիոն աղմուկի, անկառավարելի ինտերնետի պայմաններում սուտ տեղեկությունը տարածվում է լույսի արագությունից ավելի արագ, և սթափ միտքն ու հոգեկան հավասարակշռություն պահպանելը դառնում է մեր ժամանակների գլխավոր հարցը:

Այս ամենը տեղի չէր ունենաև, և հայ հանրությանը մեկ տարվա մեջ երկրորդ ավանտյուրիստը չէր մատուցվի, եթե ժամանակին լրագրողները նրան տային երկու կամ երեք հարց.

1. Որպես կինոարտադրողի՝ ի՞նչ ֆիլմ(եր) է արտադրել,
2. Որպես ազատամարտիկի
՝ որտե՞ղ է կռվել:

Նույնիսկ հրամանատարի անունն էլ պետք չէր հարցնել: Այս հարցերը կարելի էր տալ անգամ սկսնակ լրագրողի մակարդակով: Երրորդ հարցը կարելի է ուղղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տարվա քաղաքացի» շնորհող ՇՊԱԿ կազմակերպությանը. «Միթե Հայաստանին 2011թ. համար այսպիսի ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱՑԻ էր հարկավոր»:

Մնացական Հարությունյան
«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն, գլխավոր խմբագիր

Մեկնաբանություններ (13)

ԳԱԳԻԿ ՇԻՐԻՆԻ ԱԹԱՍՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն 15-02-2013. Ժամ:14:00
ԳԱԳԻԿ ՇԻՐԻՆԻ ԱԹԱՍՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն 24-01-2013. Ժամ:13:00
ԳԱԳԻԿ ՇԻՐԻՆԻ ԱԹԱՍՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն 21-12-2012. Ժամ:14:00
ԳԱԳԻԿ ՇԻՐԻՆԻ ԱԹԱՍՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն 21-11-2012. Ժամ:12:30
ԳԱԳԻԿ ՇԻՐԻՆԻ ԱԹԱՍՅԱՆ
Նշանակվել է դատաքննություն 05-11-2012. Ժամ:14:00
Гагик Атасян
Հերթական դատական նիստը՝ 24-09-2012. Ժամ:14:00
ԳԱԳԻԿ ՇԻՐԻՆԻ ԱԹԱՍՅԱՆ
Վիրավորանքի ու զրպարտության հերքման և փոխհատուցում վճարելու պահանջների մասին.Դատական Գործ N: ԿԴ/0232/02/12. Դատավոր Արիստակես Սիսակյան. Հայցվոր/դիմողԳագիկ Աթասյան. Պատասխանող Մնացական Հարությունյան. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան. Հեռ.` /0223/2-32-96 Հասցե` Ք.Հրազդան, Միկրոշրջան թաղամաս Ֆաքս` /0223/2-32-96 Կոտայքի մարզ Կոտայքի մարզ վիրավորանքի ու զրպարտության հերքման և փոխհատուցում վճարելու պահանջների մասին. Դատաքննության ամսաթիվ: 04-09-2012. Ժամ:14:00
Իրավագետ
Կարդալով այս հոդվածը ես այն կարծիքին եմ, որ այս ...տղան վաղուց պիտի ձերբակալված լիներ, նրա վրա մի քանի հոդված կարելի էր դնել և պետական հանցագործություն և շառլատան , և Ադրբեջանի օգտին քարոչություն կատարող, մի խոսքով Օրենսգիրքը թափ տաս, սրա գլխին լիքը հոդվածներ կթափվի: Բայց որքան հասկանում եմ սրան պահողներ կան, այլապես չէին լռի նախագահի աշխատակազմից և Մշակույթի նախարարությունից : Ինչ իմանաս սրա անունով գումարներ չեն դուրս գրվել պետբյուջեից: սրա կերպարը բացահայտողը պիտի դա էլ բացահայտի, եթե կարող է...
Աշոտ
Ի տարբերություն քյավառցի ինքնակոչի, սա ոչ այնքան ինքնահաստատման նպատակ էր հետապնդում, որքան նյութական շահ ստանալու նպատակ, նա դեռ բանակում ծառայելիս իր եղբորից ետ չմնալու համար որոշել է Արցախում կռված տղայի անուն ձեռք բերել, որովհետև կռված տղաները որոշակի արտոնություններ են ստանում, հետո տեսել է, որ եթե կռված լինելը կարող է օգնել իրեն կեղծիքներ և ստեր հորինելու ասպարեզում, ապա կանգ չի առել, մտածելով, որ բռնվելու դեպքում էլ իրեն կխնայեն: իսկ այդ ամենից անմեղ մարդիկ են տուժվել, իսկ դա այս կարգի ստահակի համար փույթ չէ, գլխավորը որոշակի շահ և իմիջ ձեռք բերելն է: Մի հարցնող լինի էդ 7 միլիոն դոլարը որտեղից նրան, ով է գժվել սրան փող տալու: Ես մի տեղ կարդացել եմ , որ սա ՎՏԲ բանկում բարեգործություն կատարելու համար դոլարով, դրամով և եվրոյով հաշվեհամարներ է բացել: ոստիկանների բանու գործի անունն ինչ է , թող զբաղվեն, քյարոտ գործ է:
Surik
Հարգելի Նազիկ, լավ է, որ դու հասկացար, թե Շպակները ինչ կարգի մարդկանց են աջակցում և պաշտպանում, իսկ հետքաքրքիր է ԱՄՆ-ի Զարգացման գործակալությունն էլ հասկացել է, թե ինչու համար է ֆինանսավորում ՇՊԱԿ- ներին, թե դրանք ստեղծված են այսպիսի շառլատաներ և ...տղաներ բուծելու համար:
Nazik
Հիմա հասկացա թե ինչու Շպակում հրաժարվեցին ինձ օգնել,ահա թե ինչպիսի մարդկանց են նրանք աջակցում...
Davo
Shat voxjuneli e vor dzer sxalner@ inqnert @ndunum eq ansxalakan mard chka.Bayc et dzer tarva mard@ iskakan .... txa e.xndrum em ktoxneq vor ereva im meknabanutyun@,miguc e .... txan el karda.(qvur@ chem grel hargelov mer kardacox axchiknerin)
ԱԱԱԱ
Զարմանալի է այս տղան ինձ հետ է ծառայել Հորադիզի Գանձասար գումարտակում։ Ծառայության ժամանակ մեզ ասում էր, որ կռվել էր Արցախում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter